Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0985/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0985/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Գ. Մատինյան

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Խաչիկ Թադևոսյանի` 867.162 ՀՀ դրամ (որից 850.159 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 17.003 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար) բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Խաչիկ Թադևոսյանից 867.162 ՀՀ դրամ, որից 850.159 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 17.003 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.04.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով Վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130-րդ և 221-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշումը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել «Շրջանառու տեղեկանք» ապացույցը, քանի որ դրանում նշված են բաժանորդին մատուցված ծառայությունները, այնուհանդերձ «Շրջանառու տեղեկանք»-ից չի երևում պայմանագրերի հիման վրա Խաչիկ Թադևոսյանին տրամադրված 091-42-12-20, 091-19-11-24 և 091-19-12-54 հեռախոսահամարների համար հաշվարկված գումարներն իր ելքային հեռախոսազանգերինն են, թե` ոչ, և հետևաբար այդ գումարների վճարումը Խաչիկ Թադևոսյանի պարտավորությունն է, թե` ոչ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 նախադեպային որոշմանը, սխալ է մեկնաբանել այն, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ ամրագրել է, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Վերաքննիչ դատարանը, չներկայացնելով որևէ ծանրակշիռ փաստարկ, չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 նախադեպային որոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա Խաչիկ Թադևոսյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.04.2010 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Խաչիկ Թադևոսյանը 07.02.2007 և 29.03.2007 թվականներին բաժանորդագրության համար դիմել է Ընկերությանը՝ կատարելով համապատասխան վճարումներ, և կողմերի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց հիման վրա հատկացվել են 091-42-12-20, 091-19-11-24 և 091-19-12-54 բջջային հեռախոսահամարները: Հետևաբար, Խաչիկ Թադևոսյանը կրում է բաժանորդների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես` մատուցված ծառայությունների համար պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով կատարել վճարումներ: Ընկերությունը Դատարան է ներկայացրել Խաչիկ Թադևոսյանի պարտքը հիմնավորող, պարտքի կուտակման ժամանակահատվածի` 2007 թվականի փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների շրջանառու տեղեկանքը, որը յուրաքանչյուր ամսվա համար պարունակում է պարտքի մնացորդը ժամանակահատվածի սկզբին, ամսական վարձը, խոսակցությունների և միանվագ ծառայությունների վարձերը, ԱԱՀ-ն, վճարումները հաշվետու ժամանակահատվածի վերջում (առկայության դեպքում), ինչպես նաև բացվածք, որի համաձայն` յուրաքանչյուր հեռախոսահամարի համար առանձին նշված է մատուցված ծառայությունների ծավալը, տեսակը, զանգերի ուղղությունները և յուրաքանչյուր ծառայության համար նրա արժեքն ըստ ամիսների:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 07.02.2007 թվականին և 29.03.2007 թվականին Ընկերության և Խաչիկ Թադևոսյանի միջև կնքվել են թիվ 90383, թիվ 92257 և թիվ 92258 բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերը: Պայմանագրերի հիման վրա Խաչիկ Թադևոսյանին հատկացվել են 091 42-12-20, 091 19-11-12 և 091 19-12-54 բջջային հեռախոսահամարները (գ.թ.4,6):

2. Ընկերության կողմից ներկայացված «Շրջանառու տեղեկանք»-ի համաձայն` բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար Խաչիկ Թադևոսյանի պարտքը կազմում է 850.159 (ութ հարյուր հիսուն հազար հարյուր հիսունինը) ՀՀ դրամ (գ.թ. 8-11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նշված հոդվածը վկայում է, որ յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Սույն գործով Դատարանը, մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է, որ հայցապահանջում նշված գումարը հիմնավորելու համար Դատարան է ներկայացվել «շրջանառու տեղեկանք», որում նշված է Խաչիկ Թադևոսյանի յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, սակայն չի ներկայացվել դրա գոյացման հիմքերը հիմնավորող ապացույցները:

Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` «շրջանառու տեղեկանքը» պատշաճ ապացույց չհամարելով՝ չի նշել դրա վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները տվյալ դեպքում կիրառելի չեն՝ նկատի ունենալով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշման և սույն գործով Դատարանի կողմից որպես նախադեպ կիրառված Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները նույնական չեն:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և Խաչիկ Թադևոսյանի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Խաչիկ Թադևոսյանի կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի փաստական հանգամանքները նույնական են սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

 

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

 

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավական վերլուծությանը:

 

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ՝ որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը:

 

Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել էր հայցապահանջը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը` Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, «շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հագամանքներն են՝ Պայմանագիրը, որով հավաստվում է Ընկերության կողմից բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման և բաժանորդի կողմից դրա դիմաց վճարելու պարտականությունը, ««Շրջանառու տեղեկանք» կոչվող փաստաթուղթը, որն արտահայտում է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար նշված ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը: Մասնավորապես, նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ «Շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար: Մասնավորապես` վերոնշյալ տեղեկանքում միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց դատարան չի ներկայացվել»:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործով կայացված որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար է՝ Ընկերության պահանջը՝ Խաչիկ Թադևոսյանից 867.162 ՀՀ դրամ բռնագանձելու մասին մերժելու համար:

 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործի փաստական հանգամանքները նույնական չեն Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 գործի հետ, և Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշումը պարտադիր չէ Վերաքննիչ դատարանի համար, թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճռին:

2. «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 25.505 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան