ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի |
ԼԴ/0286/01/09 |
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան Դատավորներ` Ռ. Ազարյան Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
Հ. Ղուկասյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
2010 թվականի նոյեմբերի 5-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Ասատուրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին:
2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Լարիսա Ասատուրի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2009 թվականի նոյեմբերի 16-ին մեղադրյալ Լ.Գևորգյանը հայտնաբերվել է:
2009 թվականի դեկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռով Լ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանը բերել է վերաքննիչ բողոք:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Գևորգյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Լարիսա Գևորգյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել հետևյալ արարքների համար:
Անբարյացակամ հարաբերություններ ունենալով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 54 շենքում իր հարևանությամբ բնակվող Արարատ Եսայանի և նրա ընտանիքի անդամների հետ` 2009 թվականի հուլիսի 5-ին` ժամը 18:00-ի սահմաններում, հիշյալ շենքի շքամուտքի մոտ հանդիպելով տուն վերադարձող Եսայանների ընտանիքին` Արարատ Եսայանին, նրա կնոջը` Մարգարիտա Ղազարյանին, և աղջիկներին` Աշխեն և Էմմա Եսայաններին, Լ.Գևորգյանը վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը:
Նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Լ.Գևորգյանը, շենքի շքամուտքում հանդիպելով Էմմա Եսայանին, կրկին անգամ նրա հասցեին արել է վիրավորական արտահայտություններ, անպարկեշտ ձևով ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:
2009 թվականի հուլիսի 14-ին` ժամը 14:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 54 շենքի շքամուտքում Լ.Գևորգյանը, լսելով վերելակի մոտ երկաթ կուտակելու մասին Մ.Ղազարյանի կողմից արված դիտողությունը, կրկին անգամ վիրավորական արտահայտություններ է արել Մ.Ղազարյանի և նրա ամուսնու` Արարատ Եսայանի հասցեին, անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը:
6. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռով և Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքում Լ.Գևորգյանի մեղքը հաստատված է համարվել տուժողներ Մ.Ղազարյանի, Արարատ, Աշխեն և Էմմա Եսայանների, վկաներ Լ.Դասոյանի, Վ.Հովհաննիսյանի և Վ.Պողոսյանի ցուցմունքներով:
7. 2010 թվականի մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», որի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվել է, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» վերոհիշյալ օրենքն ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 3-ին:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հանգեցրել են իր՝ անհիմն դատապարտման:
9. Բողոքի հեղինակը նշել է, որ իր բնակարանից կատարված գողության կատարման մեջ կասկածելով նույն շենքում իր հարևանությամբ բնակվող Եսայաններին՝ վերջիններիս կողմից սկսված վեճի ժամանակ նրանց գող է անվանել, որովհետև համոզված է, որ իր տնից գողություն նրանք են արել, սակայն նրանց չի վիրավորել և չի անվանարկել:
10. Բողոքաբերը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ են դիտվել գործով տուժողների, ինչպես նաև իր տանը ժամանակավոր աշխատանքներ կատարած անձանց ցուցմունքները: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ, ի տարբերություն իր ցուցմունքների, այդ անձանց ցուցմունքների միակողմանի լինելն ակնհայտ է, մինչդեռ ապացույցները պետք է գնահատվեն և արժեք ստանան ոչ թե դրանց քանակով, այլ արժանահավատությամբ, ապացուցողականությամբ:
11. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատական ակտով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ու նույն հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք էլ հանգեցրել են ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքի խախտման:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ պնդումների բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ 2010 թվականի մայիսի 18-ից հիշյալ օրենսգրքի 136-րդ հոդեվածի 2-րդ մասը դադարել է քրեորեն պատժելի արարք հանդիսանալ, ուստի Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու փոխարեն պետք է կայացներ այլ դատական ակտ` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերն ու նույն հոդվածի 5-րդ մասը:
12. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի դատական ակտը բեկանել և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ենթակա՞ է արդյոք Լ.Գևորգյանը քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ նրա վերաբերյալ դատական ակտեր կայացնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
ՀՀ քրեական օրենսգրքի վերոշարադրյալ դրույթի վերլուծությունից երևում է, որ օրենքի հետադարձության կանոնը կիրառվում է այն դեպքում, երբ անձի կողմից հանցավոր արարքը կատարվել է նախքան արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ուժի մեջ մտնելը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ առկա է վերջինիս կողմից բողոքարկված և այդ պատճառով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բացի այդ, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ իրեն մեղսագրվող արարքները Լ.Գևորգյանի կողմից կատարվել են նախքան 2010 թվականի հուլիսի 3-ը, այսինքն՝ նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-98-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, որով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած:
Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ նախքան Լ.Գևորգյանի վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ապաքրեականացվել է: Այսինքն՝ նախքան Լ.Գևորգյանի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացումը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ Լ.Գևորգյանի արարքում հանցակազմ չկա:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Հիմք ընդունելով քրեադատավարական վերոնշյալ դրույթը, ինչպես նաև սույն որոշման 14-րդ և 15-րդ կետերում առկա վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով:
17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 18-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և քրեական գործի վարույթը կարճել:
18. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 5-րդ մասի պահանջները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնազուրկ է, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատական ակտ կայացնելու ժամանակ` 2010 թվականի մայիսի 18-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած չի եղել:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի կատարման և դատական ակտերի կայացման ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լ.Գևորգյանին մեղսագրված արարքում վերջինիս մեղավորությունը հաստատված է համարվել գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ամբաստանյալի բողոքում առկա փաստարկներն իր անմեղության մասին ճանաչվել են հիմնազուրկ և հերքվել են տուժողներ Մ.Ղազարյանի, Արարատ, Աշխեն և Էմմա Եսայանների, վկաներ Լ.Դասոյանի, Վ.Հովհաննիսյանի և Վ.Պողոսյանի ցուցմունքներով:
19. Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լարիսա Ասատուրի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հունվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|