Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXV բաժնի դրույթների վրա,

ձգտելով մեծացնել մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները,

հաշվի առնելով, որ գյուղատնտեսական կենդանիների արտադրողականությունը զգալիորեն կախված է տոհմային կենդանիների օգտագործումից,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագիրը մշակված է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականություն իրականացնելու նպատակով, և դրանով կարգավորվում է անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարումը:

Անդամ պետությունների տարածքներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

տոհմային արտադրանք՝ տոհմային կենդանի, դրա սերմը, սաղմերը, թրթուրները, մեղվափաթեթները.

տոհմային արժեք՝ տոհմային կենդանուց, տոհմային հոտից ընտրվող հատկանիշների մակարդակը և դրանց՝ սերնդին փոխանցելու հնարավորությունը,

տոհմային կենդանի՝ բուծման համար օգտագործվող գյուղատնտեսական կենդանի, որն անդամ պետության տոհմային կենդանաբուծության ոլորտում գործող օրենսդրության սահմանված կարգով գրանցված է տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում և դրա իրացման դեպքում ունի տոհմային վկայական (վկայագիր, անձնագիր),

սելեկցիոն տոհմային աշխատանք՝ համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործմանը,

գյուղատնտեսական կենդանիներ՝ կենդանիներ, որոնց բուծում են կենդանաբուծական արտադրանք ստանալու նպատակներով:

 

Հոդված 3

 

Անդամ պետություններում տոհմային արտադրանքի արտադրության ոլորտում միասնական պահանջների կիրառման նպատակով սելեկցիոն տոհմային աշխատանք կատարելիս անդամ պետություններն իրականացնում են գյուղատնտեսական կենդանիների՝ ստեղծված նոր տեսակների, շարքերի (ցեղատեսակների) և խաչասերումների փորձարկում անցկացնելու, տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկ փորձաքննություն անցկացնելու, հարակից ցեղատեսակների օգտագործմամբ ստացված տոհմային կենդանիների ցեղատեսակը որոշելու, ինչպես նաև տոհմային արժեքը գնահատելու միասնականացում՝ սույն համաձայնագրին համապատասխան:

Գյուղատնտեսական կենդանիների՝ ստեղծված նոր տեսակների, շարքերի (ցեղատեսակների) և խաչասերումների փորձարկում անցկացնելու կարգը, տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկ փորձաքննություն անցկացնելու կարգը, հարակից ցեղատեսակների օգտագործմամբ ստացված տոհմային կենդանիների ցեղատեսակը որոշելու կարգը, ինչպես նաև տոհմային արժեքը գնահատելու մեթոդիկաները հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 4

 

Անդամ պետություններում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ գենոմային սելեկցիայի մշակման և ներդրման նպատակով՝ տոհմային կենդանաբուծության ոլորտում անդամ պետություններում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումն ու վերլուծական ապահովումն իրականացվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից սահմանվող կարգով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից որոշվող՝ անդամ պետությունների գործող հաստատությունների հիման վրա:

 

Հոդված 5

 

Անդամ պետություններն ապահովում են տոհմային կենդանիների և սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կազմակերպումը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով:

Փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը և այդպիսի փոխանակման կարգը հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 6

 

Մինչև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված կարգերի և մեթոդիկաների հաստատման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերն ուժի մեջ մտնելը՝ անդամ պետություններում կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված համապատասխան կարգերը և մեթոդիկաները:

 

Հոդված 7

 

Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 9

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Կատարված է Մոսկվա քաղաքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: