Գլխավոր տեղեկություն
Համար
N 1237-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1106
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1237-Ն

 

«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի՝ կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման թույլտվության պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությանը:

(1-ին կետը փոփ. 18.11.10 N 1479-Ն)

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագիրը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրի ստորագրումից հետո մինչև երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծային փաստաթղթերը հատուկ համալիր փորձաքննության ենթարկելու նպատակով ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` իրանական «Թավան Աբ Արաս Քոմփանի» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներն ընկերությանը ժամանակավոր օգտագործման նպատակով ու կառուցապատման իրավունքով տրամադրելու և, անհրաժեշտության դեպքում, այդ տարածքների հողի օգտագործման նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

(4-րդ  կետը փոփ. 03.02.11 N 73-Ն)

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության պայմանագրից բխող` օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ երաշխիքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

 Երևան