Գլխավոր տեղեկություն
Համար
N 1394-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2010-23.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.939
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի N 1394-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև մինչև 2001/2002 ուսումնական տարին ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

(2-րդ կետը լրաց. 24.10.02 N 2124-Ն)

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ընդունվել են`

1) աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների ակադեմիական վարկանիշային հետևյալ ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատություններ`

ա. /հttp://www.arwս.org/ARWU/,

բ. /հttp://www.timeshighereducation.co.սk/,

գ. Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա:

(3-րդ կետը լրաց. 18.02.10 N 853-Ն, խմբ. 11.11.10 N 1503-Ն)

4) Մինչև 2010 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սահմանված կարգով կարող է տրվել տարկետում` ուսումնառությունը շարունակելու հետբուհական մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով նույն օտարերկրյա բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ուսումնական հաստատություններում:

(4-րդ կետը լրաց. 18.02.10 N 853-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր ընդունվել են օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ և որոնց, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

(1-ին կետը խմբ. 24.10.02 N 2124-Ն)

2. Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքել գրավի պայմանագիր (ձևը կցվում է)։

Գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ։

Գրավի պայմանագրի կնքման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Սույն կարգի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումներով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակման և համագործակցության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(2-րդ կետը լրաց. 24.10.02 N 2124-Ն, 16.12.10 N 1684-Ն)

3. Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ նրանց օրինական ներկայացուցիչները կրթության պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

դիմում,

ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը,

տեղեկանք օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ գիտակրթական հաստատություններում ուսումնառության ժամկետի մասին,

համապատասխան կրթության աստիճանը հաստատող փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ),

օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ գիտակրթական հաստատություններում սովորելու փաստը հաստատող փաստաթուղթ։

4. Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սույն կարգի համաձայն շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչից տարկետում ստանալու համար կրթության պետական կառավարման լիազոր մարմին կարող են դիմել`

1) բակալավրիատի կրթական ծրագրերով ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` հայտարարված պարտադիր զինվորական ծառայության գարնանային և աշնանային զորակոչից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ.

2) մագիստրատուրայի կամ հետբուհական կրթական ծրագրերով ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մինչև հայտարարված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ավարտը:

Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ներկայացված դիմումները ենթակա են մերժման` այն դեպքում, եթե պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական կամ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափելու հիմքով քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

(4-րդ կետը խմբ. 16.12.10 N 1684-Ն)

5. Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար` մինչև օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված ուսումնառության ժամկետի ավարտի օրը` հաշվի առնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

(5-րդ կետը փոփ. 24.10.02 N 2124-Ն, խմբ. 16.12.10 N 1684-Ն)

6. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշմամբ տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում համապատասխան ուսումնական հաստատությունից հեռացված կամ ազատված, ինչպես նաև անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի` օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 16.12.10 N 1684-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

պարտավորության կատարումն ապահովող գրավի

 

____ __________ 200  թ.

քաղ. Երևան

 

Մի կողմից՝ ___________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)

 

(այսուհետ՝ գրավատու) և մյուս կողմից՝__________________________________

(լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի

 

______________________________________ (այսուհետ՝ գրավառու), կնքեցին

պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն գրավատուի կողմից ստանձնված պարտավորության կատարման՝ գրավատուն գրավառուին է հանձնում սույն պայմանագրի հավելվածում նշված գույքը՝ գրավի առարկան գրավատուի մոտ մնալու պայմանով:

2. Գրավի առարկայով ապահովված պարտավորությունը ներառում է գրավատուի պարտականությունները՝

ա) մեկամսյա ժամկետում ժամանակավոր զինվորական հաշվառման կանգնել համապատասխան պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում.

բ) յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ու մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ ներկայացնել ուսումը շարունակելու փաստը հաստատող փաստաթուղթ.

գ) ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

3. Գրավ դրվող գույքի արժեքը կազմում է __________________________ դրամ:

(թվերով և բառերով)

4. Սույն պայմանագրի հավելվածում նշված գույքը սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին: Նշված գույքի սեփականատեր կարող է լինել նաև երրորդ անձը: Այս դեպքում գրավատու հանդիսացող երրորդ անձի վրա տարածվում են սույն պայմանագրի 2-6-րդ բաժինների դրույթները:

 

II. Կողմերի իրավունքները ԵՎ պարտականությունները

 

5. Գրավատուն՝

ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է գրավառուին հանձնել գույքը՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածի:

Հանձնումն իրականացվում է _____________________________ հասցեում:

Հանձնման-ընդունման ընթացքում կողմերը կազմում են հանձնման-ընդունման ակտ, որում արտացոլվում են՝

գույքի անվանումը, քանակը, որակը և գտնվելու վայրը,

կողմերի անվանումը և ստորագրությունները.

բ) գրավառուի համաձայնությամբ իրավունք ունի փոխարինելու գրավի առարկան (գույքը).

գ) գրավառուի համաձայնությամբ իրավունք ունի գրավ դրված գույքն օտարելու այլ անձանց.

դ) ապահովում է սույն պայմանագրի նոտարական վավերացումը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև գրավի իրավունքի պետական գրանցումը.

ե) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում գրավ դրված գույքը պահպանելու, ինչպես նաև երրորդ անձանց ոտնձգություններից և պահանջներից այն պաշտպանելու համար.

զ) մյուս կողմին անհապաղ տեղեկացնում է գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին:

6. Գրավառուն՝

ա) պարտավորվում է, սույն պայմանագրում նշված պայմաններով, գրավատուից ընդունել գույքը.

բ) գրավ դրված գույքը գրավատուի հաշվին լրիվ արժեքով ապահովագրում է կորստի և վնասվածքների ռիսկերից.

գ) իրավունք չունի օգտվելու գրավ դրված գույքից.

դ) գրավատուի կողմից պարտավորությունները չկատարվելու դեպքում իրավունք ունի գրավատուի նկատմամբ իր պահանջները բավարարելու՝ սույն պայմանագրի 3-րդ բաժնում նշված կարգով իրացված գույքի հաշվին:

7. Գույքի հաջորդող գրավը թույլատրվում է միայն գրավառուի գրավոր համաձայնությամբ:

 

III. Գույքի վրա բռնագանձում տարածելը

 

8. Գրավառուի պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

9. Գրավ դրված գույքի վրա բռնագանձումը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

IV. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

10. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական դրություն հայտարարվելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուսին:

 

V. Այլ պայմաններ

 

11. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից:

12. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները պետք է կատարվեն գրավոր: Դրանք պետք է վավերացնի նոտարը:

13. Օրենքով նախատեսված դեպքերում գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

14. Սույն պայմանագիրը դադարում է գրավով ապահովված պարտավորության կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով:

15. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 3 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին, ինչպես նաև նոտարին տրվում է մեկական օրինակ:

16. Կողմերը սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները

 

Գրավատու

_________________________

(հասցեն)

_________________________

(բանկային վավերապայմանները)

_________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 Գրավառու

_________________________

(հասցեն)

_________________________

(բանկային վավերապայմանները)

_________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Եթե կողմը քաղաքացի է, ապա՝ _______________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն,

___________________________________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)