Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2010-04.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.462
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 420-Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

1.1 Հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի:

(1.1 կետը լրաց. 24.08.06 N 1205-Ն, խմբ. 13.02.08 N 140-Ն) 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգից բխող համապատասխան նորմատիվ իրավական փաստաթղթեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 6
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 420-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) փոխելու հետ կապված հարաբերությունները:

2. ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ բնակչի գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրությունը, առաջնային բուժօգնության օղակին հատկացվող ռեսուրսների արդյունավետ բաշխումը, իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում ապահովելն է:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ԱԱՊ բժիշկ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա և դրա հիման վրա ընտանեկան բժշկություն, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա (ներառյալ առաջնային բուժքույրական օգնությունը, որը նաև տրամադրվում է տվյալ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետի (կետերի) բուժքրոջ միջոցով), բժշկական օգնության և սպասարկման տեսակներից որևէ մեկը կամ մի քանիսն իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպությունում ԱԱՊ ծառայություն մատուցող ընտանեկան բժիշկ կամ տեղամասային թերապևտ կամ տեղամասային մանկաբույժ.

2) բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրություն` ընտրություն, որը կատարում է բնակիչն իր կամքով և ԱԱՊ բժշկի մասին իր ունեցած տեղեկատվության հիման վրա` համաձայն սույն կարգով սահմանված ընթացակարգի.

3) ԱԱՊ բժշկի մոտ բնակչի գրանցում (այսուհետ՝ գրանցում)` սույն կարգով սահմանված ընթացակարգով բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության հիման վրա կատարվող փաստաթղթային և էլեկտրոնային ձևակերպումները, որի հիման վրա ԱԱՊ բժիշկը բնակչին մատուցում է պետության կողմից սահմանված ծավալներով որոշված ԱԱՊ ծառայություններ, կազմակերպում առաջնային բուժօգնության այլ ծառայություններ և ստանում համապատասխան ֆինանսավորում.

4) ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազա` ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման ձևով (այսուհետ` գրանցման ձև) գրանցվող բնակչի վերաբերյալ հավաքված և համակարգիչ մուտքագրված տվյալների ամբողջություն.

5) ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժհաստատություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպություն (ներառյալ այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետեր), որոնք ունեն բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա և դրա հիման վրա իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակներից որևէ մեկը կամ մի քանիսը` ընտանեկան բժշկություն, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա` ներառյալ առաջնային բուժքույրական օգնությունը, որը նաև տրամադրվում է այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետի (կետերի) բուժքրոջ միջոցով.

6) սույն կարգի իմաստով «բնակիչ» հասկացության տակ նկատի են ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները, փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։

4. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, տեղամասային թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ տեղամասային մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:

5. Երեխաների համար ԱԱՊ բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի օրինական ներկայացուցիչը:

 

II. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻ ԿԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հարապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր` սույն կարգի համաձայն, և, որի մոտ կգրանցվի` ըստ սույն կարգով սահմանված ընթացակարգի:

7. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ընտրել ԱԱՊ բժիշկ` սույն կարգով սահմանված ընթացակարգով, գրանցվել նրա մոտ և վճարովի հիմունքներով, ըստ բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակի, օգտվել ԱԱՊ և առաջնային բուժօգնության այլ ծառայություններից, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

8. Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հարապետությունում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։ ԱԱՊ բժիշկը որպես բնակիչ չի կարող ընտրել ինքն իրեն և գրանցվել ինքն իր մոտ որպես ԱԱՊ բժիշկ։

9. Այն դեպքում, երբ բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ կողմից սպասարկվող գյուղական համայնքի բնակիչն ընտրել է նոր ԱԱՊ բժիշկ, որն աշխատում է իր գյուղական համայնքին սպասարկող ԱԱՊ հաստատությունից (որի կազմում գործում է այդ համայնքի բուժակ-մանկաբարձական կետը) տարբեր այլ ԱԱՊ հաստատությունում, ապա բնակչի կողմից ընտրված ԱԱՊ բժշկի բուժհաստատության և բնակչի բնակավայրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ միջև կնքվում է պայմանագիր, որով կարգավորվում են բնակչին ԱԱՊ ծառայություններ մատուցելու ընթացքում ԱԱՊ բժշկի և բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ միջև ծագող հարաբերությունները։

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը։

11. ԱԱՊ բժիշկը չի գրանցում իրեն ընտրած և գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`

1) լրացել է ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.

2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

3) եթե ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն.

4) եթե բնակիչն արդեն գրանցված է այլ ԱԱՊ բժշկի մոտ և սահմանված կարգով չի ներկայացնում տեղափոխման ձևը:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար` նրա ծննդյան վկայականը, իսկ սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում` նաև այդ փաստը հավաստող փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձն իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը և տրամադրում այդ փաստաթղթի պատճենը: Գրանցումն իրականացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրն այդ փաստաթղթերից լրացնում է դիմող բնակչի անհատական տվյալները, և փաստաթղթերը վերադարձնում բնակչին։ Բնակիչն իր անհատական տվյալների փոփոխության դեպքում դրանց մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է իր ԱԱՊ բժշկին, ում մոտ գրանցված է: ԱԱՊ բժիշկը պարտավոր է այդ տվյալների փոփոխությունը կատարել նաև տվյալ բնակչի գրանցման ձևում և ապահովել այդ փոփոխության կատարումը բուժհաստատության ավտոմատացված բազայում: ԱԱՊ բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին ԱԱՊ հաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով նրա մշտական բնակության կամ այլ վայր կատարած այցի ընթացքում: Բնակչին կարող է գրանցել նաև այն բուժքույրը, որն աշխատում է ընտրված ԱԱՊ բժշկի հետ:

13. Ստորև նշված առանձին դեպքերում բնակչի գրանցումն ԱԱՊ բժշկի մոտ իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով և նրան անվճար կարգով տրամադրվում են ԱԱՊ ծառայություններ և կազմակերպվում առաջնային բուժօգնության այլ ծառայություններ, եթե`

1) երեխան չունի ծննդյան վկայական.

2) երեխայի ծննդյան վկայականը տրվել է այլ երկրում, իսկ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

3) քաղաքացին կորցրել է անձնագիրը և դրա մասին հայտարարագրում է գրանցման պահին.

4) գրանցվող բնակիչը չունի մշտական բնակության վայր, սակայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Մշտական բնակության վայր չունեցող բնակիչն ԱԱՊ բժիշկ ընտրելու և նրա մոտ գրանցվելու համար կարող է դիմել ցանկացած ԱԱՊ հաստատություն։ Մշտական բնակության վայր չունեցող և սույն կարգով նախատեսված ընթացակարգով ԱԱՊ բժիշկ ընտրած և նրա մոտ գրանցված անձին ԱԱՊ ծառայություններ մատուցվում են այն առողջության ԱԱՊ հաստատությունում, որտեղ աշխատում է նրա ընտրած ԱԱՊ բժիշկը։ Մշտական բնակության վայր չունենալու պատճառով տնային այցեր չեն կատարվում.

5) բնակիչն օգտվում է նաև այլ գերատեսչական պատկանելություն ունեցող ԱԱՊ հաստատության ծառայություններից.

6) բնակիչը բնակվում է ծերանոցում և օգտվում նաև ծերանոցի բժշկական ծառայություններից.

7) երեխան բնակվում է մանկատանը և օգտվում նաև մանկատան բժշկական ծառայություններից:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքերում բնակիչների գրանցումը վավեր ճանաչելու համար բնակիչը պետք է լրացնի համապատասխան հայտարարագիր, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

 

III. ԱԱՊ ԲԺՇԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԵՆ ԸՆՏՐԱԾ ԲՆԱԿՉԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

15. ԱԱՊ բժիշկը (կամ նրա հետ աշխատող բուժքույրը) իրեն ընտրած բնակչին գրանցելիս պետք է նրան իրազեկի, որ`

1) բնակիչը միաժամանակ չի կարող գրանցված լինել մեկից ավելի ԱԱՊ բժշկի մոտ.

2) գրանցման ժամանակ տրամադրվող բնակչի անհատական տվյալները հետապնդում են բուժօգնության ծառայությունների պլանավորման, կազմակերպման և իրականացման որոշակի նպատակ.

3) ԱԱՊ հաստատությունը փոխելիս և նոր ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար լրացվում է տեղափոխման ձև: Տեղափոխման ձևի լրացման կարգի խախտման հետևանքով նույն բնակչի մեկից ավելի գրանցումներ հայտնաբերելիս բնակչի բոլոր գրանցումները համարվում են անվավեր և այդ գրանցումների տվյալները հանվում են միասնական Երևանի համայնքային, մարզային և բժշկական հաստատության ավտոմատացված բազաներից:

16. ԱԱՊ հաստատությունը փոխելու և նոր ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու դեպքում բնակիչը նոր ԱԱՊ հաստատությունում գործող ԱԱՊ բժշկի մոտ է տեղափոխում նաև նախկին ԱԱՊ հաստատությունում առկա իր բժշկական քարտը։ Նախկին ԱԱՊ հաստատությունում լրացվում և պահվում է տեղափոխվող բնակչի բժշկական քարտի տվյալների քաղվածք, որի ձևը և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

17. Գրանցման գործընթացին մասնակցող բուժաշխատողներն ապահովում և պահպանում են գրանցվող բնակչի վերաբերյալ անհատական տվյալների և տեղեկատվության գաղտնիությունը:

 

IV. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

18. Բնակիչն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ցանկացած ժամանակ փոխելու իր ԱԱՊ բժշկին և ընտրելու նոր ԱԱՊ բժիշկ` նույն կամ այլ ԱԱՊ հաստատությունում: Բնակիչը նաև կարող է որոշում ընդունել և`

1) փոխել իր ԱԱՊ բժշկին կամ համաձայնություն տալ ժամանակավորապես սպասարկվել ԱԱՊ հաստատության ղեկավարի հրամանով իր ԱԱՊ բժշկին փոխարինող այլ ԱԱՊ բժշկի կողմից, եթե իր ԱԱՊ բժիշկն, անկախ պատճառներից չի կարող սպասարկել իրեն 40 և ավելի օրացուցային օր.

2) փոխել իր ԱԱՊ բժշկին ու ընտրել նոր ԱԱՊ բժիշկ տվյալ կամ այլ ԱԱՊ հաստատությունում իր ԱԱՊ բժշկի մահվան, այլ ԱԱՊ հաստատություն տեղափոխվելու, կենսաթոշակի անցնելու և օրենքով սահմանված այն դեպքերում, երբ ԱԱՊ բժիշկը չի կարող աշխատել իր մասնագիտությամբ:

19. Եթե բնակիչն ընտրել է ԱԱՊ բժիշկ, որն աշխատում է մեկ ուրիշ ԱԱՊ հաստատությունում, ապա նրա համար լրացվում է տեղափոխման ձևը։

 

V. ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

20. ԱԱՊ բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցումն իրականացվում են գրանցման և տեղափոխման ձևերով, դրանց լրացմանը համապատասխան ուղեցույցերի համաձայն, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

21. Միևնույն ԱԱՊ հաստատության կազմում նոր ԱԱՊ բժիշկ ընտրելու և նրա մոտ գրանցվելու դեպքում տվյալ բնակչի համար լրացվում է միայն գրանցման ձևը:

22. Այն դեպքում, երբ բնակիչն ընտրում է այլ ԱԱՊ հաստատության կազմում աշխատող ԱԱՊ բժիշկ, նրա մոտ գրանցվելու նպատակով բնակչի համար նախապես լրացվում է տեղափոխման ձև, որը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով լրացվելուց և նոր ընտրված ԱԱՊ բժշկի բուժհաստատություն ներկայացվելուց հետո հիմք է հանդիսանում գրանցման փաստը փաստաթղթային և էլեկտրոնային ձևերով վավերացնելու համար:

23. Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացվում տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ-ի բժշկի մոտ բնակչի կողմից բժշկի ընտրությունը վավերացրած գրանցումների թվերը:

(23-րդ կետը խմբ. 09.12.10 N 1647-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 24.08.06 N 1205-Ն, խմբ. 13.02.08 N 140-Ն, 09.12.10 N 1647-Ն)


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 420-Ն որոշման

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԳՐԱՆՑՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ, ՕՊՏԻՄԱԼ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ

Քաղաքային պոլիկլինիկաներում բուժմիավորման պոլիկլինիկական ստորաբաժանումներում սպասարկվող` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչների թիվը

Քաղաքային մանկական պոլիկլինիկաներում և պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակիչների թիվը

 

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` 18 տարեկան և ավելի տարիք ունեցող բնակիչների թիվը

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակիչների թիվը

Ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակիչների թիվը

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը`1000, որից` երեխաներ` 300, մեծահասակներ` 700

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալ թիվը` 1000

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալ թիվը` 1000

օպտիմալ թիվը` 1700, որից` երեխաներ` 500, մեծահասակներ` 1200

առավելագույն թիվը` 2500

առավելագույն թիվը` 1200

առավելագույն թիվը` 2700

առավելագույն թիվը` 1400

առավելագույն թիվը` 2300, որից` երեխաներ` 800, մեծահասակներ` 1500

 


(Հավելվածը լրաց. 24.08.06 N 1205-Ն, խմբ. 13.02.08 N 140-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան