Գլխավոր տեղեկություն
Համար
N 1577-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-16.11.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1577-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում` ընդերքի պետական տեսչություն:

(1-ին կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1577-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում (որը ներառում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման, oգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքից օգտվելու ոլորտը (այսուհետ` ընդերքօգտագործում)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ: Տեսչությունը գործում է համաձայն իր կանոնադրության, որը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է հիմնադիրը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, հիմնադրի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնելու միջոցով ապահովել`

1) ընդերքի արդյունավետ օգտագործումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանումը.

3) իրավախախտումների, այդ թվում` նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտումը, կանխարգելումը և բացահայտված իրավախախտումների վերացումը.

4) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության լիարժեքությունը և արժանահավատությունը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունը նշված խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովմամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնում է վերահսկողություն`

ա. իր իրավասության շրջանակներում ընդերքօգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

բ. իր իրավասության շրջանակներում հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթի առկայության, դրա լիարժեքության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ,

գ. իր իրավասության շրջանակներում ընդերքի ուսումնասիրության, հանքարդյունահանման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով տրամադրված լիցենզիաներով և համապատասխան պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ,

դ. իր իրավասության շրջանակներում իրականացված աշխատանքների տեսակների, եղանակների, մեթոդների, ծավալների և ժամկետների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծերին, իսկ հանքարդյունահանման դեպքում նաև լեռնային աշխատանքների զարգացման ամենամյա ծրագրերին համապատասխանության նկատմամբ,

ե. իր իրավասության շրջանակներում կատարվող և կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների առկայության, դրանցում պարունակվող տեղեկատվության արժանահավատության, ինչպես նաև այդ հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելու նկատմամբ,

զ. իր իրավասության շրջանակներում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրման նյութերի վարման ու պահպանման, ինչպես նաև այդ նյութերի լիարժեքության ու արժանահավատության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ,

է. լեռնային փորվածքների, հորատանցքերի և այլ կառույցների լուծարման և կոնսերվացման աշխատանքները լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախագծերին համապատասխան իրականացնելու նկատմամբ։

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է նախարարը:

10. Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Տեսչության պետը պատասխանատու է տեսչության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

13. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

14. Տեսչության պետը`

1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասությունների սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

9) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.

12) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Տեսչության պետի բացակայության, աշխատանքների կատարման անհնարինության դեպքում նախարարի հանձնարարությամբ տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

17. Տեսչությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

18. Տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1577-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)

  

  I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Իրավաբանական, հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժին

Երկրաբանական վերահսկողության բաժին

Մարկշեյդերական վերահսկողության բաժին

  

  II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Հյուսիսային տարածքային ստորաբաժանում

Կենտրոնական տարածքային ստորաբաժանում

Հարավային տարածքային ստորաբաժանում

Արևելյան տարածքային ստորաբաժանում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2017, N 445-Ն 20.05.2017, N 1577-Ն
30.06.2016, N 693-Ն 23.07.2016, N 1577-Ն
08.11.2012, N 1396-Ն 16.11.2012, N 1577-Ն
24.02.2011, N 148-Ն 05.03.2011, N 1577-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան