ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԼԴ/0301/01/09 |
ԼԴ/0301/01/09
|
Նախագահող դատավոր՝ Մ. Ռեհանյան Դատավորներ` Ա. Դանիելյան Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
|
|
27 օգոստոսի 2010 թվականի |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Լևոնի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի օգոստոսի 29-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 19128109 քրեական գործը` ինքնությունը չպարզված անձի կողմից Կարեն Սարուխանյանի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2009 թվականի հոկտեմբերի 7-ին Արեն Արայի Անանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ` Կարեն Սարուխանյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. 2009 թվականի հոկտեմբերի 28-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 19128109 քրեական գործի նյութերով տուժող Կարեն Սարուխանյանի կողմից սուտ ցուցմունքներ տալու դեպքի առթիվ հարուցել նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով, այն առանձնացնել առանձին վարույթ և շնորհել թիվ 19132709 համարը:
2009 թվականի հոկտեմբերի 29-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 19128109 քրեական գործը միացնել թիվ 19132709 քրեական գործին, և նախաքննությունը շարունակել թիվ 19132709 համարի տակ:
3. 2009 թվականի նոյեմբերի 20-ին Կարեն Սարուխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով:
2009 թվականի դեկտեմբերի 5-ին Կ.Սարուխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2009 թվականի դեկտեմբերի 25-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 19132709 քրեական գործից անջատել Արեն Անանյանի վերաբերյալ գործի նյութերը, և նախաքննությունը շարունակել թիվ 19128109 քրեական գործի համարով:
2009 թվականի դեկտեմբերի 29-ին Կ.Սարուխանյանի վերաբերյալ թիվ 19132709 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
4. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճռով Կարեն Սարուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է:
5. Մեղադրող Մ.Մովսիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի մայիսի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի արդարացման դատավճիռը:
6. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը:
2010 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. 2009 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ 19128109 քրեական գործով Արեն Արայի Անանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ «նա 2009 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Զոհվածների հուշարձանի» տարածքում, անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով երեք անգամ հարվածել է Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Լևոնի Սարուխանյանի կրծքավանդակի ձախ և մեկ անգամ կրծքավանդակի աջ կեսերին, ինչպես նաև մեկ անգամ ձախ նախաբազկի և աջ արմնկային հոդի շրջաններին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 30-31 էջեր):
8. 2009 թվականի օգոստոսի 31-ին թիվ 19128109 քրեական գործով որպես տուժող հարցաքննվելիս Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ ինքը տուժող չէ, ինքը վայր է ընկել և հրաժարվում է ցուցմունք տալուց (տե´ս քրեական գործ թիվ 19132709, էջ 15):
2009 թվականի հոկտեմբերի 15-ին թիվ 19128109 քրեական գործով որպես տուժող լրացուցիչ հարցաքննվելիս Կարեն Սարուխանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արեն անունով տղա չի ճանաչում, 2009 թվականի օգոստոսի 27-ին ինքն Արեն անունով տղայի հետ Վանաձոր քաղաքի «Զոհվածների հուշարձան» կոչվող վայրում չի վիճաբանել, նրան փայտով ծեծի չի ենթարկել, և ոչ ոք իրեն դանակով չի հարվածել: Ինքը մարմնական վնասվածք է ստացել վերոնշյալ վայրում վազելու ընթացքում (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 39-41 էջեր):
9. Թիվ 19128109 քրեական գործով ստացված փորձագետի թիվ 127/Հ եզրակացության համաձայն՝ «1. Կ.Լ.Սարուխանյանի մարմնական վնասվածքները՝ կրծքավանդակի ձախ կեսի թվով 3 և կրծքավանդակի աջ կեսի թվով 1, ինչպես նաև ձախ նախաբազկի և աջ արմնկային հոդի շրջանների 1-ական ծակած-կտրած վերքերը, որոնցից կրծքավանդակի ձախ կեսի թվով 1 և կրծքավանդակի աջ կեսի վերքերը հանդիսանում են կրծքավանդակի խոռոչ թափանցող և առաջացրել են երկկողմանի պնևմոթորաքս, հասցվել են սուր ծակող-կտրող գործիքով կամ գործիքներով, հնարավոր է դանակով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
2. Ելնելով վնասվածքների առանձնահատկություններից բացառվում է դրանց պատճառումը վայր ընկնելու հետևանքով» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 28-29 էջեր):
10. Անհայտ անձի կողմից Կարեն Սարուխանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված թիվ 19128109 քրեական գործով հարցաքննվելիս վկա Ս.Սրապյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Գարիկ Նազարյանից տեղեկացել է, որ Կ.Սարուխանյանը և Ա.Անանյանը Կ.Սարուխանյանի մեքենայով բարձրացել են Վանաձոր քաղաքի «Զոհվածների հուշարձան» կոչվող վայր և վիճաբանել: Մի փոքր անց թաղամասի երեխաներից տեղեկացել է, որ Արեն Անանյանը Վանաձոր քաղաքի «Զոհվածների հուշարձան» կոչվող վայրում դանակահարել է Կարեն Սարուխանյանին (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 16-18 էջեր):
Անհայտ անձի կողմից Կարեն Սարուխանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված թիվ 19128109 քրեական գործով հարցաքննվելիս վկա Գ. Նազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արեն Անանյանը նստել է Կարեն Սարուխանյանին պատկանող ավտոմեքենան և միասին հեռացել են: Մոտ մեկ ժամ անց թաղամասի երեխաներից լսել է, որ Ա. Անանյանը Կ. Սարուխանյանին դանակահարել է, իսկ վերջինիս արյունոտված տարել են հիվանդանոց (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 22-25 էջեր):
Նույն քրեական գործով հարցաքննվելիս վկա Հ. Մարտիրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Գարիկ Նազարյանից տեղեկացել է, որ Կ. Սարուխանյանը և Ա. Անանյանը Կ.Սարուխանյանի մեքենայով հեռացել են: Որոշ ժամանակ անց թաղամասի բնակիչների խոսակցությունից լսել է, որ վերջիններս Վանաձորի «Զոհվածների հուշարձան» կոչվող վայրում վիճել են (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 19-21 էջեր):
11. Թիվ 19132709 քրեական գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ «(…) Կարեն Լևոնի Սարուխանյանը Լոռու մարզի քննչական բաժնի վարույթում քննվող թիվ 19128109 քրեական գործով հանդես գալով որպես տուժող՝ նախաքննության ընթացքում գործի հանգամանքների վերաբերյալ 2009 թվականի օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 15-ին նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Արեն Անանյանի ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ տվել է սուտ ցուցմունքներ առ այն, որ իր առողջությանը ծանր վնաս է պատճառվել վայր ընկնելու հետևանքով, ինչը բացառվում է, քանի որ վնասվածքները հասցվել են սուր ծակող-կտրող գործիքով:
Այսինքն՝ Կարեն Սարուխանյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: (…)» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, էջ 105):
Թիվ 19132709 քրեական գործով մեղադրական եզրակացության մեջ որպես Կ.Սարուխանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ ի թիվս այլոց նշվել են վկաներ Սուրեն Սրապյանի, Գագիկ Նազարյանի և Հովհաննես Մարտիրոսյանի՝ անհայտ անձի կողմից Կարեն Սարուխանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով տված ցուցմունքները (տե´ս, քրեական գործ թիվ 19132709, 103-104 էջեր):
12. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործության` սուտ ցուցմունք տալու հանցակազմը և դրա չորս հատկանիշները, արձանագրել է, որ «Սույն հանցագործության համար պարտադիր տարրերի թվարկմամբ կրկին անգամ փաստվեց, որ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հնարավոր կլինի հարուցել միայն դատաքննության արդյունքներով կայացված վերջնական դատական ակտի գոյության պայմաններում, քանի որ միայն դրանով միաժամանակ կհաստատվի կամ չի հաստատվի օրենքով նախատեսված հատկանիշների գոյությունը կոնկրետ արարքի մեջ, նաև հանցակազմի առկայությունն այդ նույն արարքի մեջ:
Նախաքննության մարմնի կողմից Կարեն Սարուխանյանին առաջադրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք, մինչդեռ նրա արարքում վերը նշված հանցակազմի տարրերից բացակայում են օբյեկտը, օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, քանի որ դրանց գոյությունը կարող է հաստատվել միայն Արեն Անանյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննության արդյունքներով կայացված դատական ակտով: (…)
(…) Կարեն Սարուխանյանի արարքում բացակայում է հանցագործության հատկանիշները՝ հետևաբար նաև հանցակազմը, ինչը հիմք է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ և արդարացնել: (…)» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, էջ 237):
Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա է նաև հետևյալ ձևակերպումը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Մինչդեռ նախաքննության փուլում արդեն իսկ վկաների ցուցմունքներին ու փորձագետի եզրակացությանը կանխակալ մոտեցում է ցուցաբերվել և նրանց տրվել է առավել նշանակություն տուժողի ցուցմունքի նկատմամբ: (…)» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, էջ 236):
13. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) սույն գործով սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հնարավոր կլինի հարուցել միայն դատաքննության արդյունքներով կայացված վերջնական դատական ակտի գոյության պայմաններում, քանի որ միայն նշված պայմաններում կհաստատվի կամ կհերքվի օրենքով նախատեսված հատկանիշների գոյությունը կոնկրետ արարքի մեջ, նաև հանցակազմի առկայությունն այդ նույն արարքի մեջ: (…)
Վերաքննիչ դատարանը՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը՝ գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ և դատական ակտում շարադրված պատճառաբանություններով, հանգել է ճիշտ հետևության և Կարեն Լևոնի Սարուխանյանի նկատմամբ կայացրել արդարացման դատական ակտ: (…)» (տե´ս քրեական գործ թիվ 19132709, 287-288 էջեր):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ:
15. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում սուտ ցուցմունքի հանցակազմի օրենսդրական բնութագրից:
Համաձայն բողոքի՝ սուտ ցուցմունքի հանցակազմը տարածվում է ոչ միայն դատարանում ցուցմունք տալու դեպքերի, այլ նաև քրեական դատավարության մինչդատական վարույթի ընթացքում ցուցմունքներ տալու նկատմամբ, հետևաբար, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ սուտ ցուցմունք տալու օբյեկտը արդարադատությունն է, քրեաիրավական տեսանկյունից ճիշտ չի մեկնաբանել «արդարադատություն» եզրույթը:
16. Անդրադառնալով սուտ ցուցմունք տալու հանցակազմի ավարտման պահին՝ բողոքաբերը նշել է, որ ժամանակակից քրեական իրավունքում հանրաճանաչ է դարձել այն մոտեցումը, որի համաձայն՝ սուտ ցուցմունք տալու հանցագործությունն ավարտված է համարվում հարցաքննության արձանագրությունը ստորագրելու պահից, ինչը նշանակում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը, մինչդատական վարույթում սուտ ցուցմունքի հատկանիշներ պարունակելու դեպքում, ղեկավարվելով քրեադատավարական նորմերով, պարտավոր է հարուցել քրեական գործ և լուծել դրա հետագա ընթացքը:
Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է անում, որ հիմնական քրեական գործով դատական ակտի բացակայությունը չի կարող խոչընդոտել քրեական հետապնդման մարմնին անհապաղ արձագանքելու և քրեաիրավական գնահատական տալու սուտ ցուցմունքի հատկանիշներ պարունակող արարքին, և փաստարկում, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա դատողությունների արդյունքում խախտվում է քրեական դատավարությունում դատական ակտերի նախադատելիության անթույլատրելիության մասին պահանջը: Բացի այդ, սուտ ցուցմունք տալու համար քրեական հետապնդում հարուցելու հարցը հիմնական քրեական գործով կայացվող դատական ակտի հետ կապելու դեպքում խախտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:
17. Բացի այդ, բողոքաբերը վիճարկել է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա այն դատողությունը, որ գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ Առաջին ատյանի դատարանը ճիշտ դատավճիռ է կայացրել:
Բողոք բերած անձի պնդմամբ, Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ Առաջին ատյանի դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին, անթույլատրելի է համարել նախաքննության փուլում մի շարք ապացույցների նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը և դրանց Կ.Սարուխանյանի ցուցմունքի նկատմամբ առավել նշանակություն տալը, սակայն Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ապացույցները ներքին համոզմամբ գնահատելու պահանջին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր իրավական վերլուծությունները կատարելիս անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
18. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը, խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 3-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Սուտ ցուցմունք տալու հանցակազմը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Կ.Սարուխանյանի նկատմամբ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հնարավոր կլինի հարուցել միայն Ա.Անանյանի կողմից Կ.Սարուխանյանին մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելուց հետո:
20. 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը (2007թ. խմբագրությամբ) սահմանում է.
«1. Քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը` պատժվում է [համապատասխան պատժով]:
2. Նույն արարքը, որը`
1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ,
2) զուգորդվել է այլ արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով` պատժվում է [համապատասխան պատժով]:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքով անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին համարժեք հանցակազմը նախատեսված էր 1961 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած և մինչ 2003 թվականի օգոստոսի 1-ը գործողության մեջ եղած ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում քննության ժամանակ կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից ակնհայտ սուտ ցուցմունք տալու, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու, ինչպես նաև թարգմանի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն էր նախատեսում նույն արարքների համար, որոնք զուգորդված են եղել առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ, կամ եթե կատարվել են շահադիտական նպատակով, կամ այլ ստոր դրդումներով, կամ զուգորդված են եղել արհեստականորեն մեղադրանքի ապացույցներ ստեղծելու հետ:
ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը քննարկվող հանցակազմը սահմանող հոդվածում չէր պարունակում որևէ դրույթ, որը կբացառեր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի նախկին և ներկա ձևակերպումների միջև առկա է էական բովանդակային տարբերություն. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է անձին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինության երկու դեպք`
1) եթե նրա արարքը (տվյալ պարագայում` տված ցուցմունքը) նշանակություն չի կարող ունենալ գործի լուծման համար,
2) եթե նա գործի նախնական քննության կամ դատական քննության փուլերում, ընդհուպ մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին կհայտնի իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին:
22. Սուտ ցուցմունք տալու հանցակազմի օրենսդրական ձևակերպման մեջ 3-րդ մասի ավելացումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես խնդրո առարկայի նկատմամբ օրենսդրի մոտեցման փոփոխություն՝ կապված սուտ ցուցմունք տալու հանցակազմի պարտադիր հատկանիշները ոչ միայն խմբագրական փոփոխության ենթարկելու հետ:
Այսպես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի ներքո սուտ ցուցմունք տալու հանցակազմն առկա էր հարցաքննության` սուտ ցուցմունք պարունակող արձանագրությունը ստորագրելու պահից: Դրան հակառակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավադրույթի լույսի ներքո նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մեկնաբանությունից բխում է, որ.
ա) սուտ ցուցմունք տալու հանցակազմի պարտադիր տարր է հանդիսանում անձի կողմից տված ցուցմունքի` հիմնական գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունենալու հանգամանքը, որը, անհերքելիորեն, կարող է պարզաբանվել միայն հիմնական գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ և գնահատմամբ,
բ) հիմնական գործի քննության ընթացքում, ընդհուպ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը, անձը հնարավորություն ունի հարցաքննվելու և այլ ցուցմունք տալու, կամ կարող է հայտնել իր տված ցուցմունքի սուտ լինելու մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու դեպքերում էլ, քանի դեռ իրագործված չեն օրենսդրի կողմից առաջադրված պայմանները, խոսք չի կարող լինել սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության մասին:
23. Խնդրո առարկա հարցի կապակցությամբ օրենսդրի նոր մոտեցումը պայմանավորված է այնպիսի հիմնարար Սահմանադրական արժեքներով, ինչպիսիք են արդարադատության իրականացումը միայն դատարանների կողմից (ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդված) և արդար դատաքննությունը (ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդված), ինչպես նաև այդ Սահմանադրական արժեքների հետևողական կենսագործման հրամայականով:
Մասնավորապես, միայն դատարանի կողմից արդարադատության իրականացումը ենթադրում է, որ մինչդատական վարույթում արված հետևությունները նախնական բնույթ են կրում և իրենցով փաստացի չեն կարող փոխարինել վերջնական դատական ակտով կատարվող հետևություններին: Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ» նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը:
Բացի այդ, եթե քրեական գործով մինչդատական վարույթում քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունենա քրեական հետապնդում հարուցել ենթադրաբար սուտ ցուցմունք տված քրեական դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ, ապա քրեական հետապնդման ենթարկվող անձը կարող է արդարացված մտավախություն ունենալ առ այն, որ դա իր հանդեպ հոգեբանական ճնշում է` մեղադրանքի կողմի համար ցանկալի ցուցմունքներ ստանալու նպատակով: Այդ մտավախությունից դրդված` քրեական հետապնդման ենթարկվող դատավարությանը մասնակցող անձը կարող է փոխել իր ցուցմունքները մեղադրանքի կողմի համար ցանկալի եղանակով` անգամ քրեական հետապնդման մարմնի համապատասխան աշխատակիցների բարեխղճության պարագայում: Այդպիսով կխաթարվի արդար դատաքննության Սահմանադրական արժեքը և հանրային շահը:
24. Սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո:
Հետևաբար, իրավաչափ է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Կ.Սարուխանյանի նկատմամբ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հնարավոր կլինի հարուցել միայն Ա.Անանյանի կողմից Կ.Սարուխանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելուց հետո:
II. Ապացույցների գնահատումը.
25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ապացույցների գնահատմանը վերաբերող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի և 127-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ ստորադաս դատարանների մեկնաբանությունները:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից»:
27. Մեջբերված դրույթները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 127-րդ հոդվածները համակարգային վերլուծության են ենթարկվել Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ: Նշված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ.
«(…) Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը: (…)» (տե´ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):
«(…) [Ա]պացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով:
Նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: (…)» (տե´ս Վճռաբեկ դատարանի ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 19-րդ կետը):
28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրել է, որ սույն գործի նախաքննության փուլում արդեն իսկ վկաների ցուցմունքներին ու փորձագետի եզրակացությանը կանխակալ մոտեցում է ցուցաբերվել և նրանց տրվել է առավել նշանակություն տուժողի ցուցմունքի նկատմամբ (տե´ս սույն որոշման 12-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատողության հետ՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության (տե´ս սույն որոշման 13-րդ կետը):
29. Սույն որոշման 22-23-րդ կետերով սահմանված, ինչպես նաև Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ արտահայտված և սույն որոշման 27-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 28-րդ կետում նշված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացույցների գնահատման կապակցությամբ ստորադաս դատարանների հետևությունները համապատասխանում են Վճռաբեկ դատարանի իրավական մոտեցումներին:
Հետևաբար, ապացույցների գնահատմանը վերաբերող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի և 127-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ ստորադաս դատարանների մեկնաբանություններն իրավաչափ են:
III. Ապացույցների թուլատրելիությունը.
30. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե որպես ապացույց օգտագործված՝ վկաներ Գ.Նազարյանի, Ս.Սրապյանի և Հ.Մարտիրոսյանի ցուցմունքները սույն գործով հանդիսացե՞լ են արդյոք թույլատրելի ապացույցներ:
31. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը»:
32. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից երևում է, որ նախքան հարցաքննությունը վկան պետք է տեղեկացվի, թե ո´ր դեպքի (փաստի) առթիվ հարուցված քրեական գործով և պարզաբանման ենթակա ո´ր հանգամանքների շուրջ է հարցաքննվում:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վկան նախազգուշացվում է տվյալ գործով իրեն հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայի ցուցմունքը կդիտվի որպես քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված, եթե նախքան ցուցմունք վերցնելը վկան չի տեղեկացվել թե ո´ր քրեական գործով է հարցաքննվում:
33. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վկաներ Գ.Նազարյանը, Ս.Սրապյանը և Հ.Մարտիրոսյանը հարցաքննվել են Կարեն Սարուխանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված թիվ 19128109 քրեական գործով: Կ.Սարուխանյանի կողմից սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով նրանք որպես վկա չեն հարցաքննվել (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):
Սույն գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ Կ.Սարուխանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է վկաներ Գ.Նազարյանի, Ս.Սրապյանի և Հ.Մարտիրոսյանի՝ Կարեն Սարուխանյանի առողջությանը վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով տված ցուցմունքներով (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):
34. Հիմք ընդունելով սույն որոշման 32-րդ կետում առկա վերլուծությունը, սույն որոշման 33-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկաներ Գ.Նազարյանի, Ս.Սրապյանի և Հ.Մարտիրոսյանի ցուցմունքները, որոնք սույն գործով որպես ապացույց են օգտագործվել, չեն եղել թույլատրելի ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել տվյալ քննչական գործողության՝ վկայի հարցաքննության կատարման կարգի էական խախտմամբ:
35. Ելնելով սույն որոշման 19-29-րդ կետերում շարադրված հիմնավորումներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտ է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
36. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարեն Լևոնի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|