Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Իտալիայի Հանրապետության Կառավարության միջեվ փոքր եվ միջին ձեռնարկությունների համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ցանկանալով հետագայում ամրապնդել և զարգացնել տնտեսական համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու և դրանք զարգացնելու միջոցով,
հիմք ընդունելով հավասարության և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքները,
վստահ լինելով, որ այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի ինչպես արդյունաբերության զարգացման, այնպես էլ Հայաստանի և Իտալիայի միջև կապերի ակտիվացման համար,
կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների սոցիալ-տնտեսական դերը երկու երկրների տնտեսության մեջ,
ընդունելով երկու երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը՝ հիմնված ձեռնարկություններ ստեղծելու և նրանց աջակցելու հարցերում լավագույն փորձի վրա,
նպատակ ունենալով ընդլայնել երկու երկրների միջև արդյունաբերության ոլորտում համագործակցության շրջանակները և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման և նրանցում նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել մասնավոր հատվածը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Փոխըմբռնման հուշագրի սկզբունքները
Կողմերն առաջնորդվում են հետևյալ հիմնարար սկզբունքներով.
- անվերապահորեն ղեկավարվել երկու Կողմերի երկրների օրենքներով և այլ իրավական ակտերով.
- փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի աջակցմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում յուրաքանչյուր Կողմի լիարժեք անկախություն.
- հասնել երկկողմ համագործակցության տարբեր ձևերի արդյունաբերության, առևտրի և տնտեսության, գիտության, ներդրումների և այլ ոլորտներում՝ իրավահավասարության, գործընկերության և փոխշահավետության հիման վրա:
Հոդված 2
Փոխըմբռնման հուշագրի նպատակները
Կողմերը համաձայնեցին հետևյալ նպատակների վերաբերյալ.
1. Կողմերի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդում «նոու-հաու»-ի փոխանակման համար՝ փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի քաղաքականությունը զարգացնելու նպատակով.
2. փոքր և միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդում.
3. ծրագրերի, մեխանիզմների և մեթոդների մշակում նոր ձեռնարկությունների ստեղծման և արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների զարգացման/ամրապնդման համար.
4. ձեռնարկությունների տեխնոլոգիական և կառուցվածքային բարելավման նպատակով միջազգային չափանիշներին համապատասխանող հնարավոր գործողությունների և մեխանիզմների մշակում.
5. առանձին աշխարհագրական տարածքներում և/կամ գործունեության ոլորտներում ներդնելու նպատակով հատուկ ծրագրերի մշակում.
6. մարդկային ռեսուրսների և նրանց մասնագիտական հնարավորությունների և հմտությունների բացահայտում և զարգացում.
7. փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը և հնարավորությունների կատարելագործմանը ուղղված ֆինանսական հնարավոր աջակցության բացահայտում.
8. Եվրամիության համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունների բացահայտում՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանը:
Հոդված 3
Կողմերի իրավասու մարմինները
Կողմերի իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են սույն Հուշագրի իրականացման համար, հետևյալն են.
հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն,
իտալական կողմից՝ արտադրական գործունեության նախարարություն:
Հոդված 4
Միջկառավարական հանձնաժողով
Փոքր և միջին ձեռնարկությունների հետ համագործակցության ոլորտում համագործակցության նպատակով Կողմերը կստեղծեն իտալա-հայկական միջկառավարական հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով), որը կգործի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու մարմինների ստանձնած պարտավորությունների ներքո:
Հանձնաժողովի համանախագահումը կկատարվի յուրաքանչյուր Կողմից մեկական ներկայացուցչի միջոցով, որը կնշանակվի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու յուրաքանչյուր մարմնի իրավասության ներքո:
Յուրաքանչյուր երկրից Հանձնաժողովում կընդգրկվեն պետական, մասնավոր կամ կիսապետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք կունենան սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելու փորձ: Հանձնաժողովում ընդգրկվող անդամների քանակը կսահմանվի երկու համանախագահողների կողմից՝ ընդունելի ձևով: Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պատասխանատու կլինեն առանձին աշխատանքների համար:
Հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնադրության համաձայն, իսկ նրա նիստերը կգումարվեն հաջորդաբար Իտալիայում և Հայաստանում` տարեկան մեկ անգամ կամ այլ պարբերականությամբ: Հանձնաժողովը հաշվետու կլինի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու մարմինների իրավասության շրջանակներում, ինչպես նաև կներկայացնի հետագա ժամանակահատվածի աշխատանքային ծրագիր:
Առաջին հաշվետվությունը կներկայացվի, Հանձնաժողովի ստեղծման պահից սկսած, վեց ամսվա ընթացքում:
Հոդված 5
Միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և գործառույթները
Հանձնաժողովը կիրականացնի հետևյալ գործունեությունը.
1. աշխատանքային ծրագրի մանրամասն մշակում.
2. տնտեսական և օրենսդրական փաստարկների, գոյություն ունեցող ծրագրերի վերլուծություն, որոշիչ գործոնների և զարգացման հեռանկարների բացահայտում երկու երկրների պետական և մասնավոր կառույցներում ընդգրկված կողմերի հետ հանդիպումների և սեմինարների միջոցով.
3. տարածաշրջանային և ոլորտային գերակայությունների բացահայտում՝ առանձին ծրագրերի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով.
4. երկու երկրներում տեղական մասնագետների ընտրություն և նրանց ներգրավում զարգացման ընդհանուր գործընթացի մեջ և վերապատրաստման ծրագրերի մշակում/իրականացում սեմինարների, գործնական աշխատանքների, փորձի փոխանակման, աշխատանքային այցելությունների և այլ միջոցառումների միջոցով.
5. զարգացման տեղական ծրագրերի համատեղ մշակման և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման/ամրապնդման նպատակով համապատասխան անձանցից բաղկացած խմբերի ստեղծում (նպատակային խմբեր).
6. փորձնական ծրագրերի իրականացում՝ նպատակաուղղված.
● գործող ձեռնարկությունների և պոտենցիալ գործարարների բացահայտմանը՝ առանձին գործողությունների և ոչ վարձու աշխատանքի հիմնավորման միջոցով,
● գործող ձեռնարկություններից և պոտենցիալ գործարարներից կազմված ընտրված խմբերի (cluster) համար անհատական աջակցության ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
● ընկերության հնարավորությունների ստուգմանը և ձեռնարկությունների գործունեության տեխնիկական ու կազմակերպական մակարդակի բարելավման համար դասընթացների կազմակերպմանը,
● երկու երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի համաձայնեցված զարգացմանն ուղղված՝ հայ-իտալական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ փուլերով՝
● ծրագրի համատեղ մշակում,
● ծրագրի գնահատում և դրա տեխնիկական, տնտեսական և ֆինանսական հիմնավորման մշակում (բիզնես պլանի կազմում),
● աջակցություն ծրագիրը սկսելու և ուսուցում իրականացնելու գործում,
● աջակցություն ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման գործում,
● ծրագրի իրականացման մոնիտորինգ:
7. Իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների գնահատում և հետագա հնարավոր գործողությունների սահմանում.
8. Արդյունքների ամփոփում:
Հոդված 6
Տարաձայնությունների կարգավորում
Կողմերի միջև սույն Հուշագրի մեկնաբանման կամ իրականացման հետ կապված որևէ տարաձայնություն կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
Հոդված 7
Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելը
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա երեք տարի ժամկետով:
Սույն Հուշագրի գործողությունը կդադարի Կողմերից մեկի` դադարեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս անց:
Սույն Հուշագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարվել, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը:
Ի վկայություն վերոշարադրյալի՝ պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Հուշագիրը:
Կատարված է Հռոմ քաղաքում 2005 թ. հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իտալերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ առաջացած որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2005թ. դեկտեմբերի 22-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|