Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարությունը (այսուհետ` «Պայմանավորվող կողմեր»),
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին» 1992 թվականի հունվարի 20-ին Աթենքում ստորագրված համաձայնագիրը,
Ցանկանալով զարգացնել և խթանել տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում,
Հաշվի առնելով, որ այս համագործակցության զարգացումն ու ամրապնդումը արդյունավետ կլինի երկու երկրների համար,
Համաձայն Պայմանավորվող կողմերի պետությունների գործող օրենսդրությունների,
Հաշվի առնելով, որ Հունաստանի Հանրապետությունը, լինելով Եվրամիության անդամ, պարտավոր է պահպանել Եվրամիության օրենսդրությունը և գործել դրա համաձայն,
Համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին և կանոններին համապատասխան կհամագործակցեն գյուղատնտեսության բնագավառում:
Հոդված 2
Գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունն կընդգրկի, մասնավորապես, հետևյալ ոլորտները`
- բուսաբուծություն և բուսաբուծության միջոցներ,
- անասնաբուծություն և անասնաբուծության միջոցներ,
- հետբերքահավաքային մշակում և սննդամթերքի վերամշակման արդյունաբերություն, ներառյալ մարքեթինգը,
- որակի սխեմաներ, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հավաստագրում/վերահսկողություն,
- գյուղատնտեսական խորհրդատվական համակարգեր,
- գյուղատնտեսական հետազոտություններ,
- ագրոգիտասփյուռ և ուսուցման ծառայություններ,
- կենսատեխնոլոգիաներ,
- բուսասանիտարական հարցեր,
- անասնաբուժական ծառայություններ,
- գյուղատնտեսության մեխանիզացիա,
- հողերի վերականգնում, գյուղատնտեսական ենթակառուցվածների տեխնիկական կարողություններ,
- ագրո-միջավայրի հարցեր,
- ձկնաբուծություն և ակվակուլտուրաներ,
- աշխարհագրական անվանումների պաշտպանություն:
Հոդված 3
Գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով`
ա) գիտական և տեխնիկական տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում,
բ) գենետիկական և կենսաբանական նյութերի փոխանակում գիտական նպատակներով,
գ) գիտական հետազոտությունների բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակում,
դ) փորձագետների և խորհրդատուների այցերի փոխանակում,
ե) Պայմանավորվող կողմերի պետություններում ուսումնական ծրագրերի, սեմինարների, համաժողովների, ցուցահանդեսների և հանդիպումների կազմակերպում,
զ) տնտեսական զարգացման նպատակով եռակողմ համագործակցություն (այլ երկրների, Եվրամիության և/կամ միջազգային ֆինանսավորող գործակալությունների հետ) և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացում,
է) երկու երկրների կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում գյուղատնտեսության բնագավառում:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հունական համատեղ հանձնաժողով (այսուհետ` «Համատեղ հանձնաժողով»): Համատեղ հանձնաժողովը բաղկացած կլինի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարության ներկայացուցիչներից և, հնարավորության դեպքում, նաև երկու երկրների կոոպերատիվ և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից:
Համատեղ հանձնաժողովի նիստերը տեղի կունենան պարբերաբար Աթենքում և Երևանում, և նիստերի անցկացման ժամկետները յուրաքանչյուր անգամ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 5
Համատեղ հանձնաժողովը պատասխանատու կլինի հետևյալի համար`
- սույն Համաձայնագրի իրականացման դյուրացում,
- հաջորդական նիստերի միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների քննարկում և արձանագրում,
- համագործակցության առանձնահատուկ ոլորտների համար, ինչպես օրինակ 2-րդ Հոդվածում նշվածները, համագործակցության առաջարկների ուսումնասիրում և ընդունում
- մինչև հաջորդ նիստի անցկացումը սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար ուղեցույցների և առաջնայնությունների հաստատում:
Անհրաժեշտության դեպքում, Համատեղ հանձնաժողովը կարող է ստեղծել ենթա-հանձնաժողովներ` իր պարտականությունների ավելի արդյունավետ և դյուրին իրականացման նպատակով:
Հոդված 6
Պատվիրակների, փորձագետների և խորհրդատուների փոխայցելությունների հետ կապված ծախսերը կհոգա ուղարկող Պայմանավորվող կողմը, եթե այլ բան համաձայնեցված չէ գրավոր կերպով: Ընդունող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի այդ այցելությունների մասին վերոնշյալ անձանց ժամանման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
Պայմանավորվող կողմերը կուսումնասիրեն Եվրամիությունից, միջազգային կազմակերպություններից և ֆինանսավորող գործակալություններից ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման հնարավորությունները:
Պայմանավորվող կողմերի նախաձեռնած ֆինանսավորումը կախված կլինեն ֆինանսական ռեսուրսների առկայությունից:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագած վեճերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով գրավոր ձևով կծանուցեն միմյանց, որ իրականացվել են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը:
Ուժի մեջ մտնելուց հետո, սույն Համաձայնագիրը կփոխարինի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1997 թվականի մարտի 20-ին Երևանում ստորագրված համաձայնագրին:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում ուժի մեջ կմտնի 8-րդ Հոդվածի 1-ին մասում սահմանված ընթացակարգի համաձայն:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և այնուհետև ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդական հինգ (5) տարի տևողությամբ ժամկետներով, մինչև Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դրա ուժի մեջ գտնվելու սկզբանական կամ հաջորդող ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց (6) ամիս առաջ գրավոր կերպով չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի ընթացքի մեջ գտնվող աշխատանքների շարունակության ապահովմանը և դրանց ավարտին հասցնելուն:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆԻ, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց երկրների կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևանում 2014 թ. սեպտեմբերի 30-ին երկու բնօրինակից` հայերեն, հունարեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին: