Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.12/40(706) Հոդ.940
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 853-Ն

 

«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զորաց քարեր» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հուշարձանախումբը և կապահովի դրա նպատակային օգտագործումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.

«19. «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց»:

4. Սահմանել, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան` ապահովել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հողատարածքների սահմանների ճշգրտման, նկարագրման աշխատանքների կատարումը:

(5-րդ կետը փոփ. 02.12.10 N 1573-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվում է «Զորաց քարեր» հուշարձանախմբի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը հնարավորություն կտա նաև ապահովել հուշարձանախմբի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի վարչական տարածքում:

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`

1) հուշարձանի բնապատմական միջավայրի պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) հնարավորինս անաղարտ պահպանումը.

2) «Զորաց քարեր» բնակատեղի» հնագիտական հուշարձանից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, ինչպես նաև նպատակային օգտագործումը.

3) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը և բնակչության մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը:

3. Արգելոցի անվանումն է`

հայերեն լրիվ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

հայերեն կրճատ` «Զորաց քարեր» արգելոց

ռուսերեն` Историко-културный заповедник «Зорац карер»

ռուսերեն կրճատ` Заповедник «Зорац карер»

անգլերեն լրիվ` Historical and cultural preservaition of «Zorats karer settlement»

անգլերեն կրճատ` Preservaition of «Zorats karer»

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄԸ)

 

4. Արգելոցի տարածքում արգելվում է`

1) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության.

2) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

3) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնապատմական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

4) օգտակար հանածոների մշակումը, հանքաշերտերի, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

5) բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, բուսածածկի այլ խախտումներ.

6) թունաքիմիկատների օգտագործումը.

7) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում, աղճատում, նսեմացնում է արգելոցի բնապատմական համակարգերը, հնագիտական հուշարձանները կամ սպառնում գիտական և (կամ) մշակութային արժեքի պահպանությանը:

5. Մուտքն արգելոցի տարածք թույլատրվում է`

1) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված այցելությունների.

2) կանոնակարգված, գիտաճանաչողական զբոսաշրջության համար:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Արգելոցի պահպանությունը, ուսումնասիրությունը, օգտագործումը և հանրահռչակումն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղը:

7. Արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող աշխատանքները համաձայնեցվում են պետական լիազոր մարմնի հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան