Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2018
Ստորագրման ամսաթիվ
08.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Պայմանավորվող կողմերը,

ՀԻՇԵՑՆԵԼՈՎ, որ «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիան (1979 թվական) խրախուսում է միջազգային համագործակցությունը միգրացվող տեսակների պահպանության ուղղությամբ,

ՀԻՇԵՑՆԵԼՈՎ նաև, որ 1985 թվականի հոկտեմբերին Բոննում կայացած` Կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի առաջին նստաշրջանի ընթացքում Կոնվենցիայի քարտուղարությանը հանձնարարվել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել Արևմտյան Պալեարկտիկայի բադազգիների մասին համաձայնագրի մշակման ուղղությամբ,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միգրացվող ջրային թռչունները կազմում են համաշխարհային կենսաբանական բազմազանության կարևորագույն մասը, որը, պահպանելով «Կենսաբանական բազմազանության մասին» 1992 թվականի կոնվենցիայի ոգին և 21-րդ Ծրագրի պահանջները, պետք է պահպանվի՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ միգրացվող ջրային թռչունների որոշակի տեսակների հավաքից ստացվող տնտեսական, սոցիալական, մշակութային և ռեկրեացիոն օգուտները և ընդհանրապես ջրային թռչունների` շրջակա միջավայրին վերաբերող, էկոլոգիական, գենետիկական, գիտական, գեղագիտական, ռեկրեացիոն, մշակութային, կրթական, սոցիալական և տնտեսական նշանակությունը,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ միգրացվող ջրային թռչունների ցանկացած հավաք պետք է իրականացվի խելամիտ կերպով` հաշվի առնելով տվյալ տեսակների պահպանության կարգավիճակը դրանց բոլոր ապրելավայրերում, ինչպես նաև դրանց կենսաբանական հատկանիշները,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ միգրացվող ջրային թռչունները առանձնապես խոցելի են, քանի որ չվում են երկար հեռավորություններ և կախված են խոնավ տարածքներից, որոնք, ինչպես նշվում է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների` որպես հատկապես ջրային թռչունների բնակավայրերի մասին» կոնվենցիայում (1971 թվական), մարդկային ոչ խելամիտ գործունեության հետևանքով կրճատվում են, և որոնց վիճակը վատթարանում է,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ջրային թռչունների միգրացվող տեսակների և աֆրիկյան-եվրասիական միգրացիոն համակարգի աշխարհագրական տարածքում դրանց բնակավայրերի թվի անկումը կանգնեցնելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ բազմակողմ համաձայնագրի կնքումը և դրա կիրարկումը համակարգված կամ համաձայնեցված գործողության միջոցով էականորեն կնպաստեն միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի առավել արդյունավետ պահպանմանը և լրացուցիչ օգուտներ կբերի բազմաթիվ այլ կենդանիների ու բույսերի տեսակներին և

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ այդպիսի համաձայնագրի արդյունավետ կիրարկմամբ կպահանջվի ապրելավայրի որոշ պետություններին ջրային թռչունների միգրացվող տեսակների և դրանց բնակավայրերի հետազոտության, ուսուցման և մոնիտորինգի, այդ բնակավայրերի կառավարման, ինչպես նաև սույն Համաձայնագրի կիրարկման համար գիտական կամ վարչական հաստատությունների հիմնադրման կամ բարելավման հարցերով օժանդակության ցուցաբերում,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

Հոդված I

Գործողության ոլորտը, սահմանումները և մեկնաբանումը

 

 1. Սույն Համաձայնագրի գործողության աշխարհագրական ոլորտը աֆրո-եվրասիական ջրային թռչունների միգրացիոն ուղիների տարածքն է, այսուհետ` Համաձայնագրի տարածք, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի I հավելվածում:

2. Սույն Համաձայնագրի իմաստով`

ա) «Կոնվենցիա» նշանակում է` «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիա (1979 թվական).

բ) «Կոնվենցիայի քարտուղարություն» նշանակում է` Կոնվենցիայի IX հոդվածի համաձայն ստեղծված մարմին.

գ) «Ջրային թռչուն» նշանակում է` այն թռչունների տեսակները, որոնք բնապահպանության տեսանկյունից կախված են խոնավ տարածքներից առնվազն իրենց տարեկան կենսաշրջանի մի մասով, ունեն ապրելավայր, որը լիովին կամ մասամբ սույն Համաձայնագրի տարածքում է, և ընդգրկված են սույն Համաձայնագրի 2-րդ hավելվածում.

դ) «Համաձայնագրի քարտուղարություն» նշանակում է` սույն Համաձայնագրի VI հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ստեղծված մարմին.

ե) «Կողմեր» նշանակում է` սույն Համաձայնագրի Կողմեր, եթե համատեքստում այլ բան չի նշվում. և

զ) «Ներկա գտնվող և քվեարկող Կողմեր» նշանակում է` ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմեր. ձեռնպահ քվեարկողները չեն համարվում ներկա գտնվող և քվեարկող Կողմեր:

Բացի դրանից` Կոնվենցիայի I հոդվածի 1-ին կետի «ա-ժա» ենթակետերում նշված տերմինները պետք է, համապատասխան փոփոխություններով, սույն Համաձայնագրում ունենան նույն իմաստը:

3. Սույն Համաձայնագիրը համարվում է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Կոնվենցիայի IV հոդվածի 3-րդ կետի իմաստով:

4. Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են դրա անբաժանելի մասը: Սույն Համաձայնագրին ցանկացած հղում նաև հղում է դրա հավելվածներին:

 

Հոդված II

Հիմնարար սկզբունքները

 

1. Կողմերը համակարգված քայլեր են ձեռնարկում ջրային թռչունների միգրացվող տեսակներին բարենպաստ պահպանության կարգավիճակում պահելու կամ այդ կարգավիճակը վերականգնելու համար: Այդ նպատակով նրանք պետք է իրենց ներպետական իրավասությունների սահմաններում կիրառեն III հոդվածում սահմանված միջոցները` սույն Համաձայնագրի IV հոդվածում նախատեսված գործողությունների ծրագրով սահմանված հատուկ գործողությունների հետ մեկտեղ:

2. Վերը նշված 1-ին կետում սահմանված միջոցներն իրականացնելիս Կողմերը պետք է հաշվի առնեն զգուշավորության սկզբունքը:

 

Հոդված III

Պահպանության ընդհանուր միջոցները

 

 1. Կողմերը միջոցներ են ձեռնարկում միգրացվող ջրային թռչունների պահպանության համար` հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված տեսակներին, ինչպես նաև այն տեսակներին, որոնք գտնվում են անբարենպաստ պահպանության կարգավիճակում:

 2. Այդ նպատակով Կողմերը`

ա) Համաձայնագրի տարածքում վտանգված ջրային թռչունների միգրացվող տեսակներին տրամադրում է այն լիարժեք պահպանությունը, որը սահմանված է Կոնվենցիայի III հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով.

բ) ապահովում են, որ միգրացվող ջրային թռչունների ցանկացած օգտագործում հիմնված լինի իրենց էկոլոգիայի գնահատման ամենաժամանակակից գիտելիքների վրա և հաստատուն լինի ինչպես այդ տեսակների, այնպես էլ դրանք պահպանող էկոլոգիական համակարգերի համար.

գ) որոշում են իրենց տարածքում միգրացվող ջրային թռչունների տարածքները և բնակավայրերը և խրախուսում են այդ վայրերի պահպանությունը, կառավարումը և վերականգնումը սույն Համաձայնագրի IX հոդվածի «ա» և «բ» կետերում նշված` բնակավայրերի պահպանությամբ զբաղվող մարմինների հետ մեկտեղ.

դ) համակարգում են իրենց քայլերը, որպեսզի երաշխավորեն, որ համապատասխան բնակավայրերի ցանցը պահպանվի կամ, անհրաժեշտության դեպքում, կրկին ստեղծվի ջրային թռչունների միգրացվող յուրաքանչյուր տեսակի տարածման ամբողջ տարածքով, մասնավորապես` այն դեպքերում, երբ խոնավ տարածքները սույն Համաձայնագրի ավելի քան մեկ Կողմի տարածքի սահմաններում են.

ե) ուսումնասիրում են այն խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ մարդկային գործունեությունից, և ձգտում են իրականացնել պաշտպանիչ միջոցներ` ներառյալ բնակավայրի վերականգնումը և, բնակավայրի կորստի դեպքում, փոխհատուցման միջոցները.

զ) համագործակցում են միջազգային համաձայնեցված գործողություն պահանջող արտակարգ իրավիճակներում և պարզում են ջրային թռչունների միգրացվող այն տեսակները, որոնք այդպիսի իրավիճակներում առավել խոցելի են, ինչպես նաև համագործակցում են արագ արձագանքման համապատասխան մեխանիզմների մշակման ուղղությամբ` նման իրավիճակներում այդպիսի տեսակների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու համար և այդպիսի իրավիճակներին դիմակայելու և առանձին Կողմերին աջակցելու համար ուղեցույցների պատրաստման հարցերում.

է) արգելում են այլ տարածքներում բնակվող ջրային թռչունների տեսակների կանխամտածված ներմուծումը շրջակա միջավայր և այդ տեսակների ոչ միտումնավոր ազատ արձակումը կանխելու համար ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները, եթե այդ ներմուծումը կամ ազատ արձակումը կարող է վնաս հասցնել վայրի բուսական և կենդանական աշխարհի պահպանության կարգավիճակին, իսկ եթե այլ տարածքներում բնակվող ջրային թռչունները արդեն ներմուծվել են, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` թույլ չտալու համար, որ այդ տեսակները վտանգեն բնիկ տեսակներին.

ը) նախաձեռնում են միգրացվող ջրային թռչունների կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ հետազոտություններ կամ աջակցում են դրանց` ներառյալ հետազոտության և մոնիտորինգի մեթոդների ներդաշնակեցումը և, անհրաժեշտության դեպքում, համակցված կամ համատեղ ծրագրերի ստեղծումը.

թ) վերլուծում են իրենց ուսուցման համակարգերը, ի թիվս այլ հարցերի, միգրացվող ջրային թռչունների հետազոտությունների, մոնիտորինգի, օղանշման և խոնավ տարածքների կառավարման, ուսուցման առաջնային թեմաների և տարածքների որոշման և համապատասխան ուսուցման ծրագրերի մշակման և ապահովման համար.

ժ) մշակում են և շարունակում են միգրացվող ջրային թռչունների պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացման և ընկալման ծրագրերն ընդհանրապես և, մասնավորապես, սույն Համաձայնագրի որոշակի նպատակների և դրույթների համար.

ժա) իրականացնում են հետազոտությունների, մոնիտորինգի, պահպանության և կրթական ծրագրերի արդյունքների և տեղեկատվության փոխանակում, և

ժբ) միմյանց հետ համագործակցում են մասնավորապես հետազոտության և մոնիտորինգի ոլորտներում` սույն Համաձայնագրի կիրարկմանն աջակցելու նպատակով:

 

Հոդված IV

Գործողության ծրագիրը և պահպանության վերաբերյալ ուղեցույցները

 

 1. Գործողության ծրագիրը կցված է` որպես սույն Համաձայնագրի 3-րդ hավելված: Դրա մեջ մատնանշվում են այն գործողությունները, որոնք Կողմերը պետք է ձեռնարկեն առաջնային տեսակների և հիմնախնդիրների վերաբերյալ` հետևյալ վերնագրերով, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պահպանության ընդհանուր միջոցներին համապատասխան.

ա) տեսակների պահպանություն,

բ) բնակավայրի պահպանություն,

գ) մարդկանց գործողությունների կառավարում,

դ) հետազոտություն և մոնիտորինգ,

ե) կրթություն ու տեղեկատվություն և

զ) կիրարկում:

2. Գործողության ծրագիրը պետք է դիտարկվի Կողմերի ժողովի յուրաքանչյուր հերթական նիստի ընթացքում՝ հաշվի առնելով պահպանության վերաբերյալ ուղեցույցները:

3. Գործողության ծրագրում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է ընդունի Կողմերի ժողովը` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի դրույթները:

4. Պահպանության վերաբերյալ ուղեցույցները պետք է ներկայացվեն Կողմերի ժողովին՝ առաջին նիստում ընդունելու համար, և պետք է պարբերաբար դիտարկվեն:

 

Հոդված V

Կիրարկումը և ֆինանսավորումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ`

ա) սույն Համաձայնագրի կիրարկման համար նշանակում է մարմին կամ մարմիններ, որը (որոնք), ի թիվս այլ հարցերի, պետք է իրականացնի (իրականացնեն) բոլոր այն գործողությունների մոնիտորինգը, որոնք կարող են ազդեցություն ունենալ ջրային թռչունների այն միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակի վրա, որոնց համար Կողմը ապրելավայրի պետություն է.

բ) նշանակում է մյուս Կողմերի հետ կապն ապահովող մարմին և, առանց ուշացման, Համաձայնագրի քարտուղարությանը հաղորդում դրա անվանումը և հասցեն, որն այդ մասին այնուհետև պետք է տեղեկացնի մյուս Կողմերին, և

գ) Կողմերի ժողովի հերթական յուրաքանչյուր նիստի համար` սկսած երկրորդ նիստից, պատրաստում է զեկույց, իր կողմից Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով պահպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցներին: Այդ զեկույցի ձևը պետք է որոշվի Կողմերի ժողովի առաջին նիստում և, անհրաժեշտության դեպքում, վերանայվի Կողմերի ժողովի ցանկացած հաջորդող նիստի ընթացքում: Յուրաքանչյուր զեկույց պետք է ներկայացվի Կողմերի քարտուղարություն ոչ ուշ, քան Կողմերի ժողովի այն հերթական նիստից հարյուր քսան օր առաջ, որի համար պատրաստվել է, և պատճենները պետք է Կողմերի քարտուղարության կողմից անմիջապես փոխանցվեն մյուս Կողմերին:

2. ա) Յուրաքանչյուր Կողմ պետք է մուծումներ կատարի Համաձայնագրի բյուջե` Միավորված ազգերի կազմակերպության գնահատման սանդղակին համապատասխան: Յուրաքանչյուր Կողմ ապրելավայրի պետության համար մուծումները պետք է սահմանափակվեն ընդհանուր բյուջեի առավելագույնը 25 տոկոսով: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ոչ մի կազմակերպությունից չպետք է պահանջվի վարչական ծախսերի 2,5 տոկոսից ավելի մուծում կատարել:

բ) Բյուջեում կամ գնահատման սանդղակում կատարվող ցանկացած փոփոխության վերաբերող որոշումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել, պետք է ընդունվեն Կողմերի ժողովի ընդհանուր համաձայնությամբ:

3. Կողմերի ժողովը Կողմերի կամավոր մուծումներից կամ ցանկացած այլ աղբյուրից կարող է հիմնել պահպանության հիմնադրամ` մոնիտորինգի իրականացման, հետազոտությունների, ուսուցման և պահպանման ծրագրերի` ներառյալ միգրացվող ջրային թռչունների պահպանության և խնամքի ֆինանսավորման նպատակով:

4. Կողմերը խրախուսվում են մյուս Կողմերին ցուցաբերել բազմակողմ կամ երկկողմ հիմունքներով ուսումնական և տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար:

 

Հոդված VI

Կողմերի ժողովը

 

1. Կողմերի ժողովը սույն Համաձայնագրի որոշում կայացնող մարմինն է:

2. Ավանդապահը, խորհրդակցելով Կոնվենցիայի քարտուղարության հետ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարի հետո հրավիրում է Կողմերի ժողովի նիստ: Դրանից հետո Համաձայնագրի քարտուղարությունը, խորհրդակցելով Կոնվենցիայի քարտուղարության հետ, առավելագույնը երեք տարին մեկ անգամ հրավիրում է Կողմերի ժողովի հերթական նիստեր, եթե Կողմերի ժողովը այլ որոշում չկայացնի: Հնարավորության դեպքում, նման նիստերը պետք է համընկնեն Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովի նստաշրջանների հետ:

3. Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի գրավոր պահանջի հիման վրա Համաձայնագրի քարտուղարությունը պետք է հրավիրի Կողմերի ժողովի արտահերթ նիստ:

4. Միավորված ազգերի կազմակերպությունը, դրա մասնագիտացված գործակալությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Համաձայնագրի կողմ չհանդիսացող ցանկացած պետություն և միջազգային կոնվենցիաների քարտուղարությունները, որոնք, ի թիվս այլ մարմինների, զբաղվում են միգրացվող ջրային թռչունների պահպանությամբ և խնամքով, Կողմերի ժողովի նիստին կարող են ներկայացված լինել իրենց դիտորդների կողմից: Ցանկացած գործակալություն կամ միգրացվող ջրային թռչունների պահպանության հարցերում կամ ջրային թռչունների վերաբերյալ հետազոտությունների ոլորտում տեխնիկապես որակավորված մարմին նույնպես կարող է ներկայացված լինել Կողմերի խորհրդաժողովին դիտորդների կողմից, եթե Կողմերի առնվազն մեկ երրորդն առարկություն չներկայացնի:

5. Ձայնի իրավունք ունեն միայն Կողմերը: Յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայնի իրավունք, սակայն տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք սույն Համաձայնագրի Կողմ են, իրենց իրավասությանը վերաբերող հարցերում օգտվում են այնքան ձայնի իրավունքից, որքան Համաձայնագրի Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների թիվն է: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային որևէ կազմակերպություն չպետք է օգտագործի ձայնի իր իրավունքը, եթե նրա անդամ պետություններն օգտագործում են ձայնի իրենց իրավունքը, և` հակառակը:

6. Եթե սույն Համաձայնագրով այլ բան չի նախատեսվում, Կողմերի ժողովի որոշումները պետք է ընդունվեն ընդհանուր համաձայնությամբ, իսկ եթե ընդհանուր համաձայնություն հնարավոր չէ ձեռք բերել, ապա` ներկա գտնվող և քվեարկող Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ:

7. Իր առաջին նիստում Կողմերի ժողովը`

ա) ընդհանուր համաձայնությամբ ընդունում է իր ընթացակարգային կանոնները.

բ) սույն Համաձայնագրի VIII հոդվածում նշված գործառույթների իրականացման համար Կոնվենցիայի քարտուղարության ներսում ստեղծում է Համաձայնագրի քարտուղարություն.

գ) ստեղծում է սույն Համաձայնագրի VII հոդվածով նախատեսված տեխնիկական կոմիտեն.

դ) ընդունում է այն զեկույցների ձևը, որոնք պետք է պատրաստվեն սույն Համաձայնագրի V հոդվածի 1-ին կետի <գ>> ենթակետի համաձայն, և

ե) ընդունում է պահպանության անհետաձգելի միջոցների ձեռնարկում պահանջող արտակարգ իրավիճակների որոշման չափորոշիչները և սահմանում է ձեռնարկվելիք գործողության համար պարտականությունները բաշխելու սկզբունքներ:

8. Իր յուրաքանչյուր հերթական նիստի ընթացքում Կողմերի համաժողովը`

ա) քննարկում է միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի պահպանության կարգավիճակի իրական ու հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև դրանց վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործոնները.

բ) ուսումնասիրում է սույն Համաձայնագրի իրականացման առումով արձանագրված առաջընթացը և ի հայտ եկած դժվարությունները.

գ) ընդունում է բյուջեն և քննարկում է սույն Համաձայնագրի ֆինանսական կողմին առնչվող ցանկացած հարց.

դ) քննարկում է Համաձայնագրի քարտուղարության և տեխնիկական կոմիտեին անդամակցելու հետ կապված ցանկացած խնդիր.

ե) ընդունում է սույն Համաձայնագրի Կողմերին և Կոնվենցիայի Կողմերի խորհրդաժողովին ներկայացվող հաշվետվությունը, և

զ) սահմանում է հաջորդ նիստի վայրը և ժամանակը:

9. Իր ցանկացած նիստի ընթացքում Կողմերի ժողովը կարող է`

ա) առաջարկություններ անել Կողմերին, երբ դա համարում է անհրաժեշտ կամ պատշաճ.

բ) հաստատել հատուկ գործողություններ` սույն Համաձայնագրի արդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ, համապատասխան դեպքերում, արագ արձագանքման գործողություններ, ինչպես նշված է սույն Համաձայնագրի VII հոդվածի 4-րդ կետում.

գ) քննարկել և որոշում կայացնել սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների վերաբերյալ.

դ) գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարել` սույն Համաձայնագրի IV հոդվածի 3-րդ կետի համաձայն.

ե) անհրաժեշտության դեպքում ստեղծել այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք աջակցություն կցուցաբերեն Համաձայնագրի կիրարկման հարցում` մասնավորապես գործողության աշխարհագրական և տաքսոնոմիական ոլորտով մասնակիորեն համընկնող միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով և համաձայնագրերով ստեղծված մարմինների համակարգման համար և

զ) որոշում կայացնել սույն Համաձայնագրի կիրարկման հետ կապված ցանկացած այլ հարցով:

 

Հոդված VII

Տեխնիկական կոմիտեն

1. Տեխնիկական կոմիտեի մեջ մտնում են.

 

ա) Համաձայնագրի տարածքի տարբեր տարածաշրջաններ ներկայացնող ինը փորձագետ` աշխարհագրական համաչափ բաշխվածության համաձայն,

բ) մեկ ներկայացուցիչ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միությունից (IUCN), մեկ ներկայացուցիչ՝ Ջրային թռչունների և խոնավ տարածքների միջազգային հետազոտական գրասենյակից (IWRB), մեկ ներկայացուցիչ՝ Որսի և վայրի աշխարհի պահպանության միջազգային խորհրդից (CIC), և

գ) մեկական փորձագետ հետևյալ յուրաքանչյուր ոլորտից` գյուղատնտեսություն, որսի կառավարում և բնապահպանական իրավունք:

 Փորձագետների նշանակման կարգը, նրանց նշանակման ժամկետը և տեխնիկական կոմիտեի նախագահի նշանակման կարգը սահմանվում են Կողմերի ժողովի կողմից: Նախագահը կարող է ընդունել առավելագույնը չորս դիտորդ միջազգային միջկառավարական կամ ոչ կառավարական մասնագիտացված կազմակերպություններից:

2. Եթե Կողմերի ժողովն այլ որոշում չի կայացնում, Տեխնիկական կոմիտեի հանդիպումները գումարվում են սույն Համաձայնագրի քարտուղարության կողմից` Կողմերի ժողովի յուրաքանչյուր նիստի հետ մեկտեղ, և առնվազն մեկ անգամ` Կողմերի ժողովի հերթական նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:

3. Տեխնիկական կոմիտեն`

ա) տրամադրում է գիտական և տեխնիկական խորհրդատվություն ու տեղեկատվություն Կողմերի ժողովին, իսկ Համաձայնագրի քարտուղարության միջոցով` Կողմերին.

բ) առաջարկություններ է անում Կողմերի ժողովին գործողությունների ծրագրի, սույն Համաձայնագրի կիրարկման և ապագա հետազոտությունների վերաբերյալ.

գ) պատրաստում է Կողմերի ժողովի յուրաքանչյուր հերթական նիստի համար իր գործունեության մասին հաշվետվություն, որը պետք է ներկայացվի Համաձայնագրի քարտուղարությանը Կողմերի համաժողովի նիստից առնվազն հարյուր քսան օր առաջ, իսկ պատճենները Համաձայնագրի քարտուղարության կողմից պետք է անմիջապես փոխանցվեն Կողմերին, և

դ) կատարում է Կողմերի ժողովի կողմից իրեն տրված ցանկացած այլ հանձնարարական:

4. Եթե, Տեխնիկական կոմիտեի կարծիքով, առաջացել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է ընդունել անհապաղ միջոցներ մեկ կամ ավելի միգրացվող ջրային թռչունների պահպանության կարգավիճակի վատթարացումից խուսափելու համար, ապա Տեխնիկական կոմիտեն կարող է Համաձայնագրի քարտուղարությանը խնդրել անհապաղ հրավիրել շահագրգիռ Կողմերի ժողով: Դրանից հետո այդ Կողմերը պետք է հանդիպեն հնարավորինս շուտ, որպեսզի արագորեն ստեղծեն մեխանիզմ այն տեսակներին պաշտպանելու համար, որոնց առավելագույն վտանգ է սպառնում: Այդպիսի ժողովի ժամանակ առաջարկություն ընդունվելու դեպքում Կողմերը պետք է տեղեկացնեն միմյանց և Համաձայնագրի քարտուղարությանը դրա կիրարկման համար ձեռնարկած միջոցների կամ առաջարկությունը չկիրարկելու հիմքերի մասին:

5. Տեխնիկական կոմիտեն կարող է ստեղծել այնպիսի աշխատանքային խմբեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել հատուկ հանձնարարականներ կատարելու համար:

 

Հոդված VIII

Համաձայնագրի քարտուղարությունը

 

 Համաձայնագրի քարտուղարության գործառույթներն են`

ա) կազմակերպել և անցկացնել Կողմերի ժողովի նիստերը, ինչպես նաև տեխնիկական կոմիտեի նստաշրջանները.

բ) կատարել Կողմերի ժողովի կողմից իրեն ուղղված որոշումները.

գ) նպաստել և համակարգել Համաձայնագրում ներառված գործողությունները` ներառյալ գործողությունների ծրագիրը, Կողմերի ժողովի որոշումներին համապատասխան.

դ) կապ պահպանել Կողմ չհանդիսացող ապրելավայրի պետությունների հետ և աջակցել Կողմերի և միջազգային ու ներպետական այն կազմակերպությունների համագործակցությանը, որոնց գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է ջրային թռչունների պահպանությանը` ներառյալ պաշտպանությանն ու խնամքին.

ե) հավաքել և վերլուծել այնպիսի տեղեկատվություն, որը կնպաստի Համաձայնագրի նպատակների իրագործմանն ու Համաձայնագրի կիրարկմանը, և կազմակերպել այդ տեղեկատվության պատշաճ տարածում.

զ) Կողմերի ժողովի ուշադրությունը հրավիրել սույն Համաձայնագրի նպատակների հետ կապված հարցերին.

է) յուրաքանչյուր Կողմի փոխանցել սույն Համաձայնագրի V հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված մարմինների և Տեխնիկական կոմիտեի զեկույցների պատճենները սույն հոդվածի «ը» կետով սահմանված զեկույցների պատճենների հետ մեկտեղ` Կողմերի ժողովի յուրաքանչյուր հերթական նիստից առնվազն վաթսուն օր առաջ.

ը) պատրաստել ամենամյա և Կողմերի ժողովի յուրաքանչյուր հերթական նիստի համար քարտուղարության աշխատանքների և Համաձայնագրի կիրարկման մասին հաշվետվություններ.

թ) վարել Համաձայնագրի բյուջեն, իսկ պահպանության հիմնադրամի ստեղծման դեպքում՝ նաև հիմնադրամը.

ժ) հանրությանը տրամադրել տեղեկատվություն Համաձայնագրի և դրա նպատակների մասին, և

ժա) կատարել այլ գործառույթներ, որոնք կարող են իրեն վերապահվել սույն Համաձայնագրով կամ Կողմերի ժողովի կողմից:

 

Հոդված IX

Հարաբերությունները միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի հարցերով զբաղվող միջազգային մարմինների հետ

 

Համաձայնագրի քարտուղարությունը պետք է պարբերաբար խորհրդակցի.

ա) Կոնվենցիայի քարտուղարության և, անհրաժեշտության դեպքում, Կոնվենցիայի IV հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, քարտուղարության գործառույթների համար պատասխանատու մարմինների հետ, որոնք զբաղվում են միգրացվող ջրային թռչունների հարցերով, ինչպես «Միջազգային կարևորության խոնավ տարածքների` հատկապես որպես ջրային թռչունների բնակավայրերի մասին» կոնվենցիայի (1971 թվական), «Վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (1973 թվական), «Բնության և բնական պաշարների պահպանության մասին» աֆրիկյան կոնվենցիայի (1968 թվական), «Եվրոպայի վայրի կենդանիների և բնական բնակավայրերի պահպանության մասին» կոնվենցիայի (1979 թվական), «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (1992 թվական) մարմինների հետ` նպատակ ունենալով համակարգել Կողմերի ժողովի և այդ կոնվենցիաների Կողմերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մասնավորապես գործողությունների ծրագրի մշակման և իրագործման շուրջ.

բ) բոլոր այլ կոնվենցիաների քարտուղարությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, և

գ) այլ կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի պահպանության, այդ թվում` պաշտպանության և խնամքի հետ կապված հարցերում, ինչպես նաև հետազոտության, կրթության և իրազեկության բարձրացման հարցերում:

 

Հոդված X

Համաձայնագրում կատարվող փոփոխությունները

 

1. Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարվել Կողմերի ժողովի ցանկացած հերթական և արտահերթ նիստի ընթացքում:

2. Ցանկացած Կողմ կարող է փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել:

3. Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ և դա կատարելու պատճառները փոխանցվում են Համաձայնագրի քարտուղարությանը նիստից առնվազն հարյուր հիսուն օր առաջ: Համաձայնագրի քարտուղարությունը դրանց պատճեններն անհապաղ ուղարկում է բոլոր Կողմերին: Կողմերի կողմից տեքստի վերաբերյալ արված բոլոր դիտողությունները ներկայացվում են Համաձայնագրի քարտուղարություն նիստի անցկացման օրվանից առնվազն վաթսուն օր առաջ: Քարտուղարությունը հնարավորինս շուտ` դիտողությունները ներկայացնելու վերջին օրվանից անմիջապես հետո, Կողմերին ներկայացնում է այդ օրվա դրությամբ ստացված բոլոր դիտողությունները:

4. Համաձայնագրում կատարվող ցանկացած փոփոխություն, բացառությամբ դրա հավելվածներում կատարվող փոփոխության, ընդունվում է ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ուժի մեջ մտնում այն Կողմերի համար, որոնք դա ընդունել են այն օրվանից հետո երեսուներորդ օրը, երբ Համաձայնագրի կողմերի երկու երրորդը, կատարվող փոփոխությունն ընդունելու օրը, ընդունման մասին փաստաթղթերն ի պահ է հանձնել ավանդապահին: Ցանկացած Կողմի համար, որն ի պահ է հանձնում ընդունման մասին փաստաթուղթը Կողմերի երկու երրորդի կողմից ընդունման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո, այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

5. Լրացուցիչ ցանկացած հավելված և հավելվածում կատարվող ցանկացած փոփոխություն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, և բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում Կողմերի ժողովի կողմից դրա ընդունման իննսուներորդ օրը` բացառությամբ այն Կողմերի, որոնք, սույն հոդվածի 6-րդ կետի համաձայն ներկայացրել են վերապահում:

6. Սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված իննսունօրյա ժամանակահատվածի ընթացքում ցանկացած Կողմ կարող է, ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով, վերապահում կատարել լրացուցիչ հավելվածի կամ հավելվածում կատարվող փոփոխության վերաբերյալ: Այդպիսի վերապահումը ցանկացած ժամանակ կարող է հետ վերցվել ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով, և դրանից հետո լրացուցիչ հավելվածը կամ փոփոխությունը տվյալ Կողմի համար ուժի մեջ է մտնում վերապահումը հետ վերցնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:

 

Հոդված XI

Սույն Համաձայնագրի ազդեցությունը միջազգային կոնվենցիաների և օրենսդրության վրա

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում գործող միջազգային պայմանագրերից, կոնվենցիաներից կամ համաձայնագրերից բխող` որևէ Կողմի իրավունքների և պարտավորությունների վրա:

2. Սույն Համաձայնագրի դրույթները ոչ մի դեպքում չպետք է ազդեն որևէ Կողմի` միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի պահպանության ուղղությամբ ավելի խիստ միջոցներ կիրառելու իրավունքների վրա:

 

Հոդված XII

Վեճերի կարգավորումը

 

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել երկու կամ ավելի Կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ, կարգավորվում է բանակցությունների միջոցով` վեճում ներգրավված Կողմերի կողմից:

 2. Եթե վեճը հնարավոր չէ կարգավորել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ վեճը ներկայացնել արբիտրաժ, մասնավորապես` Հաագայի մշտական արբիտրաժային դատարան, և վեճը ներկայացրած Կողմերի համար արբիտրաժային դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

 

Հոդված XIII

Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը, միանալը

 

 1. Սույն Համաձայնագիրը բաց է ապրելավայրի ցանկացած պետության կողմից ստորագրման համար` անկախ այն հանգամանքից` նրա տարածքը Համաձայնագրի տարածքի սահմաններում է, թե ոչ, կամ` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որի առնվազն մեկ անդամը ապրելավայրի պետություն է`

ա) ստորագրելով` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում կատարելու, կամ

բ) ստորագրելով` վավերացնելուց, ընդունելուց, հաստատելուց հետո վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում կատարելով:

2. Մինչև ուժի մեջ մտնելը սույն Համաձայնագիրը ստորագրման համար բաց կլինի Հաագայում:

3. Սույն Համաձայնագիրը բաց կլինի ապրելավայրի ցանկացած պետության կամ 1-ի կետում նշված տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության միանալու համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից և դրանից հետո:

4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հոդված XIV

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ապրելավայրի առնվազն տասնչորս պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնցից առնվազն յոթը Աֆրիկայի, իսկ յոթը Եվրասիայի պետություններ պետք է լինեն, առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահմամբ ստորագրվելուց կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ հանձնվելուց հետո երրորդ ամսվա առաջին օրը` սույն Համաձայնագրի XIII հոդվածին համապատասխան:

2. Ապրելավայրի ցանկացած պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը`

ա) ստորագրել է` առանց վերապահում կատարելու վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ.

բ) վավերացրել, ընդունել կամ հաստատել է, կամ

գ) միացել է սույն Համաձայնագրին այն օրվանից հետո, երբ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ թվով ապրելավայրի պետությունները կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները ստորագրել են այն առանց վերապահում կատարելու, կամ վավերացրել, ընդունել կամ հաստատել են, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից առանց վերապահում կատարելու ստորագրվելուց, կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնվելու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

 

Հոդված XV

Վերապահումները

 

Սույն Համաձայնագրի դրույթները ենթակա չեն ընդհանուր վերապահման: Այնուամենայնիվ, ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն կարող է որոշակի վերապահում անել առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահման ստորագրման վերաբերյալ կամ, անհրաժեշտության դեպքում, իր վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը ի պահ հանձնելիս Համաձայնագրով կարգավորվող որևէ տեսակի կամ գործողության ծրագրի որևէ դրույթի վերաբերյալ: Նման վերապահումը պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ցանկացած ժամանակ կարող է հետ վերցվել ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով. այդպիսի պետության կամ կազմակերպության համար պարտադիր չեն այն դրույթները, որոնք վերապահման առարկան են` վերապահումը հետ վերցնելու օրվանից մինչև երեսուն օր:

 

Հոդված XVI

Չեղյալ հայտարարելը

 

Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից տասներկու ամիս հետո:

 

Հոդված XVII

Ավանդապահը

 

1. Սույն Համաձայնագրի արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն բնօրինակները, որոնք բոլորն էլ հավասարազոր են, ի պահ են հանձնվում Նիդերլանդների Թագավորության Կառավարությանը, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է: Ավանդապահը պետք է յուրաքանչյուր տարբերակի հաստատված պատճենները փոխանցի սույն Համաձայնագրի XVII հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև Համաձայնագրի քարտուղարությանը` վերջինիս ստեղծումից հետո:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն պես` դրա հաստատված պատճեններն ավանդապահի կողմից փոխանցվում են Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն գրանցելու և հրապարակելու համար:

3. Ավանդապահը տեղեկացնում է Համաձայնագիրն ստորագրող և դրան միացող բոլոր պետություններին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև Համաձայնագրի քարտուղարությանը.

ա) ցանկացած ստորագրության.

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու.

գ) սույն Համաձայնագրի և լրացուցիչ որևէ հավելվածի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև Համաձայնագրում կամ դրա հավելվածներում կատարվող ցանկացած փոփոխության.

 դ) լրացուցիչ հավելվածի կամ հավելվածում կատարվող փոփոխության վերաբերյալ կատարված ցանկացած վերապահման.

ե) վերապահումը հետ վերցնելու վերաբերյալ ցանկացած ծանուցման, և

զ) Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցման մասին:

Ավանդապահը սույն Համաձայնագիրն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև Համաձայնագրի քարտուղարությանը փոխանցում է վերապահում անելու, լրացուցիչ ցանկացած հավելվածի և Համաձայնագրում ու դրա հավելվածներում կատարվող ցանկացած փոփոխության մասին ցանկացած տեքստ:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան