Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4608/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4608/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Կարապետ Գևորգյանի` 991.711 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն, այն է` մաքսային մարմին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Կարապետ Գևորգյանից 991.711 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջինիս կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը, այն է` մաքսային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքի վերաբերյալ հայտարարագիր:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 580.639 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն, այն է` մաքսային մարմին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասով: Մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 131-րդ հոդվածի 3-րդ մասը, 198-րդ հոդվածը, 216-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, բռնագանձման հայցի փոխարեն քննության առարկա է դարձրել վարչական տույժ նշանակելու մասին որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև անդրադարձել է լոգախցիկների վերաբերյալ փորձագետի տված եզրակացությանը` անտեսելով, որ այն Կարապետ Գևորգյանի կողմից օրենքով սահմանված կարգով չի բողոքարկվել և հիմք է ծառայել ապրանքների մաքսային արժեքների որոշման համար:

Դատարանը Կարապետ Գևորգյանի միջնորդության հիման վրա նշանակել է հանձնաժողովային ապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա կատարելով անհասկանալի հաշվարկ` որոշել է լոգախցիկների համար նոր մաքսային արժեքը` 580.639 ՀՀ դրամ: Միաժամանակ, Դատարանը, հիմնվելով նշված փորձագիտական եզրակացության վրա, վերլուծության է ենթարկել լոգախցիկների մակնիշները` անտեսելով, որ Կարապետ Գևորգյանի թույլ տված խախտումը հիմնված է վերջինիս կողմից փաստացի ներմուծված 480կգ նետտո քաշով ծորակով և սիֆոնով երեք կոմպլեկտ հիդրոմերսող լոգախցիկի նետտո քաշը ոչ ճիշտ տեղեկություններով` 240կգ քաշով, հայտարարագրելու փաստի վրա: Ելնելով այդ փաստական հանգամանքից` փորձագետի կողմից մեկ լոգախցիկի մակնիշը սխալ նշելը չի կարող հիմք հանդիսանալ այդ մասով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ոչ իրավաչափ համարելու համար:

Դատարանն անտեսել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ տուգանքի չափի փոփոխում (նվազեցում): ՀՀ մաքսային օրենսգրքի մաքսային կանոնների խախտումներ նախատեսող հոդվածների սանկցիաները չեն նախատեսում տարբեր պատժատեսակներ կամ պատժաչափի նվազագույնից առավելագույն սահմաններ, որի պարագայում հնարավոր չէ կատարել պատժատեսակի կամ պատժաչափի փոփոխություն:

Դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման առ ոչինչ համարելու որևէ դրույթ սահմանված չէ: Այն իրավաբանական ուժ ստանում և կորցնում է այլ ընթացակարգով:

Դատարանը, սխալ մեկնաբանելով « ex օfficiօ» գործելու դրույթը, լոգախցիկի մակնիշի նշման տարբերության հիմքով ընդհանրապես բացառել է իրավախախտման դեպքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.05.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ նշվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 01.09.2009 թվականի թիվ 29300910 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված երեք կոմպլեկտ հիդրոմերսող լոգախցիկի շուկայական մանրածախ արժեքը 01.08.2009 թվականի դրությամբ կազմել է 1.544.000 ՀՀ դրամ: Փորձագետի եզրակացության տվյալների հիման վրա, ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, հաշվարկվել է 480կգ քաշով ծորակով և սիֆոնով հիդրոմերսող երեք կոմպլեկտ լոգախցիկի մաքսային արժեքը, որը կազմել է 991.711 ՀՀ դրամ: Նույն որոշմամբ Կարապետ Գևորգյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և տուգանվել է նետտո քաշի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված 480կգ նետտո քաշով ծորակով և սիֆոնով հիդրոմերսող երեք կոմպլեկտ լոգախցիկի մաքսային արժեքի չափով` 991.711 ՀՀ դրամ (գ.թ. 12-13, 18-19):

2) Դատարանի 18.02.2010 թվականի որոշմամբ նշանակված հանձնաժողովային ապրանքագիտական փորձաքննության կատարման արդյունքում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 18.03.2010 թվականի թիվ 05270910 փորձագետի եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ փորձաքննությանը ներկայացված լոգախցիկները «M-A001» «M-K105» և «M-A6016 » մակնիշների են, յուրաքանչյուր մակնիշից մեկական կոմպլեկտ է: Փորձաքննությանը ներկայացված լոգախցիկների շուկայական արժեքները դրանց ներմուծման և նույն փորձաքննության կատարման ժամանակահատվածների դրությամբ գործող միջինացված շուկայական գներով կարող են կազմել` «M-A001 » տեսակի լոգախցիկի համար` մանրածախ վաճառքի դեպքում` 800.000 ՀՀ դրամ, իսկ մեծածախ վաճառքի դեպքում` 640.000 ՀՀ դրամ, « M-K105» տեսակի լոգախցիկի համար` մանրածախ վաճառքի դեպքում` 330.000 ՀՀ դրամ, իսկ մեծածախ վաճառքի դեպքում` 264.000 ՀՀ դրամ, «M-A6016» տեսակի լոգախցիկի համար` մանրածախ վաճառքի դեպքում` 320.000 ՀՀ դրամ, իսկ մեծածախ վաճառքի դեպքում` 256.000 ՀՀ դրամ: Փորձաքննությանը ներկայացված լոգախցիկների նետտո քաշը կազմում է` «M-A001 » տեսակինը` 228կգ, «M-K105» տեսակինը` 107կգ, «M-A6016» տեսակինը` 113,5կգ (գ.թ. 66-67, 75-77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը սահմանում է, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ «M-A6016» մակնիշի լոգախցիկը որպես «M-A001» մակնիշի լոգախցիկ գնահատելու առումով վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու սկզբունքը, ինչի արդյունքում Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ դրա հասցեատիրոջ վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն` 411.072 ՀՀ դրամի չափով: Հետևաբար, «M-A001» մակնիշի լոգախցիկներից մեկի մասով նշված որոշումն առ ոչինչ է:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ «M-A6016» մակնիշի լոգախցիկը որպես «M-A001» մակնիշի լոգախցիկ գնահատելու առումով վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու սկզբունքը, անտեսել է, որ նշված հանգամանքի առկայությունն արդեն իսկ բացառում է Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առ ոչինչ դիտելու որևէ հնարավորություն և իրավական հիմք, քանի որ վարչական վարույթի ընթացքում որևէ փաստական հանգամանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու սկզբունքի խախտման պայմաններում իրավական հարցադրում կարող է առաջանալ միայն օրենքի սխալ կիրառման վերաբերյալ, ինչը վարչական ակտի անվավերության, այլ ոչ թե առ ոչինչ լինելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը համարում է, որ վարչական ակտով իր վրա պարտականություն է դրվել օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, վերջինս վարչական-դատավարական կարգով կարող է պահանջել անվավեր ճանաչել այդպիսի ոչ իրավաչափ պարտականություն դնող վարչական ակտը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման չվիճարկման պայմաններում այն ենթակա է կատարման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ Դատարանը հայցը մերժելու մասով դուրս է եկել դրա շրջանակներից, քանի որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է նշված որոշման իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վերջինիս լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (տե'ս, օրինակ` Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/2068/05/08):

 

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման չվիճարկման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.05.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը բավարարել` Կարապետ Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 411.072 ՀՀ դրամ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Կարապետ Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

3. Կարապետ Գևորգյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 19.834 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 12.332 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ