Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-940
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.02.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 

15 փետրվարի 2011 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2010 թվականի դեկտեմբերի 14-ին մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի 2011 թվականի հունվարի 25-ի 04/15.21/271-11 թվակիր գրությամբ ներկայացված գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին` Երևանում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնում է իր գործողությունը 1992 թվականի սեպտեմբերի 30-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրը, բացառությամբ 1-ին հոդվածի, համաձայն որի` «Կողմերը մինչև 1992 թվականի վերջը փոխադարձաբար երկու պետությունների մայրաքաղաքներում բացում են առևտրական ներկայացուցչություններ: Կողմերն իրենց երկրների համապատասխան գերատեսչություններին հանձնարարում են անարգել իրականացնել դրա համար անհրաժեշտ ընթացակարգեր»:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները համաշխարհային պրակտիկայում ընդունված սկզբունքներով, ապահովել արտաքին տնտեսական հարաբերությունների կարգավորման արդյունավետ ազգային համակարգ և լավագույն ձևով համակարգել արտաքին տնտեսական հարաբերությունները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

 երաշխավորել, որպեսզի 1992 թվականի սեպտեմբերի 30-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հիմնադրված Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունը գործի համաձայնագրի դրույթներին համապատասխան,

 ապահովել, որպեսզի առևտրային ներկայացուցչությունը կատարի համաձայնագրով ամրագրված հետևյալ հիմնական գործառույթները` աջակցել երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերն այն հարցերով, որոնք վերաբերում են երկու պետությունների միջև առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին, տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության շահագրգիռ մարմիններին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական պայմանների և արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին տրամադրել նման տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, նպաստել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվող միջազգային առևտրական և արդյունաբերական ցուցահանդեսներին և համակարգել իր պետության մասնակիցների աշխատանքը, աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ոլորտում միմյանց միջև գործարքներ իրականացնելու, ուղղակի տնտեսական կապեր հաստատելու, արտադրական փոխգործակցություն իրականացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործում և տնտեսական գործունեության հնարավոր այլ ձևերի զարգացման գործում,

 երաշխավորել, որ առևտրային ներկայացուցչության ղեկավարն ու նրա տեղակալները, ինչպես նաև վարչատեխնիկական ու սպասարկող անձնակազմի անդամներն օգտվեն այն բոլոր արտոնություններից և անձեռնմխելիության իրավունքից, որոնք ՄԱԿ-ի 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ` Վիեննայի կոնվենցիա) համաձայն տարածվում են դիվանագիտական գործակալների վրա կամ տրվում են դիվանագիտական առաքելությունների անձնակազմի համապատասխան աշխատակիցներին,

 ապահովել, որպեսզի առևտրային ներկայացուցչության շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության համար գործեն այն բոլոր արտոնությունները և անձեռնմխելիությունը, որոնք Վիեննայի կոնվենցիայի պահանջներին համապատասխան կիրառվում են դիվանագիտական ներկայացուցչությունների շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության նկատմամբ,

 հնարավորության սահմաններում աջակցել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության համար Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ շինություններ տրամադրելու գործում` օրենսդրությանը համապատասխան,

 երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում կարող են բացվել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության բաժանմունքներ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ առևտրային ներկայացուցչություններն օգտվում են իրավաբանական անձանց իրավունքներից, գործում են իրենց պետության կառավարության անունից և ընդունող պետությունում իրենց պետության դեսպանի անմիջական քաղաքական ղեկավարության ներքո և պատասխանատվություն չեն կրում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների համար:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Վ. Հովհաննիսյան 

 

15 փետրվարի 2011 թ.
ՍԴՈ-940