Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0057/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0057/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Գ. Ղարիբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի (այսուհետ` Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կառավարչի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Արաբկիր տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը Երևան քաղաքի Հ. Էմինի 109ա հասցեի տան նկատմամբ գրանցելու Գևորգ Հունանյանի սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշումը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կողմից չեն պարզվել գործի փաստական հանգամանքները: Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գևորգ Հունանյանը չի ընդունել Արմենակ Հունանյանի ժառանգությունը: Մինչդեռ Դատարան է ներկայացվել 19.09.2002 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, որը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված չէ, վերացված կամ փոփոխված չէ և անհրաժեշտ և բավարար ապացույց է Գևորգ Հունանյանի կողմից ժառանգությունն ընդունած լինելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. ՀՀ Երևանի քաղաքացիական դատարանի 04.08.2008 թվականի թիվ ԵՔԴ0459/04/08 վճռով Գևորգ Հունանյանը ճանաչվել է սնանկ և նույն դատարանի 04.08.2008 թվականի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Աշոտ Տեր-Վարդանյանը ( հ.1-ին, գ.թ. 3-4, 8):

2. 19.09.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արմենակ Սողոմոնի Հունանյանի, մահացած 1992 թվականի սեպտեմբերի 09-ին, գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներն են՝ կինը` Սիրանուշ Արսենի Հունանյանը, և որդին՝ Գևորգ Հունանյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Վատուտինի (Արաբկիրի 46) փողոցի թիվ 109 հասցեում գտնվող բնակելի տան 1/4 (մեկ չորրորդ) բաժնից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Երքաղխորհրդի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 14.02.1991 թվականին տրված 2221 տեխնիկական անձնագրով (հ. 1-ին գ.թ. 87):

3. Սույն գործով Կառավարչի հայցի առարկան է Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը Երևան քաղաքի Հ. Էմինի 109ա հասցեի տան նկատմամբ Գևորգ Հունանյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելը, իսկ հայցի փաստական հիմքը՝ 19.09.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (հ. 1-ին գ.թ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանն ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արմենակ Հունանյանի մահվանից հետո (մահացած 1992 թվականի սեպտեմբերի 9-ին) Գևորգ Հունանյանը չի ընդունել նրա ժառանգությունը, քանի որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է 2002 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն Գևորգ Հունանյանի կողմից այն ընդունելու վերաբերյալ համապատասխան գրանցումներ նոտարական վավերացմամբ առկա չեն:

Մինչդեռ սույն գործով հայցի առարկան Կադաստրին Երևան քաղաքի Հ. Էմինի 109ա հասցեի տան նկատմամբ Գևորգ Հունանյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելն է, իսկ Կադաստրի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանով որպես վեճի առարկայի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժման հիմք նշվել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Հ. Էմինի 109 ա հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասին կից առկա են 72,3 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և 24,1 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցրած հողամաս, որն էլ խոչընդոտ է հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման համար: Հայցադիմումի պատասխանում միաժամանակ նշվել է որ Երևանի քաղաքապետի 02.12.2003 թվականի թիվ 2322-Ա որոշման համաձայն օրինականացված ինքնակամ զբաղեցրած հողամասի և ինքնակամ կառուցված շինությունների գրանցման համար ՀՀ վարչապետի 25.11.2005 թվականի թիվ 936-Ա որոշմամբ սահմանվել էր ժամկետ մինչև 01.03.2006 թվականը, իսկ այդ ժամանակահատվածում իրավունքների պետական գրանցման համար դիմում չէր ներկայացվել տարածքային ստորաբաժանում, ինչպես նաև իրավունքների պետական գրանցման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին հայց չի ներկայացվել դատարան: Պատասխանողի կողմից բերվել էր նաև փաստարկ, որ հարցը ենթակա է լուծման արտադատարանական կարգով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն և թիվ 731-Ն որոշումների համաձայն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճառաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանողը չի վիճարկել Գևորգ Հունանյանի կողմից ժառանգության ընդունման փաստը և վեճի առարկայի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժել է այլ հիմքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի ոչ թե Գևորգ Հունանյանի կողմից ժառանգությունը ընդունած լինել կամ չլինելու հարցի պարզումը, այլ Կադաստրի կողմից վեճի առարկայի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժման (Կադաստրի կողմից նշված փաստարկներով) իրավաչափ լինելու հանգամանքը, որպիսի ուղղությամբ Դատարանը քննություն չի իրականացրել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան