ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5333/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 22.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հովսեփ Այդինյանի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի գլխավոր սանիտարական բժիշկ Մ. Հախվերդյանի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի` Տեսչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի գլխավոր սանիտարական բժիշկ Մ. Հախվերդյանի 06.04.2009 թվականի թիվ 2956 որոշումն առոչինչ ճանաչելու, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 15.09.2009 թվականի թիվ 483 հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հովսեփ Այդինյանը պահանջել է առոչինչ ճանաչել Տեսչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի գլխավոր սանիտարական բժիշկ Մ. Հախվերդյանի 06.04.2009 թվականի թիվ 2956 որոշումը և անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 15.09.2009 թվականի թիվ 483 հրամանը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ գործի դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին տեղեկություն:
Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել, որ Նախարարությունը տվյալ գործով ներգրավված է որպես պատասխանող և չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում Նախարարությունը հնարավորություն չի ունեցել մասնակցելու դատաքննությանը և արտահայտելու իր դիրքորոշումը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:
2. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ, 22-րդ, 27-րդ, 35-41-րդ, 112-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը որպես որոշումն առոչինչ ճանաչելու հիմք նշել է այն հիմնավորումը, որ որոշմամբ կիրառվել է ««Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանի ոչ ճիշտ նորմը:
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ նման հիմնավորումը կարող էր հիմք հանդիսանալ վարչական ակտն անվավեր ճանաչելու, այլ ոչ թե առոչինչ ճանաչելու համար:
Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանը, ստանալով թիվ ՎԴ/16875/03/09 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմումը, արձակել է վճարման կարգադրություն, որը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն, վճարման կարգադրությունն արձակելիս ՀՀ վարչական դատարանն ընդունել է, որ վարչական ակտն առոչինչ չէ:
Փաստորեն, արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատվել է վիճարկվող վարչական ակտի առոչինչ չլինելու հանգամանքը:
Դատարանը գործով ապացույց է դիտել ՀՀ հայ փորձագետների միության կողմից 20.05.2009 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքները և այն որպես ապացույց գնահատելու հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով նախատեսված չէ այդ հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառումը:
Դատարանը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 15.09.2009 թվականի թիվ 483 հրամանն անվավեր ճանաչելով, որևէ կերպ չի հիմնավորել ու պատճառաբանել դրա անվավերության հիմքերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 07.04.2010 թվականի ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրը Դատարանի կողմից Նախարարությանն ուղարկվել է 11.02.2010 թվականին (գ.թ. 71):
2. 07.04.2010 թվականի նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշել է նախնական դատական նիստը համարել ավարտված և վարչական գործը դատաքննությանը նախապատրաստված, որի արդյունքում իրականացրել է դատաքննություն և վճռի հրապարակման օր է նշանակել 22.04.2010 թվականի ժամը 11:15-ին (գ.թ. 76-78):
3. Գործում առկա չէ 07.04.2010 թվականին նշանակված նախնական դատական նիստի մասին Նախարարությանը պատշաճ ծանուցելու փաստը հավաստող որևէ ապացույց։
4. Ի պատասխան Նախարարության աշխատակազմի ղեկավարի 13.05.2010 թվականի գրության` Դատարանը հայտնել է, որ նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ Նախարարության կողմից ստացման մասին ծանուցագիրը Դատարանում չի հայտնաբերվել՝ հաշվի առնելով գործերի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև Դատարանում առկա ստացման մասին ծանուցագրերի մեծ թվաքանակը (գ.թ. 99):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները։
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով։ Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով)։ Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տես՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը)։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործում առկա չէ Նախարարությանը 07.04.2010 թվականի ժամը 16:00-ին նշանակված դատական նիստի մասին պատշաճ ծանուցելու փաստը հավաստող որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախարարությունը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, ապա կողմի դատավարական իրավունքի սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|