Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0710/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0710/02/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

                  Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահրամ Մարգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Վահրամ Մարգարյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության` որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վահրամ Մարգարյանը պահանջել է ճանաչել «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ավտոմեքենայի նկատմամբ որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2010 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 01.07.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության։

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահրամ Մարգարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածը և 207-րդ հոդվածի 5-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի մեջբերմամբ փաստել է, որ բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշված դատական ակտը Կոմիտե ներկայացնելու դեպքում Կոմիտեի համար ծագում է պարտականություն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ավտոմեքենայի նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում Կոմիտեի որևէ իրավունք չի խախտվել, և որևէ պարտավորություն չի կարող ծագել:

 Դատարանի վճիռը կայացվել է օրենքների պահանջների պահպանմամբ, իսկ պատշաճ պատասխանողը մասնակցել է գործի քննությանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.07.2010 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գործել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ և 207-րդ հոդվածների հիման վրա: Վերաքննիչ դատարանի որոշմամբ հստակորեն հիմնավորված է վճռի` Կոմիտեի իրավունքներին և պարտականություններին վերաբերելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանի 03.09.2010 թվականի որոշումը կայացվել է գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության հիման վրա, և կայացված որոշման բեկանման կամ գործը նոր քննության ուղարկելու որևէ հիմք առկա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 05.11.2007 թվականի ավտոմեքենայի վաճառքի վկայականի համաձայն` Ջիաննետտո Ջիուզեպպե Եգորը վաճառել է Վահրամ Մարգարյանին «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ավտոմեքենան (գ.թ.37)։

2. 21.12.2007 թվականի թիվ 463704 փոխադրման ամփոփագրով Վահրամ Մարգարյանը «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ավտոմեքենան տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն (գ.թ.7)։

3. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 15.01.2008 թվականի որոշմամբ Վահրամ Մարգարյանի անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ամտոմեքենայի վրա դրվել է կալանք (գ.թ.9):

4. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 23.02.2010 թվականի թիվ 29/3-4-Մ-10 գրությամբ հայտնվել է, որ Վահրամ Մարգարյանի անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ավտոմեքենան 30.07.2007 թվականին առևանգվել է Իտալիայում և գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ավտոմեքենայի հայտնաբերման վերաբերյալ 24.01.2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հայտնվել է Իտալիայի իրավապահներին, սակայն մինչ օրս սեփականատիրոջ նկատառումների մասին տեղեկություններ չեն հայտնվել (գ.թ.8):

5. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի 08.05.2010 թվականի գրության համաձայն` ըստ 27.02.2008 թվականին Իտալիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկատվության «SSANG-YONG MUSSO» մակնիշի KPTEOB19STP085492 նույնացման համարով ավտոմեքենան 04.03.1998 թվականին թիվ AZ546MC պետհամարանիշով գրանցված էր Իտալիայում: 23.05.2001 թվականից ավտոմեքենայի սեփականատերն էր «BRIANLEASING SPA» ընկերությունը, որը 30.07.2003 թվականին Միլանի ոստիկանության բաժնում հայտարարություն է տվել ավտոմեքենայի առևանգման մասին: Հայտնվել է նաև, որ իրենց կողմից ներկայացված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը համապատասխանում է իսկությանը, քանի որ առևանգման պահին այն գտնվել է ավտոմեքենայի մեջ: Հետագայում, Իտալիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին բազմիցս հարցումներ են կատարվել ավտոմեքենայի վերաբերյալ` Իտալիայի ոստիկանական տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքի օրինականությունը ստուգելու նպատակով, սակայն մինչև օրս որևէ պատասխան չի ստացվել (գ.թ.24-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 04.09.2008 թվականի թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներրի կոմիտեի կանոնադրության 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մաքսային հսկողության ու ձևակերպումների կազմակերպում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժե» կետի համաձայն՝ մաքսային ձևակերպում է համարվում նույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն իրականացվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգով: Ընդ որում, հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ՝ համաձայն նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետի:

ՀՀ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին: Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին: Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ՝ համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի:

ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար օրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար: Նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

ՀՀ կառավարության 13.12.2002 թվականի թիվ 2144-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա ընդունված ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության՝ «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» 24.03.2003 թվականի թիվ 3-Ն համատեղ հրամանի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումներում ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը՝ լրացված «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության մեջ դնելու համար նախ և առաջ պետք է իրականացվի ապրանքի մաքսային ձևակերպում՝ համապատասխան հայտարարագրման տեսքով, որը և հիմք է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար (տես նաև` Ասյա Հարությունյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ ավտոմեքենան հաշվառման վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի թիվ ՎԴ/1433/05/09 որոշումը):

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ կետը, հայցը բավարարել է և որպես բարեխիղճ ձեռքբերող ճանաչել է Վահրամ Մարգարյանի սեփականության իրավունքը SSANG-YONG MUSSO մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բարեխիղճ ձեռքբերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կոմիտե ներկայացվելու դեպքում Կոմիտեի համար ծագում է պարտավորություն: Կոմիտեն չի մասնակցել գործի քննությանը, ուստի հնարավորություն չի ունեցել նաև ծանոթանալ հայցվորի պահանջի հիմնավորման նպատակով ներկայացված ապացույցներին և իր դիրքորոշումն արտահայտել դրանց վերաբերյալ: Նշված փաստերն ինքնին բավարար են արձանագրելու համար, որ Դատարանի վճիռը վերաբերում է նաև բողոքաբերի իրավունքներին:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն մաքսային ձևակերպում իրականացնող մարմին է, որն իրականացնում է հայտարարագրի գրանցման եղանակով, իսկ սույն գործով քննվում է ավտոմեքենայի նկատմամբ որպես բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին հայցը, որի բավարարումը զուտ կարող է հիմք հանդիսանալ տվյալ անձի մոտ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, հայտարարագիր ներկայացնելու իրավունքի ծագման համար: Այսինքն` սույն գործի քննությունը չի առնչվում Կոմիտեի իրավունքներին և պարտականություններին, այլև զուտ կարող է հիմք հանդիսանալ անձի կողմից հայտարարագիր ներկայացնելու համար, որի դեպքում առաջանում է Կոմիտեի` որպես մաքսային ձևակերպումների կազմակերպում իրականացնող հանրապետական գործադիր մարմնի, օրենքով և կանոնադրությամբ վերապահված գործառույթներն իրականացնելու պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի վճռով Կոմիտեի որևէ իրավունք չի խախտվել, և վերջինս չի ծանրաբեռնվել լրացուցիչ պարտականություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի դեմ գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2010 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան