ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1035/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1035/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) ընդդեմ Զոհրաբ Թովմասյանի, երրորդ անձինք Մուշեղ Միրզոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Մարզպետարանը պահանջել է լուծել 23.11.2004 թվականի ՀՀ Արագածոտնի մարզպետի և Զոհրաբ Թովմասյանի միջև կնքված արոտավայրի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա Զոհրաբ Թովմասյանի և Մուշեղ Միրզոյանի միջև կնքված 10.12.2009 թվականի ենթավարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Զոհրաբ Թովմասյանից բռնագանձել 1.135.000 ՀՀ դրամ` որպես չվճարված վարձավճարի գումարներ:
Մարզպետարանը 17.03.2010 թվականի հայցադիմումի լրացմամբ ավելացրել է հայցապահանջը և պահանջել Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Մարզպետարանի բռնագանձել տուգանք` չվճարված վարձավճարների ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,05 տոկոսի չափով` սկսած 18.03.2005 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է լուծել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Արագածոտնի մարզպետի և Զոհրաբ Թովմասյանի միջև 23.11.2004 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը, Զոհրաբ Թովմասյանի և Մուշեղ Միրզոյանի միջև 10.12.2009 թվականին կնքված հողամասի ենթավարձակալության պայմանագիրը: Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Արագածոտնի մարզպետարանի բռնագանձվել է 1.072.370 ՀՀ դրամ` որպես հողամասի վարձավճար և 21.447 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:
Միաժամանակ, Զոհրաբ Թովմասյանից հօգուտ Մարզպետարանի բռնագանձվել է տուգանք` սկսած 05.04.2005 թվականից մինչև պարտավորությունը փաստացի կատարելու օրը` ըստ եռամսյակների, մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ վճարման ենթակա գումարի վրա ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկելով 0,05 տոկոսի չափով գումար` 25.03.2005 թվականից մինչև 11.07.2008 թվականը տարեկան վարձավճարն ընդունելով 227.000 ՀՀ դրամ, իսկ 12.07.2008 թվականից մինչև 31.12.2009 թվականը` 223.000 ՀՀ դրամ: Արագածոտնի մարզպետարանի հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 09.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզպետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 6-րդ հոդվածները, 96-րդ հոդվածի 1-ին կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ոչ թե մերժել է Զոհրաբ Թովմասյանի հակընդդեմ հայց ներկայացնելու միջնորդությունը, այլ դրա համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու միջնորդությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև վճռի կայացումը դեռ երկու շաբաթ ժամանակ կա: Այսպիսով, Զոհրաբ Թովմասյանը չի զրկվել հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից:
Բացի այդ, Զոհրաբ Թովմասյանի միջնորդության նպատակը եղել է գործի ձգձգումը, հակառակ դեպքում ինչու նա պետք է դրա մասին միայն այն ժամանակ հայտներ, երբ Դատարանը դատաքննությունը հայտարարում էր ավարտված:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.04.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ Արագածոտնի մարզպետարանն ընդդեմ Զոհրաբ Թովմասյանի, երրորդ անձինք Մուշեղ Միրզոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշման համաձայն՝ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 23.12.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1):
2. Սույն գործով տեղի է ունեցել հինգ դատական նիստ` 03.02.2010 թվականին, 09.03.2010 թվականին, 12.03.2010 թվականին, 19.03.2010 թվականին և 26.03.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 47, 93, 101, հատոր 2-րդ, գ.թ. 28):
3. 17.03.2010 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացում (հատոր 1-ին, գ.թ. 111):
4. 19.03.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դատարանը բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ ժամանակ է տրամադրել պատասխանողին՝ 17.03.2010 թվականին ներկայացված հայցադիմումի լրացմանը դիրքորոշում հայտնելու համար և դատական նիստը նշանակել է 26.03.2010 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 16):
5. 25.03.2010 թվականին պատասխանողի կողմից ներկայացվել է պատասխան հայցադիմումի լրացման վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 22):
6. 26.03.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը մերժել է Զոհրաբ Թովմասյանի ներկայացուցչի՝ հակընդդեմ հայց ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը (հատոր 2-րդ, գ. թ. 33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պատասխանողին հակընդդեմ հայց հարուցելու իրավունք է տվել մինչև գործով վճիռ կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն`գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:
Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս արձանագրել է, որ Զոհրաբ Թովմասյանը միջնորդել է դատաքննությունը հետաձգել՝ նոր ապացույցներ և հակըննդեմ հայց ներկայացնելու համար, իսկ Դատարանը միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ միջնորդությունը ներկայացրած կողմը չի հիմնավորել նախապատրաստական փուլում նշված ապացույցների ներկայացման անհնարինությունը, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու միջնորդությունը մերժել է առանց որևէ պատճառաբանության:
Վերը նշվածը հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Դատարանի նման մերժումը իրավաչափ չէ և հակընդդեմ հայց ներկայացնելու համար դատաքննությունը հետաձգելու միջնորդության մերժմամբ Դատարանը խախտել է Զոհրաբ Թովմասյանի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և օրենքներով ամրագրված իրավունքները:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 23.12.2009 թվականին, 17.03.2010 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացում, որից հետո Դատարանը բավարարել է պատասխանողի միջնորդությունը` ժամանակ է տրամադրել 17.03.2010 թվականին ներկայացված հայցադիմումի լրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար և դատական նիստը նշանակել է 26.03.2010 թվականին: 25.03.2010 թվականին պատասխանողի կողմից հայցադիմումի լրացման վերաբերյալ ներկայացվել է պատասխան:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զոհրաբ Թովմասյանը հայցը վարույթ ընդունելու պահից ունեցել է բավարար ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու համար, ավելին՝ 25.03.2010 թվականին նրա կողմից ներկայացվել է պատասխան հայցադիմումի լրացման վերաբերյալ և տվյալ ժամակահատվածում Զոհրաբ Թովմասյանը նույնպես հակընդդեմ հայց չի ներկայացրել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զոհրաբ Թովմասյանը չի հիմնավորել մինչև 26.03.2010 թվականը հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը, հետևաբար Դատարանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու մասին միջնորդության մերժումը իրավաչափ է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի դեմ գործին մասնակցող անձանց կողմից որևէ այլ հիմքով վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2010 թվականի վճռին:
2. Զոհրաբ Թովմասյանից հօգուտ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|