Գլխավոր տեղեկություն
Համար
N 733
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.1999

040.0731.02.12.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
2 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 1999 թվականի N 733
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգին (կցվում է):

2. (կետն ուժը կորցրել է 21.03.02 N 281)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման

 

Ներածություն

 

Մեր հանրապետության սոցիալական ապահովության համակարգը ներկայումս գտնվում է բարեփոխումների փուլում: Անցում է կատարվում դեպի քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման, սոցիալական դժվար կացության մեջ գտնվող քաղաքացիների իրավիճակը մեղմացնող համաշխարհային պրակտիկայում ընդունված սկզբունքները: Միանշանակ է, որ այդ սկզբունքների իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մեխանիզմներ:

Ցանկացած ոլորտում աշխատանքների արդյունավետության գրավականը տեղեկատվությունն է: Տեղեկատվությանը ժամանակին և ամբողջությամբ տիրապետելը թույլ է տալիս արդյունավետ վերահսկել գործընթացը, անհրաժեշտ կանխատեսումներ կատարելու ու բարդ իրավիճակներում ճիշտ որոշում ընդունել: Այդ առումով բացառություն չէ նաև սոցիալական ոլորտը: Այստեղ մենք գործ ունենք տվյալների հսկայական ծավալների հետ, քանի որ ոլորտում ընդգրկված է հանրապետության գրեթե ամբողջ բնակչությունը: Տեղեկատվության ամբողջությանը չտիրապետելը մի կողմից թույլ չի տալիս արդյունավետ իրագործել նախագծված բարեփոխումների ծրագրերը, մյուս կողմից էլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, տեղիք է տալիս բազմաթիվ չարաշահումների:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես զբաղված է 1,4 մլն մարդ, որոնցից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարներ են կատարում միայն 570 հազարը: Այդ անձանց մուծումներից 583 հազար կենսաթոշակառուի վճարվում է կենսաթոշակ, ֆինանսավորվում են զբաղվածության պետական, ինչպես նաև սոցիալական ապահովագրության այլ ծրագրեր: Այսօր միայն վարչական մեթոդներով անհնար է բարձրացնել համակարգի արդյունավետությունը: Գործատուի կողմից կատարվող ապահովագրական վճարը կազմվում է գործատուի մոտ աշխատող անձանց դիմաց հաշվարկված ապահովագրական վճարներից: Սակայն գործող համակարգն ապահովագրավճար մուծելիս գործատուից չի կարող պահանջել մատնանշելու յուրաքանչյուր աշխատողի անհատական ներդրումը` անձնավորված հաշվառման անհնարինության պատճառով: Արդյունքում աշխատողները (ապահովագրված անձինք) շահագրգռված չեն այդ մուծումները վերահսկել, քանզի դրանք չեն ազդում հետագայում նշանակվող ապահովագրական հատուցման (օրինակ` կենսաթոշակի) չափի վրա: Վերոհիշյալն էլ տեղիք է տալիս գործատուների բազմաթիվ չարաշահումների:

Պետական նպաստի ոլորտում հավաքագրված տեղեկատվության մշակումը նույնպես չի համապատասխանում պահանջվող մակարդակին: Քաղաքացիների վերաբերյալ տվյալներն անձնավորված չեն, գոյություն չունի քաղաքացուն միանշանակ անձնավորող ծածկագիր, որի միջոցով հնարավոր կլիներ կատարել տվյալների միջոլորտային փոխանակում, ստուգել քաղաքացու կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը, հավաքել նրա վերաբերյալ օրենքով սահմանված այլ տվյալներ:

Զբաղվածության բնագավառում նույնպես շատ խնդիրներ են առաջացել քաղաքացիների անձնավորման բացակայության պատճառով: Մասնավորապես, չարաշահումների թիրախ է դարձել աշխատանքային գրքույկների գործող համակարգը, որը հնարավորություն չի տալիս լիարժեք ստուգելու քաղաքացու աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Դա պատճառ է հանդիսանում թաքնված զբաղվածության զարգացման, եկամուտների թաքցման, գործազուրկի ապօրինի կարգավիճակ ստանալու համար:

Մի շարք ռազմավարական ցուցանիշներ, որոնք այսօր չեն առանձնանում հավաստի հիմնավորվածությամբ, անձնավորված հաշվառման միջոցով կարող են ճշգրիտ հաշվարկվել: Դրանցից են ապահովագրված անձանց, կենսաթոշակառուների, պետական նպաստ ստացողների և գործազուրկների թիվը` տարբեր կտրվածքներով:

Քաղաքացիների անձնավորման իրագործումը լուծում է հանրապետությունում վերոհիշյալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Այդ նպատակով պետք է ներդնել քաղաքացիների սոցիալական ապահովության ծածկագրային համակարգ: Այդ ճանապարհով գնացել են բոլոր զարգացած երկրները, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև ԱՊՀ անդամ շատ պետություններում:

Անհատական ծածկագրային համակարգի ներդրումը թույլ կտա ապահովագրական հատուցման նշանակման ժամանակ հաշվի առնել աշխատանքային ստաժի ընթացքում կատարված ապահովագրական վճարները և դրականորեն կազդի ապահովագրական վճարների հավաքագրման, ապահովագրողի դրամական միջոցների ավելացման վրա և, հետևաբար, կբարելավի ներկայիս և հետագա սոցիալական ապահովագրության համակարգը: Քաղաքացիների անհատական ծածկագրումը թույլ կտա արդյունավետորեն կառավարել պետական նպաստի համակարգը և դրականորեն կազդի թաքնված զբաղվածության ու ստվերային տնտեսության դեմ պայքարի վրա: Անհատական ծածկագրային համակարգը հնարավորություն կստեղծի նաև բարձրացնել պետական կառավարման տարբեր ոլորտներում կատարվող բարեփոխումների արդյունավետությունը: Այն թույլ կտա կատարել քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության միջոլորտային փոխանակում և բնակչության հետ անձնավորված աշխատանք:

Ելնելով միջազգային փորձից` կարելի է պնդել, որ սոցիալական ապահովության բնագավառում բացի անձնավորված հաշվառումից այլընտրանք չկա և հաշվի առնելով, որ հաշվառման այդպիսի ձևին լրիվ անցումը որոշակի ժամանակ է պահանջում, անհրաժեշտ է այն սկսել անհապաղ:

 

Համակարգի ներդրման հիմնական նպատակները

 

Համակարգի ներդրման հիմնական նպատակներն են`

 սոցիալական ոլորտում պետության հետ առնչվող քաղաքացիների անձնավորված հաշվառման (իդենտիֆիկացիա) հնարավորության ստեղծումը: Այդպիսի քաղաքացիների գերակշիռ մասը սոցիալական ապահովագրության և պետական նպաստի համակարգերում ընդգրկված քաղաքացիներն են.

 ապահովագրված անձանց հաշվառման հետ մեկտեղ նրանց անհատական հաշիվների համակարգի ներդրման հնարավորության ստեղծումը: Անհատական հաշիվների համակարգը պետք է հաշվառի ապահովագրական (աշխատանքային) ստաժը, ապահովագրական վճարների մուծումները և, անհրաժեշտության դեպքում, այլ տվյալներ, որոնք հաշվի են առնվելու ապահովագրական հատուցման նշանակման ժամանակ.

 պետական նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ

 նպաստի նշանակման համար հիմք հանդիսացող տվյալների ստուգման և ճշգրտման հնարավորության ստեղծումը.

 ապահովագրված անձանց կողմից ապահովագրավճարների մուծումը շահագրգռող պայմանների ստեղծումը.

 սոցիալական ապահովության ոլորտում քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների միասնական և թափանցիկ համակարգի ստեղծումը, որը կապահովի զգալի ֆինանսական տնտեսումներ առանձին ենթաոլորտների լոկալ տեղեկատվական համակարգերի ստեղծման համեմատությամբ.

 սոցիալական ապահովության ոլորտում հիմնական հաշվետվական ցուցանիշների ճշգրիտ հաշվարկման հնարավորության ստեղծումը: Դա թույլ կտա ոլորտում ստեղծել այսօրվա համար խիստ անհրաժեշտ կանխատեսման մեխանիզմներ.

 սոցիալական ապահովության ոլորտում կատարվող գործընթացների վերաբերյալ պատշաճ վերահսկողության հնարավորության ստեղծումը.

 այսօր գործող աշխատանքային գրքույկների ինստիտուտից աշխատանքի վայրի և ստաժի հաշվառման համակարգչային ճշգրիտ համակարգին անցնելու հնարավորության ստեղծումը.

 պետական այլ համակարգերի համար քաղաքացիների անձնավորման (իդենտիֆիկացման) հնարավորության ստեղծումը.

 քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների միջոլորտային փոխանակման գործընթացի արդյունավետության բարձրացումը.

 թաքնված զբաղվածության և ստվերային տնտեսության դեմ պայքարի ուժեղացումը:

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի հիմնական սկզբունքները

 

Վերոհիշյալ նպատակներն իրագործելու համար առաջարկվում է ընդունել համակարգի հետևյալ հիմնական սկզբունքները`

 սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի առաջնային նպատակն է ծառայել սոցիալական ոլորտում քաղաքացու և պետության միջև ծագած հարաբերությունների կարգավորմանը.

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա կամ պետական նպաստ ստացող քաղաքացիները պարտադիր կերպով պետք է ստանան անհատական ծածկագիր.

 անհատական ծածկագիրը եզակի է, տրվում է քաղաքացուն միայն մեկ անգամ և հետագա փոփոխման ենթակա չէ.

անհատական ծածկագրային համակարգում պետք է ապահովվի գոյություն ունեցող տվյալների պատշաճ հավաստիությունը և գաղտնիությունը.

 քաղաքացին անհատական ծածկագրային համակարգում ընդգրկվելու պահից պետք է ստանա իր ծածկագիրը հավաստող փաստաթուղթ (ելնելով ֆինանսական հնարավորություններից դա կարող է լինել պլաստիկ քարտ, անձնագրի ներդիր կամ այլ տեսակի փաստաթուղթ).

 քաղաքացին անհատական ծածկագրային համակարգում ընդգրկվելու համար չպետք է կատարի որևէ նյութական ծախս.

 անհատական ծածկագիր ունեցող ցանկացած քաղաքացի սահմանված կարգով կարող է անվճար ծանոթանալ իր վերաբերյալ հավաքագրված անհատական տվյալներին.

 անհատական ծածկագրային համակարգում ընդգրկվելու նպատակով չաշխատող կամ գործազուրկ քաղաքացին սահմանված կարգով փաստաթղթեր պետք է ներկայացնի պետական այն մարմին, որի միջոցով իրականացվում է ապահովագրությունը կամ որտեղից նա ստանում է պետական նպաստ: Աշխատող քաղաքացիների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում գործատուն (ապահովադիրը).

պետական այն մարմինների տարածքային ստորաբաժանումները, որոնց միջոցով հավաքագրվում են ծածկագրային համակարգի համար անհրաժեշտ տվյալները, կարող են նաև հավաքագրել իրենց գործունեության համար անհրաժեշտ այլ տվյալներ (սույն հայեցակարգի հաջորդ բաժնում ներկայացված տվյալների պայմանական բաժանման 3-րդ մակարդակ).

 անհատական ծածկագրերի կենտրոնացված տրամադրումը և ծածկագրային համակարգի կառավարումը պետք է կատարի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը.

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սոցիալական ապահովության անհատական ծածկագրերը կարող են օգտագործվել պետական այլ մարմինների կողմից.

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կարող է սահմանել այն ծառայությունների ցանկը, որոնք կարող են վճարովի մատուցվել ոչ պետական հատվածին:

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգում տեղեկատվության գործառական մակարդակները

 

Ինչպես արդեն նշվել է, սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի առաջնային սոցիալական ոլորտում պետության հետ առնչվող քաղաքացիների (ապահովագրված անձանց և պետական նպաստ ստացողների) անձնավորված հաշվառման (իդենտիֆիկացիայի) միջոցով սոցիալական ապահովագրության և պետական նպաստների համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է: Այդ նպատակով կարևորվում է ոլորտում անձնավորված հաշվառման դերի, ինչպես նաև դրա գործառական պահպանման և օգտագործման մեխանիզմների վերաբերյալ հստակ պատկերացում ունենալը:

Սոցիալական ոլորտում քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացում անհատական ծածկագրային համակարգը պետք է ունենա կարգավորման, կենտրոնացման և արդյունավետության բարձրացման դեր: Այն պետք է հանդիսանա ոլորտում տեղեկատվական քաղաքականության առանցքը, որի շուրջ ձևավորվելու են տարբեր բնույթի անհրաժեշտ տվյալների շտեմարաններ:

Համակարգում ընդգրկված տվյալները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ 3 գործառական մակարդակի`

- 1-ին մակարդակի տվյալներ` քաղաքացու վերաբերյալ այնպիսի տվյալներ են, որոնք ենթակա չեն որևէ փոփոխման: Այդ տվյալները հավաքագրվում են մեկ անգամ, և դրանց հիման վրա ձևավորվում է քաղաքացու անհատական ծածկագիրը, որը նույնպես ժամանակի ընթացքում չի փոփոխվի: 1-ին մակարդակի տվյալները պահվում են կենտրոնացված շտեմարանում և դրանք բաց են բոլոր օգտագործողների համար. 

- 2-րդ մակարդակի տվյալներ` քաղաքացու վերաբերյալ այնպիսի տվյալներ են, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, սակայն իրենց էությամբ այնպիսին են, որ անհրաժեշտ կլինեն բոլոր ոլորտների և ենթաոլորտների աշխատանքների համար:

2-րդ մակարդակի տվյալները նույնպես պահվում են կենտրոնացված շտեմարանում և բաց են բոլոր օգտագործողների համար.

- 3-րդ մակարդակի տվյալներ` քաղաքացու վերաբերյալ այնպիսի փոփոխական տվյալներ են, որոնք անհրաժեշտ են միայն առանձին ոլորտների կամ ենթաոլորտների աշխատանքների համար:

3-րդ մակարդակի տվյալներն ապակենտրոնացված են պահվում այն կազմակերպություններում, որոնց աշխատանքների համար դրանք անհրաժեշտ են: Այդ տվյալները փակ են այլ օգտագործողների համար և տնօրինվում են միայն շահագրգռված օգտագործողի կողմից:

Այսպիսով, ցանկացած մարմին կարող է օգտվել 1-ին և 2-րդ մակարդակներում գտնվող ընդհանուր տվյալներից, ինչպես նաև 3-րդ մակարդակում գտնվող իր համար անհրաժեշտ տվյալներից, ընդ որում, ընդհանուր տվյալները պահվում են կենտրոնացված, մեկ տեղում և չեն կրկնվում բոլոր օգտագործողների մոտ, իսկ առանձին նպատակներին ծառայող հատուկ տվյալները պահվում են միայն այն տեղում, որտեղ դրանք անհրաժեշտ են: 1-ին մակարդակի տվյալները, որոնք փաստորեն անհատական ծածկագրերն են, հանդիսանում են մնացած բոլոր տվյալների համար կապող օղակ, որի միջոցով 2-րդ և 3-րդ մակարդակների տվյալները հնարավոր կլինի ստուգել, ճշգրտել, կատարել դրանց միջոլորտային փոխանակում, սահմանել դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն:

Համակարգի գործողության եռամակարդակ գործառական սխեման ավելի մանրամասնորեն ներկայացված է N 1 հավելվածում:

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի կառավարումը

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի կառավարումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ, լինելով սոցիալական ոլորտում պետության և կառավարության քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմին, նախարարությունը պետք է լիարժեք կարողանա օգտվել այն հզոր հնարավորություններից, որոնք տալիս է անհատական ծածկագրային համակարգը:

Բացի դրանից, ինչպես արդեն նշվել էր, սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի առաջնային նպատակն է ծառայել սոցիալական ոլորտում քաղաքացու և պետության միջև ծագած հարաբերությունների կարգավորմանը: Իսկ սոցիալական ոլորտում պետություն-քաղաքացի ցանկացած հարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մշակած քաղաքականության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը միաժամանակ կհանդիսանա ծածկագրային համակարգից օգտվողը: Այն տեղեկությունները, որոնք հավաքագրվելու են անհատական ծածկագրային համակարգում, ունենալու են համապետական ռազմավարական նշանակություն և հնարավորություն կստեղծեն զգալիորեն բարելավելու հանրապետությունում ընդհանուր սոցիալական վիճակը:

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ զարգացած երկրներում սոցիալական ապահովության նպատակներով քաղաքացիների անձնավորումը կամ համարակալումը կատարվում է պետական կառավարման այն մարմնի կողմից, որը պատասխանատվություն է կրում քաղաքացիների սոցիալական պաշտպանության համար:

Վերոհիշյալից պարզ երևում է, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում պետք է գտնվի նաև ծածկագրային համակարգի տվյալների կենտրոնական ցուցակը (Master File): Կենտրոնական ցուցակը պետք է լրացվի և անընդհատ նորացվի ծածկագրային համակարգում ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ տվյալների հոսքի հիման վրա, որոնք ձևավորվում են այն պետական մարմինների ստորաբաժանումներում, որոնց միջոցով իրականացվում է ապահովագրություն կամ կատարվում է պետական նպաստի նշանակում:

Այսօր ծածկագրման ենթակա քաղաքացիների ամբողջ տիրույթը ծածկելու նպատակով կարելի է առանձնացնել հետևյալ պետական մարմինների ստորաբաժանումները`

- սոցիալական ապահովագրության` պետական հիմնադրամի տարածքային կենտրոններ.

- աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոններ.

- սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում պետք է ձևավորվեն պետական նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ տվյալները: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոններում պետք է ձևավորվեն աշխատող քաղաքացիների (ապահովագրված անձանց) և կենսաթոշակառուների վերաբերյալ տվյալներ, ընդ որում, աշխատանքի ծավալի զգալի մասը կազմող վարձու աշխատող քաղաքացիների վերաբերյալ տվյալները պետք է ներկայացնեն ապահովադիրները (գործատուները): Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոններում պետք է ձևավորվեն գործազուրկ քաղաքացիների (ապահովագրված անձանց) վերաբերյալ տվյալներ:

Տվյալներն այս երեք հիմնական աղբյուրից պետք է ուղղվեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որտեղ, կրկնությունների և այլ տեսակի սխալների հայտնաբերման համակարգչային ստուգումն իրականացնելուց հետո, դրանք մտնելու են կենտրոնական ցուցակի մեջ: Եթե վերոհիշյալ երեք հիմնական աղբյուրը չի ընդգրկում բնակության մի որևէ մաս, ապա հնարավոր է սահմանել ժամանակավոր կամ մշտապես գործող այլ տեղեկությունների մուտքագրման կետեր, որոնք կհանդիսանան այդ քաղաքացիներին ծածկագրելու համար անհրաժեշտ տվյալների աղբյուր: Նման ձևով, օրինակ, հնարավոր է ծածկագրեր տրամադրել հանրապետությունում գտնվող փախստականներին:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ու աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության տարածքային կենտրոններում հավաքագրված տվյալները հիմք կծառայեն ոչ միայն անհատական ծածկագրի ձևավորման, այլ նաև նախորդ բաժնում հիշատակված 1-ին և 2-րդ մակարդակների, այսինքն` այն տվյալների հագեցման համար, որոնք կենտրոնացված ձևով պահպանվելու են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում: Բայց տեղերում տվյալների հավաքագրման ընթացքում կարող են մուտքագրվել նաև այնպիսի տվյալներ, որոնք զբաղեցնում են 3-րդ մակարդակը, օրինակ` կենսաթոշակային ապահովագրության համար անհրաժեշտ տվյալներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում պետք է ստեղծվի անհատական հաշիվների համակարգ կամ աշխատանքի և զբաղվածության հիմնախնդիրներին վերաբերող տվյալներ:

Այսպիսով, մենք նվազեցնում ենք քաղաքացիների կողմից պահանջվող գործողությունները, ծածկում ծածկագրման ենթակա քաղաքացիների ամբողջ տիրույթը, ձևավորում տվյալների կենտրոնական ցուցակը և բարձրացնում համակարգում ընդգրկված պետական մարմինների աշխատանքների արդյունավետությունը:

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգը ձևավորող տվյալների հոսքերի սխեման ներկայացված է N 2 հավելվածում:

Ծրագրի անմիջական կառավարումը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում ստեղծված ծրագրի կառավարման խորհուրդը: Այդ խորհրդի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, իսկ դրա կազմում պետք է ընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ու աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության ներկայացուցիչներ: Այդ խորհուրդը պետք է կատարի ծածկագրային համակարգի հետ կապված օպերատիվ աշխատանքները և հսկողություն սահմանի համակարգի գործունեության նկատմամբ:

 

Ծածկագրի կառուցվածքը

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագիրը պետք է ունենա պարզ կառուցվածք և բաղկացած լինի միայն թվային նիշերից: Անհատական ծածկագիրը կազմված լինելով հնարավորին չափով քիչ նիշերից` իր մեջ պետք է պարունակի քաղաքացու մասին նվազագույն, իմաստավոր և անփոփոխ տեղեկություններ: Այդ տեսակի տեղեկությունների դասին են պատկանում սեռը, ծննդյան ամսաթիվը և այդ օրվա ծնվածների համակարգում հաշվառման հերթական համարը: Անհրաժեշտ է նաև ծածկագրել ծննդյան դարը` չեզոքացնելով 2000 թվականի հիմնահարցին վերաբերող հնարավոր խնդիրները:

Ծածկագրի կառուցվածքը նախատեսում է նաև հսկիչ նիշ, որը կապահովագրի ծածկագիրը հնարավոր սխալներից: Այն պետք է լինի միայն ծառայողական օգտագործման համար և հաշվարկվի միայն հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային բոլոր այն ծրագրերում, որտեղ պետք է մուտքագրվի անհատական ծածկագիրը, մուտքագրումը կթույլատրվի շարունակել միայն հսկիչ նիշի հավաստիությունն ստուգելուց հետո:

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրի կառուցվածքն ավելի մանրամասն ներկայացված է N 3 հավելվածում:

 

Համակարգչավորման դերը սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգում

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման և հետագա շահագործման համար կարևոր նշանակություն ունի համակարգչավորումը: Նախատեսվող տվյալների քանակն անհնար է մշակել, կարգավորել, պահպանել և օգտագործել առանց ժամանակակից համակարգչային սարքավորումների ու համապատասխան ծրագրային ապահովման:

Միանշանակ է, որ տվյալների կենտրոնական ցուցակը (Master File) պետք է պահպանվի համակարգչում: Դրա համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում անհրաժեշտ է ունենալ հզոր «ֆայլ սերվեր», որտեղ կհավաքվեն և կմշակվեն տարբեր աղբյուրներից եկող տվյալները: Պետք է համակարգիչներ լինեն նաև տվյալների սկզբնական մուտքագրման կետերում: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում նույնպես անհրաժեշտ է տեղադրել «ֆայլ սերվեր»` անհատական հաշիվների համակարգի ներդրման նպատակով:

N 2 հավելվածում պատկերված տվյալների հոսքը պետք է իրականացվի համակարգչային ցանցի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ունենալ որակյալ հաղորդակցուղիներ և կապի համապատասխան սարքավորումներ:

Ելնելով ֆինանսական հնարավորություններից` ծածկագրման աշխատանքները ժամանակավորապես կարելի է իրականացնել որոշ հաղորդակցուղիների բացակայությամբ: Չնայած դա բացասականորեն կանդրադառնա համակարգի արդյունավետության և արագ գործելու վրա, սակայն թույլ կտա տեսականորեն իրականացնել համարակալման աշխատանքները: Մասնավորապես, հաղորդակցուղիների թիվը պակասեցնելու նպատակով կարելի է ամեն շրջանի հետ ունենալ միայն մեկ կապուղի (օրինակ` սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հետ), որից կօգտվեն նաև նույն շրջանի այլ մարմինների տարածքային կենտրոնները: Դրա համար անհրաժեշտ կլինի միայն փոփոխություն կատարել ծրագրային ապահովման մեջ:

Շատ կարևոր է համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման ճիշտ ընտրությունը: Քանի որ այդ ծախսերը պետք է կատարվեն մեկ անգամ, ուստի հետագայում նման ծախսերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կատարել ժամանակակից, միջազգային պահանջներին բավարարող ընտրություն` ապահովելով նաև համակարգի հետագա հնարավոր զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով առաջարկվում է օգտագործել «ՕՐԱՔԼ ԴԲՄՍ» («ORACLE DBMS») ծրագիրը և «ՅՈՒՆԻՔՍ» («UNIX») օպերացիոն համակարգը:

 

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական ակտերը

 

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կսահմանվի համակարգի իրավական հիմքը, սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կկանոնակարգվեն ոլորտում առաջացող իրավահարաբերությունները: Օրենքում կսահմանվեն նաև տվյալների հայտարարագրման կարգը, անհատական հաշվառման ծածկագրի տրամադրման կարգը, ծածկագրման նպատակով քաղաքացիների վերաբերյալ հավաքագրվող տվյալների ցանկը, ինչպես նաև համակարգի գաղտնիությանը վերաբերող դրույթները: Կսահմանվի նաև պատասխանատվություն` օրենքը խախտելու դեպքում: Օրենքը կսահմանի շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպություններից քաղաքացիների անձնավորման նպատակով անհատական ծածկագրերի օգտագործման թույլտվություն ստանալու մեխանիզմները:

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո պետք է ընդունվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կսահմանվեն համակարգի շրջանակներում գործող տեղեկությունների հոսքերը, կհաստատվեն դրանց համար անհրաժեշտ հաշվետվությունների և հայտարարագրերի ձևերը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, կպարզաբանվեն օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:

 

Ներդրման աշխատանքների փուլերը եվ ժամանակացույցը

 

Ներդրման աշխատանքները նախատեսվում է անցկացնել հետևյալ փուլերով`

1-ին փուլ` նախապատրաստական աշխատանքներ (1999 թ. 4-րդ եռամսյակ- 2000 թ. 4-րդ եռամսյակ).

ա) սույն հայեցակարգի ընդունում.

բ) ծրագրի կառավարման խորհրդի ստեղծում.

գ) տեխնիկական առաջադրանքների պատրաստում, որոնց միջոցով կհստակեցվեն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներին և մշակվող ծրագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կլուծվեն համակարգչային հանրապետական ցանցի հետ կապված հարցերը.

դ) անհրաժեշտ օրենսդրական ակտերի մշակում և ընդունում`

 «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

 անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր.

ե) համակարգչային սարքավորումների ձեռքբերում.

զ) «ՕՐԱՔԼ» («ORACLE») և «ՅՈՒՆԻՔՍ» («UNIX») կազմակերպություններից մասնագետների հրավիրում և համապատասխան աշխատողների (ծրագրավորողների) հատուկ ուսուցման կազմակերպում.

է) համակարգչային ծրագրերի ստեղծում.

ը) համակարգչային հանրապետական ցանցի ներդրում.

թ) տեղերում տվյալների մուտքագրումը կատարող աշխատողների ուսուցում.

ժ) անհատական ծածկագիրը հավաստող փաստաթղթի ձևի մշակում և ընդունում.

ժա) համակարգի նախնական փորձարկում:

2-րդ փուլ` համակարգի գործունեության սկիզբ (2000 թ. 4-րդ եռամսյակից)

2-րդ փուլում սկսվում են քաղաքացիների ծածկագրման աշխատանքները`

ա) մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով քաղաքացիներին համակարգի գործունեության սկզբի մասին իրազեկում.

բ) քաղաքացիների վերաբերյալ տվյալների ընդունում և մուտքագրում.

գ) ծածկագիրը հավաստող փաստաթղթի պատրաստում և քաղաքացիներին տրամադրում:

 

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկը

 

Համակարգի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկը մոտավոր է և դրանում հաշվի են առնված ներդրման հիմնական ծախսերը` կապված համակարգի ինստիտուցիոնալ կայացման, համակարգչային սարքավորումներով հագեցման, ծրագրերի պատրաստման և ուսուցման հետ:

Ֆինանսական միջոցների հաշվարկը կատարված է ՏԱՍԻՍ-ի փորձագետների կողմից: Համաձայն այդ հաշվարկի, համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շուրջ 1,5 մլն ԱՄՆ-ի դոլար: Հարկ է նշել, որ անհրաժեշտ գումարը գերազանցում էր նշվածը, սակայն հաշվարկում հաշվի են առնվել համակարգում առկա համակարգչային սարքավորումները:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի եռամակարդակ գործառական սխեմա

Ներմուծեք նկարագրությունը_2273

 

 

Նշված 3-րդ մակարդակի համար կապող օղակն անհատական հաշվառման ծածկագիրն է:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ՁեՎԱՎՈՐՈՂՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_2274

 

 

---------------

1-ին և 2-րդ մակարդակների տվյալներ

________

3-րդ մակարդակի տվյալներ

 ......................

Նոր ստեղծված անհատական ծածկագրերի վերաբերյալ տվյալներ և ծածկագիրը հաստատող փաստաթուղթ

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրման հայեցակարգի

 

Սոցիալական ապահովության անհատական ծածկագՐԻ կառուցվածքը

 

Հաշվի առնելով սոցիալական ապահովության անհատական ծածկագրին ներկայացվող պահանջները, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները և ՏԱՍԻՍ-ի փորձագետների եզրակացությունը` առաջարկվում է ծածկագրի հետևյալ կառուցվածքը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ծննդյան
ամսաթիվը/սեռը

Ծննդյան
ամիսը/դարը

Ծննդյան տարվա
վերջին երկու թիվը

Հերթական
համարը

Հսկիչ
նիշը

 

Անհատական ծածկագրի բաղադրիչների նկարագիրը.

 

ա) ծննդյան ամսաթիվը

 

1 և 2 դաշտի արժեքը կարող է լինել

01-31` կանանց համար
40-71` տղամարդկանց համար

3 և 4 դաշտի արժեքը կարող է լինել 01-12` 20-րդ դարի համար
20-32` 21-րդ դարի համար
40-52` 22-րդ դարի համար
60-72` 23-րդ դարի համար
80-92` 19-րդ դարի համար

5 և 6 դաշտի արժեքը կարող է լինել

00-99

 

բ) տվյալ օրը ծնվածների համակարգում հաշվառման հերթական համարը

 

 7, 8 և 9 դաշտի արժեքը կարող է լինել 001-999

 

գ) հսկիչ նիշը

 

10-րդ դաշտի արժեքը հսկիչ նիշն է: Այն հաշվարկվում է համակարգչի միջոցով` համաձայն բանաձևի, որով ծածկագրի նախորդ 9 դաշտերի արժեքներից կախված ստացվում է որոշակի մի թիվ: Այդ թվի առանձնահատկությունն այն է, որ նախորդ դաշտերից որևէ մեկի փոփոխման դեպքում այն նույնպես փոփոխվում է: Այսինքն` 9 իրարից անկախ նիշերի փոխարեն ստացվում է 10 նիշից բաղկացած ծածկագիր, որի բոլոր նիշերը շաղկապված են միմյանց: Պաշտպանության այս ձևը զգալիորեն նվազեցնում է փաստաթղթերի հետ աշխատանքի ընթացքում մեխանիկական սխալների հնարավորությունը:

Օրինակ` արական սեռի անձը ծնվել է 1972 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը հանրապետությունում ընդամենը ծնվել էին 32 երեխա: Տվյալ անձի վերաբերյալ տվյալները համակարգ են ստացվել թվով 14-րդը: Այդ անձի անհատական ծածկագիրը կլինի 4905720149. Այստեղ`

 

4

9

0

5

7

2

0

1

4

9

Ծննդյան
ամսաթիվը/սեռը

Ծննդյան
ամիսը/դարը

Ծննդյան տարվա
վերջին երկու թիվը

Հերթական
համարը

Հսկիչ
նիշը

 

1 և 2 դաշտի արժեքն է 49 (ամսվա 9-րդ օրը, տղամարդկանց համար)

3 և 4 դաշտի արժեքն է 05 (մայիս ամիս, 20-րդ դար)

5 և 6 դաշտի արժեքն է 72 (1972 թվական)

7, 8 և 9 դաշտի արժեքն է 014 (համակարգում հաշվառվել է 14-րդը)

10 դաշտի արժեքն է 9* (հսկիչ նիշը հաշվարկվել է համակարգչով)

___________

* Այստեղ 9 թիվը պայմանական է, քանի որ պետք է հաստատել հսկիչ նիշի հաշվարկման բանաձևում օգտագործվող գործակիցները, որից հետո միայն հնարավոր կլինի այդ նիշի հաշվարկումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2002, N 281 21.03.2002, N 733
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան