ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ5/0006/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0006/05/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
|
Գ. Հակոբյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մակբետ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանների ընդդեմ Մակբետ Գևորգյանի, Գյումրու նոտարական տարածքի նոտարի` 14.12.2006 թվականին Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 3/4 մասով անվավեր ճանաչելու և ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանները պահանջել են 3/4 մասով անվավեր ճանաչել Գյումրի նոտարական տարածքի նոտարի կողմից 14.12.2006 թվականին Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և ճանաչել իրենց մոր` Քրիստ Գևորգյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մակբետ Գևորգյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նադյա Գևորգյանը, որը նաև Համլետ և Հենրիկ Գևորգյանների լիազորված անձն է:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 53-րդ, 64-րդ, 72-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանը Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյաններին փաստացի տիրապետման եղանակով ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգ առանց բավարար ապացույցների, մասնավորապես` հիմք ընդունելով միայն Նադյա Գևորգյանի հայտարարությունը:
Բացի վերոգրյալներից, հայցադիմումում նշված չեն եղել Համլետ և Հենրիկ Գևորգյանների անունները որպես հայցվորներ, ինչպես նաև բաց է թողնվել հայցի ներկայացման ժամկետը: Նման պարագայում Դատարանը պետք է վերադարձներ հայցը, ինչը չի արվել:
Մակբետ Գևորգյանին չի առաքվել հայցադիմումի լրացումը, որի արդյունքում վերջինս զրկվել է իր առարկությունները ներկայացնելու հնարավորությունից:
2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Խախտվել է գործի առարկայական ընդդատությունը, քանի որ հիմնական պահանջը ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելն է և որպես հետևանք ժառանգության վկայականի 3/4 մասով անվավեր ճանաչելը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Դատարանը որևէ խախտում թույլ չի տվել: Այս գործն ընդդատյա է վարչական դատարանին, այլ ոչ թե ընդհանուր իրավասության դատարանին, հակառակ դեպքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում չէր կայացնի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» և չէր նշի, որ գործն ընդդատյա է վարչական դատարանի քննությանը:
Բացի այդ, Մակբետ Գևորգյանը ժառանգությունն ընդունել է առանց Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանների համաձայնության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 02.09.1988 թվականի թիվ 13777 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Լենինականի Շահումյան փողոցի թիվ 81 տնատիրության 1/2-րդ մասի (ընդհանուր տնատիրությունը բաղկացած է 59,75 քմ բնակելի և ոչ բնակելի տարածություններից) նկատմամբ գրանցվել է Քրիստ Գևորգյանի սեփականության իրավունքը (գ.թ. 43, 84):
2. 02.02.1996 թվականի թիվ ԱԱ 027349 մահվան վկայականի համաձայն՝ Քրիստ Գևորգյանը մահացել է 02.02.1996 թվականին (գ.թ. 39):
3. 14.12.2006 թվականի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Քրիստ Գևորգյանի գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Մակբետ Գևորգյանը (գ.թ. 5):
4. Նադյա, Համլետ, Հենրիկ և Մակբետ Գևորգյանները Քրիստ Գևորգյանի երեխաներն են:
5. Փոստային ծանուցագրով հավաստվում է, որ Մակբետ Գևորգյանը 26.02.2010 թվականին ստացել է հայցադիմումի լրացումը (գ.թ. 73):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, ընդ որում, չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ժառանգի կողմից փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման հարցին և նշել, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե` ոչ, և արդյոք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) ձեռնարկել է գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար (տես՝ Կիմա Սարգսյանի հայցն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ) որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 14.12.2006 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, առանց Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանների համաձայնության: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանները փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ են:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Դատարանը վճռի մեջ չի նշել այն ապացույցները, որոնց հիման վրա հաստատված է համարել, որ Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանները ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետել կամ կառավարել են ժառանգական գույքը` միջոցներ են ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իրենց հաշվին կատարել են գույքը պահպանելու ծախսերը և իրենց հաշվին վճարել են ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել են ժառանագտուի հասանելիք գումարները:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից հայցի բավարարման հիմքում դրված այն հանգամանքին, որ 14.12.2006 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, առանց Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյանների համաձայնության, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը կարող էր քննության առարկա դարձնել Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի վավերականության հարցը միայն այն դեպքում, եթե գործով հիմնավորվեր հայցվորների շահագրգիռ անձ լինելու հանգամանքը:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վերը նշված հոդվածից հետևում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե'ս Ստիխտինգ Ադմինիստրատեկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, երրորդ անձ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և միջամտող վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/4342/05/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Դատարանի կայացրած բողոքարկվող դատական ակտով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ հայցվորները շահագրգիռ են Գյումրու նոտարական տարածքի նոտարի` 14.12.2006 թվականին Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջում: Տվյալ ակտն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումն իրավական հետևանքներ կառաջացնի հայցվորների համար միայն վերջիններիս կողմից ժառանգությունն ընդունած լինելու փաստի հաստատման դեպքում: Մինչդեռ, սույն գործով ձեռք բերված ապացուցներով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Նադյա, Համլետ և Հենրիկ Գևորգյաններն օրենքով սահմանված ժամկետում ընդունած են եղել Քրիստ Գևորգյանի ժառանգությունը:
Ինչ վերաբերում է հայցադիմումի լրացումը ստացած չլինելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա փոստային ծանուցագրով հավաստվում է, որ Մակբետ Գևորգյանը 26.02.2010 թվականին ստացել է հայցադիմումի լրացումը:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը:
Սույն գործով հայցի առարկան է ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջը և դրա հիման վրա Գյումրու նոտարական տարածքի նոտարի` 14.12.2006 թվականին Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 3/4 մասով անվավեր ճանաչելու պահանջը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջն է, իսկ Գյումրու նոտարական տարածքի նոտարի` 14.12.2006 թվականին Մակբետ Գևորգյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 3/4 մասով անվավեր ճանաչելու պահանջը առաջինի իրավական հետևանքն է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ընդհանրապես բացակայում է հանրային իրավահարաբերություններից ծագող որևէ վեճ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգման իրավունքին, այսինքն` մասնավոր իրավահարաբերությանը, հետևաբար այն Վարչական դատարանում քննության ենթակա չէ (տես՝ Ռուբեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, երրորդ անձինք Ռաֆայել Սարգսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1070/05/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննությունը պետք է իրականացվի ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|