ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0063/01/08 |
ԵՔՐԴ/0063/01/08
|
Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան | |
Դատավորներ` Մ. Արղամանյան |
|
Մ. Ռեհանյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպաններ |
Լ. Սիմոնյանի | |
Ա. Մանուկյանի |
2010 թվականի օգոստոսի 27-ին |
2010 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Ալեքսանդրի Հովհաննիսյանի, Աբել Ջոնի Աբելյանի, Ալեքսան Սամվելի Տերտերյանի, Արթուր Արշալույսի Ստեփանյանի, Արսեն Վաչագանի Մաթևոսյանի և Արմեն Հակոբի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մարտի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի, ամբաստանյալ Ա.Աբելյանի, ամբաստանյալ Ա.Տերտերյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Ա.Մանուկյանի, ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2007 թվականի հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում թիվ 62200906 քրեական գործի նյութերով հարուցվել և նույն քրեական գործին է միացվել թիվ 62200207 քրեական գործը` Արա Խալաթյանի կողմից 2006 թվականի ընթացքում բազմիցս ապօրինաբար հերոին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և առանց բժշկի թույլտվության գործածելու փաստի առթիվ:
2007 թվականի հունվարի 12-ին Կ.Հովհաննիսյանը, Ա.Տերտերյանը, Ա.Աբրահամյանը և Ա.Մաթևոսյանը ձերբակալվել են:
2007 թվականի հունվարի 14-ին Կ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Տերտերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, և Ա.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը Կ.Հովհաննիսյանի և Ա.Տերտերյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Ա.Աբրահամյանի և Ա.Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2007 թվականի փետրվարի 3-ին Ա.Աբելյանը ձերբակալվել է:
2007 թվականի փետրվարի 6-ին Ա.Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նույն օրն Ա.Աբելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2007 թվականի հուլիսի 9-ին Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրն Ա.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Կ.Հովհաննիսյանի մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 271-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով:
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ա.Աբելյանի մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ա.Տերտերյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:
2007 թվականի նոյեմբերի 8-ին Ա.Մաթևոսյանի մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:
2007 թվականի նոյեմբերի 9-ին Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:
2007 թվականի նոյեմբերի 14-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 62200906 քրեական գործից Կ.Հովհաննիսյանի, Ա.Աբելյանի, Ա.Տերտերյանի, Ա.Ստեփանյանի, Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, անջատված մասին շնորհվել է թիվ 62200207 համարը:
2007 թվականի նոյեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հուլիսի 28-ի որոշումներով ամբաստանյալներ Կ.Հովհաննիսյանի, Ա.Աբելյանի, Ա.Տերտերյանի, Ա.Ստեփանյանի, Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամկետով` անձնական գույքի 30 տոկոսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.705.000 ՀՀ դրամից, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 6 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով` անձնական գույքի 30 տոկոսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.705.000 ՀՀ դրամից և տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով:
Ամբաստանյալ Ա.Աբելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել: Ա.Աբելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա դատական նիստի դահլիճում ազատվել է կալանքից:
Ամբաստանյալ Ա.Տերտերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 8 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Տերտերյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Ա.Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Ա.Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները լրիվ գումարելու միջոցով Ա.Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Մաթևոսյանի` 2007 թվականի հունվարի 12-ից մինչև 2007 թվականի հունվարի 14-ն արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Ամբաստանյալ Ա.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Աբրահամյանի` 2007 թվականի հունվարի 12-ից մինչև 2007 թվականի հունվարի 14-ն արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
3. Պաշտպանների և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի մարտի 22-ի որոշմամբ պաշտպանների բողոքները մերժել է, իսկ մեղադրողի բողոքը՝ բավարարել մասնակիորեն:
Ա. Աբելյանի մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը բեկանվել է, Ա.Աբելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Աբելյանի կալանքի տակ գտնված ժամանակահատվածը` 2007 թվականի փետրվարի 3-ից մինչև 2009 թվականի օգոստոսի 24-ը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 5 ամիս 9 օր ժամկետով: Ա.Աբելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Պատժի սկիզբը հաշվվել է Ա.Աբելյանին փաստացի կալանքի վերցնելու պահից:
Կ.Հովհաննիսյանի և Ա.Տերտերյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը փոփոխվել է:
Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամկետով` անձնական գույքի 30 տոկոսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.705.000 ՀՀ դրամից, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 6 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով` անձնական գույքի 30 տոկոսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.705.000 ՀՀ դրամից և տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով:
Ա. Տերտերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 8 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Տերտերյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով:
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը, ամբաստանյալ Ա.Աբելյանը, ամբաստանյալ Ա.Տերտերյանի պաշտպան Ռ.Սաֆարյանը, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Ա.Մանուկյանը և ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանի ու Ա.Աբրահամյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները
Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել հետևյալը.
5. Կ.Հովհաննիսյանը 2005-2007 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի հերոին տեսակի թմրամիջոց, որի մի մասն առանց բժշկի թույլտվության գործածել է ներարկվելու միջոցով, իսկ մնացած մասը նույն ժամանակահատվածում իրացրել է տարբեր անձանց: Միաժամանակ, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել մանր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց և թմրամիջոցների պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ: Դա դրսևորվել է հետևյալում.
2005-2006 թվականների ընթացքում Կ.Հովհաննիսյանը նախաքննությամբ չպարզված անձից (անձանցից) և Ա.Աբելյանից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, հունիս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր շաբաթ` 5-ական գրամ չափաբաժիններով, այնուհետև` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 10-ական գրամ չափաբաժիններով, 1 գրամը 80 ԱՄՆ դոլարով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 180 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որից մի մասն առանց բժշկի թույլտվության գործածել է ներարկվելու միջոցով:
Նախնական պայմանավորվածության համաձայն նա կապ է հաստատել Ա.Աբելյանի հետ վերջինիս բջջային հեռախոսահամարներով, որից հետո, հանդիպելով նրան, ապօրինի ձեռք է բերել և պահել հերոին տեսակի թմրամիջոց:
Քննությամբ չպարզված անձից և Ա.Աբելյանից ապօրինի ձեռք բերած ու պահած հերոին տեսակի թմրամիջոցը Կ.Հովհաննիսյանը պարբերաբար իրացրել է ներքոհիշյալ անձանց.
1) 2005 թվականի աշնանը նա, 30 օրվա ընթացքում նախնական համաձայնությամբ Էդուարդ Հովհաննիսյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 4 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2) 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում նա նախնական համաձայնությամբ Արա Խալաթյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 40 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
3) 2006 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում նա նախնական համաձայնությամբ Արա Շահբազյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 33 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
4) 2006 թվականի օգոստոսի վերջին և հոկտեմբերի կեսերին նա նախնական համաձայնությամբ Արտյոմ Առաքելյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում, հյուրասիրելու եղանակով, 0,25-ական գրամ չափաբաժիններով իրացրել է խոշոր չափի` 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2006 թվականի հոկտեմբերի կեսերին, երբ Ա.Առաքելյանը վերջին անգամ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով այցելել է նրան, վերջինս, իր մոտ չունենալով հերոին տեսակի թմրամիջոց, այն ձեռք բերելու նպատակով Ա.Առաքելյանի ներկայությամբ հեռախոսով զանգահարել է Ա.Աբելյանին և, թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով նրա հետ, Ա.Առաքելյանի հետ միասին գնացել են Ա.Աբելյանի վարձակալած բնակարանի մոտ, ուր այցելելուց հետո, դուրս գալով Մաշտոցի պողոտա, խոշոր չափի` 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է Ա.Առաքելյանին:
5) 2006 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում նա նախնական համաձայնությամբ Էմիլ Ավագյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական և 1-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով կամ 50.000 ՀՀ դրամով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 8 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
6) 2006 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նա նախնական համաձայնությամբ Արթուր Ստեփանյանին և Էմիլ Անտոնյանին վերջինիս միջոցով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 50.000 ՀՀ դրամով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
7) 2006 թվականի սեպտեմբերից 2007 թվականի հունվարը ներառյալ նա նախնական համաձայնությամբ Ալեքսան Տերտերյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում և իր վարձակալած` Երևան քաղաքի Պուշկինի 3-րդ շենքի 17-րդ բնակարանում, 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 30 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2006 թվականի աշնանը, երբ Ա.Տերտերյանն ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով այցելել է Կ.Հովհաննիսյանին, վերջինս իր մոտ չունենալով հերոին տեսակի թմրամիջոց, վեց անգամ Ա.Տերտերյանի ներկայությամբ հեռախոսով զանգահարել է Ա.Աբելյանին և, թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով նրա հետ, Ա.Տերտերյանի հետ միասին գնացել են Ա.Աբելյանի վարձակալած բնակարանի մոտ, ուր այցելելուց հետո, նույն շենքի մոտ, իր վարած ավտոմեքենայի մեջ, առանձնապես խոշոր չափի` 3 գրամ հերոին տեսակի թմրամիջոցն իրացրել է Ա.Տերտերյանին` հայտնելով, որ թմրամիջոցն Ա.Աբելյանը ստանում է Կոլումբիայից և այն իրացնում է միայն իրեն:
8) 2006 թվականի դեկտեմբերի կեսերին նա նախնական համաձայնությամբ Երևան քաղաքի բնակիչներ Արմեն Աբրահամյանին և նախաքննությամբ չպարզված ոմն Աշոտին վերջինիս միջոցով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում իրացրել է խոշոր չափի` 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, 2007 թվականի հունվարի 2-ին իր վարձակալած Երևան քաղաքում գտնվող բնակարանում գործածելու նպատակով խոշոր չափի` 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոցով պատրաստել է ներարկման լուծույթ, որից խոշոր չափի` 0,25 գրամը հյուրասիրելու եղանակով իրացրել է Վահրամ Սմբատյանին և վերջինիս հետ միասին առանց բժշկի թույլտվության գործածել է խոշոր չափի` 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2007 թվականի հունվարի 12-ին Կ.Հովհաննիսյանի վարձակալած բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի ձեռք բերած և պահած խոշոր չափի` 0,0719 գրամ հերոին տեսակի թմրամիջոցը, մանր չափի` 0,04 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը և պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդի հետքերով ներարկիչը:
6. Ա.Աբելյանը 2006 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել առանձնապես խոշոր չափի հերոին տեսակի թմրամիջոց և նույն ժամանակահատվածում իրացրել է այն: Դա արտահայտվել է հետևյալում.
2005-2006 թվականների ընթացքում Ա.Աբելյանը նախաքննությամբ չպարզված անձից (անձանցից) իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել առանձնապես խոշոր չափի` 180 գրամ հերոին տեսակի թմրամիջոց և Կ.Հովհաննիսյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն իր շահագործած բջջային հեռախոսահամարներով կապ է հաստատել վերջինիս հետ, որից հետո նախնական համաձայնությամբ, Կ.Հովհաննիսյանի հետ հանդիպելով վարձակալած բնակարանում, աստիճանահարթակում և Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 2006 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ 5-ական գրամ չափաբաժիններով, այնուհետև` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 10-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 80 ԱՄՆ դոլարով, վերջինիս իրացրել է առանձնապես խոշոր չափի` 180 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
7. Ա.Տերտերյանը 2006 թվականի դեկտեմբերից 2007 թվականի հունվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել առանձնապես խոշոր չափի` 3,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որը նույն ժամանակահատվածում իրացրել է տարբեր անձանց, բացի այդ, 2006 թվականի սեպտեմբերից 2007 թվականի հունվարը ներառյալ, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, պահել առանձնապես խոշոր չափի` 30 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Դա արտահայտվել է հետևյալում.
2006 թվականի դեկտեմբերից 2007 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Ա.Տերտերյանն իրացնելու նպատակով Կ.Հովհաննիսյանից ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 3,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որը պարբերաբար իրացրել է ներքոհիշյալ անձանց.
1) 2006 թվականի դեկտեմբեր ամսին նա նախնական համաձայնությամբ Արա Շահբազյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2) 2006 թվականի դեկտեմբերից 2007 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում նա նախնական համաձայնությամբ Արսեն Մաթևոսյանին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը` 40.000 ՀՀ դրամով իրացրել է առանձնապես խոշոր չափի` 1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, իսկ 2007 թվականի հունվարի 11-ին 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոցն իր կամքից անկախ Ա.Մաթևոսյանին չի կարողացել իրացնել` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվելու պատճառով:
Բացի այդ, 2006 թվականի սեպտեմբերից 2007 թվականի հունվարը ներառյալ նա նախնական համաձայնությամբ Կ.Հովհաննիսյանից Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարբեր վայրերում և վերջինիս վարձակալած բնակարանում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը 120 ԱՄՆ դոլարով կամ 40.000 ՀՀ դրամով, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 30 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
2006 թվականի աշնանը, երբ նա ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով այցելել է Կ.Հովհաննիսյանին վեց անգամ, վերջինս չունենալով հերոին տեսակի թմրամիջոց, այն ձեռք բերելու և իրացնելու նպատակով նրա ներկայությամբ հեռախոսով զանգահարել է Ա.Աբելյանին և նախնական համաձայնության գալով, նրա հետ միասին գնացել են Ա.Աբելյանի վարձակալած բնակարանի մոտ, որտեղ Ա.Աբելյանին հանդիպելուց հետո նույն շենքի մոտ առանձնապես խոշոր չափի` 3 գրամ հերոին տեսակի թմրամիջոցն իրացրել է նրան` հայտնելով, որ թմրամիջոցն Ա.Աբելյանը ստանում է Կոլումբիայից և այն իրացնում է միայն իրեն:
8. Ա. Մաթևոսյանը 2006 թվականի դեկտեմբերից 2007 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափի` 1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, իսկ 2007 թվականի հունվարի 11-ին, առանց իրացնելու նպատակի, իրականացրել է խոշոր չափի` 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման փորձ, որն արտահայտվել է հետևյալում.
2006 թվականի դեկտեմբեր 2007 թվականի հունվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածում նա նախնական համաձայնությամբ Ա.Տերտերյանից Երևան քաղաքի Պուշկինի 3-րդ շենքի բակում 0,5-ական գրամ չափաբաժիններով, մեկ գրամը` 40.000 ՀՀ դրամով, առանց իրացնելու նպատակի, ձեռք է բերել խոշոր չափի` 1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն առանց բժշկի թույլտվության գործածել է վերին շնչուղիները քաշելու միջոցով, իսկ 2007 թվականի հունվարի 11-ին նախնական համաձայնությամբ Ա.Տերտերյանից, առանց իրացնելու նպատակի, փորձել է ձեռք բերել խոշոր չափի` 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել ավարտին հասցնել` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվելու հետևանքով:
9. Ա.Աբրահամյանը 2006 թվականի դեկտեմբերին, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափի` 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն արտահայտվել է հետևյալում.
2006 թվականի դեկտեմբերի կեսերին նա, նախնական համաձայնության գալով և 15.000 ՀՀ դրամ տրամադրելով իր ծանոթ ոմն Աշոտին, նրա հետ գործածելու դիտավորությամբ, վերջինիս միջոցով Կ.Հովհաննիսյանից Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել 0,5 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որից իր մասնաբաժին, խոշոր չափի` 0,25 գրամը գործածել է նույն օրը` ներարկվելու միջոցով:
10. Ա.Ստեփանյանը 2006 թվականի դեկտեմբերի սկզբին, առանց իրացնելու նպատակի, ձեռք է բերել և պահել խոշոր չափի` 0,125 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, իսկ 2006 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, կրկին, առանց իրացնելու նպատակի, ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Դա արտահայտվել է հետևյալում.
2006 թվականի դեկտեմբերի սկզբին նա, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 36 շենքի բակում հանդիպելով վաղեմի ծանոթ Էմիլ Անտոնյանին, նրանից ապօրինաբար ձեռք է բերել և պահել է խոշոր չափի` 0,125 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որը գործածել է վերին շնչուղիները շնչելու միջոցով:
Բացի այդ, 2006 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նախնական համաձայնությամբ իր տրամադրած գումարով Է.Անտոնյանի միջոցով համատեղ գործածելու նպատակով մեկ գրամը 50.000 ՀՀ դրամով, 0,25-ական գրամ չափաբաժիններով Կ.Հովհաննիսյանից ապօրինաբար ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց, որից առանձնապես խոշոր չափի` 1 գրամ թմրամիջոցը գործածել է վերին շնչուղիները շնչելու միջոցով:
3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Ըստ պաշտպան Լ.Սիմոնյանի (այսուհետ` նաև առաջին բողոքաբեր)` դատարանների կողմից կայացված դատական ակտերն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, գործը քննելիս և դատական ակտեր կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Դատարանները թույլ են տվել նաև քրեական օրենքի և միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում, սխալ են մեկնաբանել օրենքը:
Մասնավորապես, առաջին բողոքաբերը, ըստ դրվագների վերլուծելով ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի մեղադրանքը և դրա հիմքում դրված ապացույցները, եզրակացություն է արել այն մասին, որ Կ.Հովհաննիսյանի մեղքը մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված չէ:
12. Առաջին բողոքաբերը դիրքորոշում է հայտնել նաև, որ Առաջին ատյանի դատարանը Կ.Հովհաննիսյանի մեղադրանքի ծավալից արդարացիորեն հանել է երեք դրվագ, մինչդեռ Վերաքննիչ դատարանն առանց բավարար ապացույցների Կ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել նաև նշված երեք դրվագներով:
Մասնավորապես, դրանցից առաջինով` Վ.Սմբատյանին թմրամիջոց իրացնելու դրվագով, Կ.Հովհաննիսյանի անմեղությունը հաստատված է Վ.Սմբատյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած թիվ 517/07 որոշմամբ: Նշված դատական ակտով հաստատված է, որ Վ.Սմբատյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և ձեռք են բերվել քննության խորթ մեթոդների կիրառմամբ:
Երկրորդ դրվագով` Ա.Առաքելյանին թմրամիջոց իրացնելու մասով, վերջինս դատական քննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ նախաքննության ընթացքում ընդհանրապես ցուցմունք չի տվել, իսկ քրեական գործում առկա, իր անվանը վերագրված ցուցմունքներն ինքը չի գրել, և դրանցում առկա ստորագրություններն իրենը չեն:
Այն հանգամանքը, որ Ա.Առաքելյանը նման ցուցմունք չի տվել, ըստ պաշտպան Լ.Սիմոնյանի, հաստատվում է նաև վերջինիս և Կ.Հովհաննիսյանի առերես հարցաքննությամբ, որը կատարվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, մասնավորապես, առերեսմանը մասնակից չի դարձվել Կ.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը:
Երրորդ դրվագով` Ա.Տերտերյանին Ա.Աբելյանի վարձակալած շենքի բակում թմրամիջոց իրացնելու մասով, Կ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հերքվում է մի շարք ապացույցներով: Նշված դրվագի հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից դրվել են Ա.Տերտերյանի նախաքննական ցուցմունքները և նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Հետագայում Ա.Տերտերյանը հրաժարվել է իր տված ցուցմունքներից՝ հայտարարելով, որ քննչական փորձարարության արձանագրության մեջ նշված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Այն, որ նշված արձանագրությունը կեղծված է, առաջին բողոքաբերի պնդմամբ հաստատվում է նաև Առաջին ատյանի դատարանի կողմից իրականացված՝ Երևանի Ղ.Փարպեցի 9բ շենքի զննությամբ, որի ժամանակ ակնհայտ է դարձել, որ նշված շենքն ունի երկու մուտք, մինչդեռ քննչական փորձարարության արձանագրության մեջ նշված է, որ շենքն ունի մեկ մուտք:
13. Առաջին բողոքաբերը փաստարկել է, որ Կ.Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տված վկաներից Է.Հովհաննիսյանը և Ա.Խալաթյանը հարցաքննվել են միայն նախաքննության ժամանակ, դատարան չեն ներկայացել, և պաշտպանության կողմը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու նրանց:
Ըստ առաջին բողոքաբերի` նախաքննության մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն` քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում: Մինչդեռ սույն գործով Կ.Հովհաննիսյանի և Ա.Խալաթյանի միջև առերես հարցաքննություն չի կատարվել: Նման պայմաններում Ա.Խալաթյանի հարցաքննության արձանագրություններն օգտագործելով որպես ապացույց՝ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը:
Բացի այդ, Կ.Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում են դրվել նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված և նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները, որոնք, սակայն, քրեական գործի հետ միասին դատարան չեն ուղարկվել, դատարանի կողմից չեն հետազոտվել, հետևաբար չէին կարող օգտագործվել որպես ապացույց:
14. Ըստ առաջին բողոքաբերի` ստորադաս դատարանները պարտավոր էին որպես ապացույց անթույլատրելի ճանաչել նաև նախաքննության ժամանակ Կ.Հովհաննիսյանի տված ինքնախոստովանական ցուցմունքները, ինչպես նաև Ա.Տերտերյանի, Ա.Շահբազյանի և Է.Ավագյանի ցուցմունքները, քանի որ դրանք ձեռք են բերվել բռնությունների, խաբեության և այլ անօրինական գործողությունների արդյունքում:
15. Պաշտպան Լ.Սիմոնյանը փաստարկել է նաև, որ դատարանները թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ Կ.Հովհաննիսյանին միաժամանակ մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, ինչն ըստ բողոքաբերի անթույլատրելի է:
16. Վերոգրյալի հիման վրա առաջին բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը և Կ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ:
17. Ամբաստանյալ Ա.Աբելյանը (այսուհետ` նաև երկրորդ բողոքաբեր) իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Ըստ երկրորդ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը գործը քննելիս և իր մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Երկրորդ բողոքի հեղինակը, շարադրելով և վերլուծության ենթարկելով իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, եզրակացություն է արել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ իր մեղավորության մասին թե´ նախաքննության մարմնի և թե´ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված են ենթադրությունների վրա և գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատված չեն:
18. Վերոգրյալի հիման վրա ամբաստանյալ Ա.Աբելյանը խնդրել է իր մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճռին:
19. Պաշտպան Ռ.Սաֆարյանը (այսուհետ` նաև երրորդ բողոքաբեր), իր բողոքում ըստ դրվագների վերլուծելով ամբաստանյալ Ա.Տերտերյանի մեղադրանքը և դրա հիմքում դրված ապացույցները, եզրակացություն է արել այն մասին, որ սույն գործով դատական ակտերը կայացվել են ենթադրությունների, օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 105-րդ, 397-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:
20. Ըստ երրորդ բողոքաբերի` դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում բոլոր ամբաստանյալների և հարցաքննված վկաների նկատմամբ կիրառել է քննության խորթ մեթոդներ, նրանցից ցանկալի ցուցմունքներ կորզել բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ:
21. Երրորդ բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկան` տվյալ դեպքում հերոին տեսակի թմրանյութը, քրեական գործի քննության ընթացքում չի հայտնաբերվել, այն չի կշռվել, դրա տեսակը փորձաքննությամբ չի պարզվել, հետևաբար Ա.Տերտերյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն ենթադրությունների վրա:
22. Վերոգրյալի հիման վրա պաշտպան Ռ.Սաֆարյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը և Ա.Տերտերյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով գործի վարույթը կարճել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրա արարքը վերաորակել 268-րդ հոդվածի 2-րդ մասով:
23. Պաշտպան Ա.Մանուկյանը (այսուհետ` նաև չորրորդ բողոքաբեր) իր բողոքում նշել է, որ սույն գործով դատարանները սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասը, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 107-րդ, 127-րդ, 396-րդ, 397-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումը վերոգրյալի՝ չորրորդ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ապացուցման ենթակա հանգամանքի` հանցագործության առարկա հանդիսացող թմրանյութի քաշի, տեսակի և ընդհանրապես դրա առկայության վերաբերյալ որևէ ապացույցի բացակայությունը և, հիմք ընդունելով միայն մեկ ապացույց, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, դրան տվել է նախապես հաստատված ապացույցի ուժ, չի հերքել դատաքննության ընթացքում ի պաշտպանություն ամբաստանյալի բերված փաստարկները և, հիմնվելով միայն ենթադրությունների վրա, վերջինիս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ:
24. Վերոգրյալի հիման վրա պաշտպան Ա.Մանուկյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը և Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դադարեցնել և այդ մասով գործի վարույթը կարճել:
25. Պաշտպան Ռ.Սիրեկանյանն (այսուհետ` նաև հինգերորդ բողոքաբեր) իր բողոքում նշել է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ըստ հինգերորդ բողոքաբերի` ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանին և Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել գործում առկա ապացույցներով և հիմնված են միայն ենթադրությունների վրա: Բողոքաբերը նշել է, որ Ա.Մաթևոսյանը և Ա.Աբրահամյանը մեղադրվում են խոշոր չափի հերոին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մեջ, սակայն նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, գործում առկա չէ իրեղեն ապացույց ճանաչված՝ հերոին տեսակի թմրամիջոցը, առկա չէ նաև փորձագետի եզրակացություն թմրամիջոցի քաշի և տեսակի վերաբերյալ, ինչն ըստ բողոքաբերի բերում է ամբողջ հանցակազմի բացակայության:
26. Հինգերորդ բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները չպետք է որպես ապացույց դրվեին դատավճռի հիմքում, քանի որ ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ` բռնության և սպառնալիքների ազդեցության տակ:
27. Հինգերորդ բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` քրեական գործի քննությունը կատարել է ամբաստանյալներ Ա.Ստեփանյանի և Ա.Մաթևոսյանի բացակայությամբ:
28. Վերոգրյալի հիման վրա պաշտպան Ռ.Սիրեկանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը և ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանի ու Ա.Աբրահամյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
29. Վճռաբեկ դատարանը, ներկայացված բողոքների հիմքերի, հիմնավորումների և պահանջների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, հանգեց այն հետևության, որ վճռաբեկ բողոքները պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանություններով և հիմնավորումներով.
30. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալներ Կ.Հովհաննիսյանի, Ա.Աբելյանի, Ա.Տերտերյանի, Ա.Ստեփանյանի, Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Կ. Հովհաննիսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա.Աբելյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ա.Տերտերյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Ստեփանյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մաթևոսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Ա.Աբրահամյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքներում հաստատված է, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքված են Կ.Հովհաննիսյանի, Ա.Տերտերյանի, Ա.Ստեփանյանի, Ա.Մաթևոսյանի, Ա.Առաքելյանի, Է.Ավագյանի, Է.Հովհաննիսյանի, Ա.Շահբազյանի, Ա.Խալաթյանի, Վ.Սմբատյանի ցուցմունքներով, հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումներով, դատակենսաբանական և թմրանյութի փորձաքննության, դատաքիմիական փորձաքննությունների, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, Կ.Հովհաննիսյանի վարձակալած բնակարանի խուզարկության, որպես իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված` Կ.Հովհաննիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում առգրավված երկու թղթի կտորների զննում կատարելու մասին և քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրություններով:
Այսպիսով, ամբաստանյալներ Կ.Հովհաննիսյանի, Ա.Աբելյանի, Ա.Տերտերյանի, Ա.Ստեփանյանի, Ա.Մաթևոսյանի և Ա.Աբրահամյանի կատարած հանցանքներն ապացուցված և նրանց մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ առումով Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ գործի փաստական հանգամանքների մասին դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկները (տե´ս սույն որոշման 11-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 25-րդ կետերը) գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար հիմք չեն կարող հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
31. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից Կ.Հովհաննիսյանի մեղադրանքի ծավալից հանված դրվագների մասով առաջին բողոքաբերի փաստարկներին (տե´ս սույն որոշման 12-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնազուրկ են և հերքվում են քրեական գործի նյութերով:
Այսպես` քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի 2007 թվականի մայիսի 22-ի որոշմամբ թիվ 62200906 քրեական գործից անջատվել է Վ. Սմբատյանի և Ա.Ծառուկյանի վերաբերյալ մասն ու ուղարկվել դատարան: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թվականի օգոստոսի 14-ին վերոգրյալ անձանց նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Վ.Սմբատյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ. «Ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու և գործածելու նպատակով այցելել է Կարեն Հովհաննիսյանի վարձակալած` Երևան քաղաքի Պուշկինի 3 շենքի 17 բնակարան, որտեղ Կարեն Հովհաննիսյանից ապօրինաբար ձեռք է բերել և ներարկվելու միջոցով գործածել է 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոցի պատրաստի լուծույթ»: Նշված դատավճիռը Վ.Սմբատյանի կողմից չի բողոքարկվել և նրա մասով մտել է օրինական ուժի մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 14-ի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն Ա.Ծառուկյանի կողմից, ընդ որում` բողոքաբերը խնդրել է դատավճիռը փոփոխել պատժի մասով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 517/07 որոշմամբ բողոքը բավարարվել է, և Ա.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխվել է:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է առաջին բողոքաբերի այն փաստարկը, որ Կ.Հովհաննիսյանի անմեղությունը հաստատված է Վ.Սմբատյանի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված թիվ 517/07 որոշմամբ, որով, ըստ առաջին բողոքաբերի, հաստատված է նաև, որ Վ.Սմբատյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և ձեռք են բերվել քննության խորթ մեթոդների կիրառմամբ:
32. Անդրադառնալով վկա Ա.Առաքելյանի հարցաքննության արձանագրությունների կեղծված լինելու վերաբերյալ առաջին բողոքաբերի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նշված հարցի պարզաբանման նպատակով 2008 թվականի նոյեմբերի 29-ին նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում կազմված եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված թվով 5 հարցաքննությունների արձանագրություններում տեղավորված՝ Ա.Առաքելյանի անունից ձեռագիր գրառումները կատարվել են միևնույն անձի կողմից, իսկ դրանցում առկա ստորագրությունները հավանաբար կատարվել են Ա.Առաքելյանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նախաքննության մարմինը 2007 թվականի նոյեմբերի 14-ին որոշում է կայացրել մեղադրյալ Ա.Առաքելյանի կողմից գործածելու նպատակով ապօրինաբար խոշոր չափի հերոին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այն առանց բժշկի թույլտվության գործածելու վերաբերյալ քրեական գործի մասը կարճելու և Ա.Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու պատճառաբանությամբ: Նշված որոշման նկարագրական մասում նշվել է, որ. «Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Արտյոմ Սարգսի Առաքելյանը 2006թ. օգոստոսի վերջին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, «Պուչի» մականունով Կարեն Հովհաննիսյանից, առանց իրացնելու նպատակի, անհատույց, ապօրինի ձեռք է բերել, պահել և առանց բժշկի թույլտվության վերին շնչուղիները քաշելու միջոցով գործածել է 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
Այնուհետև, շարունակելով հանցավոր գործունեությունը, 2006թ. հոկտեմբերի կեսերին, կրկին առանց իրացնելու նպատակի, ապօրինի հերոին տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով հանդիպել է Կարեն Հովհաննիսյանին, որն իր մոտ չունենալով թմրամիջոց, նրան ուղեկցել է Ղ.Փարպեցի 9բ շենքի մոտ, ուր այցելելուց հետո, նրան իրացրել է 0,25 գրամ հերոին տեսակի թմրամիջոց և տեղեկացրել, որ այն ձեռք է բերել իր ընկեր Աբել Ջոնի Աբելյանից (…)
Առաջադրված մեղադրանքում Ա.Առաքելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և գործուն զղջալով, տվել է խոստովանական ցուցմունքներ»:
Վերոգրյալ որոշումը սահմանված կարգով ուղարկվել է Ա.Առաքելյանին և վերջինիս կողմից չի վիճարկվել:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանի համար կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ վիճարկվող հարցաքննության արձանագրություններում առկա փաստական տվյալները քրեական վարույթն իրականացնող մարմնին հայտնվել են Ա.Առաքելյանի կողմից, իսկ Առաջին ատյանի դատարանի դատական քննության ժամանակ վկա Ա.Առաքելյանի տված ցուցմունքն այն մասին, որ թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ նախաքննության ընթացքում ընդհանրապես ցուցմունք չի տվել, իսկ քրեական գործում առկա, իր անվանը վերագրված ցուցմունքները ինքը չի գրել, և դրանցում առկա ստորագրություններն իրենը չեն, հիմնազուրկ է և նպատակ է հետապնդում ամբաստանյալներ Կ.Հովհաննիսյանին և Ա.Աբելյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից:
33. Ինչ վերաբերում է առաջին բողոքաբերի այն փաստարկին, որ Ա.Առաքելյանի և Կ.Հովհաննիսյանի առերես հարցաքննությունը կատարվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, քանի որ առերեսմանը մասնակից չի դարձվել Կ.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերի համաձայն` պաշտպան Կ.Գրիգորյանը մի քանի անգամ տեղեկացվել է իր պաշտպանյալի հետ կատարվելիք քննչական գործողությունների մասին, սակայն չի ներկայացել, ինչի արդյունքում նշված քննչական գործողությունների կատարումը ձախողվել է:
Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը 2007 թվականի մարտի 12-ին գրությամբ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին` հայտնելով, որ պաշտպան Կ.Գրիգորյանը, պատշաճ կերպով տեղեկացված լինելով իր պաշտպանյալ Կ.Հովհաննիսյանի հետ կատարվելիք քննչական գործողությունների մասին, այդպես էլ չի ներկայացել: Նույն գրությամբ խնդրվել է պաշտպան Կ.Գրիգորյանին տեղեկացնել, որպեսզի 2007 թվականի մարտի 13-ին` ժամը 14-ին, նա ներկայանա վարույթն իրականացնող մարմնին` քննչական գործողություններին մասնակցելու նպատակով՝ հայտնելով, որ հակառակ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջների համաձայն կլուծվի մեղադրյալին մեկ այլ պաշտպանով ապահովելու հարցը:
2007 թվականի մարտի 13-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել մեղադրյալ Կ.Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատից փաստաբան հրավիրելու մասին: Որոշման պահանջը կատարելու նպատակով ներկայացել է փաստաբան Ռ.Սաֆարյանը, սակայն Կ.Հովհաննիսյանը վերջինիս ներկայությամբ հայտնել է, որ հրաժարվում է փաստաբան Ռ.Սաֆարյանի ծառայություններից և փաստաբան Կ.Գրիգորյանից բացի այլ պաշտպան ունենալ չի ցանկանում: Դրանից հետո միայն Կ.Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ, այդ թվում` վերջինս առերես հարցաքննվել է վկա Ա.Առաքելյանի հետ:
Վերոգրյալի գնահատմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկա Ա.Առաքելյանի և մեղադրյալ Կ.Հովհաննիսյանի առերես հարցաքննության ժամանակ վերջինիս պաշտպանության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, իսկ այս առումով առաջին բողոքի հեղինակի փաստարկներն անհիմն են:
34. Անդրադառնալով Ա.Տերտերյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրության կեղծված լինելու մասին փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս պնդման հիմքում պաշտպանության կողմը դնում է այն հանգամանքը, որ Երևանի Ղ.Փարպեցի 9բ շենքն ունի երկու մուտք, իսկ արձանագրության մեջ նշված է, որ շենքն ունի մեկ մուտք:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված անճշտությունը` շենքի մուտքերի քանակը ոչ ճիշտ նշված լինելը, որևէ կերպ չի կարող ազդել քննչական փորձարարության արձանագրության մեջ տեղ գտած տեղեկությունների հավաստիության և Ա.Տերտերյանի կողմից գործի քննության ընթացքում տված, գործի օբյեկտիվ տվյալներից բխող ցուցմունքների արժանահավատության վրա:
35. Քննարկելով դատական ակտերի հիմքում դրված ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ առաջին բողոքաբերի փաստարկները (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք նույնպես հիմնազուրկ են:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վկա Է.Հովհաննիսյանը դեռևս նախաքննության ժամանակ առերես հարցաքննվել է ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի հետ և ամբողջությամբ պնդել իր ցուցմունքները: Ընդ որում, նշված առերես հարցաքննությանը մասնակցել է նաև Կ.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը, և պաշտպանության կողմը պատշաճ հնարավորություն է ունեցել հարցաքննելու նշված վկային:
Ինչ վերաբերում է վկա Է.Հովհաննիսյանի` դատարան չներկայանալուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան որոշում է կայացրել վերջինիս դատարան բերման ենթարկելու մասին, սակայն որոշման պահանջը հնարավոր չի եղել կատարել, քանի որ Է.Հովհաննիսյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Անդրադառնալով նախաքննության մարմնի կողմից Ա.Խալաթյանի և Կ.Հովհաննիսյանի միջև առերես հարցաքննություն չկատարելու, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի պահանջների խախտում թույլ տալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նախաքննության սկզբնական փուլում վերոգրյալ անձանց ցուցմունքների միջև էական հակասություններ չեն եղել: Կ.Հովհաննիսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մանրամասն ցուցմունքներ տվել Ա.Խալաթյանին թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև Ա.Խալաթյանը, հետևաբար նրանց միջև առերես հարցաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չի եղել:
Քրեական գործի քննության ընթացքում Ա.Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, որից հետո վերջինս սկսել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ իսկ պատճառով քրեական գործի հետագա քննության ընթացքում, երբ Կ.Հովհաննիսյանը փոխել է իր ցուցմունքները, հրաժարվելով նախկինում տվածներից, նախաքննության մարմինը զրկված է եղել Ա.Խալաթյանին Կ.Հովհաննիսյանի հետ առերեսելու հնարավորությունից:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման մասին բողոքաբերի փաստարկը:
36. Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն փաստարկին, որ Կ.Հովհաննիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցները չէին կարող օգտագործվել որպես ապացույց, քանի որ քրեական գործի հետ միասին դատարան չեն ուղարկվել և դատարանի կողմից չեն հետազոտվել, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված թմրամիջոցը ստորադաս դատարանների կողմից որպես ապացույց չի օգտագործվել: Դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Հովհաննիսյանի մեղավորությունը հաստատող ապացույցների զանգվածում ներառվել են վերջինիս վարձակալած բնակարանի խուզարկության արձանագրությունը, նշված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված թմրամիջոցի նկատմամբ իրականացված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը, որոնք Առաջին ատյանի դատարանը, պահպանելով քրեական դատավարության օրենսդրության պահանջները, հետազոտել է դատաքննության ժամանակ:
37. Քննարկելով առաջին, երրորդ և հինգերորդ վճռաբեկ բողոքներում տեղ գտած փաստարկներն առ այն, որ սույն քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը ապացույցներ է հավաքել բռնությունների, խաբեության և քննության խորթ այլ մեթոդների կիրառմամբ (տե´ս սույն որոշման 14-րդ, 20-րդ, 26-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքների հեղինակների կողմից նշված փաստարկը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել, այդպիսիք բացակայում են նաև քրեական գործի նյութերում:
38. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը կատարել է երկուսից ավելի ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքներ, որոնց մի մասը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս մասը` նույն հոդվածի 3-րդ մասով, ինչն ըստ էության բացառում է նրա կատարած արարքների որակումը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ.Հովհաննիսյանի կատարած հանցանքներին տրվել է ճիշտ քրեաիրավական որակում, իսկ այդ առումով առաջին բողոքաբերի փաստարկները (տե´ս սույն որոշման 15-րդ կետը) անհիմն են:
39. Անդրադառնալով երրորդ, չորրորդ և հինգերորդ վճռաբեկ բողոքներում տեղ գտած այն դատողություններին, որ քրեական գործի քննության ընթացքում չի հայտնաբերվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների առարկան` թմրամիջոցը, ինչը բերում է հանցակազմի բացակայության (տե՛ս սույն որոշման 21-րդ, 23-րդ, 25-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալներին մեղսագրվող հանցագործությունները հաստատված են թույլատրելի ապացույցների բավարար ամբողջությամբ, որոնց առկայության պայմաններում թմրամիջոցի բացակայությունն ինքնին չի կարող վկայել նրանց գործողություններում հանցակազմի բացակայության մասին:
40. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել և քննության նշանակել վճռաբեկության կարգով: Դատավարության մասնակիցները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի ժամանակի և տեղի մասին: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը կաշկանդված չի եղել դատավարության մասնակիցների ներկայությամբ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հինգերորդ բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ քրեական գործի քննությունը կատարել է ամբաստանյալներ Ա. Ստեփանյանի և Ա. Մաթևոսյանի բացակայությամբ (տե´ս սույն որոշման 27-րդ կետը), նույնպես անհիմն է:
41. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքներում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերների փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքները պետք է թողնել առանց բավարարման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները մերժել: Ամբաստանյալներ Կարեն Ալեքսանդրի Հովհաննիսյանի, Աբել Ջոնի Աբելյանի, Ալեքսան Սամվելի Տերտերյանի, Արթուր Արշալույսի Ստեփանյանի, Արսեն Վաչագանի Մաթևոսյանի և Արմեն Հակոբի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 22-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|