Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0051/11/09

ԵԿԴ/0051/11/09

Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի


քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     
մասնակցությամբ
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2010 թվականի օգոստոսի 27 -ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանի և Հ.Ղուկասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. 2007 թվականի դեկտեմբերի 12-ից քրեական գործը քննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանը որոշում է կայացրել վերը նշված գործի վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունիսի 6-ի որոշմամբ վերացրել է քննիչի՝ վերը նշված որոշումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազը:

2008 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

4. 2008 թվականի օգոստոսի 16-ին սույն քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է, և նախաքննությունը կրկին իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանի կողմից:

2009 թվականի ապրիլի 16-ին սույն քրեական գործի վարույթը քննիչի որոշմամբ կրկին կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

5. 2009 թվականի հունիսի 2-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քննիչի վերոնշյալ որոշումը բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանը 2009 թվականի հունիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի՝ 2009 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը մերժելու մասին:

6. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով խնդրել են վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի՝ 2009 թվականի հունիսի 9-ի, քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Պետրոսյանի՝ 2009 թվականի ապրիլի 16-ի որոշումները և վերսկսել սույն քրեական գործով վարույթը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ մերժվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը:

7. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը` թողել անփոփոխ:

8. Վճռաբեկ բողոք են բերել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանը և Հ.Ղուկասյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

9. Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի՝ 2009 թվականի ապրիլի 16-ի որոշման համաձայն` «2007 թվականի մայիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ օպերատիվ հարցազրույցի հրավիրված` Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 14 շենքի 23 բնակարանի բնակիչ, 1976 թվականի ծնված Լևոն Աշոտի Գուլյանը ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակի պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն վայր է ընկել և ստացված վնասվածքներից տեղում մահացել» (տե´ս քրեական գործ հատոր 5, էջ 98):

10. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ Լևոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 10-ի գիշերը ժամը 03-04-ի սահմաններում կանչվել և մինչ 2007 թվականի մայիսի 12-ի ժամը 14:00-ը գտնվել է ոստիկանության Շենգավիթի բաժնում (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 9-րդ էջ, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 190):

11. Լ.Գուլյանի մուտքը և ելքը ոստիկանության Շենգավիթի բաժնում պաշտոնապես չի գրանցվել (տե´ս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 11–րդ էջ, քրեական գործ հատոր 4, էջ 192):

12. Ո´չ Շենգավիթ համայնքի դատախազության քննիչի, ո´չ էլ դատախազի կողմից ոստիկանությանը 2007 թվականի մայիսի 10-ին որպես վկա հարցաքննվելուց հետո Լ.Գուլյանի հետ կապված գործողություններ կատարելու գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն կամ ցուցում չի տրվել (տե´ս քրեական գործ, 3-րդ հատոր, 125-126 էջեր):

13. 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի հանձնարարությամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենայով ժամը 14:00-ի սահմաններում Լ.Գուլյանին տեղափոխել են նշված վարչություն (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 10-րդ էջ, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 191):

14. Լ.Գուլյանը ՔՀԳՎ-ում աշխատասենյակից աշխատասենյակ է տեղափոխվել ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ նրա ջուր խմելու հարցով զբաղվել է բարձրաստիճան ոստիկանը (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 19-րդ էջ, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 200):

15. 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը եզրակացրել է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով սույն գործի շրջանակներում ծագած կոնկրետ հարաբերությունները կարգավորվել չեն կարող» (տե´ս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման 12-րդ էջ, քրեական գործ հատոր 4, էջ 193):

16. Ի պատասխան Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական փորձարարություն կատարելու համար մանեկեն տրամադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետի հարցման` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացվել է 2008 թվականի դեկտեմբերի 1-ով թվագրված հետևյալ բովանդակությամբ գրություն. «Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված բնութագրերով մանեկեն Ռուսաստանի Դաշնության դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի տրամադրության տակ չկա:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի կողմից ներկայում գնված են 170սմ երկարությամբ և 40կգ քաշով շարնիրային մանեկեններ, որոնցից մեկը կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության իրավապահպան մարմինների ներկայացուցիչներին» (տե´ս քրեական գործ, 5-րդ հատոր, էջ 66):

17. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ, հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23 թիվ ՎԲ-17/08 որոշման 35-րդ կետի վրա, նշել է. «Որպեսզի պայմանավորվող պետության պատասխանատվությունն առաջացնող մահվան կապակցությամբ նախաքննությունը համարվի «արդյունավետ» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ նախաքննությունը լինի պատշաճ: Այն է` նման նախաքննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և նրանց պատժին: Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը` ապահովելու համար պատահարների հետ կապված ապացույցները» (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 9-րդ էջ, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 190):

18. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ արձանագրել է. «[Քննություն կատարող մարմինների կողմից] Միջոցներ չեն ձեռնարկվել Լ.Գուլյանի հավանական անկման պայմաններն ու հետևանքները ճշտելու ուղղությամբ: Ընդունելով քննչական փորձարարություն կատարելու անհրաժեշտությունն ու կարևորությունը` նման փորձարարություն չի կատարվել համապատասխան մանեկեն չգտնելու պատճառաբանությամբ»: Նույն որոշման մեջ արձանագրվել է նաև. «Գրավոր ցուցում տված գլխավոր դատախազի տեղակալը (քրեական գործ հ. 4, էջ 123) և նախաքննական մարմինը, կարևորելով Լ.Գուլյանի անկման մեխանիզմը պարզելու նպատակով քննչական փորձարարություն կատարելու հանգամանքը` այդ հիմքով երկարացնելով նախաքննության ժամկետը՝ առանցքային այդ քննչական գործողությունը չի կատարել միայն այն հիմքով, որ համապատասխան մանեկեն ձեռք բերվել չի հաջողվել» (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 6-ի որոշման 4-րդ և 23-րդ էջեր, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, 185, 204 էջեր):

19. Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ «2007 թվականի մայիսի 12-ին ժամը 14-ի սահմաններում ոստիկանության կողմից Լ.Գուլյանին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն տանելը և դրան հաջորդող գործողությունները չեն բխում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 191-րդ, 205-րդ, 206-րդ, 316-րդ հոդվածների պահանջներից» (Վերաքննիչ դատարանի որոշման 21-րդ էջ, տե´ս քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 233):

20. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ նշված է, որ «օրենքով սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի և թույլատրելի փաստական տվյալները իրենց համակցությամբ բավարար են հանգելու հետևության, որ քրեական գործով նախաքննությունը շարունակելու հիմքեր չկան» (Վերաքննիչ դատարանի որոշման 19-րդ էջ, տե´ս Նյութեր, էջ 160):

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման համաձայն` «քրեական գործի նյութերի հետազոտությունը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը իրականացրել է բոլոր հնարավոր և ողջամիտ քայլերը` ապահովելու համար Լ.Գուլյանի պատահարի հետ կապված փաստական հանգամանքները» (Վերաքննիչ դատարանի որոշման 19-րդ էջ, տե´ս Նյութեր, էջ 160):

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման համաձայն` «վերսկսված նախաքննության ընթացքում քրեական վարույթ իրականացնող մարմինը համապատասխան միջոցներ է ձեռնարկել դատարանների որոշումներում նշված թերությունները, խախտումները, բացերը վերացնելու կապակցությամբ, որի ընթացքում կայացվել է օբյեկտիվ և ճիշտ որոշում, այն է` Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ» (Վերաքննիչ դատարանի որոշման 19-րդ էջ, տե´ս Նյութեր, էջ 160):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

21. Բողոք բերած անձանց պնդմամբ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումն անօրինական է, չհիմնավորված ու չպատճառաբանված: Ի հիմնավորումն իրենց փաստարկի՝ բողոքաբերները նշում են, որ այն հակասում է նախկինում սույն գործի քննությունն իրականացրած ՀՀ դատարանների որոշումներին, և դրանով անտեսվում են վերոնշյալ դատական ակտերում առաջ քաշված մի շարք պահանջներ: Մասնավորապես.

21.1 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ, հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23 թիվ ՎԲ-17/08 որոշման 35-րդ կետի վրա, նշել է. «Որպեսզի պայմանավորվող պետության պատասխանատվությունն առաջացնող մահվան կապակցությամբ նախաքննությունը համարվի «արդյունավետ» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ նախաքննությունը լինի պատշաճ: Այն է` նման նախաքննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և նրանց պատժին: Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը` ապահովելու համար պատահարների հետ կապված ապացույցները» (տե´ս սույն որոշման 17-րդ կետը):

Մինչդեռ, ըստ բողոքաբերների, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ վերսկսված նախաքննությամբ դեպքի հետ կապված բոլոր ապացույցները չեն հավաքվել, իսկ Լ.Գուլյանի մահվան համար պատասխանատու անձանց ինքնությունը չի պարզվել, և նրանց պատժելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել:

21.2 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը եզրակացրել է, որ. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով սույն գործի շրջանակներում ծագած կոնկրետ հարաբերությունները կարգավորվել չեն կարող» (տե´ս սույն որոշման 15-րդ կետը):

Մինչդեռ, ըստ բողոքաբերների, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ անտեսվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս հետևությունը: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը հիմնավորվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածներով:

21.3 Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ հաստատված է համարվել, որ «2007 թվականի մայիսի 12-ին ժամը 14-ի սահմաններում ոստիկանության կողմից Լ.Գուլյանին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն տանելը և դրան հաջորդող գործողությունները չեն բխում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 191-րդ, 205-րդ, 206-րդ, 316-րդ հոդվածների պահանջներից» (տե´ս սույն որոշման 19-րդ կետը):

21.4 Բողոք բերած անձանց պնդմամբ, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ո´չ Շենգավիթի ոստիկանությունը, ո´չ էլ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ն Ս.Վարդանյանի սպանության գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չեն հանդիսացել: Ի հիմնավորումն այս պնդման՝ բողոքաբերները ներկայացրել են հետևյալ փաստարկները.

Առաջին, գործով նախաքննությունն իրականացվել է Շենգավիթ համայնքի դատախազության քննիչի կողմից:

Երկորդ, ո´չ Շենգավիթ համայնքի դատախազության քննիչի, ո´չ էլ դատախազի կողմից ոստիկանությանը 2007 թվականի մայիսի 10-ին որպես վկա հարցաքննվելուց հետո Լ.Գուլյանի հետ կապված գործողություններ կատարելու գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն կամ ցուցում չի տրվել (տե´ս սույն որոշման 12-րդ կետը), մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` «Հետաքննության մարմինը քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները»:

Երրորդ, ո´չ Շենգավիթի ոստիկանության, ո´չ էլ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի օպերատիվ աշխատակիցները, որոնք առնչություն են ունեցել Լ.Գուլյանի հետ, հետաքննության մարմին չեն հանդիսացել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 27-րդ կետի համաձայն` հետաքննության մարմին է համարվում «(…) սույն օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման պետը (…) և աշխատակիցները»:

21.5 Բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ կերպ չի բացատրվել Լ.Գուլյանի` ոստիկանների մշտական հսկողության տակ գտնվելու և նրա կոշիկների վրայից քուղերի բացակայության հանգամանքները, ինչպես նաև այն, թե ինչու է Լ.Գուլյանը փորձել ՀՀ ոստիկանության վարչական շենքից դուրս գալ երկրորդ հարկի պատուհանից ներքին բակ ցատկելու, այլ ոչ թե կենտրոնական մուտքից հեռանալու միջոցով:

21.6 Մեջբերելով Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումը, որում նշված է, որ «օրենքով սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի և թույլատրելի փաստական տվյալները իրենց համակցությամբ բավարար են հանգելու հետևության, որ քրեական գործով նախաքննությունը շարունակելու հիմքեր չկան» (տե´ս սույն որոշման 20-րդ կետը), բողոք բերած անձինք նշել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ բողոքարկվող որոշման հիմքում առավելապես դրվել են նախաքննության մարմնի այն փաստարկները, որոնք գերակշռող մեծամասնությամբ հիմնված են քրեական գործի ելքով ուղղակի շահագրգռվածություն ունեցող ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Վկայակոչված ցուցմունքները Վերաքննիչ դատարանը քննադատական վերլուծության չի ենթարկել, կասկածի տակ չի դրել և չի փորձել հերքել, թեև դա անելու համար քրեական գործում առկա են ավելի քան բավարար ապացույցներ:

Ըստ բողոք բերած անձանց` վերոշարադրյալից բացի, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են հետևյալ ապացույցները՝

■ վկաներ Մ.Գրիգորյանի, Հ.Մելքումյանի, Ջ.Գուլյանի և տուժողի իրավահաջորդ Ա.Գուլյանի ցուցմունքները, որոնցով հաստատվում են Լ.Գուլյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված կամայական և ապօրինի գործողությունները,

«Շենգավիթ համայնքի դատախազ Ջ.Ֆարխոյանի գրությունը, որով հաստատվում է, որ մայիսի 10-ին հարցաքննվելուց հետո Լ.Գուլյանի հետ որևէ գործողության կատարում չի պլանավորվել, և նրա նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կատարած բոլոր գործողությունները դուրս են եղել վարույթն իրականացնող մարմնի վերահսկողության շրջանակներից,

■ ՀՀ ոստիկանության կողմից կատարված ծառայողական քննության եզրակացությունը, ըստ որի` Լ.Գուլյանը մայիսի 10-ին ժամը 04-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և ազատ է արձակվել ժամը 22-ի սահմաններում,

■ փորձագիտական եզրակացություններով, մասնավորապես դատաբժշկական փորձաքննություններով, քրեագիտական, մանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննությամբ պարզված և դատարանների կողմից հաստատված մի շարք հանգամանքներ, որոնք հերքում են Գ.Թադևոսյանի աշխատասենյակի պատուհանից Լ.Գուլյանի անկման մեխանիզմը,

■ քրեական գործով վկա, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետ Հ.Միլիտոնյանի ցուցմունքը, ըստ որի` Լ.Գուլյանի և Մ.Գրիգորյանի ցուցմունքների միջև առկա հակասության կապակցությամբ ինքը հանձնարարել է նշված անձանց հետ «բացատրական աշխատանքներ տանել և օպերատիվ հարցազրույց կատարելու նպատակով հրավիրել ՔՀԳ վարչություն», ինչը դուրս է ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակից: Մինչդեռ ո´չ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ, 19-րդ, 20-րդ, ո´չ այլ հոդվածներով, և ո´չ էլ այլ իրավական ակտերով ոստիկանությունը նման լիազորություններ չունի, քանզի օրենքում պարզապես բացակայում են «բացատրական աշխատանքներ» և «օպերատիվ հարցազրույց» կամ «օպերատիվ հարցում» եզրույթները:

21.7 Վկայակոչելով Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումը, որի համաձայն` «քրեական գործի նյութերի հետազոտությունը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը իրականացրել է բոլոր հնարավոր և ողջամիտ քայլերը` ապահովելու համար Լ.Գուլյանի պատահարի հետ կապված փաստական հանգամանքները» (տե´ս սույն որոշման 20-րդ կետը), բողոք բերած անձինք փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն, որ նախաքննությունը վերսկսելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմինը, հակառակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների որոշումներում առաջ քաշված պահանջների, չի պարզել գործի արդարացի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես.

■ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում չի պարզվել Գ.Թադևոսյանի աշխատասենյակի պատուհանից Լ.Գուլյանի վայր ընկնելու մեխանիզմը (չի կատարվել քննչական փորձարարություն, կամ տեխնիկական այլ համալիր փորձաքննություն չի նշանակվել),

■ չի ճշտվել, թե միջազգային փորձագետների կողմից նշված «մինչ ընկնելն այլ ուժի ազդեցությամբ առաջացած կապտուկներն ու վնասվածքները» Լ.Գուլյանի մարմնի որ հատվածներին են վերաբերում,

■ չի բացահայտվել Գ.Թադևոսյանի աշխատասենյակի պատուհանին ձեռքի ափի հետք թողած անձի ինքնությունը,

■ չի պարզվել, թե ում հագուստի օտար, բնական և քիմիական մանրաթելերն են հայտնաբերվել Լ.Գուլյանի հագուստի վրա և ինչի հետևանքով այդ նպատակով փորձանմուշներ չեն վերցվել և փորձաքննություններ չեն նշանակվել,

■ չի պարզվել թե փախուստի փորձ կատարելու պայմաններում կրծքավանդակի և ողնաշարի կրծքային և գոտկային հատվածների վնասվածքները ստանալու պահին Լ.Գուլյանը ինչպես է կրծքավանդակի հետին մակերեսով ուղղված եղել դեպի վնասվածք պատճառող առարկան:

21.8 Վկայակոչելով Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումը, որի համաձայն՝ «վերսկսված նախաքննության ընթացքում քրեական վարույթ իրականացնող մարմինը համապատասխան միջոցներ է ձեռնարկել դատարանների որոշումներում նշված թերությունները, խախտումները, բացերը վերացնելու կապակցությամբ, որի ընթացքում կայացվել է օբյեկտիվ և ճիշտ որոշում, այն է` Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ» (տե´ս սույն որոշման 20–րդ կետը), բողոք բերած անձինք փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը նման հետևության չէր հանգի, եթե հաշվի առներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշման մեջ տրված հետևյալ ձևակերպումը` «սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքների շուրջ արդեն իսկ հարցաքննված Լ.Գուլյանն այդպիսի լիազորություններով չօժտված պաշտոնատար անձանց կողմից «հրավիրվել», ապա փաստացի ազատությունից զրկված լինելու պայմաններում տեղափոխվել է ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն, համապատասխան լիազորություններով չօժտված պաշտոնատար անձանց կողմից «քննչական գործողություններ, այդ թվում նաև առերեսում» կատարելու նպատակով, որով խախտվել է Լ.Գուլյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչն անհայտ պայմաններում ավարտվել է վերջինիս վախճանով» (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշման 22-րդ էջ, տե´ս Քրեական գործ, 4-րդ հատոր, էջ 233):

21.9 Սույն որոշման 21-րդ կետի՝ վերոշարադրյալ ենթակետերի հիման վրա բողոք բերած անձինք եզրահանգել են, որ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային-իրավական պարտավորությունները, մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 5-րդ հոդվածները:

22. Անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի խախտումներին՝ բողոք բերած անձինք նշել են, որ.

22.1 Հայաստանի Հանրապետությունը Լևոն Գուլյանի մահվան կապակցությամբ չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում ստանձնած պոզիտիվ պարտավորությունները: Բողոքաբերների վերոնշյալ փաստարկի հիմքում դրված է Թանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի գործով վճռի 97-րդ կետում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անհատի սպանության համար պետության պատասխանատվության հանգամանքն իր կողմից հաստատելու նպատակով «պահանջվող ապացույցների մակարդակի ապահովումը կարող է բխել բավականաչափ ուժեղ, հստակ և համահունչ մտահանգումների կամ չհերքված ենթադրությունների գոյակցությունից»:

22.2 Ըստ բողոք բերած անձանց` Լ.Գուլյանի մահվան հետ կապված իրադարձությունները ամբողջությամբ կամ մեծ մասամբ համընկնում են իշխանությունների բացառիկ տեղեկացվածության տիրույթի մեջ, ուստի փաստական լուրջ ենթադրություններ են ծագում նրան պատճառված մարմնական վնասվածքների և մահվան առնչությամբ: Հետևաբար, ապացուցողական բեռն իշխանությունների վրա է, և նրանք պարտավոր են գոհացուցիչ և համոզիչ բացատրություն ներկայացնել (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Սալմանն ընդդեմ Թուրքիայի, Չաքիչին ընդդեմ Թուրքիայի և Թիմութաշն ընդդեմ Թուրքիայի գործերով վճիռներում արտահայտված դիրքորոշումը):

22.3 Այն դեպքում, երբ անձը կալանավորվում է առողջ վիճակում, բայց ավելի ուշ հայտնվում է մահացած, պետական իշխանությունները պարտավոր են հիմնավոր բացատրություններ տրամադրել նրա մահվանը հանգեցրած իրադարձությունների կապակցությամբ: Նման բացատրություն չտրամադրելը կնշանակի, որ պետական իշխանությունները պատասխանատու կհամարվեն նրա մահվան համար (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վելիկովն ընդդեմ Բուլղարիայի, Անգելովան ընդդեմ Բուլղարիայի գործերով վճիռներում արտահայտված դիրքորոշումը): Հայցվորը միայն պարտավոր է ցույց տալ, որ իշխանությունները չեն արել այն ամենը, ինչը կարելի էր ողջամտորեն ակնկալել նրանցից` խուսափելու անձի կյանքի նկատմամբ իսկական և անմիջական ռիսկից, որի մասին նրանք իմացել էին կամ պարտավոր էին իմանալ (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում արտահայտված դիրքորոշումը):

22.4 «Պետությունը կարող է ճանաչվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտող պետություն` հետաքննելու պարտավորության առնչությամբ նույնիսկ այն դեպքում, երբ հայցվորը չի կարողանում ապացույցներ ներկայացնել պետության գործակալների կողմից անձի դիտավորյալ սպանության կապակցությամբ» (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Յասան ընդդեմ Թուրքիայի գործով վճռում արտահայտված դիրքորոշումը): Հետաքննությունը պետք է լինի «մանրակրկիտ, անկողմնակալ և զգուշավոր» (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Վելիկովն ընդդեմ Բուլղարիայի գործով վճռում արտահայտված դիրքորոշումը): Հետաքննությունը պետք է նաև գործուն լինի այն իմաստով, որ դրա արդյունքում հնարավոր լինի պարզել, թե արդյոք նման դեպքերում գործադրված ուժը հիմնավորված է եղել, թե ոչ կոնկրետ հանգամանքներում, և բացահայտվեն ու պատժվեն մեղավորները: Սա ոչ թե արդյունքների, այլ ձեռնարկվող միջոցների առնչվող պարտավորություն է (բողոքաբերների մեջբերված դատողության հիմքում դրված է Շենեգանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում արտահայտված դիրքորոշումը):

23. Բողոքաբերները նշել են նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համանման մոտեցում է ցուցաբերում նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պոզիտիվ պարտավորությունների կատարման կապակցությամբ: Խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման ապացուցելու բեռը հայցվորից տեղափոխվում է պետության վրա այն դեպքում, երբ անհատը ոստիկանության կողմից կալանավորվում է առողջ վիճակում, սակայն հետագայում նրա մոտ հայտնաբերվում են մարմնական վնասվածքներ: Նման պարագայում պետությունը պարտավոր է հիմնավոր բացատրություն տալ այդ վնասվածքների կապակցությամբ:

24. Հիմք ընդունելով վերևում շարադրված դատողությունները՝ բողոք բերած անձինք հետևություն են արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, չկատարելով Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման կապակցությամբ անկողմնակալ և արդյունավետ քննություն, խախտել է նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածը:

25. Վճռաբեկ բողոքում շարադրված դատողությունների հիման վրա բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածների, Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ և 25-րդ հոդվածների պահանջները: Վերաքննիչ դատարանը չի կիրառել Կոնվենցիայի այն հոդվածը (հոդվածները), որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկել կամ դրանցում սահմանափակել կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, այսինքն` թույլ է տրվել միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտում:

26. Ըստ բողոքի հեղինակների` վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածով նախատեսված հետևյալ հիմքերը.

ա) Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը:

Բողոքի հիմնավորումները շարադրելիս մատնանշվել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելիս առաջին ատյանի դատարանն իր հետևությունները հիմնավորելու համար 2008 թվականի հունիսի 6-ի որոշման մեջ հղում է արել ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման նախադեպային նշանակություն ունեցող որոշ դրույթների վրա: Մասնավորապես, նշվել է, որ սույն քրեական գործով նախաքննությունը չի եղել պատշաճ, հետևաբար, և արդյունավետ, չեն պարզվել և պատժվել պատասխանատու անձինք, ինչպես նաև չեն ապահովվել պատահարի հետ կապված բոլոր ապացույցները (որոշ բարձրաստիճան ոստիկաններ չեն հարցաքննվել, ոմանք հարցաքննվել են դեպքից հինգ օր անց, Լ.Գուլյանի հետ առնչված վկաները անմիջապես չեն առանձնացվել միմյանցից, որը չի բացառել նրանց հնարավոր հանդիպումն ու դեպքի կապակցությամբ փոխադարձ պայմանավորվածության գալը (թիվ ՎԲ-17/08 որոշման 35-րդ և 37-րդ կետեր):

Այնուհանդերձ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի, այդ թվում` Վճռաբեկ դատարանի որոշման պարտադրականության պահանջը և կայացրել է դրանցում արձանագրված փաստական հանգամանքներին և տրված հիմնավորումներին հակասող որոշում:

բ) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշված դատական սխալն առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ դրա արդյունքում անպատիժ են մնացել ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր սահմանազանցելով իրենց լիազորությունները` քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող, սակայն փաստացի ազատությունից զրկված Լ.Գուլյանին ֆիզիկապես և հոգեպես առողջ վիճակում, առանց իրավական հիմքի, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներից դուրս հարկադրաբար բերել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ նա անհայտ պայմաններում մահացել է:

27. Վճռաբեկ բողոքում շարադրված փաստարկների հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Ոստիկանությունում մահացած անձի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննության պարտականությունը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո.

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին հարցը հետևյալն է. Լ.Գուլյանի մահվան փաստի նկատմամբ տարածվու՞մ է արդյոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչը:

29. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:

(...)»:

30. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել հավաստել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ոչ թե տեսական կամ պատրանքային են, այլ գործնական են և արդյունավետ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածների համատեքստերում սահմանվել են դատավարական պարտականություններ (տե´ս, օրինակ, B. v. tհe United Kingdom, 1987 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 9840/82, կետ 63, M.C. v. Bսlgaria, 2003 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 39272/98, 148-153 կետերը, և Cyprսs v. Tսrkey, 2001 թվականի մայիսի 10-ի Մեծ պալատի վճիռը, գանգատ թիվ 25781/94, կետ 147):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները մեկնաբանել է որպես այդ դրույթների նյութաիրավական կողմերի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմեր՝ հաշվի առնելով այս իրավունքների հիմնարար բնույթը (տե´ս McCann and Others v. Tհe United Kingdom, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, 157-164 կետերը, Ergi v. Tսrkey, 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82, Mastromatteo v. Italy, 2002 թվականի հոկտեմբերի 24-ի Մեծ պալատի վճիռը, գանգատ թիվ 37703/97, կետ 89, և Assenov and Others v. Bսlgaria, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, 101-106 կետեր):

31. Մասնավորապես, սույն գործին վերաբերելի մասով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի շրջանակներում արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը (կյանքի իրավունքի դատավարական բաղադրիչը) բխում է Մարդու իրավունքիների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված այն իրավական դիրքորոշմամբ, որ եթե առողջ անձը ոստիկանության կողմից արգելանքի է վերցվել և հետագայում մահացել, ապա պետությունը պարտավոր է ներկայացնել անձի մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, և այն չներկայացնելու դեպքում պետությունը խախտած կլինի Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (տե´ս Velikova v. Bսlgaria, 2000 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 41488/98, կետ 70, mսtatis mսtandis, Selmouni v. France, 2002 թվականի հոկտեմբերի 24-ի Մեծ պալատի վճիռը, գանգատ թիվ 25803/94, կետ 87):

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լևոն Գուլյանի մահը վրա է հասել 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով (տե´ս սույն որոշման 9-րդ կետը): Նախքան այդ, Լ.Գուլյանը վերոնշյալ վարչություն էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իրենց ծառայողական մեքենայով (տե´ս սույն որոշման 13-րդ կետը): Լ.Գուլյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում աշխատասենյակից աշխատասենյակ է տեղափոխվել ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ նրա ջուր խմելու հարցով զբաղվել է բարձրաստիճան ոստիկանը (տե´ս սույն որոշման 14-րդ կետը):

33. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները համադրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վելիկովայի վերաբերյալ վճռով արտահայտված իրավական դիրքորոշման հետ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ, 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների տրամադրության տակ լինելու պայմաններում Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ պետությունը պարտավոր է իրականացնել արդյունավետ քննություն` ուղղված նրա մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն ներկայացնելուն:

II. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո պետության դատավարական պարտականության տևողությունը

34. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցն այն է, թե Լ.Գուլյանի մահվան փաստի արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով կարո՞ղ է արդյոք ավարտված համարվել:

35. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային մի քանի որոշումներում արձանագրել է, որ կասկածելի պայմաններում տեղի ունեցած մահվան փաստի արդյունավետ քննության պարտականությունը շարունակում է առկա լինել այնքան ժամանակ, քանի դեռ ակնկալվում է, որ իշխանությունները ողջամտորեն կարող են միջոցներ ձեռնարկել մահվան հանգամանքները բացահայտելու և դրա համար պատասխանատվություն սահմանելու նպատակով (տե´ս, mսtatis mսtandis, Brecknell v. tհe United Kingdom, 2007 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 32457/04, 66-72 կետեր, և Hackett v. tհe United Kingdom, 2005 թվականի մայիսի 10-ի որոշումը, գանգատ թիվ 34698/04):

36. Սույն գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Գուլյանի մահվան կապակցությամբ քննություն իրականացնելիս չի պարզվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակի պատուհանից Լ.Գուլյանի վայր ընկնելու մեխանիզմը, և այդ նպատակով չի կատարվել քննչական փորձարարություն: Ընդ որում, սույն գործով քննության արդյունավետության տեսանկյունից նշված քննչական փորձարարության կարևորությունը հաստատվել է ինչպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, այնպես էլ նախաքննության մարմնի և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից (տե´ս սույն որոշման 18-րդ կետը):

37. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Լ.Գուլյանի վայր ընկնելու մեխանիզմը պարզելու նպատակով քննչական փորձարարության կատարման կարևորության մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, նախաքննության մարմնի և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դիրքորոշմանը:

38. Այս առումով անհրաժեշտ է պարզել, թե ՀՀ համապատասխան իրավապահպան մարմինները դեռևս ողջամտորեն կարո՞ղ են միջոցներ ձեռնարկել քննչական փորձարարության համար անհրաժեշտ մանեկենը ձեռք բերելու և քննչական փորձարարությունը կատարելու համար:

Նշված հարցին պատասխանելու համար վերլուծելով ՀՀ գլխավոր դատախազության հարցմանն ի պատասխան Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ուղարկած գրությունը (տե´ս սույն որոշման 16-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ համապատասխան իրավապահպան մարմինները դեռևս ողջամտորեն կարող են միջոցներ ձեռնարկել քննչական փորձարարության համար անհրաժեշտ մանեկենը ձեռք բերելու և քննչական փորձարարությունը կատարելու համար: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ուղարկած գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի կողմից ներկայում գնված են 170սմ երկարությամբ և 40կգ քաշով շարնիրային մանեկեններ»: Դրանից հետևում է, որ Լ.Գուլյանի մահվան փաստի քննության համար անհրաժեշտ բնութագրիչներով մանեկենները (178սմ երկարությամբ և 95կգ քաշով) ողջամտորեն կարող են պատվիրվել այն նույն կազմակերպությունից, որից գնումներ է կատարել ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն:

39. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշման 16-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո շուրջ 4 ամիս շարունակվող նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը այլևս որևէ միջոց չի ձեռնարկել նշված քննչական փորձարարության կատարումն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, նոր հարցում չի կատարվել ՌԴ դատախազությանը` խնդրելով մատնանշել մանեկենները պատրաստող կազմակերպությանը, և այդ կազմակերպությունից Լ.Գուլյանի մահվան փաստի քննության համար անհրաժեշտ բնութագրիչներով մանեկեն պատրաստելու պատվեր չի տրվել:

40. Վերը շարադրված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը դեռևս շարունակվում է, քանի որ առկա է ողջամիտ ակնկալիք առ այն, որ անհրաժեշտ մանեկենը ձեռք կբերվի, և համապատասխան քննչական գործողությունները կկատարվեն:

Քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել, թե ՌԴ դատախազությանը կոնկրետ ինչ կազմակերպություն է մատակարարել սույն որոշման 16-րդ կետում վկայակոչված գրությամբ նշված մանեկենները, բանակցել նշված կազմակերպության հետ անհրաժեշտ մանեկենը ձեռք բերելու հարցով, ձևակերպել համապատասխան պատվեր, ստանալ անհրաժեշտ մանեկենը, կատարել քննչական փորձարարություն Լ.Գուլյանի անկման մեխանիզմը պարզելու նպատակով, դրա արդյունքները համադրել գործով ձեռք բերված մյուս տվյալների հետ և անհրաժեշտության դեպքում կատարել դրանից բխող նոր քննչական, այլ դատավարական կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ:

41. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված դատավարական պարտականության կատարման մասին վերջնական հետևությունները հնարավոր են միայն քննչական փորձարարության և, անհրաժեշտության դեպքում, դրանից բխող այլ գործողությունների արդյունքների առկայության դեպքում: Այդ պարագայում նշված ապացույցների հաշվառմամբ հնարավոր կլինի նաև ամբողջական գնահատական տալ Լ.Գուլյանի մահվան փաստի քննության արդյունավետությանը:

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների բարձրացրած հարցերի պատասխանները կարող են տրվել միայն այն բանից հետո, երբ Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ քննությունը վերջնականապես ավարտվի:

 42. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումները և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա.Կարախանյանի և Հ.Ղուկասյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշումները բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան