Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2011-17.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.223
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 166-Ն

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1574-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանելու մասին» N 1574-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2010 թվականի նոյեմբերի 20‑ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 1
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 24-ի N 166-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է դատավորի պաշտոնում աշխատած անձին «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նշանակված աշխատանքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը (այսուհետ՝ հավելավճար) հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը:

2. Հավելավճարը սահմանվում է այն դատավորի տարիքային աշխատանքային կենսաթոշակի նկատմամբ, ով ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 10 տարվա ստաժ և այդ պաշտոնից ազատվել է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝

1) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան 6 ամիս ի վիճակի չի եղել կատարել իր պաշտոնական պարտականությունները.

3) պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել դատավորի պաշտոնում աշխատելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ստաժում հաշվարկվում է դատավորի պաշտոնին նշանակվելուց մինչև պաշտոնից ազատվելու օրն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում իրար, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

4. Հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում լրիվ աշխատած ամիսների (այն ամիսների, որոնց բոլոր աշխատանքային օրերի համար աշխատավարձ է հաշվարկվել) համար հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափ և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների գումար) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում լրիվ աշխատած ամիսներ չեն ձևավորվում, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի միջին օրական աշխատավարձը 21-ով բազմապատկելու միջոցով:

Միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում դատավորի համար փաստացի հաշվարկված աշխատավարձն այն աշխատանքային օրերի թվի վրա բաժանելու միջոցով, որոնց համար հաշվարկվել է աշխատավարձը:

Եթե դատավորի վերջին պաշտոնից ազատվելու ամսվան նախորդող մեկ տարվա (12 ամսվա) ընթացքում դատավորի համար աշխատավարձ չի հաշվարկվել, ապա որպես միջին աշխատավարձ հիմք է ընդունվում նրա պաշտոնային դրույքաչափը:

5. Հավելավճարը նշանակելիս այն հաշվարկվում է միջին աշխատավարձի 55 տոկոսի և օրենքով նշանակված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարբերության չափով:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել անձի` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի՝ սույն կարգի 8‑րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը:

6. Դատավորի պաշտոնում աշխատած անձը հավելավճարը նշանակելու համար գրավոր դիմումի հետ ներկայացնում է աշխատանքային գրքույկը, իսկ սույն կարգի 2‑րդ կետով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու մասին աշխատանքային գրքույկում անհրաժեշտ գրառում չլինելու դեպքում` դրա մասին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տված տեղեկանքը, ինչպես նաև աշխատանքից ազատվելու ամսվան նախորդող 12 ամսվա աշխատավարձի չափը՝ ըստ ամիսների:

7. Հավելավճարի չափը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, վերահաշվարկվում է օրենքով նշանակված տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափը կամ դատավորի՝ սույն կարգի 8-րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում՝ հետևյալ բանաձևով`

 

Հ= Դ12 X Ա X 55% - Կ, որտեղ՝

 

Հ-ն՝ հավելավճարի ամսական չափն է,

Դ1 -ը՝ հավելավճարը վերահաշվարկելու օրվա դրությամբ սահմանված, վերահաշվարկելու համար հիմք ընդունվող՝ սույն կարգի 8‑րդ կետում նշված պաշտոնային դրույքաչափը,

Դ2 -ը՝ հավելավճարը նշանակելու համար հիմք ընդունված պաշտոնային դրույքաչափը, իսկ եթե հավելավճարը վերահաշվարկվել է, ապա՝ վերջին վերահաշվարկի համար հիմք ընդունված պաշտոնային դրույքաչափը,

Ա-ն՝ աշխատավարձի չափը, որից հաշվարկվել է հավելավճարը՝ հավելավճարը նշանակելիս,

Կ-ն՝ կենսաթոշակի ամսական չափը:

8. Հավելավճարը վերահաշվարկելիս հիմք են ընդունվում հետևյալ պաշտոնային դրույքաչափերը`

1) ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և նախկին ժողովրդական դատավորի համար՝ 440000 դրամ.

2) վարչական դատարանի դատավորի համար՝ 506000 դրամ.

3) վերաքննիչ դատարանի դատավորի և նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 572000 դրամ.

4) վճռաբեկ դատարանի դատավորի և նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 660000 դրամ:

9. Հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով: Հավելավճար ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, հավելավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ օրենքով սահմանված կարգով:

10. Մինչև 2010 թվականի նոյեմբերի 20-ը դատավորին նշանակված տարիքային աշխատանքային կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարի չափը վերահաշվարկվում և վճարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:

Եթե վերահաշվարկված հավելավճարի և տարիքային աշխատանքային կենսաթոշակի հանրագումարի չափը ցածր է հավելավճարի և տարիքային աշխատանքային կենսաթոշակի հանրագումարի նախկին չափից, ապա հանրագումարը վճարվում է նախկին չափով:

Եթե վերահաշվարկված հավելավճարի և տարիքային աշխատանքային կենսաթոշակի հանրագումարի չափը բարձր է հավելավճարի և տարիքային աշխատանքային կենսաթոշակի հանրագումարի նախկին չափից, ապա հանրագումարը վճարվում է բարձր չափով, բայց սույն կարգի 8-րդ կետով նշված համապատասխան պաշտոնային դրույքաչափից ոչ ավելի:

11. Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի և նախկին ժողովրդական դատավորի` մինչև 2010 թվականի նոյեմբերի 20‑ը նշանակված հավելավճարը վերահաշվարկվում և վճարվում է սույն կարգի համաձայն:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի և նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը սույն կարգով վերահաշվարկելիս որպես աշխատավարձի չափ հիմք է ընդունվում կենսաթոշակի գործում առկա՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տված տեղեկանքում նշված նրա ենթադրյալ աշխատավարձի չափը:

12. Հավելավճարը սույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկում (վերահաշվարկում), նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ գտնվում է կենսաթոշակառուի կենսաթոշակի գործը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2013, N 801-Ն 17.08.2013, N 166-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան