Գլխավոր տեղեկություն
Համար
N 1767-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2011-21.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.71
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1767-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ» ենթակետով.

«ժբ) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում:».

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պետական գյուղատնտեսական գործակալությունը վերանվանել «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն.

3) որոշման N 2 հավելվածում «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «Պետական գյուղատնտեսական գործակալություն» բառերը փոխարինել «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն» բառերով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 19
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 23-ի N 1767-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման ապահովման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահված ոլորտներում հայտատուներին՝ սահմանված լիցենզիաներ, սերտիֆիկատներ և որակավորումներ տրամադրելու աշխատանքների կազմակերպումն է:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) լիցենզավորման կամ որակավորման նպատակով ներկայացված փաստաթղթերի հավաստիության և ամբողջականության ստուգում, թերությունների հայտնաբերման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու ժամկետներում հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնելը և սույն գործառույթի իրականացման արդյունքների վերաբերյալ գյուղատնտեսության բնագավառում լիցենզավորող հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) եզրակացություն տրամադրելը.

2) հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում` գործավարության իրականացում, գործունեության համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, լիցենզավորման վերաբերյալ կարծիքների հավաքագրում, ամփոփում և դրանք լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը.

3) օրենքով սահմանված ժամկետներում լրատվական միջոցներով լիցենզավորման և որակավորման հանձնաժողովների նիստերի վերաբերյալ հայտարարությունների հրապարակում.

4) լիցենզիաների կամ դրանց կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործառույթների իրականացում, ինչպես նաև դրանց վերաբերյալ որոշումների պատճենները հրապարակման համար գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին ներկայացնելը.

5) լիցենզավորված սուբյեկտների մասին տեղեկությունների հաշվառում, վերլուծություն, գնահատում, համակարգչային տվյալների բազայի ստեղծում, ինչպես նաև լիցենզավորված սուբյեկտներից հաշվետվությունների ընդունում, համակարգչային բազայում դրանց մուտքագրում.

6) լիցենզիաների գրանցամատյանի վարում և յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար անհատական գործի կազմում.

7) լիցենզիաների հետ միասին լիցենզավորված անձին գյուղատնտեսության բնագավառի գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը և հաշվետվության ձևերը տրամադրելը.

8) իրավասու պետական կառավարման մարմիններին սահմանված կարգով համապատասխան տեղեկատվություն տրամադրելը.

9) գյուղատնտեսության բնագավառի լիցենզիաների պետական տուրքի վճարման պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացում։

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) սահմանում է աշխատանքի բաշխումն աշխատողների միջև.

9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

17. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2017, N 1091-Ն 21.09.2017, N 1767-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան