ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի ԵԿԴ/0149/01/09 որոշում |
ԵԿԴ/0149/01/09
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Մ. Սիմոնյան Ս. Ավետիսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
|
Ե. Դանիելյանի | |
|
Ա. Պողոսյանի | |
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ` պաշտպան |
Ա. Քալաշյանի |
2010 թվականի օգոստոսի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով Արտյոմ Նորայրի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010թ. մայիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Ա.Քալաշյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 25-ին:
2008թ. նոյեմբերի 18-ի որոշմամբ Արտյոմ Նորայրի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2009թ. հունվարի 31-ին Ա.Հակոբյանը հայտնաբերվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2009թ. մայիսի 14-ին կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2009թ. մայիսի 14-ին Արտյոմ Հակոբյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով:
2009թ. հունիսի 4-ին Արտյոմ Հակոբյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
2009թ. հունիսի 30-ին Արտյոմ Հակոբյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
2009թ. հունիսի 30-ի որոշմամբ թիվ 13146908 քրեական գործից առանձին վարույթում առանձնացվել է Արտյոմ Նորայրի Հակոբյանի և գործով մյուս մեղադրյալ Վալերիկ Պետրոսի Պետրոսյանի վերաբերյալ գործի մասը և քննությունը շարունակվել է թիվ 13146908/1 համարի տակ:
2009թ. հուլիսի 14-ին թիվ 13146908/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2010 թվականի փետրվարի 4-ի դատավճռով Վալերիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 12 (տասներկու) տարի ժամկետով: Նույն դատավճռով Արտյոմ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով:
3. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Վ.Պետրոսյանի պաշտպան Գ.Հակոբյանը և ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Ա.Քալաշյանը բերել են վերաքննիչ բողոքներ:
Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի փետրվարի 4-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Ա.Քալաշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010թ. հուլիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Արտյոմ Հակոբյանի և Վալերիկ Պետրոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի փետրվարի 4-ի դատավճռով և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշմամբ հաստատված է համարվել հետևյալը.
Վալերիկ Պետրոսյանի որդի Արթուր Պետրոսյանը 2008թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 01.00-ի սահմաններում, հարբած վիճակում, մարմնավաճառ Անուշ Սահակյանի հետ գնացել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիր: Մտնելով հյուրանոցային համալիրի «Վիպ» հատվածի ավտոկայանատեղի` Ա.Պետրոսյանը հսկիչ Վարդան Գրիգորյանից կոպիտ տոնով պահանջել է բացել առանձնասենյակներից մեկը: Վ.Գրիգորյանը մերժել է` պատճառաբանելով, որ եթե նախապես առանձնասենյակ պատվիրված չէ, ապա տրամադրել չի կարող, քանի որ ազատ առանձնասենյակ չկա: Ա.Պետրոսյանն այդ պատասխանից վրդովվել է, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ավտոտնակների դարպասներին, կոպտել է հսկիչին, տվել է անհասցե հայհոյանքներ և աղմկել` խանգարելով համալիրում գտնվող այլ հաճախորդների հանգիստը: Այդ ընթացքում Վ.Գրիգորյանի կանչով ընդհանուր ավտոկայանատեղի են եկել հյուրանոցային համալիրի բարմեն Արայիկ Բաղդասարյանը և մենեջեր Արտյոմ Հակոբյանը: Վերջինս, ականատես լինելով Ա.Պետրոսյանի անսթափ վիճակին ու դրսևորած վարքագծին, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով նրան հատկացրել է թիվ 6 առանձնասենյակը:
Այդտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո Ա.Պետրոսյանը կրկին սկսել է աղմկել, հայհոյանքներ տալ և խանգարել համալիրի մյուս հաճախորդների հանգիստը, որի պատճառով մենեջեր Ա.Հակոբյանը ներքին կապով երկու անգամ դիտողություն է արել նրան: Արթուր Պետրոսյանը շարունակել է իր գործողությունները, կոտրել է հյուրանոցային համալիրի սպասքը: Նրա գործողությունները կանխելու նպատակով թիվ 6 առանձնասենյակ է մտել Ա.Հակոբյանը, կրկին պահանջել է չաղմկել, չկոտրել գույքը: Ա.Պետրոսյանը հայհոյել է Ա.Հակոբյանին, որի արդյունքում նրանց միջև վեճ է սկսվել և վերածվել ծեծկռտուքի: Քիչ անց Ա.Պետրոսյանի զանգով հյուրանոցային համալիր են ժամանել գործով ինքնությունները չպարզված նրա ընկերները, որոնց հաջողվել է առժամանակ հանդարտեցնել Ա.Պետրոսյանին:
Միջադեպի մասին Ա.Պետրոսյանի մտերիմները հայտնել են նրա հորը` Վալերիկ Պետրոսյանին, որը գործով չպարզված մի խումբ անձանց հետ եկել է այդտեղ: Արթուր Պետրոսյանը, չիմանալով, որ հայրն արդեն հյուրանոցային համալիրի մոտ է, զանգահարել և կանչել է նրան` հայտնելով, թե իրեն սպանում են: Գալով հյուրանոցային համալիրի տարածք և հանդիպելով իր որդի Ա.Պետրոսյանին` Վ.Պետրոսյանն իր որդու հետ վիճաբանած անձանց հասցեին հայհոյանքներ է տվել, իր մոտ ապօրինի պահվող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է «Վիպ Ծղոտներ» համալիրի ընդհանուր ավտոկանգառի առաստաղին, ապա ատրճանակը պահելով համալիրի կաթսայատան աշխատակից Գագիկ Բրուտյանի ուղղությամբ` Արթուր Պետրոսյանին հարցրել է, թե արդյոք Գ.Բրուտյանն է նրան ծեծի ենթարկել: Բացասական պատասխան ստանալով` Վալերիկ և Արթուր Պետրոսյաններն ու գործով չպարզված անձինք գնացել են «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ` գոռալով «դու մեռար», հայհոյանքներ տալով համալիրի աշխատակիցների և տնօրենի հասցեին: «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մուտքի մոտ Վալերիկ Պետրոսյանը քաշքշելով ու կոպտելով պահակ Միսակ Խոջոյանին` նրանից պահանջել է դուրս հրավիրել տնօրեն Գևորգ Աղաջանյանին: Քիչ անց եկել են Գևորգ Աղաջանյանը և նրա եղբայր Գեղամ Աղաջանյանը, որոնց հետ Վ.Պետրոսյանը մտել է համալիրի բար:
Այնուհետև նրանք առանձնացել են Գևորգ Աղաջանյանի աշխատասենյակում, որտեղ Վ.Պետրոսյանը պահանջել է իրեն ներկայացնել որդուն ծեծող անձին: Գևորգ Աղաջանյանի կանչով աշխատասենյակ է եկել Ա.Հակոբյանը: Վերջինս հաստատել է, որ ինքն է հարվածել Վ.Պետրոսյանի որդուն, քանի որ նա վնասել է հյուրանոցի գույքը և իրեն վատ է պահել: Ա.Հակոբյանը հայտնել է նաև, որ Ա.Պետրոսյանի հետ ամեն ինչ նորմալ է:
Դուրս գալով աշխատասենյակից` Վ.Պետրոսյանը ներկաների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքում թափահարել է «ՏՏ» տեսակի ատրճանակը: Ստեղծվել է քաշքշուկ, որի ընթացքում Վ.Պետրոսյանը սպանելու դիտավությամբ մեկ անգամ կրակել է Արտյոմ Հակոբյանի գլխի ուղղությամբ` նրան պատճառելով գլխի աջ ճակատագագաթային շրջանի հրազենային մարմնական վնասվածք: Ա.Հակոբյանին սպանելու իր դիտավորությունը Վալերիկ Պետրոսյանն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով` առաջացած քաշքշուկի, և միմյանց միջև առկա հեռավորության պատճառով:
Այդ ընթացքում «Ծղոտներ» հյուրանոցային համալիր է մտել Ա.Պետրոսյանը: Նա ոտքով հարվածել է Գևորգ Աղաջանյանին, նրան գցել բարի ապակյա փեղկի վրա, որից անմիջապես հետո Վ.Պետրոսյանը սպանելու դիտավորությամբ, իր ձեռքում եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Գևորգ Աղաջանյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով հրազենից արձակված կրակոցները կենսական կարևոր օրգանների չեն դիպել, այլ գնդակներից մեկը վնասել է Գևորգ Աղաջանյանի աջ ոտքը` թաթի հատվածում:
Վ. Պետրոսյանի կողմից կատարված կրակոցի արդյունքում մարմնական վնասվածք ստանալով` Ա. Հակոբյանը նույն համալիրի հավաքարարների սենյակից վերցրել է «Ֆաբարմ» տեսակի որսորդական ողորկափող` կոտորակավոր փամփուշտներով լիցքավորված հրացանը, դուրս է եկել համալիրի ջրավազանի մոտ և տեսնելով, որ Վ.Պետրոսյանն արդեն դադարեցրել է հարձակումը և հեռանում է համալիրի տարածքից, մարմնական վնասվածք ստանալուց շուրջ հինգ րոպե անց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անգամ կրակել է հյուրանոցային համալիրի ելքի մոտ գտնվող Վ.Պետրոսյանի գլխին, որի արդյունքում վերջինս ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ: Ա.Հակոբյանը հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ա. Հակոբյանի կողմից կատարված նույն կրակոցի արդյունքում ձախ բազկի դրսային մակերեսի շրջանում հրազենային կոտորակային վնասվածք է ստացել նաև Վ.Պետրոսյանից քիչ հեռու կանգնած Գեղամ Աղաջանյանը, որի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Միջադեպի ընթացքում Ա.Հակոբյանի կրակոցից վնասվածք ստանալով` Վ.Պետրոսյանը դուրս է վազել «Ծղոտներ» հյուրանոցային համալիրից և, գտնվելով փողոցում, սպանելու դիտավորությամբ ատրճանակից կրկին կրակել է Գևորգ Աղաջանյանի ուղղությամբ: Այս անգամ նույնպես Վ.Պետրոսյանի կամքից անկախ պատճառներով նրա հրազենից արձակված գնդակը չի դիպել Գևորգ Աղաջանյանի կենսական կարևոր օրգաններին, այլ վնասել է նրա աջ ոտքի ազդրը: Գևորգ Աղաջանյանն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակել է Վ.Պետրոսյանի ուղղությամբ` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Քիչ անց Վ.Պետրոսյանին նրա ազգական Տիգրան Ավագյանն իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
6. Ա. Հակոբյանը 2008թ. նոյեմբերի 18-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե´ս քրեական գործ, 2-րդ հատոր, 166-167 էջեր):
2009թ. մայիսի 14-ին քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով` քրեական հետապնդում չիրականացնելու մասին` տուժողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, 197-199 էջեր):
2009թ. մայիսի 14-ին քննիչը որոշում է կայացրել Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջ 200):
2009թ. հունիսի 4-ին Ա.Հակոբյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 244-247 էջեր):
ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Թամազյանը 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ վերացրել է Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2009թ. մայիսի 14-ի որոշումը: Այս որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «Արտյոմ Հակոբյանի կողմից Վալերի Պետրոսյանի ուղղությամբ կոտորակավոր փամփուշտով լիցքավորված հրացանից կրակելիս ռեալ կերպով վտանգված է եղել նաև վերջինիս մոտ կանգնած Գեղամ Աղաջանյանի կյանքը և Ա.Հակոբյանը գիտակցել է հանցագործության իր կողմից ընտրած եղանակի վտանգավոր լինելը մեկից ավելի անձանց կյանքի համար, նախատեսել է վտանգավոր հետևանքները և չցանկանալով վտանգավոր հետևանքների առաջացումը, գիտակցաբար թույլ է տվել դրանք, այսինքն` Ա.Հակոբյանի արարքում առկա է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 113 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ» (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 280-282 էջեր):
2009թ. հունիսի 30-ին Ա.Հակոբյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Քննիչը որոշման մեջ նշել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի կարող իրականացվել` նկատի ունենալով, որ Գ.Աղաջանյանը չի բողոքել Ա.Հակոբյանի դեմ (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 283-286 էջեր):
7. Ա.Հակոբյանը 2009թ. փետրվարի 4-ին որպես մեղադրյալ ցուցմունք տալով` մասնավորապես հայտնել է, որ Վ.Պետրոսյանի արձակած կրակոցից գլխի գագաթային շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո, զգալով, որ կրքերը բորբոքվում են և չի բացառվում, որ Վ.Պետրոսյանը փորձի նորից կրակել, ինքը գնացել և հավաքարարների սենյակից վերցրել է իր որսորդական հրացանը: Հավաքարարների սենյակից դուրս գալով` ինքը տեսել է, որ Վ.Պետրոսյանի որդին` Ա.Պետրոսյանը վազելով մոտեցել է Գևորգին, ոտքով հարվածել է նրա փորին, ինչի հետևանքով Գևորգը մեջքով դիպել է բարի ցուցափեղկին, ապակին կոտրվել է և նա ընկել է գետնին: Այդ պահին Վ.Պետրոսյանը օբյեկտի մուտքի կողմից կրակել է Գևորգի ուղղությամբ, որին հետևել է Գևորգի բղավոցը, ինչից հասկանալի է դարձել, որ Գևորգը կրակոցից վնասվածք ստացավ: Այդ պահին ինքը գտնվել է լողավազանի մոտ և տեսել, որ Վ.Պետրոսյանը ևս մի քանի կրակոց արձակեց: Վախենալով, որ նա Գևորգին նորից կվնասի, ինքը լիցքավորել է հրացանը և կրակել Վ.Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վերջինի դեմքը: Քանի որ հրացանը լիցքավորված էր կոտորակավոր փամփուշտով` իր կրակոցից վնասվել է նաև Գեղամի ուսը: Իր կրակոցից հետո Վ.Պետրոսյանը գոռացել է` խփեցին, և դուրս է գնացել օբյեկտից (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 21-27 էջեր):
8. Մեղադրյալի լրացուցիչ հարցաքննության` 2009թ. փետրվարի 6-ի արձանագրությունից երևում է, որ պատասխանելով քննիչի հարցին, մեղադրյալ Ա.Հակոբյանն ասել է, որ ինքը կրակել է Վալերիկ Պետրոսյանի ուղղությամբ` նրա հնարավոր հետագա կրակոցները կանխելու համար (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 40-43 էջեր):
9. Ա.Հակոբյանը 2009թ. հունիսի 4-ին որպես մեղադրյալ ցուցմունք տալով` մասնավորապես հայտնել է, որ Վ.Պետրոսյանի վարքագծից չի երևացել, որ նա ուզում է դուրս գալ օբյեկտից, և բացի այդ, ինքը գիտակցել է, որ Վ.Պետրոսյանն իրենից վտանգ է ներկայացնում: Ընդ որում, ինքը գիտի, որ նման տարածությունից իր կրակոցը Վ.Պետրոսյանի կյանքին ոչ մի վտանգ չէր կարող պատճառել, և բացի այդ, տվյալ պահին ինքն այլ միջոց չի գտել, քան նրա վրա կրակելը: Հայտնել է նաև, որ կրակոցն արձակելու ժամանակ ինքը չի տեսել, որ Գեղամը մոտակայքում է և չի պատկերացրել, որ նա կվնասվի (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 248-249 էջեր):
10. Ա.Հակոբյանը 2009թ. հունիսի 30-ին որպես մեղադրյալ ցուցմունք տալով` մասնավորապես հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը ոչ ոքի սպանելու դիտավորություն չի ունեցել, կրակել է Վ.Պետրոսյանի հետագա կրակոցները կանխելու նպատակով (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջ 287):
11. Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ա.Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Պետրոսյանի արձակած կրակոցից գլխին հրազենային վնասվածք ստանալով` գնացել և հավաքարարների սենյակից բերել է որսորդական հրացանն ու Վ.Պետրոսյանին վախեցնելու, նրա հետագա կրակոցները կանխելու նպատակով մեկ անգամ կոտորակային գնդակով կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Հարցին պատասխանելով` ամբաստանյալ Ա.Հակոբյանը հայտնել է, որ ինքը չէր կարող իմանալ Վ.Պետրոսյանի` համալիրից հեռանալու ցանկության մասին, քանի որ Վ.Պետրոսյանը դեմքով դեպի դուռը չի եղել կանգնած (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 239):
12. Վ.Պետրոսյանը 2009թ. մայիսի 19-ին, նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ ցուցմունք տալով, հայտնել է, որ փոխել է իր դիրքորոշումը ցուցմունք տալուց հրաժարվելու մասին և ցանկանում է ցուցմունք տալ: Նա, մասնավորապես, նշել է, որ դեպքի ժամանակ իր ատրճանակը «կրակվել» է իր կամքից անկախ, հետո ինքը ոտքով հարվածել է «նրանց ղեկավարի» փորին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել և լսվել է կոտրվող ապակու ձայնը: Ինքը հետ է քաշվել դեպի համալիրի ընդհանուր մուտքի կողմը և լսել է կրակոցի ձայն, ապա ուժեղ ցավ է զգացել դեմքի շրջանում: Քննիչի հարցին Վ.Պետրոսյանը պատասխանել է, որ գիտի, որ վնասվածքը ստացել է կոտորակավոր գնդակից, սակայն ինքը չի տեսել, թե ով է կրակել (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 209-214 էջեր):
13. Առաջին ատյանի դատարանում Վ.Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ որևէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել: Իր ձեռքում ատրճանակ տեսնելով` Գեղամ Աղաջանյանն ասել է. «պահի ապեր, դրա կարիքը չկա, ոչ մի լուրջ բան չկա»: Այդ պահին զենքը հանկարծակի կրակել է, հետո ինքը ոտքով հարվածել է Գևորգ Աղաջանյանին և վերջինս վայր է ընկել ապակիների վրա: Ինքը չի նկատել և չի հիշում` կրակոցը Գևորգ Աղաջանյանի ոտքին է կպել, թե` ոչ: Տեսնելով, որ «շատվոր են», «վրա են տալիս»` ինքը հետ է քաշվել և դռան մոտ զգացել է, որ աչքերը կուրացան, սակայն այդ ժամանակ ինքը չի հասկացել` իրեն հարվածել են, թե կրակել են իր վրա: Հարցին պատասխանելով` ամբաստանյալ Վալերիկ Պետրոսյանն ասել է, որ ինքը հետ է քաշվել` համալիրից հեռանալու ցանկությամբ: Պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյո՞ք ներկաներին հայտարարել էր համալիրից հեռանալու իր ցանկության մասին` ամբաստանյալ Վ.Պետրոսյանն ասել է. «դե կրակոցների պահին ըտենց բան ինչ պիտի ասեի, իմ ձեռը ոչ մեկ չէր բռնել, որ ասեի» (տե´ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 239):
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
14. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտն իր պաշտպանյալ Ա.Հակոբյանին վերաբերող մասով անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, այն կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, անտեսվել են Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքն անհիմն լինելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները:
15. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներին ոչ օբյեկտիվ, սխալ իրավական գնահատական տալով, համարել է, որ Արտյոմ Հակոբյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներին:
Այսպես, բողոքաբերը վկայակոչել է այն փաստը, որ ի սկզբանե` 2008թ. նոյեմբերի 18-ին, որոշում է կայացվել Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սակայն 2009թ. մայիսի 14-ին որոշում է կայացվել Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նշված որոշումը պատճառաբանվել է նրանով, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ միջադեպի ընթացքում Ա.Հակոբյանի գործողություններն ուղղված են եղել Ա.Պետրոսյանի խուլիգանական գործողությունները կանխելուն, այլ ոչ թե հասարակական կարգը խախտելուն, և նրա արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Միաժամանակ նախաքննության մարմինը գտել է, որ Ա. Հակոբյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմ, որը պատճառաբանվել է հետևյալով. Վ.Պետրոսյանի կողմից ատրճանակի կրակոցի արդյունքում գլխի աջ ճակատագագաթային շրջանում հրազենային գնդակային շոշափող վերքի ձևով թեթև մարմնական վնասվածք ստանալով, Վ.Պետրոսյանի կողմից զենքի գործադրմամբ հետագա խուլիգանական վարքագիծը կանխելու նպատակով, նույն համալիրի հավաքարարների սենյակից վերցրել է իր մոտ ապօրինի պահվող «Ֆաբարմ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը և տեսնելով, որ Վ.Պետրոսյանը հետ-հետ գնալով ատրճանակից կրակոցներ է արձակում բարի մոտ գետնին ընկած Գևորգ Աղաջանյանի ուղղությամբ և վնասել է նրա ոտքը, կրակոցների ավարտից անմիջապես հետո, Վ.Պետրոսյանի հետագա հնարավոր կրակոցները կանխելու նպատակով իր հերթին, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ` Վ.Պետրոսյանի կողմից կիրառվող ոտնձգության բնույթին և վտանգավորությանը ոչ համարժեք դիտավորությամբ գործելով` հրացանով մեկ անգամ կրակել է Վ.Պետրոսյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Նույն կրակոցի արդյունքում միջին ծանրության վնասվածք է ստացել նաև Գեղամ Աղաջանյանը, սակայն նախաքննության մարմինը, ապացուցված համարելով, որ նշված վնասվածքն Ա.Հակոբյանը Գ.Աղաջանյանին պատճառել է անզգուշությամբ և Գ.Աղաջանյանն Ա.Հակոբյանի դեմ բողոք չունի, այս դրվագով Ա.Հակոբյանին մեղադրանք չի առաջադրել:
Այնուհետև` 2009թ. հունիսի 4-ին, Ա.Հակոբյանին առաջադված մեղադրանքը կրկին փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշման պատճառաբանական մասում նշված է, որ Ա.Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանն արդեն դադարեցրել է հարձակումը և հեռանում է համալիրի տարածքից, սպանելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համալիրի ելքի մոտ գտնվող Վ.Պետրոսյանի գլխին, որի արդյունքում վերջինս ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում Վ.Պետրոսյանի կյանքը հնարավոր է եղել փրկել, ուստի Ա.Հակոբյանը հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ի վերջո, 2009թ. հունիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը նորից փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:
16. Բողոքի հեղինակը չհիմնավորված է համարում Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքի մեջ առկա այն հետևությունը, որ վերջինս գիտակցել է Վ.Պետրոսյանի` հարձակումը դադարած լինելու և համալիրի տարածքից հեռանալու մտադրության մասին: Ա.Հակոբյանն իր բոլոր ցուցմունքներում այդ դրվագի վերաբերյալ նշել է, որ տեսնելով, որ Վ.Պետրոսյանը կրակոցներ է արձակում բարի ուղղությամբ, և այդ կրակոցների հետևանքով վիրավորվել է Գևորգ Աղաջանյանը` Վ.Պետրոսյանի կողմից հետագա կրակոցները կանխելու նպատակով կրակել է նրա ուղղությամբ: Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու ժամանակ նախաքննության կողմից հաստատված է համարվել, որ բարի մոտ գետնին ընկած Գ.Աղաջանյանի ուղղությամբ Վ.Պետրոսյանը կրակոցներ է արձակել, դրա արդյունքում վիրավորվել է Գ.Աղաջանյանի ոտքը: Կրակոցների ավարտից անմիջապես հետո Վ.Պետրոսյանի հետագա հնարավոր կրակոցները կանխելու նպատակով է Ա.Հակոբյանը մեկ անգամ հրացանով կրակել Վ.Պետրոսյանի ուղղությամբ:
Բողոքաբերն ընդգծում է, որ Ա.Հակոբյանի գործողությունները դիտվել են որպես Վ.Պետրոսյանի կողմից Գևորգ Աղաջանյանի կյանքի դեմ ուղղված ոտնձգության դադարեցում, թեև անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով: Ընդ որում, նախաքննության մարմինը չի կարողացել հստակ և համոզիչ սահմանել, թե կոնկրետ ինչումն է կայացել սահմանազանցումը: Բողոքի հեղինակը նշում է, որ Վ.Պետրոսյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը ցանկացել է դուրս գալ համալիրի տարածքից, անհասկանալիորեն հիմք է տվել նախաքննության մարմնին գալու այն հետևության, որ Ա.Հակոբյանը հստակ գիտակցել է Վ.Պետրոսյանի հարձակումը դադարած լինելու, համալիրից դուրս գալու նրա ցանկության մասին: Արդյունքում Վ.Պետրոսյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը ցանկացել է դուրս գալ համալիրի տարածքից, մեկնաբանվել է այնպես, որ Ա.Հակոբյանը դիտավորություն է ունեցել սպանելու Վ.Պետրոսյանին:
17. Բողոքաբերը փաստարկում է, որ եթե դատարանը հիմնավորված է համարել, որ Վ.Պետրոսյանը Ա.Հակոբյանին և Գևորգ Աղաջանյանին սպանելու դիտավորություն է ունեցել, ապա ինչ տրամաբանությամբ է Ա.Հակոբյանը դատապարտվել սպանության փորձ կատարելու համար` այն դեպքում, երբ փաստորեն փորձել է կանխել Վ.Պետրոսյանի կրակոցները, հետևաբար` դրանց հետևանքները:
18. Բողոք բերած անձը նշել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությամբ հաստատվել է, որ Վ.Պետրոսյանի կողմից կրակված թվով հինգ պարկուճներն ընկած են նույն տեղում՝ «Եդեմ» կոչվող սաունայի մուտքի մոտակայքում, իսկ նույն սաունայի դռան վրա առկա են կոտորակների հետքերը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ.Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքների տեղակայումը վկայում է այն մասին, որ Վ.Պետրոսյանը դեմքով դեպի համալիրի ելքն ուղղված չի եղել: Նման ցուցմունք տվել է հենց ինքը` Վ.Պետրոսյանը: Կրակոցներ արձակելիս նա գտնվել է նույն տեղում կանգնած և Ա.Հակոբյանն ուղղակի չէր կարող գիտակցել Վ.Պետրոսյանի` համալիրի տարածքից հեռանալու նպատակը, եթե նույնիսկ նման նպատակ Վ.Պետրոսյանն ունեցել է:
19. Բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Պետրոսյանին սպանելու` Ա.Հակոբյանի դիտավորությունը փորձ է արվում հիմնավորել նրանով, որ Ա.Հակոբյանը կրակել է Վ.Պետրոսյանի գլխին:
Այս կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ կոտորակով լիցքավորված հրացանով կրակելիս կոտորակները ցրիվ են գալիս և դրանց տարածվելու տրամագիծը տարածության մեծանալու հետ մեկտեղ ավելի է մեծանում: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ որսորդական հրացանով կրակոցը կատարվել է կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցությունից դուրս, իսկ դեպքի վայրի զննության արձանագրությամբ հաստատվել է, որ հրացանից կրակված պարկուճն ընկած է լողավազանի մոտ: Նույն պարկուճի հետ հայտնաբերվել է փամփուշտ, որը Ա.Հակոբյանը լիցքաթափել է հրացանից:
Բողոքաբերը նշել է, որ այս փաստերը վկայում են այն մասին, որ նախ Ա.Հակոբյանը Վ.Պետրոսյանի վրա կրակել է մի քանի մետր տարածությունից և բնական է, որ կոտորակները ցրիվ են եկել ու վնասել Վ.Պետրոսյանի ոչ միայն դեմքի շրջանը, այլև ձեռքերն ու որովայնը: Ընդ որում, դեմքից բացի, մարմնի այլ հատվածները վնասված լինելու մասին քննիչի որոշման մեջ չի նշվել։ Բացի այդ, քննիչի նախորդ որոշման մեջ նշված է եղել` կրակել է Վ.Պետրոսյանի ուղղությամբ և նշված չի եղել` կրակել է Վ.Պետրոսյանի գլխին: Այս բառերի տարբերությունը, ըստ բողոքաբերի, վկայում է նախաքննության մարմնի ոչ օբյեկտիվ լինելու, արհեստականորեն մեղադրանքի տարրեր ստեղծելու միտման մասին:
20. Բողոքաբերը փաստարկել է, որ անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգողին կարող է պատճառվել ցանկացած վնաս, ուստի Վ.Պետրոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը «բոլորովին անհարկի է շահարկվում»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ա.Հակոբյանը հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դա նույնպես բոլորովին չհիմնավորված և առարկայազուրկ ենթադրություն է:
Բողոքաբերը նշել է, որ սպանելու դիտավորություն ունենալու դեպքում Ա.Հակոբյանին ոչինչ չէր կարող խանգարել, որ հրացանում մնացած ևս մեկ փամփուշտով նա նորից կրակեր Վ.Պետրոսյանի վրա: Սակայն նա վարվել է այլ կերպ. տեսնելով, որ Վ.Պետրոսյանը վիրավորված դուրս է գալիս համալիրից` լիցքաթափել է հրացանում մնացած փամփուշտը: Սա ևս վկայում է այն մասին, որ Վ.Պետրոսյանի վրա կրակելու նպատակը եղել է վերջինիս կողմից կատարվող կրակոցները կանխելը, որը և կատարվել է` կրակոցները դադարել են և Վ.Պետրսյանը հեռացել է:
21. Բողոք բերած անձը տարակուսանք է հայտնել, որ նախաքննությամբ ու դատական քննությամբ թեև հաստատված է Վ.Պետրոսյանի կողմից զենքի գործադրումը, նրա կողմից ատրճանակով մի քանի կրակոցներ արձակելը, դրա հետևանքով Ա.Հակոբյանին և Գևորգ Աղաջանյանին հրազենային մարմնական վնաս պատճառելը, այդ կրակոցների ընթացքում Ա. Հակոբյանի կողմից կոտորակով լիցքավորված որսորդական հրացանով կրակելով` Վ.Պետրոսյանի հետագա հնարավոր կրակոցները կանխելու նպատակը, այնուհանդերձ Ա.Հակոբյանի արարքը որակվել է որպես սպանության փորձ: Ըստ բողոքաբերի` Ա.Հակոբանի արարքում առկա են անհրաժեշտ պաշտպանության բոլոր հատկանիշները` Վ.Պետրոսյանի ոտնձգությունն իր բնույթով եղել է հանրորեն վտանգավոր, ոտնձգությունը փաստացի առկա և իրական է եղել, Ա.Հակոբյանի գործողություններն ուղղված են եղել այդ ոտնձգությունը կանխելուն, պաշտպանությունն իրագործվել է ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով: Իրավիճակից ելնելով, ինչպես նաև Վ.Պետրոսյանից ակնհայտորեն իրական վտանգ տեսնելով` Ա.Հակոբյանն այդ վտանգը չեզոքացնելու այլ միջոց չի գտել, քան Վ.Պետրոսյանի ուղղությամբ կրակելը` միաժամանակ ներքին համոզում ունենալով, որ նրան շատ վնաս չի պատճառվի, քանի որ հրացանը լիցքավորված է եղել կոտորակով և կրակոցն արձակվել է մի քանի մետր հեռավորությունից:
22. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկումները` բողոք բերած անձը գտել է, որ Ա. Հակոբյանի արարքը սպանության փորձ որակելը զուրկ է որևէ հիմնավորումից, իսկ եղած փաստերը հարմարեցվել են սպանության փորձ կատարելու համար մեղադրանք առաջադրելուն, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, քանի որ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և Ա.Հակոբյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելու փոխարեն կայացրել է մեղադրական դատավճիռ, որն էլ Վերաքննիչ դատարանի կողմից հանիրավի թողնվել է օրինական ուժի մեջ:
23. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշումը Արտյոմ Հակոբյանի մասով բեկանել և նրա մասով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա քրեական գործի վարույթը կարճել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանի այն հետևությունները, որ Ա.Հակոբյանը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Վ.Պողոսյանի սպանության փորձ` այն դեպքում, երբ Վ.Պողոսյանին վնասը հասցվել է նրա կողմից կատարվող ոտնձգության կապակցությամբ և պայմաններում:
25. ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:
3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով:
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից»:
26. Շարադրված դրույթների վերլուծությունից բխում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունից` ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը: Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք:
27. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող: Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.
ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը.
բ) ոտնձգության առկայությունը.
գ) ոտնձգության իրական լինելը,
դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին. ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին.
զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը:
Առաջին պայմանից հետևում է, որ ոտնձգությունն օժտված է հանրային վտանգավորությամբ, եթե այն անձի, հասարակության, պետության շահերին կարող է էական վնաս հասցնել:
Երկրորդ պայմանի համաձայն` ոտնձգությունը համարվում է առկա այն դեպքում, երբ այն արդեն սկսվել է, ընթացքի մեջ է և չի ավարտվել, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է ոտնձգությունը սկսելու իրական, անմիջական սպառնալիք: Ոտնձգության առկայության պայմանը ենթադրում է, որ անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է արդեն ավարտված ոտնձգության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ վնաս պատճառողը չի գիտակցել ոտնձգության ավարտման փաստը: Վերջինիս դեպքում ոտնձգությունից առաջացած հուզմունքի պատճառով պաշտպանվողին կարող է թվալ, թե ոտնձգությունը դեռևս չի ավարտվել և անհրաժեշտ է պաշտպանվել: Նման դեպքերում թեև պաշտպանությունն անժամանակ է (ուշացած է), այն այնուամենայնիվ, իրավաչափ է:
Երրորդ պայմանի իմաստով ոտնձգությունն իրական է, եթե այն իրոք կատարվում է և ոչ թե պաշտպանվողի երևակայության արդյունք է:
Չորրորդ պայմանի համաձայն` անհրաժեշտ պաշտպանությունը ներառում է ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշ անձանց իրավունքների, ինչպես նաև հասարակության և պետության շահերի պաշտպանության դեպքերը: Ընդ որում, այլ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնող անձը կարող է պաշտպանությունն իրականացնել սեփական նախաձեռնությամբ` առանց սպասելու, որ իրենից օգնություն խնդրեն:
Ըստ հինգերորդ պայմանի` անհրաժեշտ պաշտպանությունն իրականացվում է միայն ոտնձգողին վնաս հասցնելու միջոցով: Ընդ որում, անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում անկախ ոտնձգությունից խուսափելու, կամ այլ անձանց, պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև, անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և ծառայողական դիրքից: Այլ կերպ` եթե անգամ հնարավորություն կա պաշտպանությունն իրականացնել այլ միջոցներով (օրինակ` փախչել, դիմել այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը), բայց պաշտպանություն իրականացնողը ընտրում է պաշտպանության այն ձևը, որը կապված է ոտնձգողին վնաս պատճառելու հետ, իրականացված պաշտպանությունը չի համարվի ոչ իրավաչափ:
Վեցերորդ պայմանը պաշտպանության համարժեքությունն է ոտնձգությանը: Անհրաժեշտ պաշտպանությունը համարժեք չէ ոտնձգությանը, եթե պաշտպանության և ոտնձգության միջև անհամապատասխանությունն ակնհայտ է, այսինքն` ոտնձգողին հասցվում է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէ: Ընդ որում, ոտնձգության և պաշտպանության միջև եղած անհամապատասխանությունը պետք է ակնհայտ լինի հենց իր՝ պաշտպանությունն իրականացնողի համար: Պաշտպանվողը պետք է գիտակցի, որ չափից դուրս մեծ վնաս է հասցնում ոտնձգողին, ինչն արդարացված չէ տվյալ իրադրությունում:
28. Անհրաժեշտ պաշտպանության համարժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը:
Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ: Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ:
Ոտնձգության և պաշտպանության միջոցների միջև համամասնության խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝
ա) պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան,
բ) ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը,
գ) պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները (սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն),
դ) ոտնձգողների և պաշտպանվողների քանակը,
ե) ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն:
29. Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ա.Հակոբյանի գործողություններն առերևույթ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Նման եզրահանգման Վճռաբեկ դատարանը եկել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա.Հակոբյանի արարքում սույն որոշման 27-րդ կետով սահմանված անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վեց պայմաններից չորսն ակնհայտորեն առկա են («ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսվածները):
Ոտնձգության առկայության («բ» ենթակետ) կապակցությամբ, սույն որոշման 5-13-րդ կետերում նախատեսված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 27-րդ կետում սահմանված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում չկան օբյեկտիվ հիմքեր պնդելու, որ Վ.Պետրոսյանին վնաս հասցնելու պահին Ա.Հակոբյանը գիտակցում էր, որ Վ.Պետրոսյանի կողմից ոտնձգությունն արդեն իսկ ավարտված է: Հետևաբար սույն որոշման 27-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավաչափության պայմանը ևս առկա է:
Ինչ վերաբերում է պաշտպանության համարժեքության («զ» ենթակետ) հարցին, ապա այդ հարցը ենթակա է գնահատման ստորադաս դատարանի կողմից` պարզելու համար, թե արդյոք Ա.Հակոբյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, թե թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
30. Սույն որոշման 29-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ա.Հակոբյանը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) կատարման մեջ, քանի որ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա.Հակոբյանը Վ.Պետրոսյանին վնաս է հասցրել նրա կողմից կատարվող ոտնձգության կապակցությամբ ու պայմաններում: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրական դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն:
31. Այսպիսով, ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում՝ կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Բացի այդ, սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ է տրվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածում ամրագրված` դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին ընդհանուր պահանջները:
32. Հիմք ընդունելով սույն որոշման հիմնավորումները և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
33. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արտյոմ Նորայրի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի փետրվարի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մայիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|