Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/0705/05/10

Վարչական գործ թիվ  ՎԴ/0705/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ստեփան Կարապետյանի ընդդեմ Ոստիկանության` 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստեփան Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 8-րդ կետը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18.2-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում բացակայում է նույն իրավախախտման փաստը, քանի որ Ստեփան Կարապետյանը վիճարկվող որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության ոչ թե 17.10.2009 թվականին, այլ 15.12.2009 թվականին տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատասխանատվություն ոչ թե տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության չներկայացնելու, այլ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Ստեփան Կարապետյանն առաջին և երկրորդ իրավախախտումների միջև ընկած ժամանակահատվածում զրկված չի եղել տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորությունից, ավելին, նա, ըստ էության, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված տասնօրյա ժամկետից ավելի երկար ժամանակ է ունեցել նշված պարտականությունը կատարելու համար, ինչը չի արել: Բացի այդ, 17.10.2009 թվականին առաջին անգամ տեխնիկական զննության չանցած տրանսպորտային միջոց վարելու համար Ստեփան Կարապետյանին վարչական պատասխանատվության ենթարկելիս ժամանակավոր համարանիշ չտրամադրելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ 15.12.2009 թվականին կատարված իրավախախտումը չարձանագրելու և իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության չենթարկելու համար: Այսինքն` վիճարկվող որոշումը կայացնելիս պահպանվել են ՀՀ օրենսդրության պահանջները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 17.10.2009 թվականի թիվ ԱԲ 222190 որոշման համաձայն` Ստեփան Կարապետյանը տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 4)։

2) Գործում առկա չէ որևէ ապացույց Ոստիկանության 17.10.2009 թվականի թիվ ԱԲ 222190 որոշման կայացումից հետո տասնօրյա ժամկետում Ստեփան Կարապետյանի կողմից տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ենթարկելու վերաբերյալ:

3) Ոստիկանության 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշման համաձայն` տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար Ստեփան Կարապետյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 5)։

4) Ոստիկանության պետի 11.01.2010 թվականի որոշմամբ Ստեփան Կարապետյանի դիմումը թողնվել է առանց բավարարման, իսկ Ոստիկանության 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշումը` անփոփոխ (գ.թ. 9-10)։

5) ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության 01.02.2010 թվականի որոշմամբ Ոստիկանության պետի 11.01.2010 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ դիմումը` առանց բավարարման (գ.թ. 11-13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանում նկարագրված իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելով:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ տվյալ դեպքում Ստեփան Կարապետյանը նույն արարքի համար նախ` Ոստիկանության 17.10.2009 թվականի թիվ ԱԲ 222190 որոշմամբ, այնուհետև` 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշմամբ կրկին ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Մինչդեռ Սահմանադրությամբ արգելված է միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը, իսկ օրենսդիրն անհնարին է համարել նման դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի իրականացումը։

Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող որոշումը Ոստիկանության կողմից իր պարտականությունները չկատարելու, մասնավորապես` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 18.2-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը չպահպանելու արդյունք է։

Սույն գործի փաստերի համաձայն` Ոստիկանության 17.10.2009 թվականի թիվ ԱԲ 222190 որոշմամբ Ստեփան Կարապետյանը նույն օրը տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, ընդ որում, գործում առկա չէ որևէ ապացույց նշված որոշման կայացումից հետո տասնօրյա ժամկետում Ստեփան Կարապետյանի կողմից տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ենթարկելու վերաբերյալ, իսկ 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշմամբ Ստեփան Կարապետյանը 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի է ենթարկվել այդ օրը տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է նույն արարքի համար անձին կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար. Ստեփան Կարապետյանը 17.10.2009 թվականին վարչական պատասխանատվության է ենթարկվել այդ օրը տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար, իսկ վիճարկվող որոշմամբ` 15.12.2009 թվականին տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ վիճարկվող որոշումը Ոստիկանության կողմից իր պարտականությունները չկատարելու արդյունք է, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի «ժա» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18.2-րդ հոդվածի համաձայն`

1. Նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով և երկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և նույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները…:

 2. Նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» և «ժբ» կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար...։

 3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն…։

 Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և նույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, որի դեպքում վարորդին 10-օրյա ժամկետով տրվում է ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելը և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվառման համարանիշները հանելու ընթացակարգը միմյանցից տարբեր գործընթացներ են:

 Տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելիս ժամանակավոր համարանիշ չտրամադրելու դեպքում անձը չի զրկվում 10 օրվա ընթացքում տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու իրավունքից, քանի որ ժամանակավոր համարանիշ տրամադրելը համապատասխան պետական մարմնի պարտականությունն է, և վարորդը չի կարող կրել դրա չկատարման բացասական հետևանքները: Այսինքն` նման դեպքերում անձը կարող է ունենալ օրինական սպասելիք, որ իրեն պատասխանատվության ենթարկելու դեպքում նա ունի 10-օրյա ժամկետ այդ խախտման պատճառները վերացնելու համար:

 Մինչդեռ սույն գործով Ստեփան Կարապետյանն օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության չի ներկայացրել և հետագայում պատասխանատվության է ենթարկվել արդեն 59 օր անց նոր իրավախախտում կատարելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները չհանելը և ժամանակավոր համարանիշներ չտրամադրելը որևէ ձևով չի հանգեցրել Ստեփան Կարապետյանի կողմից նոր իրավախախտում կատարելուն:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության 15.12.2009 թվականի թիվ ԱԲ 335573 որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, և բացակայում է այն անվավեր ճանաչելու օրենքով նախատեսված որևէ հիմք:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Ստեփան Կարապետյանի հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ