Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2011-01.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.196
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2011 թվականի N 123-Ն

 

ԳԱՅԼԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` յուրաքանչյուր գլխի համար` 100000 դրամ:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 24
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 10-ի N 123-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԱՅԼԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումները (որսը) կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ` անձինք), ովքեր ունեն՝

1) որսորդական վկայական.

2) հրազենով որս իրականացնելու դեպքում՝ որսորդական զենք կրելու վկայական։

3. Գայլերի որսն իրականացվում է՝

1) որսորդական ողորկափող հրազենով.

2) ակոսափող հրազենով.

3) ինքնաորս գործիքներով՝ թակարդներով։

4. Բացառիկ դեպքերում գայլերի ոչնչացումը Հայաստանի Հանրապետության տարածքում անձինք կարող են իրականացնել նաև առանց սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների, եթե գայլերը իրենց կենսակերպով և վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին։ Տվյալ դեպքում գայլերի ոչնչացման համար անձանց կողմից կարող են օգտագործվել նաև սույն կարգի 3-րդ կետում չնշված գործիքներ և այլ հարմարանքներ։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հաստատմամբ կազմվում է համապատասխան փաստաթուղթ (ակտ, արձանագրություն գայլերի ոչնչացման վերաբերյալ)։

6. Գայլերի որսն իրականացնող անձինք գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված` գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով), բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի։

Հանձնաժողովի կազմը և գործունեության աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով:

7. Որսած գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարներն անձանց տրամադրվում են սույն կարգում նշված պայմանների համաձայն, ինչպես նաև գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում։

8. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում ոչնչացված գայլերի դիմաց սահմանված պարգևատրման գումարներն անձանց տրամադրվում է տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթը և գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում։

9. Գայլերի որսն իրականացնող անձինք, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք գայլի մորթին ներկայացնում են հանձնաժողովին` կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում։

10. Պարգևատրման գումարները տրամադրվում են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և գայլի մորթին հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

11. Անձինք գայլերի որսի իրականացման ժամանակ պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանով հաստատված որսի կանոնների դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան