Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության ազգային բանկը, Ղազախստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 70–րդ հոդվածի դրույթների վրա,
նպատակ ունենալով ֆինանսական շուկաներում պայմաններ ստեղծել կապիտալի ազատ տեղաշարժը ապահովելու համար,
հայտարարելով փոխշահավետ համագործակցության պահպանման վերաբերյալ իրենց մտադրության մասին,
գիտակցելով Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի, Միջազգային հաշվարկների բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի, Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության, ինչպես նաև Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱՏՖ) հանձնարարականների կատարման կարևորությունը,
կիսելով ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու ձգտումը,
ընդունելով ֆինանսական շուկաների ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով տեղեկատվության փոխանակման և դրա օգտագործման կարգը սահմանելու, ինչպես նաև ֆինանսական շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակում ապահովելու անհրաժեշտությունը,
ճանաչելով Կողմերի կողմից կիրառվող՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության մոտեցումները և մակարդակը համարժեք ու համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Սահմանումները
Սույն համաձայնագրում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
հարցվող մարմին՝ անդամ պետության լիազորված մարմին, որին, սույն համաձայնագրին համապատասխան, տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում է ուղարկվում.
հարցում ներկայացնող մարմին՝ անդամ պետության լիազորված մարմին, որը, սույն համաձայնագրին համապատասխան, տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում է ուղարկում.
գաղտնի տեղեկատվություն՝ անդամ պետության լիազորված մարմնում ստացվող, վերջինիս լիազորությունների իրականացման շրջանակներում դրա տնօրինության տակ գտնվող, պետական կամ անդամ պետության օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ գաղտնիք (պետական գաղտնիք) չհանդիսացող տեղեկատվություն, որի հասանելիությունը սահմանափակ է և որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դիտարկվում է որպես գաղտնի.
հիմնական (մայր) կազմակերպություն՝ մի անդամ պետության իրավաբանական անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսին (ձեռք է բերում 50 տոկոս) և (կամ) ունի այլ անդամ պետության ֆինանսական կազմակերպության կողմից որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն, կամ մի անդամ պետության ֆինանսական կազմակերպություն, որն այլ անդամ պետության տարածքում ունի (ստեղծում է) մասնաճյուղ, ներկայացուցչություն՝ այդ մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
անդրսահմանային կազմակերպություն՝ անդամ պետության տարածքում ստեղծված (ստեղծվող) ֆինանսական կազմակերպություն, որում այլ անդամ պետության իրավաբանական անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 50 տոկոսին (ձեռք է բերում 50 տոկոս) և (կամ) ունի որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն, և (կամ) մի անդամ պետության ֆինանսական կազմակերպության կողմից այլ անդամ պետության տարածքում այդ մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված (ստեղծվող) մասնաճյուղ, ներկայացուցչություն.
լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որն այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ օժտված է ֆինանսական շուկայի, ֆինանսական կազմակերպությունների (ֆինանսական շուկայի առանձին ոլորտների) կարգավորում և (կամ) վերահսկողություն ու հսկողություն իրականացնելու լիազորություններով.
ֆինանսական կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ֆինանսական շուկայում ֆինանսական ծառայությունների մատուցման գործունեություն.
ֆինանսական ծառայություններ՝ ֆինանսական բնույթի ծառայություններ, որոնք ներառում են բանկային ծառայություններ, ապահովագրական ծառայություններ և ապահովագրական ծառայությունների շարքին դասվող ծառայություններ, արժեթղթերի շուկայում ծառայություններ.
ֆինանսական շուկա՝ անդամ պետությունների՝ բանկային ծառայությունների շուկա, ապահովագրական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների շարքին դասվող ծառայությունների շուկա, արժեթղթերի շուկա։
Հոդված 2. Համաձայնագրի առարկան
1. Սույն համաձայնագրի առարկան այն հարաբերություններն են, որոնք ծագում են մի անդամ պետության լիազորված մարմինների՝ այլ անդամ պետության լիազորված մարմինների հետ տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասով փոխգործակցության շրջանակներում։
2. Լիազորված մարմիններն իրականացնում են տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակում՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ դրա օգտագործման և տարածման կարգին ներկայացվող պահանջները։
Գլուխ II. Տեղեկատվության փոխանակումը ֆինանսական շուկայում և լիազորված մարմինների փոխադարձ խորհրդատվությունները
Հոդված 3. «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը
1. Լիազորված մարմիններն ապահովում են սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված տեղեկատվության հասանելիությունը՝ եռամսյակի համար՝ հաշվետու եռամսյակին հաջորդող 60 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ տարեկան արդյունքներով՝ հաշվետու տարվան հաջորդող 120 օրացուցային օրվանից ոչ ուշ, «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում իրենց պաշտոնական կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր) հատուկ նախատեսված բաժիններում։
2. Լիազորված մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում է ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետևյալ տեղեկատվությունը (ըստ յուրաքանչյուր անդամ պետության)՝
1) այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք շոշափում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության և ֆինանսական ծառայությունների մատուցման հարցերը, եթե այդ նախագծերը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դառնում անսահմանափակ թվով անձանց.
2) անդամ պետության ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
համապատասխան ֆինանսական շուկան.
անդրսահմանային կազմակերպությունների անվանումները.
թույլտվությունների և (կամ) լիցենզիաների (պետական գրանցման վկայականների) տեսակը և տրման ամսաթիվը.
3) բանկային ծառայությունների ոլորտում՝
ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները.
ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները.
ընդհանուր առմամբ բանկերի, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների սեփական կապիտալը.
4) ապահովագրական ծառայությունների ոլորտում՝
ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների միագումար ակտիվները.
ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների սեփական կապիտալը.
ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական պահուստները.
ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական պարգևները.
ընդհանուր առմամբ շուկայում ապահովագրական կազմակերպությունների, այդ թվում՝ անդրսահմանային կազմակերպությունների ապահովագրական վճարումները.
5) արժեթղթերի շուկայի ոլորտում՝ մի անդամ պետության թողարկողների այն արժեթղթերի հետ կապված գործարքների քանակը և ծավալը, որոնք թույլատրվել են շրջանառության այլ անդամ պետությունների՝ կազմակերպված արժեթղթերի շուկաներում.
6) այլ տեղեկատվություն, որի փոխանակման մասին լիազորված մարմինները կարող են պայմանավորվել առանձին, և որը չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և լիազորված մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքերում դրա տեղադրման ժամկետը լրանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է ընդհանրացված տեղեկատվության տեղադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ այն կառուցվածքային ստորաբաժանումների մասին, որոնք պատասխանատու են իրենց պաշտոնական կայքերում սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված տեղեկատվության տեղադրման համար։
Այլ պատասխանատու ստորաբաժանումների նշանակման կամ այլ փոփոխությունների դեպքում լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրա մասին տեղեկացնում են համապատասխան փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։
Լիազորված մարմինների փոփոխության դեպքում Կողմերը դրա մասին տեղեկացնում են միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
Հոդված 4. Լիազորված մարմինների փոխադարձ խորհրդատվությունները
1. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ լիազորված մարմիններն իրականացնելու են փոխադարձ խորհրդատվություններ և կարծիքների փոխանակում ֆինանսական շուկայի ոլորտին առնչվող՝ իրենց իրավասության (լիազորությունների) մեջ մտնող հետևյալ հարցերի վերաբերյալ՝
1) ֆինանսական շուկայի և ֆինանսական կազմակերպությունների կարգավորման, վերահսկողության և հսկողության ոլորտում իրենց պետության օրենսդրություն և նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև իրենց պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղություններ՝ հաշվի առնելով միջազգային փորձը և լավագույն միջազգային գործելակերպը.
2) ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգերի զարգացում՝ ներառյալ ավանդների, ապահովագրական վճարումների երաշխավորման հետ կապված հարցերը.
3) անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
4) լիազորված մարմինների աշխատակիցների տեխնիկական հմտությունները բարելավելու և որակավորումը բարձրացնելու նպատակով սեմինարների, որակավորման դասընթացների, աշխատանքային հանդիպումների կազմակերպման հարցում աջակցություն.
5) ընդհանուր առմամբ ֆինանսական շուկայում և նշված շուկայում գործող առանձին ֆինանսական կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի բացահայտում և գնահատում, ռիսկերի կառավարման համակարգերի կազմակերպմանը ներկայացվող պահանջների կատարելագործում.
6) աջակցություն անդամ պետությունների բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցում, ինչպես նաև ծառայությունների մատուցման հետ կապված վեճերի մինչդատական կարգավորման ինստիտուտների ստեղծում և զարգացում, այդ թվում՝ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի միջոցով.
7) ֆինանսական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և ֆինանսական կազմակերպությունների կառավարմանը մասնակցող այլ անձանց որակավորմանը և գործարար հեղինակությանը ներկայացվող պահանջների կատարելագործում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8) ֆինանսական շուկայի և ֆինանսական կազմակերպությունների կարգավորման, վերահսկողության և հսկողության ընթացքում առաջացող այլ հարցեր։
2. Լիազորված մարմիններն իրականացնում են կարծիքների փոխանակում ֆինանսական շուկայի կարգավորման, վերահսկողության և հսկողության հետ կապված հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում։
Գլուխ III. Ֆինանսական շուկայի ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակումը
Հոդված 5. Կիրառության ոլորտը
1. Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազորված մարմինները ցանկացած լիազորված մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակում՝ հնարավորինս լիարժեք ծավալով՝ ներառյալ հետևյալ տեղեկատվությունը՝
1) պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարման կառուցվածք (կառավարման մարմինների կազմ), հիմնական (մայր) կազմակերպության կառավարում և ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց առնչությամբ այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության շնորհիվ կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի սահմանելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները.
2) անդրսահմանային կազմակերպության բացման վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկություններ հիմնական (մայր) կազմակերպության ֆինանսական վիճակի վերաբերյալ.
3) ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերահսկողություն և հսկողություն, դրանց կողմից պրուդենցիալ նորմատիվների պահպանման մոնիթորինգ.
4) հիմնական (մայր) կազմակերպության և անդրսահմանային կազմակերպության, ինչպես նաև կանոնավոր անդրսահմանային գործառնություններ իրականացնող ֆինանսական կազմակերպությունների առնչությամբ անցկացված ստուգումներ և դրանց արդյունքները.
5) հիմնական (մայր) կազմակերպության, անդրսահմանային կազմակերպության կամ դրանցում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ ներգործության միջոցների և պատժամիջոցների կիրառում.
6) ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ արժեթղթերը թողարկողների կողմից անդամ պետությունների՝ տեղեկատվության բացահայտման վերաբերյալ օրենսդրության պահպանման մոնիթորինգի արդյունքներ.
7) կազմակերպված սակարկությունների ժամանակ ինսայդերական տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման, շուկայի մանիպուլյացիայի ձևով չարաշահումների կանխարգելում, բացահայտում և կանխում, հակաիրավական կամ այլ անօրինական, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական շուկայում, որի կարգավորումը վերապահված է լիազորված մարմինների իրավասությանը (լիազորություններին), այլ խախտումների բացահայտում.
8) անդամ պետությունների ապահովագրական շուկաներում անդրսահմանային ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունների իրականացում.
9) այլ տեղեկատվություն, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է լիազորված մարմինների իրավասությանը (լիազորություններին)։
2. Եթե սույն համաձայնագրով նախատեսված տեղեկատվությունն անմիջականորեն առկա է կամ կարող է ստացվել հարցվող մարմնի պետությունում, ապա այդ մարմինը բոլոր ջանքերը կգործադրի, որ ամբողջ ծավալով աջակցի հարցվող տեղեկատվության ստացմանը։
3. Լիազորված մարմինը կարող է գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցում (այսուհետ՝ հարցում) ուղարկել միայն իր գործառույթների իրականացման նպատակով։
Հոդված 6. Գաղտնի տեղեկատվության փոխանակման եղանակները
Գաղտնի տեղեկատվության փոխանակումը լիազորված մարմինների կողմից իրականացվում է գրավոր, առերես խորհրդակցությունների միջոցով և էլեկտրոնային եղանակով՝ կապի պաշտպանված ուղիներով՝ Կողմերի շահագրգռվածության դեպքում հնարավոր հետագա գրավոր հաստատմամբ։
Գաղտնի տեղեկատվության փոխանակման եղանակի կիրառությունը Կողմերի միջև համաձայնեցվում է երկկողմ հիմունքներով՝ Կողմերի շահագրգռվածության դեպքում։
Հոդված 7. Գաղտնի տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցման բովանդակությունը
1. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ներկայացնող մարմնի անվանումը.
2) հարցվող մարմնի անվանումը.
3) հղում սույն համաձայնագրին.
4) հարցումն ուղարկելու համար հիմք հանդիսացած փաստերի նկարագրությունը.
5) այն սուբյեկտների անվանումները, որոնց առնչությամբ գաղտնի տեղեկատվություն է հարցվում.
6) հարցման նպատակների շարադրանքը.
7) հարցվող գաղտնի տեղեկատվության նկարագրությունը.
8) հարցվող տեղեկատվությանը ենթադրաբար տիրապետող անձանց մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
9) հարցվող գաղտնի տեղեկատվության ստացման ժամանակ անհրաժեշտ նախազգուշական միջոցառումների մասին տեղեկությունները.
10) հղում նորմատիվ իրավական ակտերին, որոնց դրույթները խախտվում են այն փաստերով, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը.
11) հարցում ներկայացնող մարմնի ներկայացուցիչների՝ հարցման կատարմանը մասնակցելու անհրաժեշտության մասին տեղեկությունները.
12) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։
2. Հարցումն ստորագրվում է հարցում ներկայացնող մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
3. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցվող մարմինն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։
Հոդված 8. Լիազորված մարմինների փոխգործակցությունը հարցումը կատարելիս
1. Հարցվող մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է հարցում ներկայացնող մարմնի ներկայացուցիչներին թույլատրել մասնակցելու հարցման կատարմանը, եթե դա չի հակասում հարցվող մարմնի պետության օրենսդրությանը:
2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն անդրսահմանային կազմակերպությունների գործունեության կարգավորման, վերահսկողության և հսկողության հարցերով գաղտնի տեղեկատվության (կարծիքների) փոխանակումն իրականացնել հանդիպումների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների անցկացման, ինչպես նաև այդ նպատակով աշխատակիցներին անդամ պետություններ գործուղելու միջոցով:
Հոդված 9. Հարցման կատարումը
1. Հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցվող մարմնի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարցումը ժամանակին կատարելը խոչընդոտող կամ հետաձգող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում հարցվող մարմինը հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող մարմին՝ նշելով հարցման կատարումը խոչընդոտող կամ հետաձգող պատճառները։
2. Հարցման պատասխանը, այդ թվում՝ հարցման կատարման մերժումը, հարցում ներկայացնող մարմին ներկայացվում է գրավոր։
Հոդված 10. Հարցման կատարման մերժումը
1. Հարցվող մարմինն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում՝
1) հարցման կատարումը հակասում է հարցվող մարմնի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին.
2) հարցվող մարմնի պետության իրավասու մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել այն փաստերի կամ անձանց առնչությամբ, որոնց հետ կապված է ուղարկվել հարցումը, կամ հարցվող մարմնի պետության իրավասու մարմինների կողմից նշված անձանց նկատմամբ կամ նշված փաստերի հետ կապված պատժամիջոցներ են կիրառվել (բացառությամբ այն դեպքերի, երբ հարցում ներկայացնող մարմինը հիմքեր կներկայացնի, որոնց համաձայն, ենթադրվող պատժամիջոցները պատիժ չեն հանդիսանա միևնույն իրավախախտման համար).
3) հարցումը կազմված է սույն համաձայնագրի 7–րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.
4) հարցվող տեղեկատվության փոխանցումը կարող է վնաս հասցնել հարցվաղ մարմնի պետության ինքնիշխանությանը կամ առնչվել ազգային անվտանգության շահերին։
2. Հարցման կատարումը մերժելու կամ մասամբ մերժելու դեպքում հարցվող մարմինը հարցումն ստանալու օրվանից հետո 10 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող մարմին՝ նշելով մերժման (մասնակի մերժման) պատճառները։
Հոդված 11. Լիազորված մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացվող տեղեկատվությունը
Լիազորված մարմիններից յուրաքանչյուրը սեփական նախաձեռնությամբ առանց այլ լիազորված մարմնի հարցման կարող է տեղեկատվություն տրամադրել կամ ապահովել տեղեկատվության տրամադրումը, որը, իր կարծիքով, կարող է մյուս լիազորված մարմնի համար օգտակար լինել համապատասխան կարգավորիչ, վերահսկողական և հսկողական գործառույթների իրականացման ժամանակ։ Ընդ որում, սույն համաձայնագրի դրույթները կկիրառվեն այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան տեղեկատվություն տրամադրող լիազորված մարմինը նշում է, որ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է սույն համաձայնագրի շրջանակներում։
Հոդված 12. Տեղեկատվության օգտագործումը
Հարցում ներկայացնող մարմինը սույն համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործել միայն հարցման մեջ նշված նպատակներով։
Հոդված 13. Տեղեկատվության գաղտնիության ապահովումը
1. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան նշված գաղտնի տեղեկատվությունը չի կարող որևէ երրորդ կողմի փոխանցվել առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության։
2. Լիազորված մարմինները նվազագույնի են հասցնում այն անձանց թիվը, որոնց կարող է հասանելի լինել սույն համաձայնագրի կատարման նպատակով փոխանցվող գաղտնի տեղեկատվությունը, այդ իրազեկ անձանց շրջանակը սահմանափակելով բացառապես այն աշխատակիցներով և մասնագետներով, որոնց համար այդ տեղեկատվության հասանելիությունն անհրաժեշտ է ծառայողական պարտականությունները կատարելու համար։
3. Հարցման պատասխանը պատրաստելիս հարցվող մարմինը ծանուցում է այն մասին, որ տրամադրվող ամբողջ տեղեկատվությունը կամ դրա մի մասը գաղտնի է՝ հարցվող մարմնի պետության օրենսդրությանը համապատասխան։
Գաղտնի տեղեկատվության հետ գործ ունենալիս հարցում ներկայացնող մարմինը պաշտպանության այնպիսի միջոցներ է ձեռնարկում, որոնք կիրառվում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ։
4. Սույն հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանների խախտման, ինչպես նաև սույն համաձայնագրին համապատասխան ստացված գաղտնի տեղեկատվության անօրինական օգտագործման համար հարցում ներկայացնող մարմինը, դրա աշխատակիցները և մասնագետները սեփական գաղտնի տեղեկատվության հրապարակման համար հարցում ներկայացնող մարմնի պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն են կրում։
5. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պայմանների և կարգի փոփոխության մասին Կողմերից ցանկացածի կողմից որոշում ընդունելու դեպքում այդ անդամ պետության լիազորված մարմինն այդ փոփոխությունների մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին։
6. Սույն համաձայնագրի գործողության ժամանակահատվածում փոխանցված կամ ստացված գաղտնի տեղեկատվության մասով սույն համաձայնագրի գործողության դադարման դեպքում դրա օգտագործման և պաշտպանության հետ կապված՝ սույն համաձայնագրի 12–րդ հոդվածով և սույն հոդվածով նախատեսված միջոցները շարունակում են կիրառվել այնքան ժամանակ, մինչև որ գաղտնի տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի կողմից դրանց չեղարկման մասին չներկայացվի համապատասխան ծանուցում։
Հոդված 14. Տեղեկատվության ստացման հետ կապված ծախսերը
Լիազորված մարմիններն իրենք են կրում իրենց պետության տարածքում սույն համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը, եթե իրենց կողմից այլ կարգ չհամաձայնեցվի։
Այն դեպքում, երբ հարցվող մարմինը կարծում է, որ կարող է, սույն համաձայնագրին համապատասխան, հարցումը կատարելու հետ կապված զգալի ծախսեր կրել, լիազորված մարմինները, հարցման կատարմանն առնչվող ծախսերի բաշխման վերաբերյալ արդարացի որոշում կայացնելու նպատակով, կպայմանավորվեն նախնական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։
Գլուխ IV. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 15. Փոփոխություններ կատարելը
Կողմերի պայմանավորվածությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
Հոդված 16. Սույն համաձայնագրին միանալու պայմանները
Սույն համաձայնագրին միացող պետությունն ապահովում է գաղտնի տեղեկատվության պաշտպանության այն մակարդակը, որը համարժեք է գաղտնի տեղեկատվության պաշտպանության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մակարդակին։
Հոդված 17. Վիճելի հարցերի լուծումը
Կողմերի, լիազորված մարմինների միջև ծագող՝ սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման միջոցով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։
Եթե Կողմերը, լիազորված մարմինները վեճը չեն կարգավորում, խորհրդակցությունների և (կամ) բանակցությունների անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումն ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի ցանկացած կողմ կարող է վեճը հանձնել Եվրասիական տնտեսական միության դատարանի քննությանը։
Հոդված 18. Համաձայնագրի առնչությունը միջազգային այլ պայմանագրերի հետ
Սույն համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի՝ միջազգային այլ պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն անդամ պետություններն են։
Հոդված 19. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։
2. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա հաստատված պատճենը։
Բելառուսի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Ղազախստանի Հանրապետության |
Ղազախստանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Ռուսաստանի Դաշնության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|