Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0124/01/09

ԵԷԴ/0124/01/09

Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան

Դատավորներ՝ Մ. Ռեհանյան

 

Ա. Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ


Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ` պաշտպան

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

27 օգոստոսի 2010 թվական

 ք. Երևանում


դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդուարդ Աշոտի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Ներսիսյանի պաշտպան Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի հունիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12122009 քրեական գործը:

2009 թվականի հունիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13129709 քրեական գործը:

2009 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ թիվ 13129709 և թիվ 12122009 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

2009 թվականի հոկտեմբերի 16-ին Էդուարդ Ներսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2009 թվականի նոյեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճռով Է.Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: Հանցանքների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Է.Ներսիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճռով նշանակված 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս 14 (տասնչորս) օր ազատազրկման ձևով պատժից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և պատիժ է սահմանվել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով: Նշված պատժի ժամկետին հաշվակցվել է նշված դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով ազատազրկումը, և Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ից:

3. Ամբաստանյալ Է.Ներսիսյանի և նրա պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ս.Հարությունյանի բողոքը բավարարել է մասնակիորեն: Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Է.Ներսիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով փոփոխել է: Է.Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: Հանցանքների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Է.Ներսիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճռով նշանակված 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս 14 (տասնչորս) օր ազատազրկման ձևով պատժից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է նշված դատավճռով սահմանված պատժի կրած մասը` պատժի սկիզբը հաշվելով 2008 թվականի օգոստոսի 25-ից:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Է.Ներսիսյանի պաշտպան Ս.Հարությունյանը:

2010 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը պաշտպան Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճռով Է.Ներսիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել Ռոբերտ Մելքոնյանին պատկանող, Երևանի Էրեբունի այգեգործական ընկերության 12-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ամառանոցի նկուղային տարածք և գողացել 29.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության լապտեր, օղու թորման պղնձյա կաթսա և այգեգործական բուժանյութի սրսկման սարք` Ռ.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

2006 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Է.Ներսիսյանը գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Իվետա Պետրոսյանին պատկանող, Երևանի Էրեբունի այգեգործական ընկերության 12-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ամառանոցի նկուղային տարածք և գողացել 50.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 100 կգ մետաղյա ամրաններ և մետաղալարեր` Ի.Պետրոսյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Նույն ժամանակահատվածում Է.Ներսիսյանը գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մետաղյա ցանկապատի վրայից ցատկելու միջոցով մուտք է գործել Ռազմիկ Սահակյանին պատկանող, Երևանի Էրեբունի այգեգործական ընկերության 12-րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ամառանոցի հողամաս և գողացել 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ալյումինե թիթեղներ` Ռ.Սահակյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Է.Ներսիսյանը գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Արտակ Ներսիսյանին պատկանող, Երևանի Էրեբունի այգեգործական ընկերության 12-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ամառանոց և գողացել 150.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ալյումինե անկյունակներ, խողովակներ ու շինարարական գործիքներ` Ա.Ներսիսյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Այնուհետև, նույն ժամանակահատվածում, Է.Ներսիսյանը գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Սամվել Գալստյանին պատկանող, Երևանի Էրեբունի այգեգործական ընկերության 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ամառանոց և գողացել 100.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ալյումինե անկյունակներ, շինարարական նյութեր և օղու թորման սարք` Ս.Գալստյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դրանից հետո, 2007 թվականի հոկտեմբերի 3-ին, Է.Ներսիսյանը գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դուռը տեղահան անելու միջոցով, մուտք է գործել Գեորգի Առաքելյանին պատկանող, Երևանի Ջրաշեն այգեգործական ընկերությունում գտնվող ամառանոց և գողացել 50.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ալյումինե տակառ և օղու թորման սարք` Գ.Առաքելյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, 2007 թվականի նոյեմբեր ամսվա սկզբին Երևանի Օղակաձև այգու 3-րդ հատվածում Է.Ներսիսյանը Ստեփան Կարապետյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է` դանակի գործադրման սպառնալիքով, վերջինից պահանջել և ստացել է 95.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Նոկիա-7610» տեսակի բջջային հեռախոս և 2 գրամ քաշով պարանոցի ոսկյա շղթա, որից հետո դիմել է փախուստի` Ս.Կարապետյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

6. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ ԵՔՐԴ/0224/01/08 դատավճռով Է.Ներսիսյանը 2007 թվականի սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարած հափշտակությունների համար ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով, հանցանքների համակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2007 թվականի նոյեմբերի 9-ից:

7. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճռով Է.Ներսիսյանը 2006 թվականի ամռանը և 2007 թվականի նոյեմբերին կատարած հափշտակությունների համար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատժին գումարվել է առաջին՝ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ ԵՔՐԴ/0224/01/08 դատավճռով նշանակված 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ազատազրկում պատժից 4 (չորս) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով ազատազրկումը և Է.Ներսիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 7 (յոթ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հովածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նշված դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ 9 (ինը) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով ազատազրկումը, և Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս 14 (տասնչորս) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է թիվ ԵՔՐԴ/0412/01/08 քրեական գործով Է.Ներսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրվանից` 2008 թվականի օգոստոսի 25-ից:

Որպես Է.Ներսիսյանի՝ առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մաս հաշվարկվել է 2007 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածը:

8. Սույն քրեական գործով ամբաստանյալ Է.Ներսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացվել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին:

9. Է.Ներսիսյանն անազատության մեջ է գտնվում 2007 թվականի նոյեմբերի 9-ից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

10. Ըստ բողոքաբերի, առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման հարցում թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը դատավճռով նշանակված 8 տարի վերջնական պատժի ժամկետին հաշվակցել է Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով ազատազրկումը և Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով սույն գործով Է.Ներսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելու օրվանից` 2009 թվականի հոկտեմբերի 16-ից:

Ապա բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարել է իր բողոքը և, Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով, պատժի սկիզբը հաշվել է 2008 թվականի օգոստոսի 25-ից: Սակայն, պատժի կրման սկիզբը 2008 թվականի օգոստոսի 25-ից հաշվարկելու դեպքում Է.Ներսիսյանի նկատմամբ սահմանված 8 տարի ազատազրկման ժամկետը կավարտվի 2016 թվականի օգոստոսի 25-ին, այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճռով 2009 թվականի հոկտեմբերի 16-ից հաշվարկվող 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկման ժամկետը կլրանար 2016 թվականի մարտի 23-ին, այսինքն` ավելի քան հինգ ամիս շուտ: Փաստորեն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբաստանյալ Է.Ներսիսյանի վիճակը վատթարացել է:

12. Բողոքի հեղինակի կարծիքով, դատական սխալի հանգեցրած սխալ հաշվակցումը թույլ է տրվել Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճռով, որով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կիրառմամբ, Է.Ներսիսյանի նկատմամբ սահմանված վերջնական պատժի սկիզբը հաշվարկվել է ոչ թե 2007 թվականի նոյեմբերի 9-ից, այլ 2008 թվականի օգոստոսի 25-ից: Մինչդեռ, նկատի ունենալով, որ ինչպես նախորդ, այնպես էլ սույն գործով ամբաստանյալ Է.Ներսիսյանին մեղսագրված բոլոր հանցավոր արարքները կատարվել են 2006 և 2007 թվականների ընթացքում` այսինքն նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, ուստի պատժի կրման սկիզբ պետք է հաշվվեր առաջին գործով անազատության մեջ գտնվելու օրվանից` 2007 թվականի նոյեմբերի 9-ից, որի փոխարեն պատժի սկիզբ է հաշվվել թիվ ԵՔՐԴ/0412/01/08 քրեական գործով Է.Ներսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրը՝ 2008 թվականի օգոստոսի 25-ը:

Վերը շարադրվածից պաշտպանը հետևություն է արել, որ իր պաշտպանյալի՝ 2007 թվականի նոյեմբերի 9-ից կալանքի տակ գտնվելու պայմաններում, նրա նկատմամբ նշանակված վերջնական պատժի ժամկետին նախկինում կայացված դատավճռով նշանակված պատժի կրած մասի սխալ հաշվակցման արդյունքում վատթարացել է ամբաստանյալ Է.Ներսիսյանի վիճակը:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ հանցանքների համակցությամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:

13. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 7-ի որոշումը բեկանել և փոփոխել, այն է՝ Է.Ներսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ համաչափ պատիժ սահմանել և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ նախորդ դատավճռով նշանակված պատժի կրած մասը ճիշտ հաշվակցել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Ամբաստանյալ Է.Ներսիսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու իրավաչափությունը.

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Է.Ներսիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պահպանվե՞լ են արդյոք հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի կանոնները (….) »:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

 (….)

6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝

« (….)

3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, (….):

(….)»:

16. Շարադրված դրույթների վերլուծությունից հետևում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պետք է լինի արդարացի, նշանակվի քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի կանոնները:

ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասը, ի թիվս պատիժ նշանակելու այլ կանոնների, ամրագրում է նաև հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու վերաբերյալ կանոններ, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է՝

1. նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու միջոցով,

2. նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Իսկ այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, ապա պատժի ժամկետում հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

17. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ կանոններն են.

1. քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել,

2. անձը պետք է մեղավոր ճանաչվի այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը,

3. հանցանքների համակցությամբ, յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժ պետք է նշանակի նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով,

4. վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցվի առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

18. Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը վերջնական պատժի ժամկետին հաշվակցումը կարող է իրականացվել երկու եղանակով՝

1. դատարանը, վերջնական պատիժ նշանակելով, նշանակված պատժից հանում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ պատժի սկիզբը հաշվելով այդ դատավճիռը կայացնելու օրվանից,

2. դատարանը, վերջնական պատիժ նշանակելով, հաշվակցում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ պատժի սկիզբը հաշվելով առաջին դատավճռով սահմանված ժամկետից:

Թեև նշված երկու եղանակներից ցանկացածի ընտրության դեպքում նշանակված պատժի ժամկետները լրանալու առումով հետևանքները նույնն են` պատժի ժամկետները լրանալու օրերը համընկնում են, այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կրած մասը վերջնական պատժի ժամկետին հաշվակցելու եղանակի ընտրությունը կարևորվում է նաև նրանով, որ կախված եղանակի ընտրությունից, կարող են վրա հասնել դատապարտյալի համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող այլ իրավական հետևանքներ: Մասնավորապես, այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները կիրառվում են այնպիսի անձի նկատմամբ, ով առաջին գործով կայացված դատավճռից հետո անընդմեջ գտնվում է անազատության մեջ, ապա վերը նշված երկու եղանակներից առաջինի կիրառման դեպքում դատապարտյալի` պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքը ծագում է ավելի ուշ, քան այն դեպքում, երբ երկրորդ կանոնի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետի սկիզբը հաշվվում է առաջին դատավճռով սահմանված ժամկետից:

19. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով Է.Ներսիսյանին մեղսագրված հանցավոր արարքները նա կատարել է նախքան Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 3-ի և 2008 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճիռներով դատապարտվելը` 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում (տե´ս սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը):

Նշված արարքների համար Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճռով Է.Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով, պատժի սկիզբը հաշվվելով 2009 թվականի հոկտեմբերի 16-ից:

Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը Է.Ներսիսյանի նկատմամբ առաջին (Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08) դատավճռով նշանակված պատժի կրած մասը հաշվարկել է 2008 թվականի օգոստոսի 25-ից մինչև դատավճիռ կայացնելու օրը` 2010 թվականի մարտի 19-ը, սակայն պատժի սկիզբը 2010 թվականի մարտի 19-ից հաշվելու փոխարեն հաշվել է սույն գործով Է.Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու օրվանից՝ 2009 թվականի հոկտեմբերի 16-ից: Արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի մարտի 19-ն ընկած ժամանակահատվածը կրկնակի է հաշվակցվել Է.Ներսիսյանի նկատմամբ նշանակված պատժին (տե´ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն պատճառաբանելով, որ Է.Ներսիսյանի պատժի սկիզբը 2009 թվականի հոկտեմբերի 16-ից հաշվելով Առաջին ատյանի դատարանը փաստորեն վատթարացրել է Է.Ներսիսյանի վիճակը, նրա նկատմամբ սահմանված վերջնական պատժի ` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկման սկիզբն այս անգամ հաշվել է 2008 թվականի օգոստոսի 25-ից, ինչով չնայած ուղղել է վերոնշյալ կրկնակի հաշվակցման սխալը, սակայն իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնները կիրառելիս որպես առաջին դատավճիռ է դիտարկել Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԵՔՐԴ/0412/01/08 դատավճիռը (տե´ս սույն որոշման 3-րդ կետը):

20. Փաստորեն, երկու դատական ատյաններն էլ անտեսել են այն հանգամանքը, որ Է.Ներսիսյանը նրան մեղսագրված հանցավոր արարքները կատարել է ոչ միայն նախքան Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի, այլև նախքան Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 3-ի դատավճիռ կայացնելը, որով պատժի կրման սկիզբ է սահմանվել 2007 թվականի նոյեմբերի 9-ը, և այդ օրվանից սկսած Է.Ներսիսյանն անընդմեջ գտնվել է անազատության մեջ (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

21. Հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը վերջնական պատժի ժամկետին հաշվակցելու կանոնների վերաբերյալ սույն որոշման 15-18-րդ և 20-րդ կետերում կատարված վերլուծությունը և 19-րդ կետում շարադրված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Է.Ներսիսյանի նկատմամբ հանցանքների համակցության կանոններով պատիժ նշանակելիս թույլ են տվել նյութական իրավունքի խախտումներ, մասնավորապես.

ա) Է.Ներսիսյանի նկատմամբ կայացված առաջին դատավճիռ են դիտել Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի դատական ակտը, անտեսելով, որ սույն գործով Է.Ներսիսյանի նկատմամբ կայացված առաջին դատավճիռ է հանդիսանում 2008 թվականի հուլիսի 3-ի դատական ակտը,

բ) ամբաստանյալ Է.Ներսիսյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը վերջնական պատժի ժամկետին հաշվակցելու հարցում ստորադաս դատարանները ընտրել են վերջինիս համար անբարենպաստ և նրա վիճակը վատթարացնող եղանակ:

 Արդյունքում, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները, որով վատթարացվել է ամբաստանյալ Է.Ներսիսյանի վիճակը:

22. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, որ իր պաշտպանյալի նկատմամբ հանցանքների համակցությամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատական ատյանը պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձը բնութագրող տվյալների, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների գնահատմամբ, Է.Ներսիսյանի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ:

23. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 21-րդ կետում նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 406-րդ հոդվածների իմաստով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

Ուստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

24. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդուարդ Աշոտի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 19-ի դատավճռի պատժի մասը փոփոխելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան