Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.15/6(389) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 110-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածը`

ա. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե՝

ա) սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքում որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն.

բ) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության հասցեով:

Ուսումնասիրության արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից:»,

բ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Սույն կարգի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները:».

2) որոշման N 4 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում բնակվող` որևէ անասնատեսակ չտնօրինող ընտանիքը դրա մասին հայտնում է (հայտարարություն է տալիս)` նշում կատարելով տեղեկանք-հայտարարագրի համապատասխան բաժնում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածի`

1) 6.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանում գործակալության ներկայացրած հարցման օրը համարվում է ընտանիքին (ըստ ընտանիքի անդամների) պատկանող (ամբողջ հանրապետությունում) հողամասի հողատեսքի, դրա կադաստրային զուտ եկամտի և հողատարածքի մակերեսի մասին տեղեկանքը ներկայացնելու օրը:».

2) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «(այդ թվում` տեղեկանք-հայտարարագրում լրացված տվյալների հիման վրա հաշվարկված` ընտանիքի հողօգտագործումից ստացվող եկամուտը)» բառերով.

3) 9.1-ին կետը «տվյալները» բառից հետո լրացնել «համեմատում է տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ և անհամապատասխանության դեպքում դրանք» բառերով.

4) 9.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկանք-հայտարարագրում լրացված և սույն կարգի 6.1-ին կետով սահմանված կարգով ստացված տեղեկանքում առկա տվյալների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում գրավոր տեղեկացնում է գործակալության պետին: Գործակալության պետը եռօրյա ժամկետում տվյալ ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը դիտարկում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 25-րդ հոդվածների համաձայն:»:

3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստագրման ժամկետը լրանում է 2011 թվականի հունվար կամ փետրվար ամիսների ընթացքում` փաստագրման ժամկետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետով նախատեսված ժամկետ` 2011 թվականի հունվար և փետրվար ամիսների համար սահմանել համապատասխանաբար 2011 թվականի փետրվարի 11-ը և մարտի 11-ը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության միջոցով 2011 թվականի փետրվար ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի փետրվարի 11-ի դրությամբ, իսկ 2011 թվականի մարտ ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի մարտի 11-ի դրությամբ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել երկրաշարժի հետևանքով քանդված շինությունների հասցեների ցանկը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 9
Երևան