Գլխավոր տեղեկություն
Համար
N 1384-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2011-17.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ. 1164
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ  

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 29
     Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Մասնագիտությունը, բնագավառը

Աշխատան-քային

1

2

3

1.

Բժիշկներ

2

2.

Ատամնաբույժներ

2

3.

Դեղագետներ և դեղագործներ

2

4.

Բուժքույրեր

2

5.

Բուժակներ

2

6.

Տեխնիկ-քիմիկոսներ

2

7.

Անասնաբույժներ

4

8.

Գնացքների, էլեկտրագնացքների և լոկոմոտիվների վարորդներ

5

9.

Մատենագետներ, արխիվագետներ, արխիվի ֆոնդապահներ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավարներ, լաբորատորիայի վերականգնողներ, կազմարարներ և ախտահանողներ, արխիվի արխիվագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, փաստաթղթավարներ, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ

5

9.1.

Գրադարանավարներ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող

5

9.2.

Գրադարանավարներ` վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող

6

10.

Ինքնաթիռների օդաչուներ և հարակից մասնագետներ

4

11.

Ավիակարգավարներ (դիսպետչերներ)

9

12.

Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ

4

13.

Մաքսային ծառայողներ

4

14.

Հարկային ծառայողներ

4

14.1. (14.1 կետն ուժը կորցրել է 09.09.10 N 1231-Ն)

 

15.

Քաղաքացիական ծառայողներ, համայնքային ծառայողներ

4

15.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներ  

4

16.

Քաղաքական պաշտոն զբաղեցնողներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների

4

17.

Հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ

4

18.

Դատախազության աշխատողներ և դատարանների աշխատակազմերի մասնագետներ

4

19.

Լրագրողներ

4

20.

Հայինկասացիայի աշխատողներ

4

21.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատողներ

4

22.

Ուղեկցորդներ երկաթուղու վագոնի, օդանավերի և նավերի բորտուղեկցորդներ

4

23.

Վագոնավարներ հասարակական տրանսպորտի

4

24.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում

9

25.

Լեռնագործներ, բեռնատար մեքենաների վարորդներ և բանվորներ այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, քարտաշներ, քար մշակողներ և հարակից մասնագետներ

9

26.

Շինարար-տեղակայորդներ և հարակից մասնագետներ

5

27.

Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ

5

28.

Ներկարարներ, բանվորներ շենքների և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ

5

29.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում

9

30.

Բանվորներ մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության

5

31.

Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակիչներ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողներ և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ

5

32.

Գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ, բանվորներ և հարակից մասնագետներ

5

33.

Բանվորներ` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ

5

34.

Բանվորներ` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում

9

35.

Բանվորներ գրահրատարակչական արտադրության

4

36.

Եռակցողներ, էլեկտրագազաեռակցողներ, գազակտրողներ և հարակից մասնագետներ

5

37.

Վերամբարձ կռունկների մեքենավարներ (կռունկավար) և հարակից մասնագետներ

5

38.

Հավաքորդ-փականագործներ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ

5

39.

Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործներ և էլեկտրափականագործներ  կայանքների, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորումների, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանների և ցանցերի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ

5

40.

Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործներ

5

41.

Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատողներ

5

42.

Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատողներ

5

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ
(Բաժինն ուժը կորցրել է 09.09.10 N 1231-Ն)

43.

Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողներ`

1) մինչև 15 տարի զինվորական ծառայության ստաժի դեպքում

 

2) 15-25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում

 

3) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում

4

6

9

44.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները`

1) ատոմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), նավթային տնտեսության արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում.

2) քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, ատոմային էլեկտրակայանների կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և դոզավորում ու ցայտավազանների և հովացման համակարգերի ջրի քլորացում.

3) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության սարքեր, արգելափակոցներ, ազդանշանային համակարգեր և այլն) սպասարկում.

4) ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում.

5) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում.
6) կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում.

7) սառը վիճակում կաթսաների մաքրում.

8) տաք վիճակում կաթսաների որմնապատում.

9) ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում.

10) փակ շինություններում տեղադրված դիզելային ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում և նորոգում.

11) ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում.

12) ատոմային էլեկտրակայանների ջերմային ցանցերում կաթսաների և ջերմատարների ջերմամեկուսացման համար երեսապատում.

13) կաթսայատան, տուրբինային արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ատոմային էլեկտրակայանների ջերմաֆիկացման խցերում գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և կարգաբերում.

14) ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական սարքավորումների, 220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի փորձարկում և պարամետրերի չափագրում.

15) ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում.

16) փայտանյութի հականեխման աշխատանքներ.

17) օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ.

18) ատոմակայանների տուրբինային արտադրամասերում (տեղամասերում) մաքրման, շինարարական և վերանորոգման աշխատանքներ

5
45.

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները`

1) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում.

2) ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների նմուշառում և դրանց վերլուծություն.

3) ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային, բոյլերային սարքավորումների սպասարկում.

4) ատոմակայանների հիմնական (առաջին) հաղորդաշղթայի արտադրական շինությունների մաքրում.

5) ռեակտորային, տուրբինային, ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և հիմնական (առաջին) հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում.

6) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և գազամաքրման, օդափոխման, տաք և սառն օդամատակարարման համակարգերի ու շինությունների սպասարկում.

7) ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) միջուկային վառելիքի և մյուս նյութերի, ապրանքների փոխաբեռնման, տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների սպասարկում և նորոգում.

8) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) չափման միջոցների հսկման և կառավարման (ավտոմատ սարքավորումներ, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, արգելափակման, ազդանշանային և այլ սարքվածքներ) սպասարկում.

9) տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների, ավտոմատիկայի և չափման միջոցների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նորոգում ու կարգաբերում.

10) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների նորոգում, նյութերի և մասերի մշակում.

11) ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, սարքավորումների, նյութերի և մասերի ընդունում-հանձնում.

12) ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների ու շինությունների ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների ընդունում ու մշակում.

13) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական հսկողության իրականացում.

14) ռադիոակտիվ մնացորդների հավաքում, տեղափոխում, վերամշակում և թաղում.

15) ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման շինարարական աշխատանքներ.

16) տաք վիճակում կաթսաների մաքրում.

17) ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և նորոգում

9

(Ցանկը լրաց. 23.02.06 N 190-Ն, 16.03.06 N 307-Ն, 12.04.07 N 417-Ն, փոփ., լրաց, 09.09.10 N 1231-Ն, լրաց. 20.01.11 N 72-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:

3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:

4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

բ)  կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝

ա) մինչև 18 տարեկան աշխատողները.

բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:

7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար    

Մ. Թոփուզյան