Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 165-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ ու 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի փող., N 23) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի նոյեմբերի 5-ին գնահատված արժեքը` 5575 հազ. դրամ.

2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 5575 հազ. դրամ:

3. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1450 հազ. դրամ, այդ թվում`

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 222 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովության գծով` 165 հազ. դրամ.

3) պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 692 հազ. դրամ.

4) այլ ընթացիկ պարտավորություններ` 371 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված 210000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսայի միջոցով իրականացնելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետից հանել «Կապուտակ» բառը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 1
Երևան