Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.21/16(819).1 Հոդ.145.11
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0480/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0480/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Լևոն Բարսեղյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի (այսուհետ` Կոմիտեի նախագահ)` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և 2010 թվականի հունվարի 18-ի թիվ 1 հարցումով հայցված տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լևոն Բարսեղյանը պահանջել է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել Կոմիտեի նախագահին տրամադրել 2010 թվականի հունվարի 18-ի թիվ 1 հարցումով հայցված տեղեկատվությունը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Բարսեղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 27-րդ, 27.1-րդ հոդվածները, չի կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 112-րդ, 113-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն առանց ուսումնասիրելու փնտրվող տեղեկությունների հիմքում ընկած Կոմիտեի գործողությունների իրավաչափությունը, հանգել է հետևության, որ «դրանք որևէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը» և եզրակացրել է, որ Լևոն Բարսեղյանի կողմից փնտրվող տեղեկատվությունն առաջացել է Կոմիտեի գործառույթներից դուրս իրականացրած գործողությունների արդյունքում, ուստի դրանք «չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից»:

Դատարանը, տեղեկատվության իրավունքի խախտման փաստն ապացուցելու բեռը դնելով Լևոն Բարսեղյանի վրա, անտեսել է նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունների վերաբերյալ Լևոն Բարսեղյանի բացատրությունները և վճռում չի արտահայտել որևէ դիրքորոշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է եղել կատարել լրացուցիչ աշխատանք: Հատկանշական է, որ 20.01.2010 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում մուտք եղած դիմումին ըստ էության պատասխան տրվել է 30-օրյա ժամկետի պահպանմամբ` 16.02.2010 թվականին:

Դատական քննության ընթացքում մատնանշվել է այն հանգամանքը, որ «տեղեկություն» հասկացության իրավական ամբողջության և առկայության համար պարտադիր է ոչ միայն վերջինիս վերաբերվելը անձին, առարկային, փաստին, հանգամանքին, իրադարձությանը, եղելությանը կամ երևույթին, այլև վերջինիս` օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված լինելը։ Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը նախատեսող կարգ դեռևս գոյություն չունի, ակնհայտ է, որ «տեղեկություն» եզրույթի կիրառումը հայցվորի նշած իրավական իմաստով գոյություն ունենալ չի կարող:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 18.01.2010 թվականի «Տեղեկություն ստանալու հարցում-1/2010» գրավոր հարցմամբ Լևոն Բարսեղյանը Կոմիտեի նախագահին խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկությունները. «ա. Հայկական շոու բիզնեսի որ երգիչները և հումորիստներն են մասնակցել Կոմիտեի պատվերով «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվականի դեկտեմբերի 27-ին Կոմիտեի վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների և մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված Ամանորի միջոցառումում։

բ. Երբ է սկսվել և երբ է ավարտվել Կոմիտեի պատվերով «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվականի դեկտեմբերի 27-ին Կոմիտեի վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների և մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված Ամանորի միջոցառումը, խնդրում եմ նշել ժամերով։

 գ. Կոմիտեի աշխատակիցներից ովքեր են որպես խրախուսանքի միջոց պարգևատրվել «Տերմինալ Պահեստ» ՍՊԸ-ից ձեռք բերված Breitling մակնիշի շվեյցարական արտադրության ժամացույցներով, խնդրում եմ պարգևատրվածներին հիշատակել անուն-ազգանուններով և պաշտոններով, ինչպես նաև հիշատակել նրանց հանձնված ժամացույցները` ըստ տեսակների» (գ.թ. 12)։

2. Պահանջված տեղեկատվությանն ի պատասխան, Կոմիտեն 16.02.2010 թվականի թիվ 4211/1 գրությամբ հայտնել է, որ, ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից: Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումն իրականացվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով: Օրենքի վերոնշյալ դրույթներով նախատեսված իրավական ակտերի բացակայության պայմաններում` հիմք է ընդունվում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է` եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից» (գ.թ. 23)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։

ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկությունը՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքն օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու իր փնտրած տեղեկությունը։ Ընդ որում, տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ՝ լրիվ և սպառիչ պատասխան։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պահանջվող տեղեկությունները որպես տեղեկատվություն չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից, քանի որ դրանք որևէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը։

Մինչդեռ, սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ պահանջվող տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով չի համարվում օրենքով սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալ, որևէ կերպ չի հիմնավորել իր այդ պնդումը, ինչպես նաև չի հիմնավորել պահանջվող տեղեկությունը տվյալ վարչական մարմնի գործառույթների հետ կապված չլինելու հանգամանքը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան