ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5057/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 3-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Պապուխյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 28.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Վահե Պապուխյանի՝ 247.793 ՀՀ դրամ բռնագանձելու, ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ Վահե Պապուխյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների ՄՁՄՄՏ պետի տեղակալի 29.10.2009 թվականի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է բռնագանձել Վահե Պապուխյանից 247.793 ՀՀ դրամ և պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վահե Պապուխյանը պահանջել է վերացնել վարչական տույժ նշանակելու մասին Կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների ՄՁՄՄՏ պետի տեղակալի 29.10.2009 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահե Պապուխյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ և 199-րդ հոդվածների 1-ին մասերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել բոլոր ապացույցները։ Մասնավորապես Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատարանի՝ 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան հայցվորի նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ: Այսինքն՝ տվյալ վճռով հաստատվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառելու մասին Վահե Պապուխյանի դիմումը մերժելուն ուղղված Կոմիտեի գործողությունների ոչ իրավաչափ լինելը:
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ Վահե Պապուխյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառելու խնդրանքով դիմել է 11.05.2009 թվականին, իսկ ներմուծված ապրանքների հայտարարագրման ժամկետն ավարտվել է 06.10.2009 թվականին։
Տվյալ դեպքում Կոմիտեի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում և վերջինիս մեղքով է, որ ներմուծված ապրանքների ժամկետը մինչև հայտարարագրման սահմանված ժամկետի ավարտը՝ 06.10.2009 թվականը, չի երկարաձգվել կամ ապրանքներն այլ մաքսային ռեժիմով չեն հայտարարագրվել, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության տրամադրման դեպքում Վահե Պապուխյանի կողմից ներմուծված անձնական օգտագործման իրերը կձևակերպվեին «ներմուծում՝ ազատ շրջանառության համար», և դրանց հայտարարագրման համար սահմանված ժամկետը երկարաձգելու պարտականություն չէր առաջանա։ Հետևաբար կատարված արարքում առկա չէ Վահե Պապուխյանի մեղքը։
Դատարանն անտեսել է, որ Վահե Պապուխյանի կողմից անձնական օգտագործման իրերը ներմուծվել են ոչ թե հետագա արտահանման, այլ դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործելու նպատակով: Այսինքն՝ այդ իրերը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը տրամադրելուց հետո պետք է հայտարարագրվեին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակրնդդեմ հայցը բավարարել։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Վահե Պապուխյանը Հայաստանի Հանրապետություն է ժամանել մշտական բնակության նպատակով և իր հետ ներմուծել է անձնական օգտագործման ապրանքներ, որոնց մաքսային ձևակերպման ժամանակ մաքսային մարմինը պետք է կիրառեր ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված մաքսային արտոնությունը։
Մինչդեռ 14.03.2009 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենայի հայտարարագրման ժամանակ Վահե Պապուխյանն ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Դա նշանակում է, որ հայտարարատուն պարտավոր էր կատարել այդ ռեժիմի համար օրենսդրի կողմից նախատեսված գործողությունները, մասնավորապես դիմել վերադաս մաքսային մարմին ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար կամ սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում այդ ապրանքները վերահայտարարագրեր «վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձներ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը: Սակայն Վահե Պապուխյանը, անտեսելով օրենքի պահանջները և գիտակցելով իր անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսելով դրա վնասակար հետևանքները, գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը։
Դատարանը, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելով գործով ներկայացված բոլոր ապացույցները, վերլուծելով կիրառման ենթակա իրավական ակտերը, այդ թվում՝ ՀՀ վարչական դատարանի 22.12.2009 թվականի թիվ ՎԴ/4402/05/09 վճիռը, եկել է իրավական առումով հիմնավորված եզրահանգման այն մասին, որ հայտարարատուն, ընտրելով համապատասխան մաքսային ռեժիմ, պարտավոր է պահպանել դրա օրենսդրորեն սահմանված կանոնները, ինչը որևէ կերպ չի կարող կախվածության մեջ դրվել արտոնության կիրառման կամ չկիրառման հանգամանքից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 14.03.2009 թվականի թիվ F 3800 բեռնամաքսային հայտարարագրով (այսուհետ՝ ԲՄՀ) Վահե Պապուխյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել անձնական օգտագործման BMW 323i մակնիշի 1999 թվականի արտադրության ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան ձևակերպվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով՝ մինչև 06.10.2009 թվականը ժամկետով (գ.թ. 12)։
2. 04.05.2009 թվականին Վահե Պապուխյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (գ.թ. 30)։
3. Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությամբ հայտնվել է, որ ի պատասխան Ձեր 11.05.2009 թվականի (ՀՀ ՊԵԿ մուտք թիվ 13239) դիմումի՝ տեղեկացվում է, որ հիմք ընդունելով Կոմիտեի իրավաբանական վարչության 01.10.2009 թվականի թիվ 11442/11-5 գրությունը՝ Կոմիտեն չի կարող թույլատրել օգտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունից 14.03.2009 թվականի թիվ F 3800 ԲՄՀ-ով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ավտոմեքենան և 06.02.2009 թվականի թիվ F 393, 18.03.2009 թվականի թիվ F1101 ԲՄՀ-ներով ձևակերպված անձնական օգտագործման իրերը «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրելիս (գ.թ. 31)։
4. Կոմիտեի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» 19.10.2009 թվականի արձանագրության համաձայն՝ Վահե Պապուխյանը 14.03.2009 թվականի թիվ F 3800 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել BMW 323i մակնիշի 1999 թվականի արտադրության ավտոմեքենա, սակայն մինչև 16.10.2009 թվականը որևէ մաքսային ռեժիմով չի վերահայտարարագրել և խախտել է հետադարձ արտահանման պարտավորությունը (գ.թ. 8)։
5. Կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների ՄՁՄՄՏ պետի տեղակալի՝ 29.10.2009 թվականի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ Վահե Պապուխյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային կանոնների խախտման հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նշանակվել է 247.793 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 7)։
6. ՀՀ վարչական դատարանի՝ 22.12.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ4402/05/09 վճռով վերացվել է /անվավեր է ճանաչվել/ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը, և Կոմիտեին պարտավորեցվել է Վահե Պապուխյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը: Նշված վճռով հաստատված է համարվել, որ Վահե Պապուխյանի կողմից վարչական մարմնին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը, և ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Վահե Պապուխյանի նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ (գ.թ. 78-83):
7. Կոմիտեն 19.05.2010 թվականի գրությամբ թույլատրել է Վահե Պապուխյանի կողմից 14.03.2009 թվականի թիվ F 3800, 06.02.2009 թիվ F 393 և 18.03.2009 թվականի թիվ F 1101 ԲՄՀ-ներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենան և անձնական օգտագործման գույքը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխան ձևակերպել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով՝ տրամադրելով համապատասխան մաքսային արտոնություններ: Տվյալ գրության հիմքում դրվել է ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 22.12.2009 թվականի վճիռը (գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:
Նույն հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ մաքսային այս ռեժիմի շրջանակներում` ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով…, իսկ դ) ենթակետի համաձայն՝ «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները «վերաարտահանում» մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու կամ մաքսային մարմինների պատասխանատու պահպանմանը հանձնելու դեպքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հովածի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վահե Պապուխյանը, իր անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ ընտրելով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը, խախտել է վերջինիս կիրառման պայմանները, քանի որ մինչև հայտարարագրման սահմանված ժամկետի ավարտը՝ 06.10.2009 թվականը, չի դիմել մաքսային մարմին ժամկետի երկարաձգման կամ ներմուծված ապրանքն այլ մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար, ինչն առաջացրել է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվություն:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 22.12.2009 թվականի թիվ ՎԴ4402/05/09 վճռով վերացվել է Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 02.10.2009 թվականի թիվ 24700/8-2 գրությունը, և Կոմիտեին պարտավորեցվել է Վահե Պապուխյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը: ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարել, որ Վահե Պապուխյանի կողմից վարչական մարմնին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը, ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Վահե Պապուխյանի նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ:
Բացի այդ, գործում առկա Կոմիտեի 19.05.2010 թվականի գրությամբ թույլատրվել է Վահե Պապուխյանի կողմից 14.03.2009 թվականի թիվ F 3800, 06.02.2009 թիվ F 393 և 18.03.2009 թվականի թիվ F 1101 ԲՄՀ-ներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենան և անձնական օգտագործման գույքը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխան ձևակերպել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով՝ տրամադրելով համապատասխան մաքսային արտոնություններ, որի համար հիմք է ընդունվել ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 22.12.2009 թվականի վճիռը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով։
ՀՀ վարչական դատարանի՝ 22.12.2009 թվականի թիվ ՎԴ/4402/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռով վերացվել է Կոմիտեի 02.10.2009 թվականի մերժումը, ինչպես նաև Կոմիտեին պարտավորեցվել է Վահե Պապուխյանի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնությունը: Տվյալ վճռով հաստատվել է, որ Վահե Պապուխյանի կողմից վարչական մարմնին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը, և նրա նկատմամբ պետք է ընդունվեր դիմումը բավարարելու մասին վարչական ակտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնավորվում է Վահե Պապուխյանի կողմից մինչև «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը վարչական մարմնին ներկայացվելու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից Վահե Պապուխյանի նկատմամբ պետք է ընդունվեր այլ որոշում: Հետևաբար, Վահե Պապուխյանի նկատմամբ տուգանք նշանակելու մասին Կոմիտեի որոշումն իրավաչափ չէ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժել, իսկ Վահե Պապուխյանի հակընդդեմ հայցը բավարարել՝ վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների ՄՁՄՄՏ պետի տեղակալի՝ 29.10.2009 թվականի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |