ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0113/05/10 |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարտունու քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ 2,3 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և 6 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ Ընկերության հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` Մարտունու համայնքի ավագանու (այսուհետ՝ Ավագանի) 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 2,3 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Կադաստրին կատարելու 6 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի որոշմամբ ՎԴ2/0113/05/10 և ՎԴ2/0017/05/10 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 207-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը չի ապացուցել, որ սեփականաշնորհման արդյունքում իրեն անցած 6 հա հողամասը գտնվում է միայն Մարտունու Աբովյան թիվ 1 հասցեում, ինչը, սակայն, հնարավոր չէ, քանի որ 6 հա հողատարածքում ներառված է նաև Յանղի պանրագործարանի կողմից զբաղեցված հողամասը, իսկ նշված գործարանին 1961 թվականին հատկացվել է 1 հա հողատարածք: Ընկերության 28.04.1997 թվականի ընդհանուր ժողովում քննարկվել է 3,5 հա հողատարածքը Քաղաքապետարանի և գործարանի աշխատակիցներին հանձնելու հարցը, քանի որ գործարանը չի աշխատել, և այդ տարածքը գործարանին պատկանելը դարձել է անիմաստ: Այսինքն` առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը ձեռք է բերել 6 հա հողատարածք, առավել ևս 6 հա հողատարածքի 3,7 հա նկատմամբ Ընկերության վարձակության իրավունքը երբևէ գրանցված չի եղել, հետևաբար վիճելի 3,7 հա հողամասը չէր կարող գրանցվել սեփականության իրավունքով:
Դատարանն անտեսել է, որ իրավահարաբերությունը ծագել է 1997 թվականին, այսինքն՝ մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածը կիրառելի չէ:
Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշումը հակասում է օրենքին, մինչդեռ նշված որոշումը որևէ օրենքի չի հակասում և չի խախտում Ընկերության իրավունքները, քանի որ Ընկերության հողամասը չի գտնվում ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասի սահմաններում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, կամ այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Մինչև սեփականաշնորհումը՝ 1997 թվականը, որևէ իրավասու մարմնի կողմից կամ դատական կարգով չի փոփոխվել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 27.05.1968 թվականի թիվ 214 որոշումով հատկացված հողի չափը: Իսկ ինչ վերաբերում է Յանղի պանրագործարանին, ապա այն կառուցվել է 1963 թվականին, և այդ նպատակով հողհատկացումը կատարվել է 1961 թվականին: Այսինքն, այն որևէ կապ չունի վեճի առարկա հողամասի հետ: Մարտունու Աբովյան թիվ 1 հասցեում գտնվող 6 հա հողամասը չափագրվել է որպես Ընկերությանը պատկանած հողամաս, հաշվառվել պետական լիազոր մարմնի կողմից և 2003 թվականին տրվել է սեփականության (օգտագործման) իրավունքի 954215 վկայականը: Նշված 6 հա հողամասից միայն 2,3 հա-ի նկատմամբ Կադաստրի կողմից սեփականության իրավունքի գրանցման մասին Ընկերությանը հայտնի է դարձել միայն սույն դատական վեճի շրջանակներում, քանի որ Ընկերությունում առկա սեփականության իրավունքի վկայականում 6 հա հողամասի հատակագծի առկայության պայմաններում, որպես սեփականություն, նշված է եղել 3,7 հա, որը Կադաստրի կողմից դրսևորած ինքնիրավչության և ոչնչով չհիմնավորված գործողությունների արդյունք է։
1968 թվականից հատկացված և 2005 թվականի նոյեմբերի 2-ին ընդունված «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած 6 հա հողատարածքից առանց Ընկերության համաձայնության չէր կարող ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 135-Ն որոշումով փոխանցվել Մարտունու քաղաքային համայնքին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի 21.05.1968 թվականի թիվ 214 որոշմամբ Մարտունու սովխոզի հողերից 6 հա վարելահող հատկացվել է արդյունաբերության մինիստրությանը գլխավոր պանրագործարանի կառուցման համար (հատոր 1-ին, գ.թ. 5-7):
2) Ընկերության և ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության միջև 10.06.1997 թվականին կնքված թիվ 617-2 սեփականաշնորհման պայմանագրով Ընկերությունը գնել է Մարտունի քաղաքի Աբովյան թիվ 1 հասցեում գտնվող Մարտունու պանրագործարանը, որի զբաղեցրած հողատարածքի չափը նշվել է 6 հա (հատոր 1-ին, գ.թ. 48-49):
3) 30.10.2003 թվականի թիվ 954215 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-1 մատյանի թիվ 101 համարի տակ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը 2,3 հա հողամասի նկատմամբ: Նույն վկայականի համաձայն՝ ՀՀ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով 30.03.2005 թվականին նույն 2,3 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 23-25):
4) Գործում առկա նույն ամսաթվով՝ «30.10.2003 թվական», և նույն համարով՝ «թիվ 954215» անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-1 մատյանի թիվ 101 համարի տակ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը 6 հա հողամասի նկատմամբ: Նույն վկայականի համաձայն՝ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով 3,7 հա հողամասը նշվել է որպես սեփականություն (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):
5) ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 135-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 411-013 և 411-014 ծածկագրերով Ընկերության անվամբ հաշվառվել է 2,38 հա և 0,15 հա հողամասեր, իսկ 411-015 ծածկագրով հաշվառված է 0,60 հա արդյունաբերական հողամաս (հատոր 3-րդ, գ.թ. 12-15):
6) Կադաստրի 30.06.2010 թվականի թիվ 123 գրության համաձայն՝ կադաստրային գործում գրանցման համար ներկայացվել է սեփականաշնորհման պայմանագիր, որտեղ հողամասի չափը նշված է 6,0 հա, սակայն գրանցում է ստացել 2,3 հա-ը: 6,0 հա-ից մնացած 3,7 հա հողամասից 0,603 հա հողամասը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է համայնքին: Կադաստրային գործում 954215 համարի սեփականության վկայականով գրանցված է 2,3 հա հողամաս` վարձակալությամբ, որն օրենքի ուժով դարձել է սեփականություն: Գրանցամատյանում նույնպես գրանցված է 2,3 հա հողամաս (հատոր 2-րդ, գ.թ. 58):
7) Մարտունու քաղաքային համայնքի ավագանու 03.03.2008 թվականի նիստի թիվ 21 արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ համայնքի ավագանին որոշել է Մարտունի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 1 հա հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10):
8) Կադաստրի 27.05.2009 թվականի գրության համաձայն՝ Մարտունու Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տարածքն ընդամենը կազմում է 6 հա, որից պանրագործարանինը՝ պարիսպը ներառյալ շինություններով կազմում է 2,3 հա, որը ստացել է պետական գրանցում, մնացած 3,7 հա-ից 0,64 հա հողատարածքը զբաղեցրել է «Պավել և Ընկերներ» ԲԲԸ-ն՝ կառուցելով գազալցակայան, իսկ 3,06 հա հողատարածքը տարիներ շարունակ զբաղեցրել են սահմանակից սեփականատերերը: Նշված տարածքներն ընդհանուր՝ 6 հա, գտնվում են բնակավայրի ներսում, որից 2,3 հա պանրագործարանի սեփականությունն է, իսկ 0,64 հա ներկա պահին հանդիսանում է համայնքային սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 50):
9) Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումից քաղվածքի համաձայն՝ համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Մարտունի քաղաքի Աբովյան թիվ 1 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 0,6 հա մակերեսով (ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշման հավելվածի 411-015 ծածկագրերով որպես արդյունաբերական հողամաս հաշվառված) տարածքի վրա, «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված գազալցակայանի շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և մուտքագրել Մարտունու քաղաքապետարանի հաշվեկշիռ (հատոր 1-ին, գ.թ. 37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի: Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս տարվա ընթացքում, կառավարության որոշմամբ առանձնացվում և հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին: Համայնքի սեփականությանը կարող են պատկանել նաև համայնքի սահմանից դուրս գտնվող և համայնքի սեփականությանը հանձնված կամ համայնքի ձեռք բերած հողամասերը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքի սեփականության ներքո գտնվող հողերը կառավարում և տնօրինում են համայնքի ղեկավարն ու ավագանին` Քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, իսկ 7-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում կարգավորում են հողային հարաբերությունները: Տեղական ինքնակառավարման մարմնի` Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենսգրքից և այլ օրենքներից բխող հողային հարաբերությունները կարգավորող ակտերը գործում են համայնքի ամբողջ տարածքում և պարտադիր են կատարման հողամասերի սեփականատերերի, օգտագործողների կողմից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 64-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Դատարանը, Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանն առանց իրավական հիմքի ՀՀ կառավարություն տեղեկություններ է ներկայացրել սեփականաշնորհման պայմանագրով Ընկերությանը տրամադրված 6 հա հողամասի կազմի մեջ մտնող 0,6 հա-ի վերաբերյալ, որի արդյունքում այդ հողամասը որպես պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերական հողամաս որոշմամբ փոխանցվել է Մարտունու քաղաքային համայնքին: Քաղաքապետարանն ապակողմնորոշել է ՀՀ կառավարությանը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տրամադրելով, որը հետագայում արտացոլվել է որոշման հավելվածի թիվ 411-015 ծածկագրում: Միաժամանակ, Դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալը, հանգել է այն հետևության, որ ՀՀ կառավարության որոշման այդ մասը հակասում է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի նոյեմբերի 2-ի ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի մասի և ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներին:
Սույն գործով ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 135-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 411-013 և 411-014 ծածկագրերով Ընկերության անվամբ հաշվառվել է 2,38 հա և 0,15 հա հողամասեր, իսկ 411-015 ծածկագրով հաշվառված է 0,60 հա արդյունաբերական հողամաս: Հետագայում, Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշմամբ համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Մարտունի քաղաքի Աբովյան թիվ 1 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 0,6 հա մակերեսով տարածքի վրա (ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշման հավելվածի 411-015 ծածկագրերով որպես արդյունաբերական հողամաս հաշվառված) «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված գազալցակայանի շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և մուտքագրել Մարտունու քաղաքապետարանի հաշվեկշիռ: Այսինքն՝ սույն գործով վիճարկվող` Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մարտունու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 135-Ն որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, անդրադառնալով և քննության առարկա դարձնելով ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշման իրավաչափության հարցը, անտեսել է այն հանգամանքը, որ այն չի վիճարկվել և չի վերացվել: Այսինքն՝ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է ակտի իրավաչափության հարցին և բացառել դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինիս իրավաչափության պայմաններում Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Դատարանի կողմից հաստատված այն հանգամանքին, որ մինչև վեճի առարկա 0,6 հա հողամասը համայնքին փոխանցելը դրա նկատմամբ արդեն իսկ գրանցվել էր Ընկերության իրավունքը:
04.10.2005 թվականի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)՝ սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են՝
1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.
2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ մինչև 04.10.2005 թվականի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 199-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով հանձնվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, այդ հողերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, եթե անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվել է լիազոր պետական մարմնում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական: Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշվում են անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անունը (անվանումը), անշարժ գույքի միավորի ծածկագիրը, պետական գրանցման համարը, գույքի նկատմամբ իրավունքները, սերվիտուտները, նպատակային նշանակությունը, չափերը, հատակագիծը, լրացուցիչ այլ նշումներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության միջև 10.06.1997 թվականին կնքված թիվ 617-2 սեփականաշնորհման պայմանագրի հիման վրա Կադաստրի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-1 մատյանի թիվ 101 համարի տակ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը 2,3 հա հողամասի նկատմամբ, և 30.10.2003 թվականին տրվել է թիվ 954215 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: Այնուհետև՝ 04.10.2005 թվականի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով 30.03.2005 թվականին նույն 2,3 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը: Կադաստրի 30.06.2010 թվականի թիվ 123 գրության համաձայն՝ կադաստրային գործում գրանցման համար ներկայացվել է սեփականաշնորհման պայմանագիր, և արդյունքում կադաստրային գործում թիվ 954215 համարի սեփականության վկայականով գրանցված է 2,3 հա հողամաս` վարձակալությամբ, որն էլ օրենքի ուժով դարձել է սեփականություն: Գրանցամատյանում նույնպես գրանցված է 2,3 հա հողամասի նկատմամբ Ընկերության իրավունքները:
Մինչդեռ, սույն գործով Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ 0,6 հա հողամասը համայնքին փոխանցելու պահին Ընկերութան անվամբ գրանցված էր 6 հա հողամաս, որի մեջ մտնում է նաև Ընկերությանը փոխանցված վերոնշյալ հողամասը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Կադաստրի 30.06.2010 թվականի թիվ 123 գրությունը և հատկապես դրանով արձանագրված այն հանգամանքը, որ գրանցամատյանում գրանցված է 2,3 հա հողամասի նկատմամբ Ընկերության իրավունքները, և չի հիմնավորել, թե ինչու է նշված ապացույցը մերժել:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական գրանցում կատարելուն Կադաստրին պարտավորեցնելու պահանջը հիմնավոր չի կարող համարվել:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը 2,3 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ՝
1. խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ եթե՝ ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար. բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2. նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3. նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 30.10.2003 թվականի թիվ 954215 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-1 մատյանի թիվ 101 համարի տակ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը 2,3 հա հողամասի նկատմամբ: Նույն վկայականի համաձայն՝ 04.10.2005 թվականի թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով 30.03.2005 թվականին նույն 2,3 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.10.2003 թվականի թիվ 954215 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը 2,3 հա հողամասի նկատմամբ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.10.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի ուժով դրա հասցեատիրոջ, այն է՝ Ընկերության համար բարենպաստ վարչական ակտ է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներով սահմանված են ՀՀ վարչական դատարան տրվող հայցերի տեսակները, որոնցով նախատեսված չէ բարենպաստ վարչական ակտը վիճարկելու հայցատեսակ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում բարենպաստ վարչական ակտը վիճարկելու հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.10.2003 թվականին Մարտունիի Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 2,3 հա տարածքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել. «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հայցը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանմանը 6 հեկտար հողամասի նկատմամբ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի թիվ 136 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով մերժել: 30.10.2003 թվականին Մարտունու Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 2,3 հա տարածքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճել:
2. «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ից հօգուտ Մարտունու քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|