Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-933
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.01.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 

25 հունվարի 2011 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ, 429-ՐԴ ԵՎ 430-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Տ. Սաֆարյանի, Ա. Ճուղուրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի երկրորդ մասի, 429-րդ և 430-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Կ. Հարությունյանի` 11.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից։

Օրենսգրքի վիճարկվող դրույթները և հոդվածները զետեղված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 12-րդ բաժնի նույնանուն 49-րդ գլխում:

Օրենսգրքի 427-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասում սահմանված է. «...2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո»:

Օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքները և դատական որոշման վերաբերյալ կասկածների ու անհստակությունների լուծման կարգը:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. օգոստոսի 7-ին կայացրած դատավճռով դիմողին դատապարտել է երեք տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Վերոհիշյալ դատավճռի դեմ մեղադրողը ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ դատավճռի դեմ մեղադրող կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007թ. սեպտեմբերի 28-ի դատավճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության, այն հիմնավորմամբ, որ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում դատապարտյալի կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործի նոր քննության արդյունքում իր` 2008թ. ապրիլի 25-ի որոշմամբ դարձյալ օրինական ուժի մեջ է թողել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007թ. օգոստոսի 7-ին կայացրած դատավճիռը: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Դիմողի վերաբերյալ քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2008թ. մայիսի 15-ին:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում դիմողի նկատմամբ կայացված դատավճիռն ստացվել է 2008 թվականի հունիսի 24-ին, և հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի. «Փորձաշրջանը հաշվարկվում է դատապարտյալին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում, իսկ զինծառայողին` նրա զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից», փորձաշրջանն սկսվել է հաշվարկվել այդ օրվանից:

Հետագայում, գտնվելով փորձաշրջանի մեջ, դիմողը կատարել է մեկ այլ հանցագործություն, ինչի համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հունիսի 23-ի դատավճռով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով, նախկին դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է, և նախկին դատավճռով նշանակված և չկրած պատժից երկու տարի ժամկետով ազատազրկումը գումարվել է վերջին դատավճռով նշանակված պատժին: Արդյունքում` դիմողի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում հինգ տարի ժամկետով:

Այնուհետև դիմողը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ժամկետը հաշվարկել իր նկատմամբ կայացված առաջին դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Միջնորդության հիմքում դիմողի կողմից դրվել է այն փաստը, որ իր նկատմամբ կայացված առաջին դատական ակտը չկատարելու արդյունքում փորձաշրջանի հաշվարկն սկսվել է շուրջ ինն ամիս ուշացումով: Միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավճռի ի կատար ածման փուլում կասկածներ կամ անհստակություններ չկան:

 

3. Դիմողը որպես օրենսգրքի վիճարկվող 427-րդ հոդվածի երկրորդ մասի հակասահմանադրականության հիմնական փաստարկ ներկայացնում է այն, որ հիշյալ դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով որ այն չի նախատեսում դատական որոշումները կատարման ուղարկելու հստակ ընթացակարգ:

Օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածներում առկա է օրենսդրական բաց, որը հնարավորություն չի տալիս դատապարտյալին գործը վերադաս դատական ատյանից չվերադարձվելու կամ ուշ վերադարձվելու և որպես հետևանք` օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ի կատար չածվելու կամ ուշ ի կատար ածվելու դեպքում «իր համար վրա հասած վատ հետևանքները վերացնելու» նպատակով օգտվելու դատական պաշտպանությունից:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, նախ գտնում է, որ դիմողի փաստարկներն ուղղված են միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի հակասահմանադրականությունը հիմնավորելուն, ինչը վկայում է այն մասին, որ դիմողն ըստ էության վիճարկում է միայն նշված նորմի սահմանադրականությունը:

Որոշումը կայացրած դատարանը վերադաս դատական ատյանների կայացրած որոշումների մասին իրազեկվում է միայն համապատասխան դատական ակտը և գործը տվյալ դատարան ուղարկելու միջոցով: Բացի դրանից, դատական որոշումների կատարման ընթացքում երբեմն առաջանում են իրավական բնույթի հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ապահովել դատական որոշումների ի կատար ածումը: Այդ հարցերը քննվում և լուծվում են միայն դատարանի կողմից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ըստ պատասխանողի` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենսդիրն օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման հանձնելը պայմանավորել է վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործն ստանալու հանգամանքով:

 Ըստ պատասխանողի` օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը համապատասխանում է նաև իրավական որոշակիության սկզբունքին: Այդ դրույթը սահմանում է դատական որոշումը կատարման հանձնելու, պատժի ժամկետի հաշվարկման կարգը:

Վկայակոչելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված` փորձաշրջանի հաշվարկման կարգը, առանձին ենթաօրենսդրական ակտերով սահմանված համապատասխան իրավակարգավորումը` պատասխանողը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի հաշվարկման կարգը հստակ է և դատապարտյալին հնարավորություն է տալիս հստակ կանխորոշելու իր վարքագիծը և կանխատեսելու դրա հնարավոր հետևանքները:

 

5. Դիտարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ բաժնի 49-րդ գլխի հոդվածները` իրավակարգավորման առարկայի ամբողջականության մեջ, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու, դատարանի որոշումը կատարման հանձնելու, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովման, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման, դատական որոշման կատարման հետաձգման հարցերով իրավակարգավորման բաց կամ անհստակություն չունեն:

Միաժամանակ, առկա է հասկացութային որոշ անհստակություն: Մասնավորապես, եթե դատական ակտերի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը լուծելիս օրենսդիրն օրենսգրքի նույն 427-րդ հոդվածի 1-ին մասում կիրառում է «դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտ», «դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտ», «վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտեր» եզրույթները (որոնց մեկնաբանությունն ըստ էության տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում), ապա օրենսգրքի 427-րդ հոդվածի` վիճարկվող 2-րդ մասում, կարգավորելով դատական ակտերի ի կատար ածման հետ կապված հարաբերությունները` օրենսդիրը կիրառում է «դատական որոշում» եզրույթը (այն տեղ է գտել նաև օրենսգրքի 52, 54, 289, 428, 429, 430, 431, 437, 499.15-րդ հոդվածներում):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի վերնագրում նախկինում տեղ է գտել «դատարանի որոշման» բառակապակցությունը, որը հետագայում` 28.11.2007թ. ՀՕ-270-Ն օրենքով փոխարինվել է «դատական ակտերի» բառակապակցությամբ, նույնն էլ վերաբերում է նույն օրենքի հիման վրա վերոհիշյալ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությանը, որտեղ նույնպես «դատարանի որոշում» բառակապակցությունը փոխարինվել է «դատական ակտեր» բառակապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 9) ենթակետում սահմանվում է «որոշում» եզրույթը` «որոշում` քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները», իսկ 7) ենթակետում տրվում է «դատավարական որոշումներ» եզրույթի սահմանումը, այն է` «դատավարական որոշումներ` քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող` սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ` դատավճիռներ, որոշումներ»: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում «դատական որոշում» եզրույթի որևէ մեկնաբանություն առկա չէ, որը հանգեցնում է հասկացութային անհստակության:

Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ իրավակիրառական պրակտիկայի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած «դատական որոշում» եզրույթը մեկնաբանվում է որպես օրինական ուժի մեջ մտած և կիրառման ենթակա ցանկացած դատական ակտ, ինչը բխում է օրենսդրության տրամաբանությունից: Այսինքն` օրենսգրքի վերոհիշյալ դրույթներում տեղ գտած` վերը նշված հասկացություններն իրավակիրառական պրակտիկայում առկա մեկնաբանության շրջանակներում չեն առաջացնում իրավական անորոշություն և դրա արդյունքում` անձանց սահմանադրական իրավունքների խախտման վտանգ:

 

6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ գործը վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանից առաջին ատյանի դատարան ուղարկելու առանձին ընթացակարգ: Դա վերաբերում է նաև հիշյալ դատարաններից գործն առաջին ատյանի դատարան ուղարկելու հստակ ժամկետներին, որով անմիջականորեն պայմանավորված են մի շարք պատժամիջոցների հաշվարկման ժամկետները: Սակայն հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման նպատակն ու առարկան` սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված բացը պայմանավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի առկա ձևակերպմամբ:

Իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը հանդիսանում է օրենսդիր իշխանության իրավասությունը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»: Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի բացի վերաբերյալ ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի շրջանակներում:

 

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 429-րդ հոդվածի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ հոդվածի առանձին դրույթներ, մասնավորապես, 429-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 4-րդ մասի երկրորդ նախադասությունը դիմողի նկատմամբ չեն կիրառվել:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի մյուս դրույթներին և 430-րդ հոդվածին, ապա դրանց առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ հաշվի չի առնված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև:

Նշված պահանջը չկատարելու պարագայում` սահմանադրական դատարանը հաշվի առնելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար», գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների առնչությամբ դիմումն ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջների հիման վրա` գործի վարույթը մասամբ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ և 430-րդ հոդվածների մասով, կարճել։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

25 հունվարի 2011 թ.
ՍԴՈ-933

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան