Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,

հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2003 թվականի մայիսի 21-ի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի զարգացման համար պայմանների ստեղծման նպատակներով,

կիսելով Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,

ընդունելով յուրաքանչյուր անդամ պետության՝ ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագիրն ուղղված է Միության շրջանակներում՝ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պայմանների ապահովմանը և սահմանում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2402 20 ենթադիրքում դասակարգվող սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) կարգը (այդ թվում՝ հիմնական սկզբունքները և միջոցները)։

 

Հոդված 2

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության եկամուտների չափերի տարբերությունների, անդամ պետությունների բնակչության համար ծխախոտային արտադրանքի մատչելիության (այդ թվում՝ գնային) հաշվառում.

աճի ավելի ցածր տեմպերով անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի արագացում և աճի ավելի բարձր տեմպերով անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցում.

անդամ պետությունների (այդ թվում՝ դրանց տարածաշրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման պլանների հաշվառում.

անդամ պետությունների՝ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքի ապահովում.

ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկություն ու կանխատեսելիություն։

 

Հոդված 3

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցում (մոտարկում)

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է՝ սահմանելով՝

ծխախոտային արտադրանքի համար ակցիզների ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափերը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափեր).

ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու 5-ամյա ժամանակահատվածը.

ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերն ինդիկատիվ դրույքաչափից շեղման տարեկան տիրույթները (այսուհետ՝ շեղման տիրույթներ):

Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները հաստատվում են յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2024 թվականից՝ սույն հոդվածով նախատեսված կարգով:

2. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և ակցիզի յուրահատուկ ու (կամ) ադվալորային մասերի հանրագումարն են:

3. Ինդիկատիվ դրույքաչափը կիրառվում է անդամ պետության ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքով, որը գործում է բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ։

4. Անդամ պետությունները ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր՝ հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքների շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտից 2 տարի առաջ մշակում են առաջարկություններ՝ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։

Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ ծխախոտային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի չափը և շեղման տիրույթները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

5. Ինդիկատիվ դրույքաչափի չափի և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքի՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

 

Հոդված 4

2024 թվականի համար՝ սիգարետների համար ինդիկատիվ դրույքաչափի չափը և շեղման տիրույթները

 

1. Անդամ պետությունները 2024 թվականին սիգարետների համար կիրառում են ազգային արժույթով ինդիկատիվ դրույքաչափ՝ 1000 հատի համար 35 եվրոյին համարժեք չափով:

2. 2024 թվականին անդամ պետություններում գործող ակցիզների փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափից ոչ ավելի, քան 20 տոկոսով՝ նվազման կամ աճման ուղղությամբ:

 

Հոդված 5

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրագործման նպատակով Հանձնաժողովն իրականացնում է աջակցություն ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարկային քաղաքականության հարցերով խորհրդակցությունների անցկացմանը, ինչպես նաև իրականացնում է անդամ պետությունների կողմից ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու մշտադիտարկում։

2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով են ներկայացնում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանման համար պլանավորվող՝ հերթական օրացուցային (բյուջետային) տարվա համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակցիզների պլանավորվող դրույքաչափերի մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում):

3. Հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով այն ուղարկում է անդամ պետություններ՝ սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներն իրագործելու համար:

Այն դեպքում, երբ Հանձնաժողովից նշված տեղեկատվությունն ստանալուց հետո անդամ պետություններից որևէ մեկը որոշում է կայացնում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին, ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և մյուս անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան անդամ պետության համապատասխան ակտն ուժի մեջ մտնելուց 60 օրացուցային օր առաջ:

 

Հոդված 6

Հարկային ինքնավարությունը

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

ցանկացած անդամ պետության նկատմամբ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափեր սահմանելու այնպիսի պահանջ, որը կարող է դիտարկվել որպես իր անվտանգության շահերին հակասող.

ցանկացած անդամ պետության կողմից այնպիսի գործողություններ իրականացնելու հարցում խոչընդոտ, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության պաշտպանության համար՝ ծխախոտային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափերի սահմանում նախատեսող ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 7

Վարչական համագործակցությունը

 

Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակներով անդամ պետությունները սահմանում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության կարգը (այդ թվում՝ Միության շրջանակներում համապատասխան միջազգային պայմանագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 8

Փոխադարձ կապը միջազգային այլ պայմանագրերի հետ

 

Սույն համաձայնագրի դրույթներով չեն շոշափվում անդամ պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են իրենք։

 

Հոդված 9

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը։

Կատարված է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան