Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0277/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0277/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.06.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ժորա Սարգսյանի ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի (այսուհետ՝ Թաղապետարան) իրավահաջորդ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)` վարչական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժորա Սարգսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Թաղապետարանի պաշտոնատար անձանց գործողությունները և Քաղաքապետարանից բռնագանձել 25.228.000 ՀՀ դրամ` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

 ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժորա Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Թաղապետարանի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչված չէ, իսկ Ժորա Սարգսյանը ճանաչման հայցով չէր կարող դիմել դատարան, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու հնարավորություն է ունեցել:

Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ժորա Սարգսյանն իր գույքն այլ անձի անվամբ գրանցված լինելու մասին իմացել է դեռևս 29.09.2004 թվականին, այսինքն` բաց է թողել վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վարչական մարմնի գործողությունը վիճարկելու ժամկետը:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 95-97-րդ, 100-102-րդ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 90-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման պահանջով դատարան դիմելու իրավական հիմքը պետք է լինի վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու, կամ դիմումը չքննարկելու, ինչպես նաև վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է պատճառվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչված լինելու փաստերի առկայությունը:

Մինչդեռ Թաղապետարանի կողմից ընդունված ակտն այդ մարմնի կողմից ոչ իրավաչափ ճանաչված չէ, իսկ վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմնի ակտն օրենքին չհամապատասխանող ճանաչելուց հետո, եթե տվյալ ակտն ընդունող մարմինը պատճառված վնասի հատուցման պահանջը մերժել է:

Դատարանը հաշվի չի առել, որ Ժորա Սարգսյանը չի պահպանել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը, այսինքն` բացակայել է վնասի հատուցման պահանջ դատարան ներկայացնելու իրավական հիմքը:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցմանը նախորդել են երկու վարչական մարմնի` Թաղապետարանի և Կադաստրի գործողությունները (վարչական ակտերը): Ավելին, Թաղապետարանի կողմից Ժորա Սարգսյանին պատկանող անշարժ գույքը համայնքի սեփականություն հանդիսացող հաշվեկշռում ընդգրկելու գործողությունը (հաշվապահական ձևակերպումը) ինքնին չէր կարող առաջացնել փաստական իրավական հետևանքներ` սեփականության իրավունքի դադարում և վնաս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործի վարույթը կարճել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում Ժորա Սարգսյանը, ներկայացնելով վարչական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, արդարացիորեն շահագրգռված է այդ պահանջի բավարարման մեջ, քանի որ պահանջել է գույքային վնասի հատուցում:

Ժորա Սարգսյանն իր գույքի կորստի մասին իմացել է Կադաստրի 12.06.2006 թվականի թիվ 1083 գրությունից, որից հետո` 12.09.2007 թվականին, դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի գրանցման նոր վկայական տալուն պարտավորեցնելու պահանջներով, հետևաբար անհիմն է վճռաբեկ բողոքի այն պնդումը, որ բաց է թողնվել հայցային վաղեմության օրենքով սահմանված եռամյա ժամկետը:

Սույն գործի շրջանակներում Կադաստրը զուտ իրականացրել է իրավունքի պետական գրանցում` հիմքում դնելով վիճելի անշարժ գույքը Թաղապետարանի հաշվեկշռում լինելու վերաբերյալ տեղեկանքը և համայնքի ղեկավարի հաստատած ուրվագիծը:

Անհիմն է նաև բողոք բերած անձի այն փաստարկը, որ օրենքով սահմանված է վնասը հատուցելու պահանջով վարչական մարմնին դիմելու պարտադիր ընթացակարգ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 22.02.1995 թվականի առուծախի պայմանագրի համաձայն` Ժորա Սարգսյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Գաստելլոյի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի 2-րդ մուտքի արվեստանոցը (ներկայումս` Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի թիվ 13ա բնակարանը), որի հիման վրա 24.02.1995 թվականին գրանցվել է նրա սեփականության իրավունքը, և տրվել սեփականության վկայագիր (գ.թ. 13-14)։

2) 07.11.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1638097 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 և 20.06.2001 թվականի թիվ 550 որոշումների, ինչպես նաև անշարժ գույքը Թաղապետարանի հաշվեկշռում գտնվելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի թիվ 13ա բնակարանի նկատմամբ գրանցվել է Թաղապետարանի սեփականության իրավունքը (գ.թ. 16, 19-21)։

3) Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու 05.05.2002 թվականի թիվ 29 որոշման հիման վրա 25.12.2003 թվականի առուվաճառքի պայմանագրով Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի թիվ 13ա բնակարանը վաճառվել է Վարդան Խաչատրյանին, և պայմանագրից ծագած սեփականության իրավունքը 29.12.2003 թվականին ստացել է պետական գրանցում (գ.թ. 22-28)։

4) Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 30.10.2008 թվականի որոշման համաձայն` Ժորա Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` Անդրանիկ Գրիգորյանի արարքի պատժելիության վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ: Նշված որոշմամբ հաստատվել է, որ 2003 թվականի նոյեմբեր ամսին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ունեցվածքի տնօրինման բաժնի նախկին պետ Անդրանիկ Գրիգորյանը, որը տվյալ ժամանակահատվածում ի պաշտոնե իրականացրել է վարչատնտեսական գործառույթներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 02.09.2003 թվականի թիվ 220 որոշմամբ իր վրա դրված պաշտոնեական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` խախտելով ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման 3-րդ կետի պահանջները և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 02.09.2003 թվականի թիվ 220 որոշման 2-րդ և 4-րդ կետերը` առանց Քաղաքապետարան, Կադաստր և արխիվային մարմիններ հարցում կատարելու` Ժորա Սարգսյանի սեփականությունը հանդիսացող Երևանի Լեփսիուսի փողոցի 6-րդ շենքի նկուղային հարկում գտնվող նախկին արվեստանոցի տարածքն անփութորեն ընդգրկել է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվեկշռում` այն հաշվառելով Լեփսիուսի փողոց 10 շենք թիվ 13ա բնակարան նոր հասցեով (գ.թ. 56-57)։

5) Գործում առկա չէ որևէ ապացույց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու պահանջով Ժորա Սարգսյանի կողմից վնասը պատճառած վարչական մարմին դիմելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան։

2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առ ոչինչ լինելը։

3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Սույն գործի փաստերի համաձայն` 22.02.1995 թվականի առուծախի պայմանագրի ուժով Երևանի Գաստելլոյի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի 2-րդ մուտքի արվեստանոցը /ներկայումս` Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 10 շենքի թիվ 13ա բնակարանը/ սեփականության իրավունքով պատկանել է Ժորա Սարգսյանին, իսկ 07.11.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1638097 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 և 20.06.2001 թվականի թիվ 550 որոշումների, ինչպես նաև անշարժ գույքը Թաղապետարանի հաշվեկշռում գտնվելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է Թաղապետարանի սեփականության իրավունքը, հետագայում 25.12.2003 թվականի առուվաճառքի պայմանագրով Թաղապետարանը բնակարանը վաճառել է Վարդան Խաչատրյանին։

Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 30.10.2008 թվականի որոշման համաձայն` 2003 թվականի նոյեմբեր ամսին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ունեցվածքի տնօրինման բաժնի նախկին պետ Անդրանիկ Գրիգորյանը, որը տվյալ ժամանակահատվածում ի պաշտոնե իրականացրել է վարչատնտեսական գործառույթներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 02.09.2003 թվականի թիվ 220 որոշմամբ իր վրա դրված պաշտոնեական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` խախտելով ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման 3-րդ կետի պահանջները և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 02.09.2003 թվականի թիվ 220 որոշման 2-րդ և 4-րդ կետերը` առանց Քաղաքապետարան, Կադաստր և արխիվային մարմիններ հարցում կատարելու` Ժորա Սարգսյանի սեփականությունը հանդիսացող Երևանի Լեփսիուսի փողոցի 6-րդ շենքի նկուղային հարկում գտնվող նախկին արվեստանոցի տարածքն անփութորեն ընդրգրկել է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվեկշռում` այն հաշվառելով Լեփսիուսի փողոց 10 շենք թիվ 13ա բնակարան նոր հասցեով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Ժորա Սարգսյանը վիճարկման հայց ներկայացնելու հնարավորություն է ունեցել, քանի որ վիճարկման հայցով դատարան դիմել հնարավոր է միայն վարչական ակտի առկայության դեպքում, իսկ սույն գործով վիճարկվում է վարչական մարմնի գործողությունը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Ժորա Սարգսյանը բաց է թողել վարչական մարմնի գործողությունը վիճարկելու ժամկետը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն չի տարածվում սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա, իսկ սույն գործով հաստատված է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով սեփականատիրոջ իրավունքների խախտման փաստը:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` նույն բաժնի դրույթներին համապատասխան։ Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության, իսկ նույն բաժնով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված վարչական մարմինների դեպքում։

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններ են` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար, թաղապետ` Երևան քաղաքում, քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ և 97-րդ հոդվածների համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա։ Վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան։ Վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

Սույն գործով Դատարանն անհիմն է համարել Քաղաքապետարանի այն պատճառաբանությունը, որ Ժորա Սարգսյանի կողմից չի պահպանվել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը, քանի որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով Ժորա Սարգսյանը դիմել է պետական մարմիններին (ՀՀ նախագահին, ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն), սակայն նրանց միջոցով ընդամենը որոշվել է վնասի չափը, սակայն չի հատուցվել։

Մինչդեռ, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժորա Սարգսյանը վիճարկում է վարչական մարմնի, այն է` Թաղապետարանի պաշտոնատար անձանց գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, իսկ սույն գործում առկա չէ որևէ ապացույց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու պահանջով Ժորա Սարգսյանի կողմից վնասը պատճառած համապատասխան վարչական մարմին դիմելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժորա Սարգսյանը չի պահպանել վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով Ժորա Սարգսյանը դիմել է պետական մարմիններին (ՀՀ նախագահին, ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն), հետևաբար առկա են եղել բավարար հիմքեր դատարան դիմելու համար, քանի որ օրենսդիրը սահմանել է հատկապես վնաս պատճառած վարչական մարմին դիմելու անձի պարտականություն, մինչդեռ վնաս պատճառած վարչական մարմին Ժորա Սարգսյանը վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով չի դիմել:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացնի վնասը պատճառած պետական մարմնին, իսկ այն հատուցելու մերժում ստանալու կամ դիմումը չքննարկելու դեպքում համապատասխան վարչական ակտը կամ անգործությունը վիճարկելու պահանջով հայց ներկայացնի դատարան:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժով վնասի հատուցման պահանջն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանից 25.228.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու` որպես ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասով վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն որոշման երկրորդ հիմքում նշված նյութական և դատավարական իրավունքի մյուս նորմերի խախտման վերաբերյալ փաստարկներին և դրանց հիմնավորումներին, ինչպես նաև այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված առարկություններին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը:

Տվյալ դեպքում սույն գործով վնասի հատուցման պահանջի մասով հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության, հետևաբար նույնիսկ հայցվորի կողմից պետական տուրքը վճարված լինելու դեպքում այն ենթակա է վերադարձման:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Քաղաքապետարանը վճարել է վնասի հատուցման պահանջի մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված 756.840 ՀՀ դրամ պետական տուրքը, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմնին վճարողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանը զրկված չէ իր դիմումի համաձայն համապատասխան ֆինանսական մարմնից վճարված պետական տուրքը հետ ստանալու հնարավորությունից:

Այսպիսով, սույն որոշման երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.06.2010 թվականի վճռի` վնասը հատուցելու պահանջը բավարարելու մասը և այդ մասով վարչական գործի վարույթը կարճել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան