Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1041/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/1041/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. Հակոբյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամայիս Բիլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 22.06.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Արամայիս Բիլյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1409776, թիվ 1409777 և թիվ 1117852 վկայականներով Արամայիս Բիլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա, 0,00935հա և 0,053հա հողամասերի միավորումը ճանաչելու և գլխավոր հատակագծի համաձայն` հողամասերի միավորման և շինությունների նկատմամբ իրավունքները գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամայիս Բիլյանը պահանջել է հաստատել ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1409776, թիվ 1409777, թիվ 1117852 վկայականներով 0,2հա, 0,00935հա, 0,053հա արտադրական նշանակության հողամասերի միավորումը և ըստ նախագծի կառուցված շինությունները ճանաչել օրինական:

Արամայիս Բիլյանը, փոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել է ճանաչել ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1409776, թիվ 1409777, թիվ 1117852 վկայականներով սեփականության իրավունքով Արամայիս Բիլյանին պատկանող 0,2հա, 0,00935հա, 0,053հա հողամասերի միավորումը և պարտավորեցնել Կադաստրին կատարելու գլխավոր հատակագծի համաձայն հողամասերի միավորման և շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի 22.06.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամայիս Բիլյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 24-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 172-րդ հոդվածի 1-ին մասը, 173-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռվել փոփոխել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի մասերի, ընդ որում, փոփոխությունները կատարվում են պայմանագրի, դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա կատարվում են փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում (գրանցման նախկին թերթիկը փակելու և նորը բացելու միջոցով) և կադաստրային քարտեզներում:

Դատարանը տվյալ դեպքում անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արամայիս Բիլյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված գույքի նկատմամբ ծագող իրավունքները կարող են գրանցվել հողամասերի միավորման արդյունքում, որը հնարավոր է իրականացնել միայն դատական պաշտպանության միջոցով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 05.08.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1409776 վկայականի համաձայն` Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող 0,2հա հողամասի սեփականատերն Արամայիս Բիլյանն է (գ.թ. 11-13)։

2. 05.08.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1409777 վկայականի համաձայն` Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող 0,00935հա հողամասի սեփականատերն Արամայիս Բիլյանն է (գ.թ. 14-16)։

3. 13.10.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1117852 վկայականի համաձայն` Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող 0,053հա հողամասի սեփականատերն Արամայիս Բիլյանն է (գ.թ. 17-19)։

4. 29.09.2006 թվականի թիվ 23 շինարարական թույլտվության համաձայն` Զովունու համայնքը թույլատրել է Արամայիս Բիլյանին Կոտայքի մարզի Զովունու համայնքում սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացնել սննդի օբյեկտի և քարե պարսպի շինարարություն (գ.թ. 22)։

5. 11.02.2010 թվականի դիմումով Արամայիս Բիլյանը Կադաստրին խնդրել է կատարել միավորում և պետական գրանցում Զովունի գյուղում գտնվող շինությունների և հողամասի նկատմամբ` դիմումին կից ներկայացնելով սեփականության իրավունքի գրանցման թիվ 1117852, թիվ 1409776 և թիվ 1409777 վկայականները (գ.թ. 46):

6. Արամայիս Բիլյանին հասցեագրված Կադաստրի 15.02.2010 թվականի թիվ 598 գրությամբ նշվել է . «Ի պատասխան Ձեր 11.02.2010թ. թիվ 395 դիմումի` հայտնում ենք, որ Ձեր դիմումը մերժվում է` քանի որ նախագծով և շին. թույլտվությամբ շինությունները կառուցված են 2 տարբեր միավորների վրա, անհրաժեշտ է 2 հողերը միավորել, ապա նոր նախագծել: Չափագրմամբ պարզվել է, որ շինությունը կառուցված է մեկ միավորի սահմաններից դուրս» (գ.թ.10)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք կարող են փոփոխել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի մասերի: Փոփոխությունները կատարվում են պայմանագրի, դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա կատարվում են փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում (գրանցման նախկին թերթիկը փակելու և նորը բացելու միջոցով) և կադաստրային քարտեզներում:

Սույն վարչական գործի փաստերի համաձայն` սեփականության իրավունքի գրանցման թիվ 1409776, թիվ 1409777 և թիվ 1117852 վկայականներում ամրագրված Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող 0,2հա, 0,00935հա և 0,053հա հողամասերի սեփականատերն Արամայիս Բիլյանն է, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարական թույլտվության հիման վրա` նշված հողամասերի վրա կառուցել է շինություն, որից ծագող իրավունքները կարող են ենթարկվել պետական գրանցման միայն հողամասերի միավորման արդյունքում:

Դատարանը, հայցի մերժման պատճառաբանության հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արամայիս Բիլյանի 11.02.2010 թվականի դիմումում նշված հողամասերի միավորման, շինությունների և հողամասերի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար պարտադիր պայման է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող պայմանագրի, դատարանի որոշման կամ վճռի առկայությունը: Մինչդեռ, այդ փաստաթղթերից որևէ մեկը հայցվորը չի ներկայացրել Կադաստր, որպիսի պայմաններում վերջինս իրավացիորեն մերժել է բարենպաստ վարչական ակտ ընդունելու հայցվորի դիմումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը վերաբերում է այն դեպքերին, երբ տեղի է ունենում երկու կամ ավելի անձանց պատկանող անշարժ գույքի սահմանների փոփոխում պայմանագրի հիման վրա, կամ երբ որևէ դատական ակտով նախատեսվում է որևէ անձի անշարժ գույքի փոփոխություն: Այսինքն` համապատասխան պայմանագրի կամ դատական ակտի առկայության դեպքում օրենքով նախատեսվել է դրանց ներկայացման պարտավորություն, որն էլ պետք է իրավական հիմք հանդիսանա տվյալ անշարժ գույքի միավորման համար: Մինչդեռ, այն դեպքում, երբ խոսքը գնում է նույն անձին պատկանող հարևանությամբ գտնվող հողամասերի միավորմանը, նման իրավական փաստաթղթերի առկայություն չի պահանջվում: Նման դեպքերում բավարար է միայն հողամասերի սեփականատիրոջ` դրանք միավորելու կամահայտնությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիման վրա անհիմն մերժել է հողամասերի միավորումը գրանցելուն պարտավորեցնելու մասին հայցապահանջը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1409776, թիվ 1409777 և թիվ 1117852 վկայականներով Արամայիս Բիլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա, 0,00935հա և 0,053հա հողամասերի միավորումը ճանաչելու պահանջի մասով անհրաժեշտ է կարճել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված` հողամասերի միավորումը ճանաչելու հայցապահանջի դեպքում ինքնին բացակայում է որևէ իրավունքի խախտման, կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված դատարան դիմելու մյուս հիմքերը, որոնք կարող են դատարանի կողմից քննության առարկա դառնալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայացված հայցը վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների թվին չի դասվում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հողամասերի միավորման ճանաչման հայցն ընդդատյա չէ վարչական դատարանին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Դատարանի վճիռը հիշյալ մասով բեկանելու և սույն վարչական գործի վարույթը տվյալ մասով կարճելու համար:

Ինչ վերաբերում է շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջին, ապա տվյալ պահանջը ենթակա է մերժման: Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել: Մինչդեռ տվյալ դեպքում սույն վարչական գործով հայցվորին վարչական մարմինը չի մերժել շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, հետևաբար տվյալ պահանջը ենթակա է մերժման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Արամայիս Բիլյանի հայցը բավարարել մասնակիորեն` պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանմանը գրանցելու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1409776, թիվ 1409777 և թիվ 1117852 վկայականներով Արամայիս Բիլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա, 0,00935հա և 0,053հա հողամասերի միավորումը գլխավոր հատակագծի համաձայն:

Շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով Արամայիս Բիլյանի հայցը մերժել:

Վարչական գործի վարույթը Արամայիս Բիլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա, 0,00935հա և 0,053հա հողամասերի միավորումը ճանաչելու պահանջի մասով կարճել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանումից հօգուտ Արամայիս Բիլյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ