ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0978/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0978/02/08 |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Վ. Թորոսյան Ա. Մկրտչյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 3-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Գևորգյանի ընդդեմ «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռաֆիկ Գևորգյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իր բնակարանի հարևանությամբ կառուցված շենքի կոյուղագիծը միացնել նախագծով նախատեսված տեղից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 10.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Արթուր Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործի քննության ընթացքում պարտավոր էր պարզել գործի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, մասնավորապես պարտավոր էր պարզել, թե ով է Երևանի Գայի պողոտայի 42-րդ շենքի հարևանությամբ նորակառույց շենքի սեփականատերը, և արդյոք դրա կոյուղագիծը միացվել է նախագծով նախատեսված տեղից, թե` ոչ:
Դատարանները գործի քննությանը մասնակից չեն դարձրել Արթուր Սարգսյանին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել են դատական ակտեր: Դատական ակտերում հիշատակված «հարևան շենքի դեղատան» սեփականատերն ինքն է, սակայն գործին մասնակից չի դարձվել, ինչի հետևանքով էլ խախտվել է իր իրավունքները:
Այսինքն` ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերը կայացրել են Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի թիվ 42-րդ շենքի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքի` դեղատան, սեփականատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` իրեն նշված քաղաքացիական գործի քննությանը մասնակից չդարձնելով: Արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր արդար դատաքննության իրավունքը, և ինքը զրկվել է հավասարության պայմաններում, որպես նորակառույց շենքի` դեղատան և դրա կոյուղագծի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա Արթուր Սարգսյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 05.09.2006 թվականին և 06.05.2008 թվականին տրված թիվ 2184858 և թիվ 2531027 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող դեղատան և գրասենյակի նկատմամբ գրանցված է Նաիրա Կարապետյանի սեփականությունը:
2. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված 03.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն` Նաիրա Կարապետյանն իրեն պատկանող Երևանի Նոր Նորք համայնքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժինը նվիրել է ամուսնուն` Արթուր Սարգսյանին:
3. Սույն գործում առկա «Նոր Նորք» համատիրության կողմից հաստատված արձանագրության համաձայն՝ Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի լիազոր Ն. Պետրոսյանի և համատիրության նախագահ Վ. Վանյանի ներկայությամբ պարզվել է, որ Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի կոյուղագծին հարևան շենքի դեղատան կոյուղագծի միացման կետում դիտահորում միացման հետևանքով պարբերաբար տեղի են ունեցել խցանումներ, կոյուղաղբը լցվել է շենքի նկուղը, ստեղծվել է հակասանիտարական վիճակ, քայքայվել է շենքի հիմքը (գ.թ. 33):
4. Արթուր Սարգսյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող են իմանալ նման դատական ակտի կայացման մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Սույն գործով Ռաֆիկ Գևորգյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իր բնակարանի հարևանությամբ կառուցված շենքի կոյուղագիծը միացնել նախագծով նախատեսված տեղից, քանի որ կոյուղագծում հաճախակի խցանումներ են առաջանում: Ռաֆիկ Գևորգյանի հայցի բավարարման հիմքում դրվել է նաև «Նոր Նորք» համատիրության կողմից հաստատված արձանագրությունը, ըստ որի` Երևանի Գայի պողոտա 42-րդ շենքի կոյուղագծին հարևան շենքի դեղատան կոյուղագծի միացման կետում դիտահորում միացման հետևանքով պարբերաբար տեղի են ունեցել խցանումներ, կոյուղաղբը լցվել է շենքի նկուղը, ստեղծվել է հակասանիտարական վիճակ, քայքայվել է շենքի հիմքը: Նշված շենքի` դեղատան սեփականատերն Արթուր Սարգսյանն է, որը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Արթուր Սարգսյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել: Այսինքն` Արթուր Սարգսյանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Երևանի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի Բ. Մուրադյան փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել և զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|