Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.145.5
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0223/02/09                                                                        

 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0223/02/09
2010թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արուսյակ Աթանեսյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Արուսյակ Աթանեսյանի ընդդեմ Թալինի քաղաքապետի՝ 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արուսյակ Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին Թալինի քաղաքապետի 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանը և վերականգնել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետի պաշտոնում։

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.07.2009 թվականի որոշմամբ Արուսյակ Աթանեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշման դեմ Արուսյակ Աթանեսյանի վճռաբեկ բողոքը։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արուսյակ Աթանեսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա լրացուցիչ պատճառաբանել է այն և հղում կատարելով տվյալ պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված «կամայականություն դրսևորելը» բառակապակցությանը` արձանագրել է, որ 27.02.2009 թվականի ստուգման արդյունքների տեղեկանքում նշված փաստերը կամայականության դրսևորումներ են։

ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «… ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված օրինադրույթը, այսինքն` սույն գործով առկա է նոր հանգամանք, որը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը վերանայելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Թալինի քաղաքապետի 16.03.2009 թվականի թիվ 2 հրամանից քաղվածքի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Թալինի տարածքային բաժնի պետ Արուսյակ Աթանեսյանն ազատվել է աշխատանքից։ Հրամանի հիմքում դրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 24)։

2) Վերաքննիչ դատարանը, 31.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.05.2009 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և հանգել այն հետևության, որ 2007-2008 թվականի ժամանակահատվածի համար աշխատանքային գործունեության ստուգման և դրա արդյունքում հայտնաբերված մեծ թվով խախտումները, բացթողումները և թերությունները իրենց համակցությամբ վկայում են աշխատանքային կամայականությունների դրսևորման և աշխատանքային կարգապահության կոպիտ խախտման մասին, ուստի հիմնավոր է աշխատանքից ազատման հրամանը (հատոր 2-րդ, գ.թ. 31)։

3) ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «… ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե ՀՀ սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը։

 Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։

 Նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ թույլ է տվել սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում։

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել` իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Արուսյակ Աթանեսյանի կողմից իր աշխատանքային գործունեության ընթացքում թույլ են տրվել կամայականություններ և ղեկավարվելով տվյալ պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 121-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` «կամայականություն դրսևորելը» դրույթով, հանգել է այն հետևության, որ աշխատանքից ազատելու մասին հրամանն իրավաչափ է։

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 31.07.2009 թվականի որոշման դեմ Արուսյակ Աթանեսյանի բերած վճռաբեկ բողոքը։

Սույն գործով որպես նոր հանգամանք բողոք բերած անձի կողմից ներկայացվել է ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշումը, ըստ որի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «… ինչպես նաև կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նոր հանգամանք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի 15.06.2010 թվականի թիվ ՍԴՈ-896 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված օրենքը, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը ենթակա է վերանայման։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արուսյակ Աթանեսյանին աշխատանքից ազատելու մասին հրամանի իրավաչափության հարցը ենթակա է պարզման գործի նոր քննության ընթացքում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը վերանայելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

  ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2009 թվականի որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան