Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-939
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.152
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.02.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 

15 փետրվարի 2011 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2010 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան (կից արձանագրությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան ստորագրվել է 2010 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:

2. Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում արձանագրությունը, որն ստորագրվել է կոնվենցիան ստորագրելու օրը` կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 5-րդ հոդվածի 4ա) և 4բ) պարբերությունների դրույթները ճշգրտելու և պարզաբանելու նպատակով:

3. Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

4. Կոնվենցիայի մի շարք դրույթներով սահմանվում են հարկման հետևյալ օբյեկտները.

- անշարժ գույքից ստացվող եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը).

- ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը.

- միջազգային փոխադրումներից` նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային միջոցների շահագործումից ստացված շահույթը.

- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթիները.

- գույքի արժեքի հավելաճը.

- վարձու աշխատանքից ստացվող եկամուտը.

- տնօրենների հոնորարները.

- արվեստի գործիչների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը.

- կենսաթոշակները.

- պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները.

- դասավանդման կամ հետազոտություն կատարելու համար ստացված վարձատրությունը.

- ուսանողի կամ ստաժորի ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումները.

- այլ եկամուտներ:

5. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշակի տեսակի եկամուտները չհարկելու կամ նվազեցված դրույքաչափերով հարկելու պարտավորություններ, այդ թվում`

ա) հարկել Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը` այն դեպքում, եթե ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության միջոցով` միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը: Ընդ որում, այդպիսի մշտական հաստատություններ են համարվում շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական կամ խորհրդատվական գործունեությունը, միայն եթե այդպիսի հրապարակը, ծրագիրը կամ գործունեությունը պայմանավորվող պետության տարածքում շարունակվում է վեց ամսից ավելի ժամանակահատվածով.

բ) ազատել հարկումից մշտական հաստատության միջոցով իրականացվող գործունեության հետևյալ տեսակները.

- շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

- ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

- ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը` բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.

- գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով.

- գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

- գործունեության մշտական վայրի պահպանումը` բացառապես կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ե» ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է.

գ) չհարկել միջազգային փոխադրումներում Սլովենիայի Հանրապետության ձեռնարկության կողմից նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային միջոցների շահագործումից ստացված շահույթը, ինչպես նաև այդ շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը.

դ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները հարկել, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի`

- շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (ընկերակցությունից բացի), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը.

- շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում.

ե) հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված տոկոսները դրանց համախառն գումարի 10 տոկոսը չգերազանցող չափով, եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է.

զ) ազատել հարկումից Հայաստանի Հանրապետությունում առաջացող տոկոսները, եթե`

- տոկոսը վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, կամ դրա քաղաքական ստորաբաժանումը, կամ իշխանության տեղական մարմինը, կամ կենտրոնական բանկը.

- տոկոսը վճարվում է Սլովենիայի Հանրապետության կառավարությանը, կամ դրա քաղաքական ստորաբաժանմանը, կամ իշխանության տեղական մարմնին, կամ կենտրոնական բանկին.

- տոկոսը վճարվում է այն փոխառության մասով, որը կատարվել, հաստատվել, երաշխավորվել կամ ապահովվել է Սլովենիայի Հանրապետության հաստատության կողմից` այդ պետության հաշվին` լիազորված լինելով ապահովագրության և միջազգային բիզնես գործարքների ֆինանսավորման մասին ներպետական օրենսդրությանը համապատասխան.

է) հարկել Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները դրանց համախառն գումարի 5 տոկոսը չգերազանցող չափով, եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է.

ը) ազատել հարկումից Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, եթե`

- ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և

- վարձատրությունը վճարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

- վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի` Հայաստանի Հանրապետությունում ունեցած մշտական հաստատությունը.

թ) չհարկել Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները.

ժ) չհարկել Սլովենիայի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողի կամ ստաժորի ստացած վճարումները, որոնք նախատեսված են նրա ապրելու, ուսանելու և մասնագիտանալու համար, եթե այդպիսի վճարումներն առաջանում են Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից.

ժա) չենթարկել խտրականության Սլովենիայի Հանրապետության քաղաքացիներին այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

6. Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների ռեզիդենտների համար սահմանված արտոնությունները փոխադարձ են:

7. Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներին միջազգային իրավունքի ընդհանուր նորմերին կամ հատուկ համաձայնագրերի դրույթներին համապատասխան տրամադրված հարկային արտոնությունները:

8. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում պայմանավորվող պետությունների ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին ծանուցումներից վերջինը ստանալու օրվանից:

9. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

 Վ. Հովհաննիսյան 

 

15 փետրվարի 2011 թ.
ՍԴՈ-939