Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.162
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 78-Ն

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2011 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ծրագրի 8-րդ գլխի 1-ին կետով նախատեսված միջոցառումների («Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում և զարգացում») իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 11
Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունվարի 13-ի N 78-Ն որոշման

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Միջազգային զբոսաշրջությունը հանդիսանալով համաշխարհային տնտեսության բարդ և համապարփակ բնագավառ, մեծ ազդեցություն ունի ինչպես համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների տնտեսությունների վրա:

Ներկայումս զբոսաշրջությունն առաջատար տեղ է զբաղեցնում ապրանքների և ծառայությունների համաշխարհային արտահանման ծավալում: Զբոսաշրջային այցելությունների քանակին զուգահեռ աճում են նաև դրանից ստացվող եկամուտները` գերազանցելով այլ ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները: Ըստ կանխատեսումների` 2020 թվականին համաշխարհային եկամուտները զբոսաշրջությունից կկազմեն 2 տրիլիոն դոլար:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է մոտ 7%, համաշխարհային սպառողական ծախսերի 11%-ը, բոլոր հարկային մուտքերի 5%-ը և համաշխարհային ծառայությունների առևտրի մեկ երրորդը:

Զբոսաշրջությունն աշխատանքով է ապահովում մոտ 250 մլն մարդու, յուրաքանչյուր 10-րդ աշխատողն աշխարհում զբաղված է զբոսաշրջության ոլորտում:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն (ՄԱԿ ԶՀԿ Վորդ Տուրիզմ Բարոմետր - UNWTO World Tourism Barometer)` վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%: 2007 թվականին այն անցել է 6%-ի սահմանագիծը:

2008 թվականի ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 2% և հասել է 920 միլիոնի, ինչը 16 միլիոնով գերազանցել է 2007 թվականի ցուցանիշը:

2009 թվականին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում գրանցվեց միջազգային զբոսաշրջային այցելությունների 4% անկում և կազմեց 880 մլն: Սակայն 2009 թվականի վերջին եռամսյակում արդեն իսկ գրանցվեց 2% աճ: 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների քանակը կազմել է 642 միլիոն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 40 միլիոնով (7%): Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա իրավիճակի պահպանման դեպքում 2010 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների մինչև 4 % աճ:

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 25%:

2008 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 558440` 2007 թվականի համեմատ աճելով 9.4%-ով: Չնայած 2009 թվականի ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների անկմանը` Հայաստանում միջազգային զբոսաշրջային այցելությունների անկում չի արձանագրվել: 2009 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 575 281` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ (558443)` աճելով 3%-ով: Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 487902` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 15.6%-ով:

2011 թվականին Հայաստան միջազգային այցելությունների քանակի թիրախը 700000-ի սահմանագիծը հատելն է:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը:

Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները`

1. Հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է մի շարք հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում և տոնավաճառներում, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջության ոլորտի գործարարների և պոտենցիալ զբոսաշրջիկների շրջանում` Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Ռիմինիում (Իտալիա), Միլանում, Թբիլիսիում, Հռոմում, Մադրիդում, Տոկիոյում, Ուտրեխտում (Հոլանդիա) և Մոսկվայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում և տոնավաճառներում, որը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար:

2. Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվությամբ նախապես ապահովելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ ու բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր:

3. 2005-2009 թթ. Հայաստանում ճանաչողական նպատակներով շարունակական կազմակերպվում են տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջային օպերատորների և լրագրողների այցելություններ:

4. 2009 թվականին կազմակերպվել է եվրոպական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցեր` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, ՌԴ: Հայաստան է այցելել ՄԱԿ/ՀԶԿ-ի փորձագետ, որի մասնակցությամբ կազմակերպվել է «Հայաստան` զբոսաշրջություն, իմիջ և ԶԼՄ» խորագրով սեմինարը` ուղղված Հայաստանը միջազգային շուկայում որպես զբոսաշրջավայր պատշաճ ներկայացնելու խնդրին:

5. 2009-ին կազմակերպվել է ռուսական «Վոյաժ» ("ВОЯЖ”) և «Ին Ստայլ» ("In Style”) ամսագրերի լրագրողների և լուսանկարիչների այցը Հայաստան: Այցի ընթացքում լրագրողները ծանոթացել են Հայաստանի կրոնական, մշակութային ժառանգությանը և հայկական ավանդույթներին: Ամսագրերի ներկայացուցիչները մասնակցել են հայկական ուտեստների պատրաստման, ինչպես նաև հայկական գինու և կոնյակի համտեսման արարողություններին:

6. 2009-ին կազմակերպվել է «Մակլովիչի ճանապարհորդությունները» լեհական առաջատար հեռուստածրագրի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան: Այցի շրջանակներում 10 անձից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հայաստանի տեսարժան վայրեր` Հայաստանի մասին հինգ մասից բաղկացած հաղորդաշար պատրաստելու նպատակով, որը մեկ ամսվա ընթացքում ցուցադրվել է Լեհաստանում:

7. Ճանաչողական այցերի արդյունքում տպագրվել են մի շարք հոդվածներ, որոնք տարբեր երկրներում ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները` հետաքրքրություն առաջացնելով այցելելու Հայաստան:

8. 2008 թվականին ՀՀ կառավարության 17.04.2008թ. N 412-Ն որոշմամբ իսպանական «Բազզ Բիզնես» ("Buzz Business”) և «Տրանսգլոբ» ("Transglobe”) ընկերությունների կողմից նկարահանվեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող «Հայաստանը` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը, որի շնորհանդեսի կապակցությամբ 2009 թվականին Հայաստան այցելեց «Բազզ Բիզնես» ընկերության ղեկավարը: Ֆիլմը թարգմանվել է երեք լեզուներով և հեռարձակման շրջանառության մեջ մտել 2009 թվականից:

9. 2009-ին առաջին անգամ Հայաստան ժամանեցին Առողջարանների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները: Այցի շրջանակներում անցկացվեց սեմինար` Հայաստանի հյուրանոցների և առողջարանների ներկայացուցիչների համար, որի ընթացքում ներկայացվեցին Առողջարանների եվրոպական ասոցիացիայի հիմնական ծառայությունները, աշխատանքները, ՍՊԱ (SPA) հաստատությունների տեսակները, բնական բուժիչ միջոցները, որակի չափանիշները և եվրոպական առողջարաններում անցկացվող ստուգումները, ինչպես նաև առողջարանների համաշխարհային շուկան և դրա ազդեցությունը երկրների տնտեսությունների վրա:

10. 2010թ. հոկտեմբերի 16-ին «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հալիձոր-Տաթև ճոպանուղու բացման միջոցառումը լուսաբանվել է Euronews հեռուստաալիքով` Higհ Tecհ և Fօcսs հաղորդաշարերով: Միջոցառումն օտարերկրյա լրատվամիջոցներով լուսաբանելու նպատակով կազմակերպվել է նաև ճանաչողական այց` 25 լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Միացյալ Նահանգներից և Անգլիայից:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

 Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1322-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագրի հիմնական նպատակն է`

1) ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի, ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը.

2) Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը:

2. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

1) նպաստել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 10 տոկոս) պահպանմանը` 2011 թվականին ապահովելով 700000-ից ավելի զբոսաշրջային այցելություններ.

2) ապահովել Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

 

 IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

1) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում` միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ շարունակական ներկայացման գործընթացների զարգացում.

2) համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրում, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2011 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում

 

2011 թվականին ծրագրվում է ակտիվացնել և զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքի` համաշխարհային շուկայում ներկայացման հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը:

Նախորդ տարիներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է շուրջ 35 զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, Հայաստանի զբոսաշրջային արդյունքը, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ, մշտապես ներկայացվում է համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնք ամեն տարի կազմակերպվում են Բեռլինում (2001-2010թթ.), Լոնդոնում (2001-2010թթ.), Թբիլիսիում (2002, 2003, 2005-2007թթ.), Ճապոնիայում (2002-2009 թթ.), Փարիզում (2008-2009թ.), Ռեմինիում (2008-2009), Դուբայում (2005թ.), Միլանում (2005-2007 թթ.), Հռոմում (2007թ.), Մադրիդում (2006թ.), Մայամիում (2003թ.), Նիդերլանդներում (2006-2010թթ.) և այլն:

Նշված ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատելու օտարերկրյա գործընկերների հետ:

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը և Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը:

Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության արդյունավետությունը գնահատելու նպատակով կարելի է դիտարկել մի քանի տվյալներ:

Եթե 2001-2003թթ. Հայաստանը մասնակցել է ընդամենը երկու ցուցահանդեսների` 3-9 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ, ապա վերջին տարիներին Հայաստանը տարվա ընթացքում ներկայացել է 10-ից ավելի միջազգային ցուցահանդեսների` նվազագույնը 6 և առավելագույնը 12 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ: Նշված ցուցանիշները պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մասնավոր հատվածի ներկայացուցիչների (զբոսաշրջային օպերատորների)` նման միջոցառումներին մասնակցելու (համագործակցելով պետության հետ) շահագրգռվածությունը, պատրաստակամությունը և հնարավորությունները, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ պետության մասնակցության չափը: Վերջին տարիներին պետության մասնակցության չափն աստիճանաբար աճել է` 2008 թվականին կազմելով ավելի քան 30 տոկոս, ինչը դրական ազդեցություն է ունեցել նաև մյուս գործոնների վրա:

Այդպիսով, նվազագույն հաշվարկներով, մեկ ցուցահանդեսում 6-12 զբոսաշրջային օպերատորների մասնակցության պայմաններում, օտարերկրյա գործընկերների հետ կնքվում են 10 պայմանագրեր` ապահովելով 300 զբոսաշրջիկ: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ վիճակագրական տվյալներով (2006թ. սեպտեմբերից մինչև 2007 թվականի օգոստոս իրականացվել է զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն` համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (USAID CAPS) ծրագրի) զբոսաշրջային փաթեթով Հայաստան այցելած մեկ զբոսաշրջիկը այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 500.0 հազար դրամ (առանց ավիատոմսի արժեքի), ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մեկ ցուցահանդեսի համար ծախսելով միջինը 3 մլն դրամ, Հայաստանի համար ապահովվում է առնվազն 130 մլն դրամ եկամուտ:

2011 թվականին նախատեսվում է ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունը 3 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների` ապահովելով պետական մասնակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության մեջ: Պետական մասնակցության ավելացումը կնպաստի ցուցահանդեսների մասնակիցների թվի ավելացմանը, Հայաստանի` առավել ներկայանալի և արդյունավետ մասնակցությանը` ապահովելով կնքվող պայմանագրերի թվի և հետևաբար զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների աճ:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանման համար կարևորվում է նաև գովազդատեղեկատվական նյութերի տպագրումն ու լայնածավալ տարածումը: Խիստ կարևորվում է առկա տեղեկատվության մշտապես թարմացումը, ինչպես նաև նոր նյութերի մշակումը և տպագրումը:

 2011 թվականի ընթացքում կապահովվեն գովազդատեղեկատվական նյութերի նոր որակ և տարածման աշխարհագրական ընդլայնում: Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կտա Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի բազմաթիվ միջոցառումների ժամանակ: 2011 թվականին գովազդատեղեկատվական նյութերում զբոսաշրջիկների ուշադրությանը կներկայացվեն Հայաստանի մշակութային կյանքի համար հետևյալ կարևոր իրադարձությունները. Երևանը գրքի մայրաքաղաք և 2012 թվականին հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունները:

Գովազդատեղեկատվական նյութերը 2011 թ. հիմնականում ներկայացված կլինեն տեղեկատվական թերթիկների, զբոսաշրջային քարտեզների և բրոշյուրների միջոցով, որոնք ուղղված կլինեն թե զբոսաշրջիկներին` մինչ Հայաստան ժամանելը երկրի մասին բավարար տեղեկատվությամբ ապահովմանը, և թե Հայաստանում նրանց շրջագայության դյուրացմանը:

Գովազդատեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն Երևանում և Հայաստանի մարզերում գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ այցելած զբոսաշրջիկներին, կտրամադրվեն ցուցահանդեսների ժամանակ, ինչպես նաև կտարածվեն այլ ճանապարհներով տարբեր միջոցառումներին ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը:

Հայաստանի վերաբերյալ արդի և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2011 թվականին նույնպես անհրաժեշտ կլինի վերանայել և թարմացնել Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների և գրավչությունների վերաբերյալ տեղեկատվական բազան` տեղադրված www.armeniainfo.am ինտերնետային էջում:

 Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի մասին անթերի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելուն` օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին: Ինտերնետային էջը տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, կարևոր իրադարձությունների, ազգային արժեքների, զբոսայգիների, պատկերասրահների մասին, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկին: Ինտերնետային կայքի միջոցով զբոսաշրջիկին ներկայացվում են ինտերակտիվ քարտեզներ, ինչպես նաև տրվում է լիարժեք, ամբողջական տեղեկատվություն զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և ռեստորանների մասին:

Նախորդ տարիներին, ինչպես նաև 2010 թվականին իրականացվել են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցեր: Նման միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա զբոսաշրջային օպերատորներին և լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը` պահանջարկի շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով, 2011 թվականին նույնպես նախատեսվում է ճանաչողական այցերի կազմակերպում` նպատակային շուկա համարվող երկրներից:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Այս ամենը Հայաստանը` զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական ուղղվածության հոդվածներ, ինչն ակնկալվում է նաև 2011 թվականին:

 

2. Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում

 

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում են միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ նկարագրի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:

Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկների` դեպի Հայաստան գրավելու արդյունավետ և արդիական միջոց է նաև զբոսաշրջիկների ներգրավումը հայկական արվեստի շուկա, ինչը 2011 թ. Հայաստանի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում կդիտարկվի որպես նպաստավոր և գրավիչ նախապայման:

2011 թվականին նախատեսվում է փառատոների և տոնակատարությունների կազմակերպում` ուղղված երկրի մշակույթն ու ավանդույթները ներկայացնելուն: 2011 թվականին, համագործակցելով մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, նախատեսվում է փառատոների և տոնակատարությունների անցկացում` ընդգրկելով հանրապետության տարբեր մարզերը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2011 թվականին ԱՊՀ-ում հայտարարված է պատմամշակութային ժառանգության տարի, վերոնշյալ միջոցառումներն ավելի նպատակային կդառնան:

Նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության տարածքային զարգացմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտմանը, ձևավորմանը և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության ձևերի զարգացմանը:

 

 3. Զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնախնդիրների բացահայտում և զարգացման ուղիների մշակում

 

1) Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար: Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման և հայկական զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար երկրում անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել ոլորտն սպասարկող ենթակառուցվածքները (միջպետական նշանակության ավտոմայրուղիներ, դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող ավտոճանապարհներ, զբոսաշրջային երթուղիներ, կածաններ և դրանց ապահովում սանիտարական պայմաններով, մատչելի հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` բարձրակարգ հյուրանոցներ, զբոսաշրջային տների ցանցի ձևավորում և զարգացում, զբոսաշրջային տների ցանցի ինտեգրում համաշխարհային համապատասխան ցանցերին, զբոսաշրջային կլաստերների ձևավորում և զարգացում): Զբոսաշրջային ենթակառուցվածքների շարքում մեծ նշանակություն ունեն հյուրանոցային տնտեսության օբյեկտները, մասնավորապես, զբոսաշրջային տները: Զբոսաշրջային տների ցանցի ձևավորումն ու զարգացումն այսօր առաջնային և արդիական խնդիրներից է, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի տարբեր մարզերում բացակայում են հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ: 2011 թվականին կկազմակերպվի սեմինար-քննարկում, ինչի արդյունքում կմշակվեն համաշխարհային համապատասխան ցանցերին Հայաստանի զբոսաշրջային տների ցանցի ինտեգրման ճանապարհները, ինչպես նաև կկատարվեն զբոսաշրջային տներում մատուցվող ծառայությունների որակական չափանիշների բարելավում: Զբոսաշրջային տների ցանցի ստեղծումը կնպաստի տարածաշրջանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, զբոսաշրջության կայուն աճի ապահովմանը` միաժամանակ ապահովելով մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակ:

2) Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 13-ին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային երթուղիների հիմնախնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 970-Ա որոշումը` անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել հիմնական զբոսաշրջային երթուղիները և բացահայտել դրանց հիմնախնդիրները: Առաջին ուսումնասիրությունները կատարվել են Երևան-Գառնի-Գեղարդ երթուղու հետ կապված, և բացահայտված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր են իրականացվում` զբոսաշրջային երթուղու նոր որակական չափանիշներն ապահովելու համար: Այս ուղղությամբ հետագա քայլերի հստակեցման և գործնական ծրագրային միջոցառումների մշակման նպատակով 2011 թվականին կկազմակերպվի սեմինար-քննարկում, որի արդյունքում կհաստատվի նոր ուսումնասիրվող երթուղին, կբացահայտվեն հիմնախնդիրները, կմշակվի և հաստատման կներկայացվի իրականացվելիք միջոցառումների ցանկը:

3) Համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. փետրվարի 13-ին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումների ցանկի ծրագրի (ՀՀ կառավարության 2008 թ-ի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշում)` 2011թ-ին կիրականացվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների ու գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանն ուղղված միջոցառումներ:

 

4. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրացմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ:

Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ակտիվացմամբ, նախատեսվում է 2011 թվականին իրականացնել ծրագրային միջոցառումներ, ինչն արդիական է տվյալ ժամանակահատվածում:

Միջազգային համագործակցությունն էապես նպաստում է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին, իսկ մարդկային ռեսուրսների զարգացումը թե «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և թե Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական խնդիր:

Միջազգային համագործակցության շրջանակներում 2011 թվականին միջոցառումները կուղղվեն`

1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կատարմանը.

2) ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը.

3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

1. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունը` ուղղված`

1) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը.

2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը.

3) օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով.

4) նոր, մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանցում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը.

5) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը.

6) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի ներգրավմանը:

2. Ծրագրի ընթացքում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խնդիրները` կապված պատմամշակութային ու բնության հուշարձանների, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, մշակութային միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպման, մարդկային ռեսուրսների զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների, այդ թվում` նաև կապի, ճանապարհների ու դրանց կահավորման հետ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը քննարկում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` դրանց լուծում տալու նպատակով:

3. Մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած ծրագրային լուծում պահանջող խնդիրները լուծելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակվում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում համապատասխան ծրագրեր:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

«Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2011 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 50 000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):

 

VIII. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

1.

Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում և զարգացում

 Միջազգային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի շարունակական ամրապնդում` որպես ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված միջոցառման իրականացում

   

1.1.

Հայաստանը ներկայացնող գովազդատեղեկատվական նյութերի մշակում, տպագրում և տարածում

2011 թվականին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացված կլինեն պահանջարկի շուկաներում բազմալեզու գովազդատեղեկատվական նյութերի, ինչպես նաև անընդհատ թարմացվող ինտերնետային կայքի միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

Հայաստանը գովազդող և բնութագրող բրոշյուրների թարմացում և տպագրում` 2000 հատ

2011 թ. ընթացքում

Երևանի և Հայաստանի քարտեզների մշակում և տպագրում` 2000 հատ

2011 թ. ընթացքում

www.armeniainfo.am կայքի մշտական լրացում և թարմացում

2011 թ. ընթացքում

1.2.

Մասնակցություն միջազգային ճանաչված զբոսաշրջային ցուցահանդեսներին և տոնավաճառներին

2011 թվականին կապահովվի Հայաստանի մասնակցությունը միջազգային հեղինակավոր 4 զբոսաշրջային ցուցահանդեսների, ինչի արդյունքում կամրապնդվեն հայաստանյան և օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների գործարար կապերը, կկնքվեն շուրջ 200 համագործակցության պայմանագրեր` ապահովելով շուրջ 6000 զբոսաշրջային այցելություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
 1-ին, 2-րդ և 4-րդ եռամսյակ

1.3.

Օտարերկրյա լրագրողների, տուրօպերատորների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում

 2011 թվականին ճանաչողական այցերի շրջանակներում Հայաստան կայցելեն 10 օտարերկրյա լրագրող և 10 տուրօպերատոր` ապահովելով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ներկայացումը և խթանումը համապատասխան շուկաներում և լրատվամիջոցներով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ. ընթացքում

2.

Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում

Պետություն-մասնավոր հատված համագործակցու-թյամբ 2011 թվականին նախատեսվում է 4 փառատոնի և տոնակատարության իրականացում, որին, բացի տեղի բնակչությունից, կմասնակցեն նաև բազմաթիվ միջազգային զբոսաշրջիկներ` նպաստելով միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանն ու ամրապնդմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թ.
 3-րդ և 4-րդ եռամսյակ

Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարություն

Հայոց ավանդական տոնածիսական ուտեստների միցույթ-փառատոն

Մասնակցություն խորովածի փառատոնին Բեռլինում

Գինու տոնի կազմակերպում Արենի գյուղում

3.

Զբոսաշրջային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ

Համաձայն Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի և ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 970-Ա որոշման` Հայաստանում կուսումնասիրվեն և կբացահայտվեն հիմնական զբոսաշրջային երթուղիների հիմնախնդիրները և կմշակվի միջոցառումների ցանկ: Սեմինարի արդյունքում կմշակվեն զբոսաշրջային տների (B&B) համակարգի զարգացման և կատարելագործմանն ուղղված ծրագրային միջոցառումներ: Ծրագրային միջոցառման շրջանակներում կիրականացվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթաց

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
2-րդ և 3-րդ եռամսյակ

2011թ. ընթացքում

Զբոսաշրջային տների համակարգի զարգացման և կատարելագործման ուղիների մշակում

Զբոսաշրջային երթուղիների հիմնախնդիրների բացահայտում

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի կազմակերպում

4.

Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում

 Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք: Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ակտիվացմամբ 2011 թվականին նախատեսվում է իրականացնել համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բխում են համագործակցության համաձայնագրերից և գործնական ծրագրերից մի շարք երկրների հետ (Իրան, Չինաստան, Ռուսաստան և այլն):

2011 թվականի միջոցառումները նաև կուղղվեն ՄԱԿ ԶՀԿ-ի և ՍԾՏՀ կողմից կազմակերպվող ծրագրերին և աշխատանքային հանդիպումներին մասնակցությանը և այդ ծրագրերի շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածի) վերապատրաստմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ. ընթացքում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան