Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի 
ՏԴ/0094/01/09 որոշում

ՏԴ/0094/01/09

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
                           Մ. Սիմոնյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

 

Ե. Դանիելյանի

 

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

 

Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ` պաշտպան

 

Ա. Մանթաշյանի

2010 թվականի օգոստոսի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի պաշտպան Ա.Մանթաշյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2009թ. մայիսի 15-ին:

 2009թ. հունիսի 4-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ն.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2. 2009թ. հուլիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

3. Նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա.Չիլինգարյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը և բեկանել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ն.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտել է ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ն.Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:

 ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ներկայացված բողոքները չեն բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի որևէ կետի հիմնավորում, 2009թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վերադարձրել է թերությունները վերացնելու համար՝ սահմանելով բողոքները կրկին ներկայացնելու մեկամսյա ժամկետ:

5. Ն.Հովսեփյանի պաշտպան Ա.Մանթաշյանը վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելուց հետո 2009թ. դեկտեմբերի 17-ին կրկին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

 2010թ. հունվարի 12-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ:

6. Մեղադրողի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որտեղ վերջինս, արտահայտելով իր դիրքորոշումն այն մասին, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

7. Պաշտպան Ա.Մանթաշյանի վճռաբեկ բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարան է դիմել նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը՝ նշելով, որ ինքը որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան: Ա.Հակոբյանը Վճռաբեկ դատարանին խնդրել է ցուցաբերել մարդասիրական մոտեցում և Ն.Հովսեփյանի նկատմամբ չկիրառել խիստ միջոցներ:

8. Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ սույն գործով իր կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասին, 2010թ. փետրվարի 22-ին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը որոշելու խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը 2010թ. մայիսի 11-ի ՍԴՈ-882 որոշմամբ գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

 9. Նիկոլայ Հովսեփյանը, նախկինում երկու անգամ դատապարտված լինելով գողություններ կատարելու համար, դատվածությունը չմարված, 2008թ. ամռանը Դիլիջան քաղաքի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ, նկատել է հողի տակ առկա և «Արարատ» հանգստյան տանը պատկանող ջրատար չգործող խողովակներ, որոշել է ապամոնտաժել դրանցից մեկ հատված և օգտագործել անձնական կարիքների համար: Հաջորդ օրը, առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու և այդ մասին որևէ մեկին տեղյակ պահելու, իր հետ վերցնելով հող փորելու գործիք, մենակ գնացել է վերոհիշյալ տեղանք, քանդելով հողից հանել է 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ տրամագծով երկաթյա խողովակներ, դրանք թողել խողովակների տեղից որոշակի հեռավորության վրա՝ հետագայում հարմար պահի տեղափոխելու նպատակով: Մյուս օրը Դիլիջան քաղաքի գլխավոր ճանապարհի վրա պատահական նկատել է մետաղի ջարդոնով բեռնված «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենա, դրա վարորդից տեղեկացել, որ մետաղի ջարդոն է գնում և առաջարկել է գնել նախորդ օրը իր հանած և տեղանքում թողած խողովակները: «ԶԻԼ-157» ավտոմեքենայի վարորդը համաձայնվել է գնել խողովակները, նրանք ավտոմեքենայով գնացել են խողովակների մոտ, որտեղ Ն.Հովսեփյանը դրանք բարձել է ավտոմեքենայի մեջ ու դրանց դիմաց վերցրել 18.000 ՀՀ դրամ` գնորդից թաքցնելով խողովակների գողացված լինելը:

10. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա խոստովանել է մեղքը, զղջում է կատարածի համար, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, չաշխատող կին, թոշակառու ծնողներ, ինքը վատառողջ է, բնութագրվում է դրական, հանցագործությամբ պատճառել է 27.000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամի նյութական վնաս, որը վերականգնել է, տուժողի ներկայացուցիչը նրանից պահանջ չունի և խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատարանը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել վտանգավոր ռեցիդիվը: Դատարանը նշել է, որ կատարված հանցագործության և նշանակվող պատժի միջև համաչափություն ապահովելու և սոցիալական արդարությունը պաշտպանելու նպատակը դատարանը դիտում է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմք և վերը շարադրված հանգամանքների գնահատման արդյունքում դատարանը հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

 Բացի այդ, հաշվի առնելով ամբաստանյալ Ն.Հովսեփյանի գույքային դրությունը, սոցիալական անապահով վիճակը` դատարանը նպատակահարմար չի գտել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես լրացուցիչ պատժի տեսակ գույքի բռնագրավման կիրառումը:

 11. Քննության առնելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դատավճռի բեկանման հիմք է:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմքեր չկան, «առավել ևս երբ առկա է ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող այնպիսի հանգամանք, ինչպիսին է հանցանքի վտանգավոր ռեցիդիվը»:

 

 Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

12. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի 5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է non bis in idem սկզբունքին:

13. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման և Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա նշանակել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով իր պաշտպանյալին դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, թույլ է տվել նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջի խախտում:

Բողոքաբերը նշել է, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, իսկ վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ն.Հովսեփյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, տառապում է ուղեղի ծանր հիվանդությամբ, նրա խնամքին են 2 մանկահասակ երեխաները, ունի զառամյալ ծնողներ, հայրը ծանր հիվանդ է, Ն.Հովսեփյանը հանցանքը կատարել է նյութական ծանր պայմաններից ելնելով, նա գողացել է հողի մեջ գտնվող կիսաքայքայված, չօգտագործվող խողովակներ, որոնք փորձագիտական եզրակացության համաձայն գնահատվել են ընդամենը 27.000 ՀՀ դրամ, տուժողի ներկայացուցիչը դատարանում խնդրել է ամբաստանյալին ազատել պատժից և հայտարարել է, որ պատրաստ է այդ խողովակները անհատույց նվիրել Ն.Հովսեփյանին, քանի որ իրազեկ է նրա ծայրահեղ վատ նյութական պայմանների մասին:

14. Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը եզրահանգում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրում է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի՞ է, արդյոք, հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների լույսի ներքո վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակները՝ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին: (…)» (Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումների թվում տե´ս, օրինակ, Հարություն Հաբեշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոս 30-ի թիվ ՎԲ-145/07 որոշումը, Վաչիկ Մնացականյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08 որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք այլ որոշումներ):

17. Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝

1. գործի բացառիկ հանգամանքները.

2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: (…)» (տե´ս Սամվել Հունիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշման 18-րդ կետը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

 Քննության առնելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դատավճռի բեկանման հիմք է (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

 19. Հիմք ընդունելով սույն որոշման 16-րդ և 17-րդ կետերում վկայակոչված` Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում առկա վերլուծությունը, ինչպես նաև սույն որոշման 18-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատճառաբանված չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետևությունն այն մասին, թե Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմքեր չկան:

20. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում՝ գտնելով, որ առկա է Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող այնպիսի հանգամանք, ինչպիսին է հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հանցանքը կատարելու ռեցիդիվը հանդիսանում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք: Նույն հոդվածի 4-րդ մասում ամրագրված է, որ «Եթե սույն հոդվածի առաջին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք»: Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը պատասխանատվություն է սահմանում գողության համար, որը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ և մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման ուսումնասիրությունից երևում է, որ վերջինս, անտեսելով մեջբերված իրավանորմերի պահանջները, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 16-20-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն. Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, գործում Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմքերի առկայության պայմաններում որոշում կայացնելով նրա նկատմամբ հիշյալ հոդվածի կիրառման սխալ լինելու մասին, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում՝ չի կիրառել օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Դա հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացման:

23. Հիմք ընդունելով սույն որոշման հիմնավորումները և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան