Գլխավոր տեղեկություն
Համար
N 1753-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.36
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1753-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 13
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1753-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն (այսուհետ` լրացուցիչ տեղեկատվություն) ներկայացնելու ընթացակարգը (այսուհետ` կարգ):

2. Կարգի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում երրորդ անձանց կողմից այլ հարկ վճարողների կամ այլ ֆիզիկական անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների մասին տեղեկությունները:

3. Կարգի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային կազմակերպությունը, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության մասին տեղեկություններ:

4. Կարգի դրույթները չեն վերաբերում`

1) հարկ վճարողների կողմից ներկայացվող` իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության մասին հաշվետվություններին, հաշվարկներին, հայտարարագրերին և այլ փաստաթղթերին, որոնք ներկայացվում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) հարկ վճարողների կողմից ներկայացվող` այն ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված այն ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) մասին հաշվետվություններին, որոնց ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշմամբ.

3) հարկ վճարողների կողմից ներկայացվող` հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններին` իրենց հետ գործառնություններ իրականացնող և (կամ) իրենցից եկամուտ ստացող և (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ, որոնք ներկայացվում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

4) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-11-րդ կետերին համապատասխան երրորդ անձանցից պարտադիր ներկայացվող տեղեկություններին.

5) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացվող տեղեկություններին.

6) կամավորության սկզբունքով ներկայացվող տեղեկություններին.

7) պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններին, որոնք հարկային մարմին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար գրավոր հարցումը կատարվում է բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կատարված հարցման հիման վրա: Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը կամ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման մերժումը (կամ մասնակի մերժումը) կատարվում է բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունով:

6. Այն դեպքում, երբ երրորդ անձինք հնարավորություն ունեն լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային եղանակով «Mulberry» համակարգի միջոցով, ապա լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով կատարված հարցման հիման վրա: Այն դեպքում, երբ երրորդ անձինք հնարավորություն ունեն լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային եղանակով այլ համակարգերի միջոցով, ապա լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրվում է փոխհամաձայնեցված եղանակով կատարված հարցման հիման վրա:

7. Երրորդ անձանց լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կատարված հարցումը պետք է պարունակի`

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ երրորդ անձի կողմից լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման նպատակը (կամ նպատակները), ինչի համար է պահանջվում լրացուցիչ տեղեկատվությունը` պարտադիր հղում կատարելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և կարգին.

4) լրացուցիչ տեղեկատվության տեքստային հակիրճ նկարագրությունը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատանքային հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը և կարող են պատասխանել լրացուցիչ տեղեկատվության ձևաչափի հետ կապված հարցերին.

6) ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ լրացուցիչ տեղեկատվությունը:

8. Երրորդ անձանց լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու (կամ մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի`

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ երրորդ անձի կողմից լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը` պարտադիր հղում կատարելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և կարգին.

4) լրացուցիչ տեղեկատվության տեքստային հակիրճ նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, եթե երրորդ անձը համաձայնվում է տրամադրել (կամ մասնակի տրամադրել) լրացուցիչ տեղեկատվություն կամ հարցման մերժման (կամ մասնակի մերժման) հիմնավոր պատճառը, եթե երրորդ անձը չի տրամադրում (կամ մասնակի է տրամադրում) լրացուցիչ տեղեկատվություն.

5) երրորդ անձի աշխատողների կամ մասնագիտացված ստորաբաժանման (ստորաբաժանումների) աշխատանքային հեռախոսահամարները, որի աշխատողները պատրաստել են պատասխան գրությունը և կարող են պատասխանել լրացուցիչ տեղեկատվության հետ կապված հարցերին:

9. Վերադաս հարկային մարմնի հարցման մերժման (կամ մասնակի մերժման) հիմնավոր պատճառ է համարվում`

1) եթե հարցման մեջ ապահովված չեն կարգի 7-րդ կետի պահանջները, կամ`

2) եթե լրացուցիչ տեղեկատվությունը պարունակում է կարգի 4-րդ կետում նշված պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, կամ`

3) եթե երրորդ անձի մոտ բացակայում է հարցման մեջ նշված լրացուցիչ տեղեկատվությունը, կամ`

4) եթե լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը հարցման մեջ նշված ժամկետում հնարավոր չէ ապահովել, կամ`

5) եթե լրացուցիչ տեղեկատվությունն աշխատատար է և պահանջում է բավական մեծ աշխատաժամանակ, որը կարող է խոչընդոտել երրորդ անձի բնականոն աշխատանքը:

10. Վերադաս հարկային մարմնին լրացուցիչ տեղեկատվության տրամադրումն անվճար է:

11. Վերադաս հարկային մարմնին երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվության տրամադրման համար այլ անձանց համաձայնությունը պարտադիր չէ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Երրորդ անձանցից ստացված լրացուցիչ տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չէ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան