Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
28.05.2021
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
28.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով ԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքի ընդհանուր շուկայի փուլային ձևավորման և աշխատուժի միգրացիայի կարգավորման 2017 թվականի մարտի 17-ի հայեցակարգի դրույթների վրա,

ձգտելով ձևավորել աշխատանքի ընդհանուր շուկա,

հաստատելով ԱՊՀ մասնակից պետություններում աշխատուժի բաշխման, փոխանակման ու ռացիոնալ օգտագործման հարցերով փոխգործակցության անհրաժեշտությունը,

ընդունելով Կողմերի՝ աշխատուժի պահանջարկի և առաջարկի հավասարակշռվածությանը հասնելուն ուղղված գործողությունների կատարելագործմանը նպաստող տեղեկատվությունն ու տեղեկությունները ժամանակին փոխանակելու անհրաժեշտությունը.

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրի նպատակներն են՝

աշխատանքի ընդհանուր շուկա ձևավորելիս խնդիրների լուծման ու արգելքների վերացման՝ համաձայնեցված մոտեցումների մշակումը.

Կողմերի կողմից աշխատաշուկաներում իրականացվող և սույն համաձայնագրի մասնակից պետություններում բնակչության զբաղվածությանն աջակցելուն ու գործազրկության մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցների, ծրագրերի և ծառայությունների մշակման ու արդյունավետության բարձրացման ժամանակ համագործակցությունն ու փոխօգնությունը.

ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժման և աշխատանքային գործունեության իրականացման իրավունքների ապահովումը։

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրում օգտագործվում են հետևյալ եզրույթները՝

Կողմերի լիազորված մարմիններ՝ Կողմերի կողմից սահմանվող՝ սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ.

Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպություններ և մարմիններ՝ Կողմերի պետական մարմիններ և (կամ) այլ կազմակերպություններ, որոնց իրավասությանն է վերապահված բնակչության զբաղվածությանն աջակցելուն, գործազրկության մակարդակի նվազեցմանն ու աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերի լուծմանն ուղղված միջոցների, ծրագրերի և ծառայությունների իրականացումը։

 

Հոդված 3

 

Սույն համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ժամանակ Կողմերն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով՝

մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու, դրանք պահպանելու և պաշտպանելու, օրինականության, հավասարության, վստահության, օբյեկտիվության, անկախության և հրապարակայնության.

Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպությունների և մարմինների գործողությունների համակարգման, համաձայնեցվածության ու պլանայնության։

 

Հոդված 4

 

Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով՝

աշխատանքի ընդհանուր շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծում.

Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպությունների ու մարմինների կողմից իրականացվող՝ բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանն ու աշխատանքային միգրացիայի կարգավորմանն ուղղված միջոցների, ծրագրերի և ծառայությունների արդյունավետության բարձրացում.

հաղորդակցական արգելքների վերացում, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների աշխատավոր միգրանտներին աշխատանքի տեղավորման պետության լեզվի, պատմության, մշակույթի և իրավունքի հիմունքների ու առանձնահատկությունների ուսուցման ծրագրեր մշակելու միջոցով.

միջազգային, այդ թվում՝ «Ուորլդսքիլլս» (WorldSkills) ստանդարտներով գործնական կողմնորոշմամբ կարճատև ուսուցման ծրագրերի մշակում և իրականացում.

միջազգային, այդ թվում՝ «Ուորլդսքիլլս» մեթոդիկաներով իրավասության անկախ գնահատման արդյունքներով իրավասությունների փոխադարձ ճանաչման համակարգի ստեղծում.

աշխատանքի որոնման հետ կապված դժվարություններ ունեցող բնակչության առանձին խմբերին, այդ թվում՝ երիտասարդներին, սահմանափակ հնարավորություններով անձանց, կանանց, նախակենսաթոշակային տարիքի անձանց, ազատազրկման վայրերից ազատված անձանց աշխատանքի տեղավորման համար հնարավորությունների ընդլայնում.

աշխատանքային ռեսուրսների շարժունության բարձրացում.

տեղեկատվական համակարգերի զարգացում և ինտեգրում.

ոչ ֆորմալ զբաղվածության նվազեցում.

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ԱՊՀ մասնակից պետություններից աշխատավոր միգրանտների կազմակերպված հավաքագրման ու ներգրավման համակարգի զարգացում և ներդնում.

անօրինական, այդ թվում՝ աշխատավոր միգրանտների կողմից իրականացվող աշխատանքային գործունեությանը հակազդեցություն։

 

Հոդված 5

 

Կողմերը համագործակցում են հետևյալ հիմնական ձևերով՝

սույն համաձայնագրի առարկային վերաբերող հարցերով փոխադարձ խորհրդատվությունների անցկացում և տեղեկատվության փոխադարձ փոխանակում.

սույն համաձայնագրի առարկային վերաբերող հարցերով խորհրդակցությունների, համաժողովների և այլ համատեղ միջոցառումների պլանավորում և անցկացում.

սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի փոխգործակցության արդյունավետությունն ու զարգացումն ապահովող ազգային տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորմանը և զբաղվածությանն աջակցելու հարցերով տեղեկատվական պորտալների ստեղծում և զարգացում.

Կողմերի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերին (հանձնաժողովներին) մասնակցություն.

սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը չհակասող այլ ձևերով, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է անմիջականորեն իրականացվել Կողմերի՝ բնակչության զբաղվածությանն աջակցելու հարցերով լիազորված կազմակերպությունների և մարմինների միջև։

Սույն համաձայնագիրն իրականացնելիս Կողմերը պահպանում են գործնական շփումները և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կողմերի փոխգործակցության արդյունավետությունն ու զարգացումն ապահովելու համար։

Սույն համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին փոխգործակցության այլ ուղղություններ և ձևեր սահմանելիս ու զարգացնելիս։

 

Հոդված 6

 

Սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը և փոխանցումն իրականացվում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու համար օրենքով պահպանվող գաղտնիքը (պետական, ծառայողական, առևտրային և այլն), որը Կողմերին հայտնի է դարձել նրանց կողմից իրենց լիազորությունները կատարելիս։

Սույն համաձայնագրի դրույթների իրականացման հարցերի վերաբերյալ նամակագրությունը կատարվում է ռուսերենով։

 

Հոդված 7

 

Համաձայնագրի իրականացմանն ուղղված միջոցառումների ֆինանսական ապահովումը Կողմերի լիազորված մարմինների կողմից իրականացվում է սեփական միջոցների և սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավվող միջոցների հաշվին։

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագրի իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազորված մարմին (մարմիններ), ինչի մասին տեղեկացնում է ավանդապահին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցման հետ միաժամանակ։

Լիազորված մարմնի (մարմինների) անվանման փոփոխության դեպքում համապատասխան Կողմը 30 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ավանդապահին:

Ավանդապահը սույն համաձայնագրի մասնակից պետությունների կառավարություններին սահմանված կարգով տեղեկացնում է Կողմերի լիազորված մարմինների մասին։

 

Հոդված 9

 

Սույն համաձայնագրում չեն շոշափվում Կողմերից յուրաքանչյուրի՝ նրա համար այնպիսի այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցն է այդ Կողմի պետությունը։

 

Հոդված 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են շահագրգիռ Կողմերի լիազորված մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հոդված 12

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Հոդված 13

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։

Միացող պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն համաձայնագրից՝ իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին՝ ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ։

Կատարված է Մինսկ քաղաքում, 2021 թվականի մայիսի 28–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`
-------------------------
 

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

/ստորագրություն/
 

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի Կառավարության

կողմից`
---------------------------

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
 

Ուկրաինայի Կառավարության

կողմից`

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`
------------------------------