Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,
ելնելով նավթամթերքի մատակարարման ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ու եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ առաջխաղացման հարցում շահագրգռվածությունից,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի ու ածուխի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքներ), Հայաստանի Հանրապետություն մատակարարելու մասով։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների մատակարարման ոլորտում Կողմերի միջև համագործակցությունը հիմնվում է փոխադարձ շահերի պաշտպանության վրա և չպետք է վնասի Կողմերի պետություններից յուրաքանչյուրի շահերին։
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները ենթակա են Կողմերի կողմից մաքսային հայտարարագրման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան։
Հոդված 2
1. Գործունեության համակարգման և սույն համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ.
ղազախական կողմից՝ ածխաջրածինների և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտադրության բնագավառում իրավասու մարմինը․
հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
2. Սույն համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների փոխադրման պլանավորումն ու կազմակերպումն ապահովող լիազորված կազմակերպություններն են՝
««Қазақстан Темір Жолы» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «ԿՏԺ» ԱԸ» ԲԸ)․
«ԿՏԺ-բեռնափոխադրումներ» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ բեռների ազգային փոխադրող)․
«Ակտաուի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ակտաու նավահանգիստ)․
«Կուրիկ նավահանգիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը (այսուհետ՝ Կուրիկ նավահանգիստ):
3. Իրավասու մարմինների, լիազորված կազմակերպությունների կամ դրանց անվանումների փոփոխության դեպքում Կողմերը դրա մասին միմյանց ծանուցում են դիվանագիտական ուղիներով։
Հոդված 3
1. Կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի՝ մինչև ընթացիկ օրացուցային տարվա դեկտեմբերի 1-ը (մեկը), կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը, ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարումների ծավալները (այսուհետ՝ ինդիկատիվ հաշվեկշիռներ)։
2. Կողմերի իրավասու մարմինները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների ցանկը հաստատում են միջգերատեսչական արձանագրություն կնքելու միջոցով, որը գործողության մեջ է դրվում այն ստորագրելու օրվանից, ենթակա չէ վավերացման Ղազախստանի Հանրապետության համար և ուժի մեջ մտնելու համար չի պահանջում ներպետական ընթացակարգերի կատարում՝ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 4
1. Սույն համաձայնագրին համապատասխան՝ Կողմերն ստեղծում են անհրաժեշտ պայմաններ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների ցանկի համաձայն ապրանքների մատակարարումները Կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների (ռեզիդենտների) կողմից իրականացնելու համար՝ լիազորված կազմակերպությունների ներգրավմամբ։
2. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող, ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով ներքին սպառման համար Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ապրանքների համար ղազախական կողմն արտահանման մաքսատուրքեր չի գանձում՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 28-րդ հոդվածին համապատասխան։
3. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող, ընթացիկ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալները գերազանցող ծավալներով ապրանքների մատակարարումը Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն արգելվում է։
Ցանկով չհաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող, ինչպես նաև ինդիկատիվ հաշվեկշիռներով չնախատեսված ապրանքների մատակարարումը Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն արգելվում է։
4. Ֆորս մաժորային իրավիճակների (Ղազախստանի Հանրապետության նավթավերամշակման գործարաններում և (կամ) Ղազախստանի Հանրապետության խողովակաշարային տրանսպորտում աշխատանքի դադարի, ընդհատման, վթարների) առաջացման դեպքում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան՝ ազգային անվտանգության և ներքին շուկայի պաշտպանության ապահովման նպատակով ղազախական կողմի իրավասու մարմինը, Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի սահմանելու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետություն արտահանման ժամանակավոր սահմանափակումներ:
Ղազախստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակումը սահմանելուց 20 օրացուցային օր առաջ ղազախական կողմի իրավասու մարմինը դիվանագիտական ուղիներով ծանուցում է, ինչպես նաև տվյալ միջոցի մասին տեղեկացնում է հայկական կողմի իրավասու մարմնին:
Հոդված 5
Ղազախական կողմի իրավասու մարմինը յուրաքանչյուր ամիս՝ մինչև պլանավորվող ամսվան նախորդող ամսվա 25-ը (քսանհինգը), նավթի մատակարարողների հայտերի և նավթամթերքի արտադրության ու սպառման ներքին հաշվեկշռի հիման վրա հաստատում է Ղազախստանի Հանրապետության նավթավերամշակման գործարաններից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի այն ծավալով մատակարարումների պլանը, որը չի գերազանցում ինդիկատիվ հաշվեկշիռները։
Մատակարարների կողմից հայտագրված ծավալների՝ Կողմերի ինդիկատիվ հաշվեկշիռներում հաստատված ծավալների հարաբերակցությունը գերազանցելու դեպքում մատակարարումների պլանը բաշխվում է հայտերին ուղիղ համեմատական կարգով՝ Ղազախստանի Հանրապետության նավթավերամշակման գործարաններում նավթի մատակարարների վերամշակման ծավալների սահմաններում:
Հոդված 6
1. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների բեռնառաքումն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության նավթավերամշակման գործարաններից երկաթուղային կայարանների/նավահանգիստների միջոցով՝ մատակարարումների պլանում նշելով ուղարկող կայարանի (Ղազախստանի Հանրապետության նավթավերամշակման գործարանների) և նշանակման կայարանի անվանումները, բեռնառաքողի անվանումը, բեռը և բեռնման ծավալը:
2. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների փոխադրումն իրականացվում է․
- պետական սահմանի ղազախառուսական հատվածում տեղակայված երկաթուղային անցակետերով՝ ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի կենտրոնական խորհրդի կողմից յուրաքանչյուր տարի ընթացիկ օրացուցային տարվա համար հաստատվող՝ գնացքների կազմավորման պլանի համաձայն.
- Ղազախստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ակտաու/ Կուրիկ նավահանգիստներով։
3. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների փոխադրումը Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն իրականացվում է երկաթուղային, ծովային և ավտոմոբիլային տրանսպորտի տեսակներով։
4. Կողմերի տնտեսավարող սուբյեկտների՝ փոխադրման հայտերի ընդունումն իրականացվում է լիազորված կազմակերպությունների կողմից՝ ի դեմս ղազախական կողմի բեռների ազգային փոխադրողի, ինչպես նաև Ակտաու/ Կուրիկ նավահանգիստների՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների մատակարարումների պլանի հիման վրա:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող՝ մատակարարումների պլանում բացակայող և (կամ) ցանկով չհաստատված ապրանքների փոխադրման հայտեր ներկայացվելու դեպքում լիազորված կազմակերպությունները տնտեսավարող սուբյեկտներից չեն ընդունում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն փոխադրելու հայտեր։
5. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների մատակարարումների պլանի հաստատումից հետո ղազախական կողմի իրավասու մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ղազախական կողմի լիազորված կազմակերպություններ է ուղարկում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված՝ մատակարարումների ամենամսյա պլանը:
6. Ղազախական կողմի լիազորված կազմակերպությունները մատակարարումների ամենամսյա պլանի հիման վրա կազմում են ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների փոխադրումների պլանը՝ Ղազախստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնի կողմից հաստատված՝ Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների կանոններին, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության՝ առևտրային ծովագնացության բնագավառում գործող օրենսդրությանը համապատասխան։
7. «ԿՏԺ» ԱԸ» ԲԸ-ի կողմից իրենց մոտ ստացված հայտերի համաձայնեցման մասին տեղեկատվական համակարգում հարցում ստանալու դեպքում «Հարավկովկասյան երկաթուղի» պետական ձեռնարկությունը 5 (հինգ) օրացուցային օրվանից ոչ ուշ իրականացնում է ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների բեռնման պլանի համաձայնեցումը։ Բեռի բեռնումից հետո բեռների ազգային փոխադրողն իրականացնում է ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ միջպետական կցվանքային կետերով ընդունումը և դրանց մատակարարումը մինչև նշանակման կայարաններ:
8. Կողմերի բեռնառաքողներին և բեռն ստացողներին արգելվում է ընթացուղում փոխադրման պայմանագրի փոփոխման հայտ ներկայացնել և իրականացնել հայտագրված նշանակման կետի (կայարանի) փոփոխություն (վերահասցեագրում):
Բեռն ստացողն իրավունք ունի ներկայացնելու փոխադրման պայմանագրի, նշանակման կետի (կայարանի) փոփոխության հայտ (վերահասցեագրում)՝ բեռը նշանակման կայարան ժամանելուց հետո և միայն նշանակման երկրի տարածքում։
9. Կողմերի բեռնառաքողները և բեռն ստացողները բեռի փոխադրումը/տեղափոխումը հաստատում են հաշիվ-ապրանքագրերով՝ Կողմերի պետությունների հարկային օրենսդրության համապատասխան, ինչպես նաև ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերով՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի թիվ 18 հավելվածի համաձայն:
10. Մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը (տասնհինգը) ղազախական կողմի լիազորված կազմակերպությունները տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ ղազախական կողմի իրավասու մարմին են ներկայացնում բեռնառաքման ծավալների վերաբերյալ հաշվետվություն՝ Բեռների սակագնավիճակագրական միասնական անվանացանկի՝ բեռների անվանացանկով մատակարարումների պլանի համաձայն:
Հոդված 7
1. Ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող՝ Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող ապրանքները սույն համաձայնագրին համապատասխան՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, ենթակա չեն արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից խախտելու փաստերը ղազախական կողմից հայտնաբերվելու դեպքում Կողմերն անցկացնում են բանակցություններ և խորհրդակցություններ՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան։
Եթե խախտում հայտնաբերելու փաստի մասին գրավոր ծանուցումը ղազախական կողմի կողմից հայկական կողմին դիվանագիտական ուղիներով ուղարկելու օրվանից 2 (երկու) օրացուցային ամսվա ընթացքում Կողմերի բանակցությունների և խորհրդակցությունների արդյունքներով ձեռք չեն բերվում փոխադարձ ընդունելի պայմանավորվածություններ, ապա ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու և (կամ) կասեցնելու և (կամ) կրճատելու ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների՝ սույն համաձայնագրով նախատեսված անմաքս մատակարարումները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև իրեն իրավունք է վերապահում կիրառելու միջոցառումներ՝ սույն հոդվածին համապատասխան։
Ըստ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտումների բացահայտված փաստերի՝ հայկական կողմը ղազախական կողմին վճարում է ԱՄՆ դոլարով հաշվարկված, խախտման փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցման գումարներ՝ արտահանված և վերաարտահանված ապրանքների համար։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փոխհատուցման գումարը դրամային ձևով հայկական կողմի կողմից ենթակա է վճարման՝ հօգուտ ղազախական կողմի, արտահանման ու վերաարտահանման փաստի հայտնաբերման մասին գրավոր ծանուցումը հայկական կողմի իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվանից ոչ ուշ։
4. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գումարը հայկական կողմի կողմից չվճարվելու դեպքում նշված գումարը ճանաչվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական պարտք Ղազախստանի Հանրապետությանը։
Պետական պարտքի նշված գումարին ամենօրյա կտրվածքով հաշվեգրվում են տոկոսներ՝ տոկոսների հաշվեգրման համապատասխան ժամանակահատվածի սկզբից 2 (երկու) աշխատանքային օր առաջ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման դրույքաչափով, և հայկական կողմի կողմից վճարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Տոկոսների վերջին վճարումը կատարվում է պետական պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղված վերջին վճարման հետ միաժամանակ։ Տոկոսները հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարվա ընթացքում (բազան՝ 365/360) լրացած օրերի փաստացի քանակից։
Հոդված 8
1. Հայկական կողմը մինչև ընթացիկ օրացուցային տարվա նոյեմբերի 1-ը (մեկը) ղազախական կողմին սահմանված կարգով ներկայացնում է տեղեկատվություն 9 (ինը) ամսվա կտրվածքով ինդիկատիվ հաշվեկշիռների կատարման և ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում դրանց ակնկալվող կատարման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ հաջորդ օրացուցային տարվա համար ինդիկատիվ հաշվեկշիռների և արձանագրության կազմման վերաբերյալ։
2. Կողմերի իրավասու մարմինները մինչև օրացուցային տարվա հունվարի 31-ը (երեսունմեկը) անցկացնում են Ղազախստանի Հանրապետության և երրորդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության փոխադարձ առևտրի վիճակագրության և ցանկով հաստատված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրության համեմատություն։
Հոդված 9
Սույն համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման, սույն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Կողմերից մեկի կողմից կատարելու համար խոչընդոտներ ստեղծող հանգամանքների առաջացման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։
Հոդված 10
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք դրա անբաժանելի մասն են կազմում և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով։
Հոդված 11
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրը լրանալուց հետո։
2. Սույն համաձայնագիրը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը (երեսունմեկը), այդ ժամկետը լրանալուն պես այն ավտոմատ կերպով երկարաձգվում է 5 (հինգ) տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն համաձայնագրի գործողության սկզբնական ժամկետը լրանալուց առնվազն 6 (վեց) ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։
Կատարված է _________ քաղաքում 2020 թվականի հուլիսի «16»-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են։
Սույն համաձայնագրի տեքստերի միջև տարընթերցումների դեպքում Կողմերը հիմք են ընդունում ռուսերեն տեքստը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|