ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 դեկտեմբերի 2010 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԲԵՐՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող Ա. Իսկանդարյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ալբերտ Իսկանդարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթն Ա. Իսկանդարյանի` 15.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վիճարկվող «Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումը» վերտառությամբ 263-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:
Օրենսգրքի 263-րդ հոդվածը փոփոխվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.02.2007թ. ՀՕ-93-Ն օրենքով: Նշված օրենքով օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է գործող խմբագրությամբ:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմող Ալբերտ Իսկանդարյանը 24.01.2008թ. հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: 04.04.2008թ. նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Հիշյալ որոշումը դիմողի կողմից բողոքարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որի` 20.06.2008թ. որոշմամբ վերացվել է դատավարական ակտը:
04.09.2008թ. Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն: ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչի` 19.06.2009թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է: Հիշյալ որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի` 06.07.2009թ. որոշմամբ բողոքը մերժվել է: Նույն որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որի` 08.09.2009թ. որոշմամբ Երևանի Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչի` «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» 19.06.2009թ. որոշումը վերացնելու և դատարան դիմելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին բողոքը մերժվել է:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինիս` 16.10.2009թ. որոշմամբ` դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վիճարկվող դատական ակտը թողնվել օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը դիմողը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի` 16.12.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ` ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին` այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածներով նույն բնույթի և նույն հատկանիշներով որոշումների բողոքարկման համար օրենսդրի կողմից սահմանված են երկու տարբեր ժամկետներ, որոնց մեջ չկողմնորոշվելու դեպքում անձը զրկվում է նյութական իրավունքի պաշտպանության հնարավորությունից:
Դիմողի գնահատմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանվել է միայն վերադաս դատախազին 7 օրվա ընթացքում դիմելու իրավունք, իսկ այդ նորմի 2-րդ մասով` ևս 7 օր ժամանակ, սակայն այդ նորմում իմպերատիվ պահանջ է հենց դատախազի, այլ ոչ թե քննիչի որոշման բողոքարկումը: Չնայած նրան, որ 263-րդ հոդվածի 1-ին մասի` որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու, իսկ 2-րդ մասի` վերադաս դատախազի որոշումը դատարան բողոքարկելու դրույթներն իմպերատիվ չեն` դրանցում միանգամից դատարան դիմելու համար ստույգ ժամկետ չնշելը, ըստ դիմողի, հանգեցնում է նրան, որ դատական պրակտիկայում պետք է կարծիք ձևավորվի առ այն, որ իրավունքների պաշտպանության ժամկետ է սահմանված 14 օրը` 7 օր վերադաս դատախազին դիմելու համար և 7 օր վերադաս դատախազի ստացված որոշումը բողոքարկելու համար: Նման անհստակությունը հանգեցրել է կոնկրետ իրավունքի խախտման:
4. Ըստ պատասխանող կողմի` վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական դատավարության մինչդատական վարույթում հնարավոր բոլոր դատավարական որոշումներից ու գործողություններից առանձնացնելով մի քանիսը` հստակ սահմանում է, որ դրանք ևս դատական վերահսկողության առարկա են: Սահմանելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օրենսդրական հիմքերը, ինչպես նաև դատական վերահսկողության առարկա որոշումների և գործողությունների շրջանակը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, հաշվի առնելով որոշ ակտերի բողոքարկման հատուկ ժամկետների և ընթացակարգերի կարևորությունը, առանձին նորմերով սահմանել է այդ որոշումների բողոքարկման հատուկ ընթացակարգ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 263-րդ հոդվածները հարաբերակցվում են ինչպես մասը և ամբողջը, քանի որ վերջին իրավադրույթն անմիջապես կարգավորում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը: Ուստի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը պետք է բողոքարկվի 263-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը բավարարում է իրավական որոշակիության պահանջը և երաշխավորում է անձի` ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
5. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը հիմնականում բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու նորմերի, այն է` օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի և վիճարկվող 263-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ կոլիզիայի խնդիր: Վերջինս դրսևորվում է նրանում, որ, ի տարբերություն 290-րդ հոդվածի 3-րդ մասով` բողոքը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից դատարան դիմելու համար սահմանված մեկամսյա ժամկետի, վիճարկվող նորմը պահանջում է քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքի քննության արդյունքում դատախազի ընդունած որոշումը դատարան բողոքարկել 7-օրյա ժամկետում: Ընդ որում, եթե օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում շեշտվում են «...սույն օրենսգրքով նախատեսված որոշումները» և «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում» հանգամանքները, ապա 3-րդ մասը որևէ` տվյալ իրավակարգավորումից տարբերվող, այլ կանոնակարգման հնարավորության մասին հղում չի բովանդակում:
Հաշվի առնելով նշված հանգամանքը` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդիրը դիտարկել օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 263-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակության (առարկայի) և իրավակարգավորման հստակության լույսի ներքո:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»: Նշված դրույթում` «...սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» ձևակերպումից բխում է, որ մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինների ոչ բոլոր որոշումները կարող են անմիջականորեն բողոքարկվել դատարան: Դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկը, ի թիվս այլնի, սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն` դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով նախատեսված դեպքերում» ձևակերպումը նշանակում է, որ օրենսգրքով կարող է սահմանվել 290-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշումների բողոքարկման միջնորդավորված կարգ և ներկայացվել մինչև դատական պաշտպանության դիմելը` օրենսգրքով նախատեսված արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջ: Ի դեպ, ինչ վերաբերում է մինչդատական վարույթում վերոհիշյալ սուբյեկտների կողմից ընդունված որոշումների բողոքարկման արտադատական կարգի սահմանադրականությանը, ապա այդ խնդրին սահմանադրական դատարանն անդրադարձել է իր` 2009թ. դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ:
Իր հերթին, օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանել է 290-րդ հոդվածի 2-րդ մասում մատնանշված` քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման երկաստիճան համակարգ, որի համաձայն` մինչդատական վարույթում նշված որոշումը պետք է բողոքարկվի նախ վերադաս դատախազին, ապա վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 և 263-րդ հոդվածների հարաբերակցության խնդրին` ժամկետային կարգի սահմանման առնչությամբ, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե օրենսգիրքը նախատեսում է 290-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ընդհանուր կարգից շեղում այլ իրավադրույթներում, ապա իրավական անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ էր թեկուզ հավելել` «...եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» բառակապակցությունը: Առկա խմբագրությունը և նշված երկու հոդվածներում ժամկետային կարգավորումները հստակ տարբերակված չեն, որը, ինչպես վկայում են քննության առարկա գործի նյութերը, մարդու իրավունքների խախտման իրական վտանգ է բովանդակում: Այդ անհամապատասխանությունը թերևս առաջացել է այն պատճառով, որ 21.02.2007թ. ՀՕ-93-Ն օրենքով օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջինս համակարգային ամբողջականության մեջ չի դիտարկվել 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ: Մինչև փոփոխությունն այդ դրույթը պարզապես սահմանել է, որ «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը բավարարելուց դատախազի հրաժարվելը կարող է բողոքարկվել դատարան»: Բնականաբար, նման ձևակերպման պարագայում հիշյալ անհամապատասխանությունն առկա չի եղել:
6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ տվյալ հիմնախնդրին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ոչ միայն դիմողի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 16.12.2009թ. որոշման շրջանակներում, որով իրավաչափ է նկատել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումը վերաքննիչ դատարանի կողմից: 2010 թվականի ԵԱԴԴ/0014/11/09 գործով ըստ էության կայացրած իր որոշման մեջ` քննարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 3-րդ մասի (վերաբերում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկելուն, որով 21.02.2007թ. ՀՕ-93-Ն օրենքով օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասին բնորոշ ժամկետային կարգավորում է նախատեսվել) հարաբերակցության հարցը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «...դրանցում առկա է ուղղակի հակասություն», ուստի «...քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը` որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ»:
Միաժամանակ, 15.12.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր տեղեկանքում ՀՀ դատական դեպարտամենտն իր հերթին փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ և 290-րդ հոդվածի 3-րդ մասերի միջև առկա է հակասություն:
Պատասխանող կողմը նույնպես չի առարկում, որ հիշյալ երկու դրույթների ժամկետային իրավակարգավորման միջև անհամապատասխանությունն առկա է, սակայն պնդում է, որ դրանք մասի և ամբողջի հարաբերակցության շրջանակներում դիտարկելու պարագայում սահմանադրականության խնդիր չի առաջանում:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի և 290-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` որպես մասնակիի և ընդհանուրի հարաբերակցում, հստակ չեն փոխհամաձայնեցված, ինչպես նաև դատական պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի և 263-րդ հոդվածի 2-րդ մասի` համակարգային ամբողջականության մեջ մեկնաբանման այնպիսի նախադեպ չի ձևավորվել, որպեսզի անձի համար գործնականում ապահովվի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` դատարանի մատչելիության և իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լիարժեք իրականացումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 oրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Հաշվի առնելով, որ տվյալ խնդրի իրավաչափ լուծումը և հակասական իրավակարգավորման հաղթահարումը նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի անմիջական անվավերությունն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ մարդու իրավունքների պաշտպանության առումով` ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով սույն որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2011թ. հունիսի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 21 դեկտեմբերի 2010 թ. ՍԴՈ-930
Գ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|