Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՍԴ/0293/01/09

ՍԴ/0293/01/09

 

Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան
Դատավորներ`
Մ. Պետրոսյան 
                           Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ


Մ. Պետրոսյանի

2010 թվականի օգոստոսի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Թիվ 41108809 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Էրիկ Միխայելի Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2009 թվականի նոյեմբերի 3-ին Է.Հայրապետյանի և Մ.Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Է.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 6 /վեց/ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Է.Հայրապետյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Մ.Ալեքսանյանը, որի մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը չի բողոքարկվել:

3. Ամբաստանյալ Է.Հայրապետյանի պաշտպան Յ.Բալասանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունիսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Է.Հայրապետյանի մասով, պատժի մեղմացման առումով, փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը, Է.Հայրապետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վերաքննիչ դատարանը Է.Հայրապետյանին վերջնական դատապարտել է ազատազրկման 7 /յոթ/ տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ամբաստանյալ Է.Հայրապետյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա Կապան քաղաքի բնակիչ Մ.Ալեքսանյանի հետ 2009 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 23.30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Շինարարների թաղամասից կենտրոն տանող աստիճանների վրա հանդիպել են դեպի տուն գնացող` Շինարարների թաղամասի բնակչուհի Ազնիվ Մաքսիմի Ստեփանյանին և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ, սակայն, ստանալով մերժում, իրենց նպատակին հասնելու համար, բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով ու ոտքերով հարվածել են Ա.Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, հարձակվել նրա վրա, պատռտել շորերը, գցել գետին, պատռած շորերով կապել բերանը և, հաղթահարելով նրա դիմադրությունը, վերջինիս կամքին հակառակ Է.Հայրապետյանը երկու, իսկ Մ.Ալեքսանյանը մեկ անգամ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ, այնուհետև սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, Է.Հայրապետյանը Մ.Ալեքսանյանի օժանդակությամբ Ա.Ստեփանյանի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ տուժողի բերանից:

6. Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքներն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, ինչպես նաև հանցագործության մեջ նրա առանձնապես ակտիվ դերը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` հանցանքը կատարելու պահին նրա անչափահաս լինելը, հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը» (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 60):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման չի արժանացրել ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը: Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև այն, որ նրա մտավոր զարգացվածությունը չի համապատասխանում նրա ստացած կրթությանը, վերջինիս կյանքի և դաստիարակության, ընտանեական և սոցիալական պայմաններին, այն որ նախկինում նա արատավորված կամ դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու անկեղծորեն զղջացել»(տե´ս քրեական գործ, հատոր, էջ 166):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Է.Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում նրա նկատմամբ նշանակվել է անարդարացի և ակնհայտ մեղմ պատիժ:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել նրա կողմից կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, տուժողի նկատմամբ ամբաստանյալի դրսևորած բացառիկ դաժանությունը, անողոքությունը և վայրագությունը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Է.Հայրապետյանի նկատմամբ նշանակվե՞լ է արդյոք արդարացի պատիժ, որի միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի նպատակների իրականացմանը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը: Այս հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

12. Պատժի արդարացիության հետ կապված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ. Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ, որում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…): Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձը բնութագրող տվյալները և, քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ է և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: (…)» (տե´ս Կ.Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշումը):

13. Սույն որոշման 11-րդ կետում մեջբերված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համակարգային վերլուծությունից բխում է, որ պատիժն արդարացի է, եթե դրա տեսակի և չափի որոշման ժամանակ դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ նրա պատասխանատվությունը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները:

14. Հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի հետ կապված հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ. Մադաթյանի վերաբերյալ որոշման մեջ:

Համաձայն այդ որոշման` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը (տե´ս Գ. Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

15. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները սպառիչ թվարկված են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում:

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների օրենսդրական թվարկումը սպառիչ չէ. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

Նշված իրավական դրույթը, սակայն, չի ենթադրում, որ որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքների առումով դատարանի հայեցողությունը բացարձակ է: Այս հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ.Բայրամյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ. «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները: (…)» (տե´ս Պ. Բայրամյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):

16. Հիմք ընդունելով սույն որոշման 11-15-րդ կետերում առկա վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի նրա կողմից կատարված հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցանքներն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, ինչպես նաև հանցագործության մեջ նրա առանձնապես ակտիվ դերը, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` հանցանքը կատարելու պահին նրա անչափահաս լինելը, հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը: Որպես անձը բնութագրող հանգամաքներ այն, որ ամբաստանյալ Է.Հայրապետյանն անչափահաս է, գտնվում է միայն մայր ծնողի խնամքի տակ, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափի հարցը, գտել է, որ բավարար չափով ստուգման և գնահատման չեն արժանացել ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը:

Վերաքննիչ դատարանի որոշումից երևում է նաև, որ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ նրա մտավոր զարգացվածությունը չի համապատասխանում նրա ստացած կրթությանը, վերջինիս կյանքի և դաստիարակության, ընտանեկան և սոցիալական պայմաններին, այն որ նախկինում նա արատավորված կամ դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու անկեղծորեն զղջացել (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

18. Վերլուծելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 11-16-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելիս հիմք ընդունված հանգամանքներն արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս:

Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալի մտավոր զարգացվածությունը չի համապատասխանում նրա ստացած կրթությանը, նրա կյանքի և դաստիարակության, ընտանեկան և սոցիալական պայմաններին, ապա այդ հանգամանքները չեն կարող նվազեցնել Էրիկ Հայրապետյանի կատարած հանցանքներին բնորոշ հանրային վտանգավորության աստիճանը և չեն կարող բավարար հիմք լինել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարած ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար, քանի որ դրանք չեն համապատասխանում Պ. Բայրամյանի վերաբերյալ որոշման մեջ ամրագրված չափանիշներին, ուստի բավարար չեն անձի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար:

 19. Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 11-18-րդ կետերում առկա դատողությունները, Վճռաբեկ դատարանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Է.Հայրապետյանի նկատմամբ նշանակած պատիժը մեղմացնելիս բավարար չափով ստուգման ու գնահատման չի ենթարկել նրա կողմից կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները: Արդյունքում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանն ու հանցավորի անձին և դրանով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրականացմանը:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

21. Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել Է.Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռին:

Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Է.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու մասին որոշում ընդունելիս Վերաքննիչ դատարանը չի քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը, նույն օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված նշանակված պատժի արդարացիության հարցը, գործի քննության ընթացքում թույլ է տվել դատական սխալ:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էրիկ Միխայելի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան