ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0443/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0443/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Դատավորներ՝ |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Մարգարյանի և Արմեն Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդան Մարգարյանի, Արմեն Ալեքսանյանի ընդդեմ Հակոբ Հակոբյանի, Դավիթ Սարիբեկյանի, երրորդ անձ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշ տարածքային բաժնի` «Բետարտշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) անօրինական մասնակիցներ դարձած անձանց Ընկերությունից հեռացնելու պահանջի մասին և ըստ հայցի Ընկերության մասնակից Վարդան Մարգարյանի ընդդեմ Ընկերության մասնակից Հակոբ Հակոբյանի, Ընկերության նախկին մասնակից Դավիթ Սարիբեկյանի, Հովիկ Առաքելյանի, Ռաֆայել Առաքելյանի, Ներսես Սարգսյանի, Նորահայկ Օհանյանի և Ընկերության տնօրեն Արարատ Սարիբեկյանի` Ընկերության մասնակիցների փոփոխության վերաբերյալ իրականացված ընդհանուր ժողովի մասին կազմված արձանագրությունները, նվիրատվության և առուվաճառքի պայմանագրերը, Ընկերության կանոնադրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության մասնակիցներ Վարդան Մարգարյանն ու Արմեն Ալեքսանյանը պահանջել են Ընկերությունից հեռացնել անօրինական մասնակիցներ դարձած անձանց՝ Հակոբ Հակոբյանին և Դավիթ Սարիբեկյանին։ Վարդան Մարգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության «Մասնակիցների փոփոխության վերաբերյալ իրականացված ընդհանուր ժողովի մասին կազմված արձանագրությունները», նվիրատվության ու առուվաճառքի պայմանագրերը և Ընկերության կանոնադրությունը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.01.2010 թվականի վճռով հայցապահանջները բավարարվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 11.01.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցապահանջները մերժվել են։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդան Մարգարյանը և Արմեն Ալեքսանյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 78-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հակոբ Հակոբյանը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին, անհիմն է, քանի որ 01.09.2006 թվականից Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչն էր Ռուբեն Սարգսյանը, որի լիազորությունը դադարել է 01.09.2009 թվականին, սակայն նրա լիազորությունը դադարելուց հետո էլ Դատարանը Հակոբ Հակոբյանին պատշաճ կարգով ծանուցել է դատական նիստի օրվա և ժամի մասին։
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պաճառաբանել է, որ «Վարդան Մարգարյանը վիճարկում է նվիրատվության գործարքները, և դրանք անվավեր ճանաչելու պահանջը վերջինս Դատարան է ներկայացրել 27.06.2007 թվականին։ Մինչդեռ, Վարդան Մարգարյանը գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին՝ գործարքների կնքման օրը, սակայն դրանք անվավեր ճանաչելու պահանջների մասին դատարան է դիմել 27.06.2007 թվականին, այսինքն՝ մեկ տարի անց»։
Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարդան Մարգարյանի կողմից վիճարկվել է ոչ միայն նվիրատվության պայմանագրերը, այլ նաև վիճարկվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերը, որոնց հիման վրա պետռեգիստրում և Ընկերության կանոնադրության մեջ 60% բաժնեմասը գրանցվել է Դավիթ Սարիբեկյանի անվամբ։
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317 հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետը՝ հաշվի չառնելով, որ սույն գործով ներկայացված է առոչինչ գործարքի նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ, որը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ գործարքը վիճարկվել է որպես վիճահարույց գործարք, ապա Վարդան Մարգարյանը և Արմեն Ալեքսանյանը Հակոբ Հակոբյանի՝ Ընկերության 70% բաժնեմասի սեփականատեր դառնալու մասին իմացել են 01.09.2006 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումից և 10.10.2006 թվականին հակընդդեմ հայցով և 22.12.2006 թվականին հայցով դիմել են Դատարան։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.01.2010 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Ընկերությունը գրանցվել է 28.01.2001 թվականին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (վկայական թիվ 03Ա-051457):
2. Ընկերության 24.08.2001 թվականի կանոնադրության 4.1. կետի համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Ներսես Սարգսյանը՝ 51%, Վարդան Մարգարյանը՝ 20%, Արմեն Ալեքսանյանը՝ 10%, Ռաֆայել Առաքելյանը՝ 10%, Նորահայկ Օհանյանը՝ 3%, Հովիկ Առաքելյանը՝ 6% բաժնեմասերով:
3. 04.03.2006 թվականի բաժնեմասի նվիրատվության պայմանագրերով Ներսես Սարգսյանը իր բաժնեմասի 51%-ը, Նորահայկ Օհանյանը՝ իր բաժնեմասի 3%-ը, Հովիկ Առաքելյանը՝ իր բաժնեմասի 6%-ը նվիրել են Դավիթ Սարիբեկյանին: Նույն օրվա թվագրմամբ՝ 04.03.2006 թվականի առուվաճառքի պայմանագրերով Ներսես Սարգսյանը իր բաժնեմասի 51%-ը, Նորահայկ Օհանյանը՝ իր բաժնեմասի 3%-ը, Հովիկ Առաքելյանը՝ իր բաժնեմասի 6%-ը վաճառել են Դավիթ Սարիբեկյանին (հատոր 1-ին, գ.թ. 105, 106, 107)։
4. Ընկերության 17.03.2006 թվականի նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Դավիթ Սարիբեկյանը՝ 60%, Վարդան Մարգարյանը՝ 20%, Արմեն Ալեքսանյանը՝ 10%, Ռաֆայել Առաքելյանը՝ 10% բաժնեմասերով:
5. 31.08.2006 թվականի նվիրատվության պայմանագրով Դավիթ Սարիբեկյանն իր բաժնեմասի 60%-ը նվիրել է Հակոբ Հակոբյանին (հատոր 1-ին, գ.թ. 103)։
6. 31.08.2006 թվականի նվիրատվության պայմանագրով Ռաֆայել Առաքելյանն իր բաժնեմասի 10%-ը նվիրել է Հակոբ Հակոբյանին (հատոր 1-ին, գ.թ. 104)։
7. 01.09.2006 թվականի նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Հակոբ Հակոբյանը՝ 70%, Վարդան Մարգարյանը՝ 20%, Արմեն Ալեքսանյանը՝ 10% բաժնեմասերով:
8. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 04.12.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Անահիտ Խանգելդյանը 04.03.2006 թվականին իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ, առանց Ընկերության բաժնետերեր Նորահայկ Օհանյանի, Ներսես Սարգսյանի և Հովիկ Առաքելյանի գիտության և համաձայնության կազմել է վերջիններիս բաժնեմասերը Դավիթ Սարիբեկյանին վաճառելու վերաբերյալ պայմանագրեր ու նրանց, ինչպես նաև Դավիթ Սարիբեկյանի փոխարեն իր կողմից կեղծ ստորագրություններով հաստատել է պայմանագրերը, ապա ներկայացրել ՀՀ իրավաբանական անձանց Նորք-Մարաշ պետական ռեգիստր։ Դրա հիման վրա արդեն իսկ կանոնադրության մեջ 15.03.2006 թվականին Անահիտ Խանգելդյանը բաժնետերերի փոխարեն նույնպես կեղծել է ստորագրությունները և հանձնել Ա. Սարիբեկյանին հաստատելու՝ նրան չասելով դրա կեղծ լինելու մասին (հատոր 5-րդ, գ.թ.118-119)։
9. 01.09.2006 թվականին Հակոբ Հակոբյանը Ռուբեն Սարգսյանին 3 տարի ժամկետով, այն է մինչև 01.09.2009 թվականը տվել է լիազորագիր՝ իր շահերը դատարաններում ներկայացնելու համար: Ռուբեն Սարգսյանը Հակոբ Հակոբյանի անունից դատարանում հանդես է եկել մինչև դատաքննության ավարտը՝ 23.12.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 32)։
10. Հակոբ Հակոբյանը 02.09.2009 թվականին, 15.10.2009 թվականին, 29.10.2009 թվականին, 13.11.2009 թվականին, 23.12.2009 թվականին և 11.01.2010 թվականին դատական նիստերի տեղի և ժամանակի մասին պատշաճ չի ծանուցվել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելը ենթադրում է դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս, ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» ՓԲ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ Դատարանը 01.09.2009 թվականից գործը քննել է և վճիռ կայացրել առանց Հակոբ Հակոբյանի ներկայությունն ապահովելու։
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Վարդան Մարգարյանը վիճահարույց գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին, այն է` գործարքների կնքման օրը, իսկ դրանք վիճարկելու պահանջով Դատարան է դիմել 27.06.2007 թվականին, հանգել է այն հետևության, որ Վարդան Մարգարյանը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 01.09.2006 թվականին Հակոբ Հակոբյանը Ռուբեն Սարգսյանին 3 տարի ժամկետով, այն է՝ մինչև 01.09.2009 թվականը տվել է լիազորագիր իր շահերը դատարաններում ներկայացնելու համար: Ռուբեն Սարգսյանը Հակոբ Հակոբյանի անունից դատարանում հանդես է եկել մինչև դատաքննության ավարտը՝ 23.12.2009 թվականը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հակոբ Հակոբյանը պատշաճ ծանուցվել է 02.09.2009 թվականին, 15.10.2009 թվականին, 29.10.2009 թվականին, 13.11.2009 թվականին, 23.12.2009 թվականին և 11.01.2010 թվականին դատական նիստերի տեղի և ժամանակի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վճիռը կայացրել է պատասխանող Հակոբ Հակոբյանի բացակայությամբ:
Այսինքն՝ Հակոբ Հակոբյանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանը դատական նիստ է նշանակել և քաղաքացիական գործի քննությունն իրականացրել է պատասխանողի բացակայությամբ, իրավացիորեն բեկանել է Դատարանի վճիռը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա և քննության առարկա դարձնի միայն այդ հարցը և արձանագրելով գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքի խախտման փաստը՝ բեկանի դատական ակտը և գործն ուղարկի համապատասխան դատարան՝ նոր քննության, քանի որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ քննված գործի արդյունքում կայացված դատական ակտը բեկանելը և այն փոփոխելը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հիմքում դրված է այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ գործի քննության պայմաններում անձը զրկված է իր դիրքորոշումները և ապացույցները առաջին ատյանի դատարան ներկայացնելու հնարավորությունից, իսկ մյուս կողմը` դրանց վերաբերյալ իր հակափաստարկները ներկայացնելու հնարավորությունից, որի հետևանքով տվյալ գործով առաջին ատյանի դատարանում գործի լիարժեք քննություն տեղի չի ունեցել:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով՝ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 221-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետի և 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված հայցային վաղեմության հարցին:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Վարդան Մարգարյանը վիճահարույց գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին` գործարքների կնքման օրը, իսկ դրանք վիճարկելու պահանջով Դատարան է դիմել 27.06.2007 թվականին, չի նշել, թե հատկապես որ ապացույցների հիման վրա է հանգել նման հետևության:
Ավելին, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 04.12.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Անահիտ Խանգելդյանը 04.03.2006 թվականին իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ, առանց Ընկերության բաժնետերեր Նորահայկ Օհանյանի, Ներսես Սարգսյանի և Հովիկ Առաքելյանի գիտության և համաձայնության, կազմել է վերջիններիս բաժնեմասերը Դավիթ Սարիբեկյանին վաճառելու վերաբերյալ պայմանագրեր ու նրանց, ինչպես նաև Դավիթ Սարիբեկյանի փոխարեն իր կողմից կեղծ ստորագրություններով հաստատել պայմանագրերը, ապա ներկայացրել ՀՀ իրավաբանական անձանց Նորք-Մարաշ պետական ռեգիստր։ Դրա հիման վրա կանոնադրության մեջ 15.03.2006 թվականին Անահիտ Խանգելդյանը բաժնետերերի փոխարեն նույնպես կեղծել է ստորագրությունները և հանձնել Ա. Սարիբեկյանին հաստատելու՝ նրան չասելով դրա կեղծ լինելու մասին: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել նաև, թե ինչու է այդ ապացույցը մերժում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|